ՖԵՐԴԻՆԱՆԴ ԱՌԱՔԵԼՅԱՆԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ/Ազատ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

Հիմա ես այնպիսի ցավ եմ զգում, որ հենց այս օրերին, երբ այնքան խորհելու, մտածելու, քննարկելու բան կա, Ֆերդինանդը հեռացավ մեզանից: Շատ խորն էր ապրում մեր ժողովրդի հոգսերը, ամեն ինչ շատ մոտ էր ընդունում սրտին: Դրա համար այնքան հաճախ էր հանդես գալիս հեռուստատեսությամբ, մասնակցում էր զանազան քննարկումների և կրքոտ ու անզիջում ասում էր իր կարծիքը: Դրանով ճանաչելի և սիրելի էր դարձել հազարավոր հեռուստադիտողների:
Սիրված մարդ էր, ընկերների մեծ շրջանակ ուներ, որոնք սիրում էին նրան, որովհետև ինքն էլ ջերմ սիրտ ուներ, շատ ուշադիր էր ընկերների հանդեպ: Կարող էր վեր կենալ ու գնալ Ծաղկաձոր գիտաժողովի՝ միայն ընկերոջ զեկուցումը լսելու համար: Ընկերները միշտ կհիշեն Ֆերդինանդին, նրա զվարճալի պատմություններն ու անեկդոտները, որոնցով ուրախացնում էր նրանց:
Բայց Ֆերդինանդը կմնա մեր մշակույթի պատմության մեջ իբրև ամենատաղանդավոր հայ քանդակագործներից մեկը: Նա անջնջելի հետք թողեց հայ կերպարվեստի պատմության մեջ: Շատերը, որոնք անցնում են մարզահամերգային համալիրի կողքով, նայում համալիրի ճակատի հսկայական հարթաքանդակային պաննոն՝ «Վերածնունդը», երևի չգիտեն էլ, որ դրա հեղինակը Ֆերդինանդ Առաքելյանն է: Այնինչ այդ գործը միանգամայն նոր բան էր հայ քանդակագործության մեջ: Մենք գիտենք մեր եկեղեցիների, մանավանդ Աղթամարի եկեղեցու հրաշալի բարձրաքանդակները: Բայց Ֆերդինանդի արածը տարբեր էր այդ բոլորից: Դա մի ամբողջ պաթետիկ գովք էր մեր ժողովրդի կյանքին ու պայքարին, նրա ստեղծագործական հանճարին: Առհասարակ, պաթետիկան և մոնումենտալիզմը նրա մտածողության բնորոշ գծերն էին, որ կարելի է զգալ նրա մյուս գործերում: Ամենավերջին տարիներին երկու գործ ստեղծեց, որոնք դեռ անծանոթ են արվեստասերներին՝ Գրիգոր Նարեկացու արձանը և պաննոն Հայոց ցեղասպանության թեմաներով: Թեմաները շատ տարբեր են, բայց նույն պաթոսն ու մոնումենտալիզմը ակնհայտ են և այստեղ: Նարեկացին կանգնած է ամբողջ հասակով, աչքերը երկնքին, և այնպիսի հոգևորություն կա այդ քանդակում, որ կարծես այդ քանդակը երկինք է բարձրանում: Իսկ Ցեղասպանությանը նվիրված գործը մի իսկական քանդակային պոեմ է սգի և մարդկայնության մասին: Ֆերդինանդը չհասցրեց նույնիսկ ձուլել այդ քանդակները, որոնցից մեկը պիտի դրվեր Վատիկանում, իսկ Նարեկացին՝ Վարշավայում: Վստահ եմ՝ այդ հրաշալի աշխատանքները կդրվեն այն տեղերում, որոնց համար նախատեսված էին, պատճենները կդրվեն նաև Հայաստանում: Շատ ափսոս, որ ինքը չի տեսնելու այդ ամենը:
Լավ գիտեր հայ և համաշխարհային գրականությունը, մեծ սեր ուներ դրանց հանդեպ: Չհոգնող ընթերցող էր: Ժամերով կարող էր խոսել Նարեկացու, Թումանյանի, Չարենցի, Դանթեի, Շեքսպիրի, Տոլստոյի, Շոլոխովի մասին, Համո Սահյանի և մեր ժամանակների մյուս հեղինակների մասին:
Չունեցավ ոչ մի պատվավոր կոչում՝ ո՛չ ժողովրդականի, ո՛չ վաստակավորի, թեև բավականաչափ վաստակ էլ ուներ, ժողովրդականություն էլ ուներ: Չէր խնդրել ո՛չ Կարեն Դեմիրճյանին, որի հետ շատ մոտ էր եղել, ո՛չ էլ նոր ղեկավարներին, որոնք դարձյալ լավ գիտեին նրան: Երևի առանց դիմելու, պահանջելու, ակնարկելու, կոչումներ ու պարգևներ չեն տալիս… Եվ այդ պատճառով չինովնիկներն ասել էին, որ նրան պանթեոնում չի կարելի թաղել, դա միայն կոչումներ ունեցողների համար է: Անհեթեթ և տխո՜ւր ձևապաշտություն: Իսկ թաղմանը Մշակույթի նախարարությունից և Նկարիչների միությունից որևէ մեկը չկար: Այնինչ հենց այս հաստատություններում պետք է մտահոգվեին ոչ միայն թաղման, այլև հանրապետության ղեկավարներից մեկի, մանավանդ նոր նախագահի ցավակցական ուղերձի մասին: Ֆերդինանդ Առաքելյանը այն մարդկանցից չէր, որոնց մահը պետք է աննկատ անցներ, նույնիսկ այս վերջին օրերի լարված իրադրության մեջ:
Բայց Ֆերդինանդ Առաքելյանի ստեղծագործությունը բարձր է բոլոր պայմանականություններից: Վստահ եմ, որ նրա անունը միշտ կմնա հայ արվեստի պատմության մեջ:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.