Եվ ոտքի ելան կանայք / Աշխեն ԱԲԱԶՅԱՆ

Սա Նոյեմբերյանն է՝ իմ բնաշխարհը: Կար ժամանակ, երբ հանրապետության որևէ վայրում Նոյեմբերյանի շրջան հնչելիս պարտադիր հետևում էր.
– Ձեր դեղձերը…
Այո՛, մենք հպարտանում էինք մեր մրգերով՝ դեղձ, նուշ, նուռ, թուզ և ավանդական տանձ ու խնձոր: Բա մեր անտառներն իրենց բարիքներո՜վ… Ամեն ինչ մնաց անցյալում: Դարձանք անկախ երկիր: Անկախության ճանապարհին առաջին դաժան հարվածը մեզ՝ նոյեմբերյանցիներիս հասավ: Դավադրության զոհ դարձան մեր միլիցիոներները: 1991 թ. մայիսի 6-ին, վաղ առավոտյան Ոսկեպարը շրջապատող անտառի բացատում խորհրդային բանակի կողմից նահատակվեցին՝ աշխարհի որբերի թիվն ավելացնելով դեռևս լույս աշխարհ չեկած իրենց զավակներով: Իսկ Սոս Ադիբեկյանն ու Մարտիկ Գիշյանը նույնիսկ չէին հասցրել վայելել ամուսնական թագ ու պսակ:
Երկրորդ հարվածը հանրապետությունում նորից մեզ՝ նոյեմբերյանցիներիս հասավ: Սահմանային կռիվները Ոսկեպարից սկսվեցին: Այդ պատերազմը դադարներով դեռ շարունակվում է սահմանի ողջ երկայնքով: Ամենօրյա կրակոցների տակ ենք լուսացնում և մթնեցնում օրերը: Բայց, ինչպես Պարոնյանը կասեր. «Անոնք անցյալ են, մենք` ներկա»:
Անցնենք ներկային՝ այս օրերին հանրապետությունում կատարվող իրադարձություններին, որ արձագանք գտան նաև իմ բնաշխարհում: Մի արձագանք, որին, ազնիվ խոսք, ոչ ոք չէր հավատում: Երիտասարդներից չսկսվեց, որովհետև մեր գյուղերում քսանից բարձր տարիքի տղաների հազվադեպ կհանդիպես: Դպրոցն ավարտում են, մեկնում զինվորական ծառայության: Ծառայությունից վերադառնում են, և ամեն մեկն իր ուղին է ընտրում, գնում են՝ ով որտեղ կարող է: Հանրահավաքի դուրս եկան դպրոցականները: Բարձր դասարանի տղաներն` իրենց զիլ ձայնով վանկարկելով հանրապետությունով մեկ հնչող կարգախոսները.
– Մերժի՛ր Սերժին:
– Մի-ա-ցում:
– Նիկոլ, Նիկոլ, քեզ հետ ենք:
Առաջինը պատանիներին միացան, չզարմանաք, կանայք: Նախ՝ շրջկենտրոնի, ապա՝ մյուս գյուղերի:
Շարժումից ամիսներ առաջ Նոյեմբերյանում դժգոհության ալիք բարձրացավ, երբ ինչ-որ խմբեր ժամանեցին և հայտարարեցին, որ ոսկու որոնումները շարունակելու համար պետք է մեր անտառները ոչնչացվեն: Տղամարդիկ ճանապարհը փակեցին՝ արգելելով մեքենաների մուտքը անտառ: Կանայք միացան տղամարդկանց: Որոշ ժամանակ լռություն էր: Եվ հանկարծ լսում ենք, որ մտել ու ծառեր են հատել, այսինքն` սկսել են անտառի ոչնչացումը: Նոր դավա­դրություն, որի առաջն առնելու ամենահարմար պահը ստեղծվեց հանրապետությունում ծավալվող և լայն ալիք տված համահայկական շարժումը: Նոյեմբերյանցիները ոտքի ելան, փողոց դուրս եկան մեծ ու փոքր՝ դրոշներով, պաստառներով: Փակեցին փողոցներն ու անցուղիները: Առաջին շարքերում իրենց պատվավոր տեղը զբաղեցրին կանայք, ահել ու ջահել, երեխաներով հանդերձ: Այդ կանայք էին, որ հենց առաջին օրվանից ոստիկաններին դեմ հանդիման կանգնեցին և կանացի նրբանկատությամբ, մայրական ու քրոջական համոզիչ խոսքերով կանխեցին ամեն տեսակ տհաճ վերաբերմունք պատանի ցուցարարների հանդեպ:
Սա Նոյեմբերյանն է՝ իմ բնաշխարհը, որ այս օրերի հուսադրող շնչով է ապրում և ուզում է, շատ է ուզում հավատալ վաղվա լուսավոր գալիքին:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.