Բանավիճելու ունակությունը / Պետրոս ԴԵՄԻՐՃՅԱՆ

– Լրատվամիջոցներում հազվադեպ են դարձել գրական բանավեճերը: Արդյո՞ք մեր գրականության բոլոր խնդիրները լուծ­ված են, և մեզ մնում է պարզապես հետևել նրա «խաղաղ» ընթացքին:

– Բանավեճերը գրական կյանքի շարժիչ ուժն են: Մտքերի, կարծիքների, տեսակետների փոխանակությունը, շատ դեպքերում նաև բախումը, հանգեցնում է նոր, ժամանակի ոգուն արձագանքող գաղափարների ու մտայնությունների ի հայտ գալուն, ինչը, անկասկած, նպաստում է գրական մթնոլորտի թարմացմանը, առաջ է մղում իրականության գեղարվեստական արտացոլման ընթացքը: Ցավոք, այսօր արդեն հաճելի հուշ են դարձել տասնամյակներ առաջ մեր գրական մամուլում ծավալվող բուռն ու տևական բանավեճերը: Ի՞նչն է պատճառը: Գրականությո՞ւնն է պակասել… Բայց բազմիցս է ասվել, որ անկախացումից հետո մեզանում ավելի շատ գրքեր են տպա­գրվում ու թարգմանվում, դրան նպաստում է նաև նոր հրատարակչությունների, էլեկտրոնային հարթակների երևան գալը, սեփական միջոցներով իր երկերը տպագրելու (նաև` թարգմանելու և թարգմանվելու) յուրաքանչյուր հեղինակի իրավունքը: Բանավիճահարույց նյո՞ւթն է բացակայում… Բայց ո՞վ կարող է պնդել, թե արդեն սպառվել են տարակարծությունները գեղարվեստական մտածողության արդիական մակարդակի, գրական մեթոդի, ժանրերի, իրականության արտացոլման ճշմարտացիության, հերոսի, լեզվի ու ոճի, գեղարվեստական թարգմանության և բազմաթիվ այլ հարցերի շուրջ:
Հանուն արդարության պետք է ասենք, որ մտքերի փոխանակություններ, «Կլոր սեղաններ», իհարկե, այսօր էլ են կազմակերպվում, այդ թվում` գրական մամուլում (հանպատրաստից կարող եմ նշել, օրինակ, Հակոբ Մովսեսի «Գրառումներ» (2015) հատորը, Թովմա քահանա (Վահան) Անդրեասյանի «Ուրիշ պոեզիա» ծավալուն հոդվածը («ԳԹ», թիվ 2, 2018), «Խոսում ենք ժամանակակից գրականության մասին» «Կլոր սեղանը» («Նորք», թիվ 3-4, 2017) …), որոնք բանավիճային որոշակի լիցքեր են պարունակում: Գործում է ՀԳՄ «Բանավեճի ակումբը», երևան են գալիս նման նոր ակումբներ ու հարթակներ… Բայց այդ նախաձեռնությունները, ցավոք, մեծ մասամբ կրում են հատվածական բնույթ, ուրեմն և չեն ունենում գրական մտայնության վրա որակապես ազդեցություն գործելու ներուժով օժտված շարունակություն: Մանավանդ որ, դրանց կազմակերպիչները հանդես չեն գալիս արտահայտված կարծիքների ու տեսակետների ամփոփմամբ, ինչը շատ հաճախ բանավեճը վերածում է դատարկ կրակոցի:
Բացի այդ` հասկանանք, որ տեսակետների բախումը պետք է իրականացվի մի կարևոր պայմանով` երբ բանավեճը հստակորեն տարբերակվում է վեճ ու վիճաբանությունից, երբ անձնական գրգիռների ու շահախնդրությունների փոխարեն իշխում են սթափ դատողությունն ու սկզբունքային դիրքորոշումը:
Իմ գրական-ստեղծագործական կյանքի ընթացքում ինքս կազմակերպել կամ մասնակցել եմ բազմաթիվ բանավեճերի` «Գրական թերթում», հեռուստատեսությամբ, ռադիոյով, Գրողների միությունում… Եվ այդ ամենում ինձ համար միշտ էլ կարևորվել է մի սկզբունք, որով վերնագրել էի անցյալ դարի 70-ական թվականների վերջերին երիտասարդական պոեզիայի շուրջ մղվող հայտնի բանավեճի իմ հոդվածը` «Փորձենք վերլուծել, հասկանալ»: Ցավոք, այսօր էլ դեռևս մեր բանավեճերին պակասում է հենց վերլուծելու, դիմացինին ամբողջությամբ, ըստ էության հասկանալու և նոր միայն սեփական փաստարկված ու հիմնավոր սկզբունքներն առաջադրելու կամքն ու ունակությունը: Վերջապես, մի՞թե բոլորիս համար ուղեցույց չի լինելու Թումանյանի այն դիրքորոշումը, որով նա, մեղմ ասած, երգիծում էր «զարմանալի թեթև, մակերևույթորեն դատել ու հեշտ դատապարտել» սովորած այն գրչակի տիպը, ով «չի սիրում բնավ առարկել կամ հիմնավորել իր առարկությունները չգիտի հարգանք տածել դեպի հակառակորդը, և նեղություն չի քաշում գործի էությունը հասկանալ»:
Թվում է՝ մենք դեռ լիովին չենք ձերբազատվել խոսքի ազատությունը ամենախոսությունից, ֆեյսբուքյան աղմուկը հոգեմտավոր տաճարներում արտահայտվող դատողություններից չտարբերելու արատավոր իներցիայից: Արդյունքում շատ անգամ կորցնում ենք գրականության, արվեստի բուն Արժեքի, Չափանիշի` դասականությամբ նվաճված նշաձողի զգացողությունը, ինչը հավասարազոր է ազգային ինքնատիպության կորստի:
Համոզված եմ, որ, չնայած նյութական ու կազմակերպչական սուղ հնարավորություններին, մեր գրական կյանքին այսօր շատ են պետք լուրջ ու սկզբունքային բանավեճերը, որոնք իրագործելու համար անհրաժեշտ է նաև բարձր, պրոֆեսիոնալ, անշահախնդիր մտահոգություն ազգային գրականության զարգացման, նրա լավագույն արժեքները միջազգային ասպարեզ դուրս բերելու խնդրով:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.