ՈՃԻՐ ԵՎ ՊԱՏԻԺ / Ներսես ԽԱՌԱՏՅԱՆ

Հաջորդաբար լույս տեսան Ձեր «Ով սպանեց Էլենին» և «Մերժվածները» դետեկտիվ վեպերը: Լինելով իրավաբան, աշխատելով իրավապահ ոլորտի մի շարք օղակներում, այդուհանդերձ, ժանրը կարծես վրիպել էր Ձեր ուշադրությունից և հանկարծ` միանգամից երկու վեպ: Հաշվի առնելով Ձեր մասնագիտությունը` գուցե անցումը ժանրին զարմանալի չէ, սակայն հետաքրքիր է` ինչո՞ւ ուշացած և ինչպե՞ս…

Սկսել եմ բանաստեղծությամբ: Հազվադեպ, սակայն մամուլում տպագրում էի փոքրիկ պատմվածքներ ու նովելներ: Երբ լրջորեն անցա արձակի, արդեն բանաստեղծական հինգ ժողովածուների հեղինակ էի, նույնիսկ ռուսերեն թարգմանված գիրք ունեի: Արձակ առաջին ծավալուն գործս տպագրվել է «Նորք» ամսագրում: Երջանկահիշատակ Ռուբեն Հովսեփյանն ու Ֆելիքս Մելոյանն ամեն հանդիպելիս, արձակը նկատի ունենալով, հարցնում էին. «Հը՞, նոր բան չկա՞»: Նրանց վերաբերմունքը ասես ստիպեր, ոգևորեր ինձ` վերջնականապես անցնելու արձակի: Իրար հետևից հրատարակվեցին արձակ մի քանի ժողովածուներ, հիմնականում` պատմվածքներ ու նովելներ: Ինձ, ծառայության բերումով, վիճակվել է բազում մարդկային ճակատագրերի առնչվել, ինչը հարուստ նյութ էր դետեկտիվ ժանրի համար, սակայն մտքովս չէր անցնում այդ ամենը թղթին հանձնել: Պատճառը, հավանաբար, ինչի մասին պիտի գրեի` իմ կյանքն էր, ես այն ապրում էի, և անկախ ձևից, կրկնել նույնը դժվար էր: Միայն տարիներ անց էր հնարավոր այդ ամենը դասակարգել, քեզանից հեռացնելով ճշտել երևույթի իրական սահմանները, ապրածը ասելիքի վերածելու հնարավորությունները: Դեռ մանկուց քաջատեղյակ էի համաշխարհային գրականության ժանրի լավագույն նմուշներին, ժանր, որ լայնորեն տարածված և ընդունված է ողջ աշխարհում, մինչդեռ Հայաստանում ոչ միայն դրա պակասը կա, այլև լիակատար ամայություն է: Ցուցակը սահմանափակվում է մի քանի գործերով, որոնցով դժվար է ժանրի գոյությունը ապահովել, երբ մեզանում նույնպես քիչ չեն դետեկտիվի սիրահարները: Մեծ էր գայթակղությունն ինչ-որ կերպ լցնելու բացը, և ինչպես շատերի մոտ է, առաջացած տարիքում վերաարժևորել անցյալը: Մյուս կողմից էլ` նկատի ունենալով տարիների կուտակած փորձս, ընկերներս էին հորդորում խիզախել: Ողջ կյանքիս ընթացքում, ծառայության բերումով, ինձ վիճակվել է առնչվել բազում մարդկային ճակատագրերի, ճշմարտության և արդարության հաստատման պայքարի տարաբնույթ պատմությունների` հետաքրքիր, պատրաստի սյուժեներ, որ ավելի հարմար էր ներկայացնել դետեկտիվի ժանրով: Ժամանակի հոլովույթում, անշուշտ, ժանրը, մյուսների պես, կառուցվածքային ինչ-ինչ փոփոխությունների է ենթարկվել, սակայն բովանդակային առումով կանոնները նույնն են` ոճրին հետևելու է բացահայտումն ու պատիժը: Դետեկտիվը միաժամանակ հոգեվերլուծության հիանալի դաշտ է, մարդկային հարաբերությունների, արդարության աղճատման պատճառների վերլուծության անփոխարինելի լաբորատորիա: Շատերի կարծիքով, գրականությունը դաստիարակ չէ, սակայն դետեկտիվը ինչ-որ տեղ նաև այս հանձնառությունն ունի: Չեմ ուզում մանրամասնել: Ամենը ծանրութեթև անելով` մնում էր կենտրոնանալ ու սկսել, հավատալով, որ ճիշտ ընտրություն եմ արել: Այսպես ծնվեց առաջին` «Ով սպանեց Էլենին» վեպը, որին հաջորդեց «Մերժվածները», որոնք համապատասխանաբար արժանացան ՀԳՄ Դերենիկ Դեմիրճյանի ու «Հրանտ և Մանուշակ Սիմոնյաններ» մրցանակների: Երրորդ գործն եմ ձեռնարկել, որը հույս ունեմ այս տարվա վերջում ավարտել: Չեմ կարող ասել` ոգևորությունս հետագայի համար ինչքան կշարունակվի: Հաստատն այն է, որ բարու և չարի հակամարտությունը, քանի մարդկությունը կա, անսպառ ու հեռանկարային թեմա է: Եվ, այս առումով, ցանկալի է, որպեսզի այլ գրողներ ևս ստեղծագործեն դետեկտիվի ժանրով, ինչը կարող է նոր գույն հաղորդել հայ գրականության ներկապնակին:

Մեկ մեկնաբանություն

  1. Pingback: Ապրիլյան օրագիր | Մայրամուտից առաջ

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.