ՄԵԶԱՆԻՑ ՀԵՌԱՑԱՎ ՏԱՂԱՆԴԱՎՈՐ ԳԻՏՆԱԿԱՆԸ ԵՎ ՔԱՋԱՐԻ ԾՈՎԱԳՆԱՑԸ / Զորի ԲԱԼԱՅԱՆ

Արմեն ՆազարյանԱրմեն Նազարյանը ոչ առանց հպարտության ընդգծում էր, որ իր նախնիները Նախիջևանից և Ղարաբաղից են: Հայրը՝ Հայրապետ Նազարյանը, խոշոր գիտնական-կենսաբան էր: Մայրը՝ Զինաիդա Կաբրիելյանը (Նազարյան), հայտնի գրադարանավարուհի էր: Եվ զարմանալի չէ, որ Արմենը, ավարտելով Երևանի պետական համալսարանը, դարձավ իսկական գիտնական:
Առաջ անցնելով նշեմ, որ լողալով «Կիլիկիա» առագաստանավով, արդեն այն ժամանակ հուշատետրում ես գրել էի Արմենի մասին. «1963 թվականից Արմենը աշխատել է Երևանի Ֆիզիկայի ինստիտուտում` որպես գիտաշխատող: 1969 թվականից՝ որպես ավագ գիտաշխատող Ռադիացիոն ֆիզիկայի պրոբլեմային լաբորատորիայում: Պաշտպանել է դիսերտացիա, ստանալով ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան: 1981 թվականից որպես բաժնի պետ է աշխատել «Աերոզոլ» կոնստրուկտորային տեխնիկական հատուկ բյուրոյում: Շուտով նշանակվել է Լազերային տեխնիկայի գիտաարտադրական միավորման գլխավոր տնօրեն: Պատրաստվում է պաշտպանել դոկտորական դիսերտացիա»:
Հիշեցնեմ, որ պատանեկան տարիներից տարված էր սպորտով: Եվ, ինչպես հաճախ էր հպարտությամբ ասում, միշտ զբաղվել է մեծ թենիսով: Հայաստանում հիմնել է վինդ-սերֆինգը՝ որպես ազգային մարզաձև: Եվ սրտի ցավով նշեմ, որ մինչև իր կյանքի վերջին օրը, համարյա կլոր տարին, աշխատում էր որպես մարզիչ: Հաճախ էր կրկնում. «Ապագան երիտասարդությունն է»: Եվ հաճախ էլ խոստովանում էր, որ իր բոլոր գիտական նախագծերը միանգամից մի կողմ է դրել:
2004 թվականի ամռանից սկսած, Արմենը իր որդու՝ Արեգ Նազարյանի հետ ընդգրկվեց «Կիլիկիա» առագաստանավի անձնակազմում: Ինքս էլ երջանկություն ունեցա լինել այդ անձնակազմի անդամ: Եվրոպայի շուրջ «Կիլիկիայի» նավարկությունն ընթացավ երեք փուլով, երեք տարվա ընթացքում: Արմենը, ինչպես ոչ այլ ոք, գիտակցում էր մեր ճամփորդության ողջ լրջությունը` այն համարելով հիրավի ազգային նվաճում: Դրա համար էլ գիտակցված կերպով հեռացավ գիտությունից, որին մինչ այդ նվիրել էր իր կյանքը: Եվ պատահական չէր, որ դարձավ հայ ժողովրդի պատմության մեջ առաջին շուրջերկրյա նավարկության կազմակերպման ամենաակտիվ գործիչներից մեկը:
Քչերին է հայտնի, որ նա մեկն էր առաջարկողներից, որպեսզի աշխարհաշուրջի վերջնագծում «Արմենիա» առագաստանավը խարսխվի Սուրբ Ղազար կղզում, որտեղ գրեթե կլոր տարին զբոսաշրջիկները այցելում են պատմական եզակի թանգարանը: Հավելեմ, որ անսպասելի մահից մեկ օր առաջ նա ինձ մոտ էր և խոսում էր լեգենդար «Արմենիան» իր հայրենիք՝ Սևան վերադարձնելու ժամկետների և երթուղու մասին: Չեմ կարող պատկերացնել «Արմենիան» առանց Արիկի:
Բացի ամենայնից, մեր ճամփորդությունների ընթացքում, երբ ամեն օր իմ ռեպորտաժներն էի ուղարկում հայկական թերթերին և ամսագրերին, Արմենը տանջվում էր անընթեռնելի ձեռագրիս վրա` շարելով այն համակարգչով և ինտերնետով ուղարկելով ըստ հասցեների: Նա և՛ առաջին ընթերցողն էր, և՛ առաջին քննադատը:
Չեմ ուզում հավատալ, որ նա հեռացել է: Նա միշտ կմնա մեզ հետ: «Կիլիկիայի» և «Արմենիայի» հետ: Իր սիրելի կնոջ՝ Ռուզաննայի հետ:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.