Կարինե ԽՈԴԻԿՅԱՆ

«Արթուր Սարգսյանը մի հասարակ քաղաքացի է… Ես իրոք էնտեղ ոչ մեկին չեմ ճանաչել… Էդտեղ հաց տանելու խնդիրը կար…»:
(Արթուր Սարգսյանի հարցազրույցից)

2016 թվականի հուլիսի 17-ին, երբ Սասնա ծռեր խմբի անդամները գրավեցին Էրեբունու ՊՊԾ զորամասը, և ժամեր անց, առանց չափազանցության, համայն հայության ուշադրությունը կիզակետվեց այդ փոքրիկ տարածքի վրա, դեռ չգիտեինք, որ քաղաքական պահանջներ ներկայացրած Ծռերը դիմակայելու են մինչև հուլիսի 31-ը, չգիտեինք, որ այդ օրերի ընթացքում մեկ անգամ ևս մեր հասարակությունը պիտի երկփեղկվի, նրա լավագույն մասը ազնիվ ընդվզումով ալեկոծված` փողոց պիտի դուրս գա կամ գոնե թեկուզ պասիվ, բայց իր համակրանքն ու աջակցությունը չթաքցնի, չգիտեինք, որ Խորենացի փողոցը ուխտատեղի տանող ճանապարհ պիտի դառնա, չգիտեինք, որ որոշները պիտի մեղադրեն ու այպանեն Ծռերին, դիմադրեն ու բռնի ուժով ճնշեն բարձրացող ըմբոստ ալիքը: Չգիտեինք, բայց անկախության ճամփան բռնած առաջին տարիներից ի վեր ձեռք բերած մեր փորձը, որ տառապանքի փորձառություն էր դարձել, շատ արագ կողմնորոշեց մեզ, և իմանալուց հետո չզարմացանք ո՛չ ազնիվ ընդվզումից, ո՛չ էլ ստրկական ծառայամտությունից: Մենք` բոլորս, պատրաստ էինք մեկ անգամ ևս ականատեսը կամ մասնակիցը դառնալ հերթական արթնացումի, որին, դա էլ գիտեինք, հետևելու էր խավարումի տանող հերթական թմբիրը…
Բայց հուլիսի 26-ի լուսաբացը ամեն ինչ տակնուվրա արեց, պարտադրված համակերպությանը ձեռնոց նետեց ու ցնցեց բոլոր նրանց, ում հոգում գոնե մի փշուր մնացել էր Մարդուց: Հայ մի` Արթուր Սարգսյան, իր մեքենայով ճեղքելով ոստիկանական պատնեշը` Հաց հասցրեց տղաներին: ՀԱՑ:
«Էդտեղ հաց տանելու խնդիրը կար…»,- շատ հետո պիտի ասեր պարզ, անպաճույճ, պիտի ասեր այնպես, որ գոհանայիր Աստծուց, որ դու էլ ես մարդ:
Այդ լուսաբացին Արթուրը միայն հաց չտարավ: Պատնեշից այն կողմ գտնվող Ծռերին ուժ ու կամքի անչափելի լիցք տարավ, պատնեշի այս կողմում գտնվողներին` դիմանալու ու դիմակայելու վճռականություն: Այն օրերին Յութուբում մի տեսանյութ կար. Խորենացու փողոցն էր, քիչ հեռվում` ոստիկանական պատնեշը, առաջին պլանում մարդիկ են, Քաղաքացիներ, որ խոսում են, ինչ-որ բան են քննարկում, զգում ես` ելք են փնտրում… իսկ երկու քայլ այն կողմ նստած է մեկը: Նա չի խոսում, գուցե նույնիսկ չի լսում ոչինչ, լուռ է, մտքերի մեջ` այնտեղ տղաները քանի օր է` հաց չունեն… Արթուրն էր, որ երևի հենց այդ պահին մտովի ճամփա էր բացում պատնեշի միջով` մեքենան հաց բարձած, ինչպես տարիներ առաջ, երբ հաց էր տանում զինվորներին դիրքերն ու ճանապարհին վիրավորվեց:
Հացը տարավ ու մնաց Ծռերի հետ, նրանց հետ հանձնվեց, ու միայն լսել է պետք, երբ Արթուրն է գնում հանձնվելու, Ծռերը ի՛նչ հպարտությամբ ու գորովանքով են ասում «Մեր հաց բերողն է»: Հետո դատավարություն, բանտարկություն, ազատություն, նորից բանտարկություն, որի առաջին օրն իսկ նա անժամկետ հացադուլ հայտարարեց: Ու թեև գիտեր, որ ճակատագրական որոշում է ընդունել, բայց հացադուլը չդադարեցրեց (արդեն կայուն մշակույթ էր դարձել անժամկետ հացադուլն ամեն պահի ընդհատելն ու տուն գնալը…): Աներեր մնաց, որովհետև այլ կերպ չէր կարող, դա ի՛ր տեսակի որոշումն էր և, հավատացած եմ, նույնիսկ մտքով չէր անցնում, որ այդ կերպ նա մեզ էր փրկում: Որ վերջնականապես չհուսահատվեինք կամ անտարբերության ստրուկը չդառնայինք: Այն, որ իր կյանքի վերջին 10 օրերը Արթուրը ապրեց ազատության մեջ` միայն ԱԺ պատգամավորների երաշխավորության շնորհիվ չէր: Վերևներում լավ են զգում` ե՛րբ են շատ մոտենում կրակին ու ե՛րբ է ոտքերի տակի հողը երերում. շարքային քաղաքացիների քաղաքացիական պահանջը նաև ստիպեց հիվանդ, Արցախյան ազատամարտում կռված ու վիրավորված, թեկուզ ապստամբ, բայց մարդկա՛նց հաց ու ջուր տանող Մարդուն թույլ տալ չմեռնել բանտում, թեև նա ավելի քան ազատ էր, քան ոմանք` զեխ ու շռայլ ազատության մեջ:
Մեկ տարի առաջ, այս օրը` մարտի 16-ին, մահացավ մեր Հաց բերողը: Մե՛ր: Որովհետև նրա բերածը մեր խղճի հանապազօրյա հացն էր, որն ամեն օր մտնում է մեր տուն` որպես մարդ լինելու ու մարդ մնալու հավաստում, որի նոր եփած բույրը պարզում է մեր միտքը բարի գործերի համար, որի մի փշուրը կարող է բալասան դառնալ ցավող հոգիներին:
Հայ մի` Արթուր Սարգսյան անունով, որ հավերժի ճամփան բռնեց որպես Հաց բերող, որը մեզ վերադարձրեց ամենամարդկային պատվիրանը…

Մեկ մեկնաբանություն

  1. Pingback: Ապրիլյան օրագիր | Մայրամուտից առաջ

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.