Երրորդ հանրապետության չորրորդ նախագահը… Սպասումներ, ակնկալիքներ…

Արամ ԱՐՍԵՆՅԱՆ

Ջոնաթան Դեմիի հանրահայտ ֆիլմի հանգույն խելահեղ ոգևորությամբ ընտրելուց հետո նորընտիր նախագահի առանց այդ էլ սակավ լիազորությունները կրկին ջղաձգորեն կրճատելը վկայում է, որ «մեծամասն ընտրազանգվածըե համենայնդեպս զգուշանում, ավելին՝ վախենում է իշխանական բուրգում դարձյալ հայտնված գործչից: Եվ նրանք իրավացի են: Չէ՞ որ նորընտիրը ո՛չ իրենց և ո՛չ էլ ենթակա թիմերից չի եղել, չէ և, հուսանք, չի՛ լինի: Բացի այդ, անառարկելիորեն բարձր է մտավոր կարողությամբ, կրթվածությամբ, մարդկային և հասարակական արժեքների ընկալմամբ, միջազգային հարթակում գիտական և հանրային գործունեությամբ, երբևէ չի՛ մասնակցել հայ ժողովրդի թալանին Հայաստանում և Սփյուռքում, չի՛ առնչվել զանգվածային ու մասնավոր հանցագործություններին, չի՛, չի՛, չի՛…
Այս ամենը հիմք է տալիս հուսալու, որ Արմեն Սարգսյանը կարող է և պետք է լինի Հայաստանի ՉՈՐՐՈՐԴ հանրապետության նախագահը, «ԵԹԵե հետևի Ռադյարդ Քիփլինգի խորհրդին՝
Թե չկորցնես գլուխը քո գլխակորույս մարդկանց մեջ,
Երբ որ շուրջդ խուճապահար՝ մեղք են բարդում քեզ վրա,
Կհավատաս թե ինքդ քեզ, երբ կասկածում են անվերջ,
Եվ անսալով կասկածներին՝ թե կգործես անվարան,
Թե կարող ես հար սպասել, բայց չհոգնել, չփլվել,
Կամ զրպարտված լինելով միշտ՝ չզրպարտել երբևէ,
Ատելության թիրախ դարձած՝ ատելության չտրվել,
Եվ ցույց չտալ, թե լավն ես շատ կամ իմաստուն ես եղել…
(թարգմ.` Խ. ԳԱՍՊԱՐՅԱՆԻ

Ռուզան ԱՍԱՏՐՅԱՆ

Մեր բոլորի երազանքը Հայաստանը անկախ և տնտեսապես զարգացած երկիր տեսնելն է, սակայն միջազգային ամենօրյա իրադարձությունների պայմաններում մեր ակնկալիքները հաճախ հայտնվում են հակառակ բևեռում… Պատմական մեր փորձերից ելնելով` հայերս հաճախ երկրի համար ճակատագրական պահերին հայրենի տուն ենք հրավիրում երկրից դուրս գտնվող մեր տաղանդավոր զավակներին` նորովի ձեռք մեկնելու երկրի վերակառուցման աշխատանքներին: Այս անգամ ճակատագիրը բախեց Անգլիայում գտնվող և դիվանագիտության մեջ մեծ փորձ ու իմաստնություն ձեռք բերած Արմեն Սարգսյանի դուռը: Տարիներ շարունակ նա մեր դեսպանն է եղել աշխարհի ամենադիվանագետ երկրում, իսկ դիվանագիտությունը հայերիս համար օդ ու ջրի նման անհրաժեշտ է եղել միշտ, և այսօր էլ դրա կարիքը շատ ունենք: Եթե սահմանադրական արգելքները չլինեին, ես կմտածեի, որ նոր նախագահը, իր իմաստնությունը գործի դնելով, ձեռնամուխ կլինի երկրի օրախնդիր հարցերը լուծելու դժվարին գործին` արտագաղթ, կոռուպցիա, գործազրկություն, տասնյակների հասնող աղանդներ ու կուսակցություններ, բնապահպանական աղետալի խնդիրներ և այլն: Սակայն, ինչպես հայտարարեց նորընտիր նախագահը, ինքն զբաղվելու է միայն կրթության և քաղաքացիական հասարակություն ձևավորելու խնդիրներով… Ինչ խոսք, կիրթ հասարակությունն է ձևավորում իր երկրի ապագան, իր երկրի ազատ ու կամային քաղաքացուն: Բայց ինչպես կարող է երկրի նախագահը հեռու մնալ հասարակությանը մտահոգող, վերը հիշատակված այն ծանր նստվածք տված խնդիրներից, որոնց պատճառով խախտվել է ժողովրդագրական պատկերը` երկիրը կանգնեցնելով ազգային անվտանգությունը խախտելու անհանդուրժելի փաստերի առաջ: Երկիրը մեկն է, ազգը` մեկ, քանի տիրոջ ծառա պետք է լինի խեղճ ժողովուրդը: Վաղ է կարծիք հայտնել: Այնուամենայնիվ, շատ կուզենայի, գոնե կրթական համակարգը, որի պատասխանատվությունը կրելու է նոր նախագահը, արմատական փոփոխության ենթարկվեր: Հույս ունեմ` պարոն Սարգսյանը երեխաներին կազատագրի 12 տարվա բթացումից, կրթությունը ոչ թե կմնա կուսակցական ոլորտ, այլ ազգային հիմնախնդիր` հանուն ներկա ու գալիք սերնդի զարգացած ու հզոր հայրենիքի: Այս դեպքում միայն կձևավորվի իր երազած քաղաքացիական հասարակությունը:
Պատկերացումները իրենց հերթին, իսկ հայրենիքն ու ազգը միշտ երկրի համար ամուր տեր են որոնում:

Մանվել ՄԻԿՈՅԱՆ

Հայաստանի նախորդ երեք նախագահները, մեղմ ասած, չարդարացրին ժողովրդի սպասելիքները: Ավելին՝ անկախության անցած տարիներին շուրջ մեկ միլիոն մարդ լքել է Հայաստանը՝ բախտ որոնելով այլ երկրներում:
Չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանն ունի բարձր ինտելեկտ, միջազգային հարթակներում մեր երկիրը ներկայացնելու հնարավորություններ, սակայն նրա լիազորությունները սահմանափակ են (իզուր չէ, որ նա հրավիրված է Անգլիայից): Կարծում եմ՝ նոր նախագահը Հայաստանում արմատական փոփոխություններ չի կարող իրականացնել, քանզի օլիգարխիկ-մենաշնորհային համակարգը մեր երկրում խիստ սերտաճած է իշխանության հետ, որն այդպես էլ չցանկացավ Հայրենիքում ապրելու և ստեղծագործելու նպաստավոր պայմաններ ստեղծել ժողովրդի համար: Եթե հայաստանցիներս տեսնենք, որ նոր նախագահը գոնե փորձում է դրական տեղաշարժեր իրականացնել, օգտագործելով արտասահմանյան կապերը՝ համատեղ ձեռնարկություններ ստեղծել, նոր աշխատատեղեր բացել, կանխել արտագաղթը, գրագետ և պատրաստված երիտասարդներին ընդգրկել երկրի զարգացման ծրագրերում՝ կմեղմվի խոր հիասթափությունն իշխանությունների նկատմամբ:
Կունենանք նաև պատասխանը մեզ տանջող հարցի, թե ովքե՞ր են բնակվելու Հայաստանում՝ սեփական երկրից խռոված և հեռացած հայերի փոխարեն:
Քանի որ ես նույնպես, ինչպես իմ բանաստեղծություններից մեկում եմ գրել՝ «տառապում եմ լավատեսության քաղցկեղովե, ուզում եմ հուսալ, որ հերթական հիասթափությունը չեմ ապրի չորրորդ նախագահի գործունեությունից:

Զավեն ԲԵԿՅԱՆ

«Երազել է մութը տալիս, իսկ երազել մենք չենք ուզում…ե,- ժամանակին ասել է Պ. Սևակը, ի՛ր ժամանակի մասին: Մի այլ տեղում էլ ասել է. «Թողություն տուր, Տեր, ծանր խավարին, միայն թե նա թող թողնի-հեռանա…ե: Կարծես այսօրվա համար է ասել: Ուրեմն շատ բան չի փոխվել:
Եվ նույն միակուսակցական սիստեմն է` ճիշտ է, առանց գաղափարախոսության, և կոմսոմոլը կա (օրինակի համար) բազեների տեսքով, և այլն, և այլն… Միայն թե սուտն է տնայնագործական եղանակով մշակվում և ցփնվում խալխի գլխին. սովետի ժամանակ ամբողջ գիտահետազոտական ինստիտուտներ էին աշխատում դրա վրա, որ հեշտ բռնվելի չլինի: Ի՞նչ արած, ինստիտուտներ պահելը թանկ հաճույք է…
Նոր նախագահի մասին ասում են, թե պարկեշտ, կիրթ, ընդունակ մարդ է, միայն թե… իշխանական լծակներ չունի: Մենք ամենքս էլ տեսել ենք, թե ինչպես է մի հարգարժան մարդու, նահապետի, ավագի պարզ ներկայությունը չափ դնում շրջապատի բերանին ու գործողություններին: Բարոյական ազդեցության հույսը կա, թեկուզև «ազդվողներիե մաշկը (մեղմ արտահայտվելով` չեմ ասում կաշին…) հաստ լինի, իսկ մենթալիտետը` անխոցելի…
Թող բարով կառավարի:

Մեկ մեկնաբանություն

  1. Pingback: Ապրիլյան օրագիր | Մայրամուտից առաջ

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.