ՀԱՐՈՒՍՏ ԵՎ ԲԱԶՄԱՇԵՐՏ ՇՏԵՄԱՐԱՆ / Հովիկ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Յուրաքանչյուր արվեստագետի ստեղծագործություն նրա հոգեկերտվածքի դիմանկարն է: Կարդալով գիրքը, դիտելով կտավը, լսելով երգն ու երաժշտությունը` կարող ես ճանաչել հեղինակին, նրա աշխարհայացքը, սկզբունքները, դավանանքը: Այդ առումով, ինձ համար հաճելի հայտնություն էր Մնացական Հարությունյանի «Կռապաշտները» գիրքը: Այն պարունակում է խոհագրություն, հուշագրություն, հրապարակախոսություն, պատմագրություն: Թեման ընդգրկուն է` անցյալ, ներկա, ապագա, բայց մեկը մեկին լրացնող, մի կուռ միասնություն է:
Գիրքը գրված է անպաճույճ ոճով ու լեզվով, ամենադժվար ընկալելի երևույթները նկարագրվում են պարզ, ընկալելի: Հեղինակը ճիգ չի գործադրում շատ խելացի, շատ դժվարընկալելի երևալու, չնայած երբեմն գրում է պարզ մտածողության մտքի համար համարյա անընկալելի երևույթների մասին:
«Կռապաշտները» բացի հուշագրություն, հրապարակախոսություն ու խոհագրություն լինելուց, նաև փոքրիկ շտեմարան է, լեցուն համամարդկային իմաստություններով, աշխարհի գրողների, փիլիսոփաների ու գիտունների ասույթներով, թևավոր խոսքերով: Այդպես էլ սկսվում է: Պատահական չէ, որ հայրենիքի, ազգի և սեփական պետականության սիրով և հոգսերով ապրող մտավորականը գրքի «Նախաբան-նախադրույթն» սկսել է ամերիկյան նկարիչ, գրող Ռոքուել Քենտի խոսքով. «Քեզնից անկախ ապշում ես, որ աշխարհի այսքան փոքրիկ անկյունում կարելի է հանդիպել այնպիսի երկրի և այնպիսի մարդկանց, ովքեր կարող են լինել ամբողջ աշխարհի զարդն ու հպարտությունը»:
«Կռապաշտների» թեմատիկ ընդգրկումը նույնպես լայն է: Հեղինակն ընթերցողին մտածել է տալիս կյանքի, աշխարհի, Աստծու, տիեզերքի ու մարդու առաքելության մասին, ուղղորդում է դեպի ապրելու և գործելու ճիշտ ու ճշմարիտ ճանապարհ, արթնացնում հայրենասիրական և մարդասիրական զգացողություններ: Այս գիրքը հիանալի դասագիրք կարող է լինել բարձր դասարանի աշակերտների, ինչպես նաև կրթարան` շատ մեծահասակների համար, ովքեր կյանքի ոլորաններում մոռացել են սեփական հայրենիքի ու պետության մասին` թվացյալ ապահովության ու կուշտ ստամոքսի համար հեշտությամբ հեռանում են երկրից: Նրանց համար, ովքեր կողոպտում են սեփական ազգին, ստիպում հիասթափվել ու լքել երկիրը:
Շատ կարևոր է նաև գրի լեզուն: Այն կատարյալ ու կենդանի հայերեն է: Դրա շնորհիվ Մնացական Հարությունյանի խոհագրություններից շատերը գեղեցիկ պատմվածքներ են դարձել, ինչպես օրինակ` «Տունը կռիվ էր ընկել», «Միջազգային հանրային կարծիքը», «Տուր իշխանություն, փորձիր հավատ», «Իջեք ներքև` խոսենք» և այլն:
Անմիջապես հեղինակի «Նախաբան-նախադրույթից» ընթերցողի համար պարզ է դառնում, որ գործ ունի հայրենիքի ու պետության ապագայի հոգսով մտահոգ գրող-մտավորականի հետ: Հեղինակը համարձակորեն ձաղկում է ոչ միայն իր երկրում տիրող անարդարություններն ու դավաճանությունը, այլև դրանց հեղինակներին, որոնց ընթերցողը ճանաչում է նույնիսկ առանց անունները նշելու: Սակայն նա զինվոր է բնույթով, հեշտությամբ չի հանձնվում և հետևություն է անում. «Եթե իշխողների և չիշխողների գոյամարտն է այս հողագնդում մեր կյանքի հավերժական շարժիչը, ապա ապացուցված է, որ հավերժական շարժիչ գոյություն ունենալ չի կարող, ուրեմն և աշխարհի երեսին չեն լինելու իշխողներ և չիշխողներ»: Նա գիտի, որ «Հայաստան երկրի մասին մտածելիս ամեն հայ իր հոգու մեջ պահած երազներ ու տեսիլքներ ունի»:
Մնացական Հարությունյանն իսկական, գենը չխախտված հայի կերպար է: Չնայած ականատեսն ու կրողն է երկրում տիրող բազմաթիվ անարդարությունների և կողոպուտի հետևանքների, բայց անկոտրում կամքով, զինվորի նման հաստատուն կանգնած է իր երկրի պաշտպանության դիրքերում և հավատում է նրա լավագույն ապագային: Այդպիսի զգացողությամբ է լցվում նաև «Կռապաշտները» գրքի ընթերցողը:
Չնայած «Կռապաշտները» գեղարվեստական երկ` վեպ, վիպակ կամ պատմվածքների ժողովածու չէ, բայց այն ամփոփ ամբողջականությամբ մի աշխարհ է տանում ընթերցողին` ինքնատիպ ու յուրօրինակ, ինչն ապացույց է հեղինակի ակնհայտ բնական օժտվածության: Հեղինակ, ով դեռ ասելիք ունի, և հուսանք, որ դեռ նոր գրքեր կդնի ընթերցողի սեղանին:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.