ԱՐՁԱԳԱՆՔ «ՐԱՖՖՈՒ ՈՏՆԱՀԵՏՔԵՐԻՆ» / Նորայր ԱԴԱԼՅԱՆ

Կան գրքեր, որոնց չես կարող չարձագանքել բանավոր կամ գրավոր խոսքով, դրանցում ներկա է և քո հուզմունքը, կարծես դու ստեղծած լինես, այնքան քեզ հոգեհարազատ են: Այդպիսի մի գիրք է գրող Ալիս Հովհաննիսյանի «Րաֆֆու ոտնահետքերով» երկասիրությունը, որով արժեքավորվեցին մեր գրական կյանքի անցյալ տարեմուտը և ճանապարհ ելած նոր տարին: 2015 թվականից ի վեր Հովհաննիսյանը «Գրական թերթում» տպագրում էր Րաֆֆու կյանքին ու ստեղծագործությանը վերաբերող խոհագրություններ, որոնց հիմքով էլ ձևավորվել է «Ոտնահետքերը»` ծանոթ ու դեռևս ոչ բավարար չափով հայտնի գրապատմական փաստերի վերլուծաբանությամբ: Հաղթահարելով կառուցվածքային հատվածայնությունը` հեղինակը ստեղծել է կուռ ու ամբողջական բովանդակությամբ շարադրանք, որի, առանց չափազանցության, բոլոր էջերը միմյանց կապված են նույն ոգով, որ է Րաֆֆու հայ նոր գրականության դաշտում բացառիկ հոգեղեն էությունը:
Հայ գրականագիտության ծառն ունի առանձին գրողներին վերաբերող գիտաճյուղեր, գլխավորներից մեկը, իր տարողությամբ գուցե ամենածանրակշիռը, րաֆֆիագիտությունն է, նրանից առաջ` աբովյանագիտությունը, նրան անմիջապես հետևում է թումանյանագիտությունը, այնուհետև ծաղկում են նոր ճյուղեր` նվիրված Տերյանին, Հակոբ Պարոնյանին, Իսահակյանի, Օտյանի, Վարուժանի, Շիրվանզադեի, Կոստան Զարյանի ստեղծագործությանն ու Չարենցին: Մեր գրականության պատմությունը ձևավորվում է, ընդհանրություններով հանդերձ, յուրահատուկ այս ճյուղերից: Րաֆֆին հանրորեն ճանաչելի եղավ ու սիրվեց դեռևս կենդանության օրոք` ոչ հաճախակի հանդիպող մի երևույթ: Ռափայել Պատկանյանը նրան «մարգարե» կոչեց, Ղևոնդ Ալիշանը բարձր գնահատեց հայ ժողովրդի պատմության արտացոլումն աշխարհաբար լեզվով: Նրան համարում էին «վիթխարի»: Ամեն նոր սերունդ իր բնորոշումն ու գնահատականն էր տալիս: Թումանյանն ասաց. «Անմահ հոգի՜, որ հայի բազմադարյան տառապանքով ու նրա լավ ապագայի կարոտով լցված` քո տաղանդի կախարդական ուժով դուրս կանչեցիր անցյալի մութից ու ապագայի անհայտությունից հրապուրիչ պատկերներ ու հերոսական դեմքեր ու նրանցով վառեցիր, ոգևորեցիր վհատներին, որ տկարներիս համարձակություն ներշնչեցիր ու ղրկեցիր հզորների դեմ նահատակության արյունով լվանալու և սրբելու ստրկության արտասուքը, որ անհանգստություն տվիր հայ ժողովրդի հոգուն և ուղղեցիր նրան դեպի ազատության ճանապարհը…»: Այս տողերը բանալիներ եղան` նոր ժամանակներում բացելու րաֆֆիագիտության դռները և խորանալու այնտեղ: Իսկ Ալիս Հովհաննիսյանը գրքի առաջաբանում Րաֆֆուն համարում է 19-րդ դարի Խորենացի և նշում, որ րաֆֆիագիտությունը ներկայումս էլ անելիք ունի, խնդիրը, իր մշակվածությամբ հանդերձ, այսօր էլ փակված չէ:
Կան մեծ գրողներ, որոնք գրականության տիրույթից դուրս չեն գալիս, ամբողջությամբ պատկանում են գրականությանը, նրանցից շատ քչերն են հաղթահարում տիրույթային սահմանները և դառնում միաժամանակ վերգրական երևույթ` թևաբաց սավառնելով ազգի եռաչափ ժամանակների երկնքում: Հայերիս նոր գրականությունից այդպիսին են Խաչատուր Աբովյանը, Րաֆֆին ու Հովհաննես Թումանյանը: Նրանք հարազատ են նաև կյանքի տխուր ճակատագրով` գոյատևեցին ընդամենը մեկ հիսունամյակ, բայց դա էլ բավական եղավ արարելու ազգն ու Հայաստանն ապրեցնող անմահ գրականություն:
«Րաֆֆու ոտնահետքերից» իմացա, որ ժամանակին որոշ ձայներ գրողին մեղադրել են հերոսների հոգեբանությունն անտեսելու համար: Դա վաղ րաֆֆիագիտության թյուրըմբռնումն է: Րաֆֆու կերպարների հոգեբանությունը հարկ է տեսնել ազգային գաղափարներով շրջանակված նրանց հարաբերությունների մեջ, նույնիսկ նրանց ու բնության հարաբերություններում: Նրա ամբողջ ստեղծագործությունը հայոց բազմադարյա գրարվեստի ամենազգացմունքային երևույթներից է, որ վարակում է քեզ իր մարդկային ալեկոծումներով, իսկ զգացմունքայնությունը չի կարող ի հայտ գալ առանց հոգեբանական դրամատիկ ծավալումների: Ամեն անգամ Սամվելի ու Աշխենի նշանավոր հանդիպման դրվագը կարդալիս փշաքաղվում եմ: Ահա այն. «Այժմ կասեմ քեզ, սիրելի Աշխեն, թե ինչու համար եկա կամ ուր եմ գնում: Երկու սիրելիներ դրած են իմ առջև: Մեկը` վտանգի մեջ գտնվող հայրենիքը, մյուսը` վտանգի մեջ գտնվող կինը` դու: Երկուսն էլ ինձ համար հավասար չափով պաշտելի են, երկուսն էլ ինձ համար հավասար չափով անգնահատելի են: Երկուսի ձայներն ևս կանչում են ինձ: Երկար ես տանջվում էի այն մտքով, թե դեպի ո՞րը դիմեմ: Երկուսի համար ևս ուխտել եմ անկեղծ անձնազոհություն: Բայց իմ զգացմունքները դժվարացնում են ինձ վճռել, թե որի՞ն պետք է նվիրել առաջին զոհը: Ահա իմ սրտագին ըղձերը, իմ ամենաջերմ փափագները թափում եմ քո առջև, սիրելի Աշխեն, դու ցույց տուր ինձ այն ճանապարհը, թե դեպի ո՞րը գնամ»: Այսօր էլ կարելի է պատկերացնել այն անհատակ երջանկությունը, որ ռշտունյաց «նազելի օրիորդը» պարգևում է Սամվելին. «Դեպի հայրենիքի փրկության գործը… Դու ինձ արժանի չես լինի, Սամվել, եթե քո արյունը չխառնես այն անբավ արյան հեղեղների հետ, որ պիտի թափվեն մեր աշխարհի ազատության համար: Եվ ոչ ես արժանի կլինեմ քեզ, եթե նույնը չանեմ…»: Սամվելը հայ գրականության Համլետն է` նրա չափ փոթորկուն ու ողբերգական, իրենց հոգում երկուսն էլ տառապում են կյանքի անարդարությունից և մղվում անօրինակ գործողության` ծնողասպանության: Րաֆֆու կերպարներում հոգեբանությունը ի հայտ է գալիս նրանց արարքների մտածական արտահայտություններով` ռոմանտիկական շղարշի տակ: Մենք հաճախ խիստ ու սխալ տիպականացնում ենք գրական ուղղությունների ու հոսանքների բովանդակությունը, նրանց միջև քաշում բաժանարար պատեր, առանձնացնում իրապաշտությունից, այնինչ բոլորի մեջ էլ ավելի կամ պակաս չափով ռեալիզմ կա, այն է` երկրային ու երկնային ալեկոծություններ: Գրականության ու արվեստի և ոչ մի ուղղության ռեալիզմն օտար չէ, բոլորն էլ յուրակերպորեն ստեղծված են իրենց իրական ժամանակի ու տարածության հոգեբանական տրամաբանությամբ, նույնիսկ աբստրակցիոնիզմը կերպարվեստի դաշտում: Րաֆֆու հերոսներն իրենց ներսում ամփոփում են հոգեբանական ու զգացմունքային թանձր շերտեր և արտահայտում մեր ժողովրդի ոչ միայն պատմական, այլև արդի ու գալիք օրերի նկարագիրը: Այս առումով, Սամվելը մաթեմատիկական նշան է, ազգային-համամարդկային խորհրդանիշ. նա բարձրաձայն չի ասում «լինել թե չլինել», սակայն լսողություն ունեցողը չի կարող չլսել այդ փիլիսոփայական զանգահարությունը:
Ով ճանաչում է գրող Ալիս Հովհաննիսյանին, հասկանալի է` գրվածքները, ինձ նման պիտի զարմանար «Գրական թերթում» շարունակաբար ընթերցելով նրա գիտախոհերը առ Րաֆֆին: Իսկ երբ կարդացի «Րաֆֆու ոտնահետքերով» գիրքը, զարմանքս փոխվեց հիացմունքի: Թեև գեղարվեստական գրականությունն էլ է գիտություն, սակայն գրողներից շատ քչերն են մուտք գործում զտարյուն գրականագիտության ասպարեզ: Իհարկե, պարտադիր չէ: Հետաքրքրասիրության հարց է, ներքին պահանջ: Այստեղ Ալիսին ոգևորել է ու առաջ մղել Րաֆֆու ստեղծագործության հանդեպ մեծ սերն ու պատկառանքը, այդ գործի անանց կարևորությունն ազգային գոյապահպանության դժվար ճանապարհներին, և նա ցանկացել է ու փորձել իր խոսքն ասել րաֆֆիագիտության ասպարեզում, արտահայտել ժամանակակից գրական մտավորականի վերաբերմունքն ու գնահատականը:
Հովհաննիսյանական շարադրանքներից բացի, գրքում զետեղված են քարտեզներ` Րաֆֆու և նրա հերոսների ոտնահետքերով, գրողի հարազատների ու մերձավորների, ճարտարապետական կառույցների, բնության, պատմական վայրերի բազմաթիվ լուսանկարներ, որոնք թանկարժեք վավերագրեր են: Հիանալի մի պատկեր է Րաֆֆու մահարձանը Թիֆլիսում, որը հեղինակել է Գևորգ Բաշինջաղյանը: Ոչ ոք Ալիս Հովհաննիսյանին չի պատվիրել այս գիրքը: Նա լսել է հանճարեղ գրողի անմահ հոգու ղողանջները և կատարել իր ներքին մարդու ցանկությունը նվիրյալ սիրով ու պատասխանատվությամբ: Այս հրատարակությունն իր արժանի տեղն է զբաղեցնելու րաֆֆիագիտության հարուստ գրադարանում:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.