Չդատապարտված ոճիրը նոր ոճիր է ծնում

Փետրվարի 7-ին ՀԳՄ Կլոր սրահում տեղի ունեցավ հրապարակախոս Անժելա Սահակյանի (Փարիզ) «Ճշմարտության պարտադրանքով» (թուրքերեն) գրքի շնորհանդեսը:
ՀԳՄ նախագահ Էդ. Միլիտոնյանը, տեղեկացնելով, որ գիրքը տարիներ առաջ հրատարակվել է հայերեն, ապա՝ ֆրանսերեն, իսկ վերջերս էլ՝ թուրքերեն, նշեց, որ հեղինակը փորձել է արցախյան շարժման և Հայոց ցեղասպանության 100-ամյա պատմությունը տեղավորել մի գրքում՝ վստահեցնելով, որ այդ ամենը վկայում է Արցախի և մյուս հարակից պետությունների հանդեպ թուրքական քաղաքականության ծրագրած գործունեու­թյան մասին: «Անժելայի գրքի հիմնական նպատակն է Ցեղասպանության 100-ամյակի մեջ ցույց տալ` Ցեղասպանության նախորդ տարիների ու մինչև ղարաբաղյան շարժումը իրադարձություններն ու Արցախյան պատերազմը ինչ ծրագրի մեջ է դրսևորվել»,- ասաց նա և կարևորելով նման գրքերի թարգմանումն ու տարածումը հատկապես Թուրքիայում, որտեղ ապրում են ազգային խնդիրներ ունեցող բազմաթիվ այլ ազգեր, Անժելա Սահակյանին պարգևատրեց ՀԳՄ «Գրական վաստակի համար» մեդալով:
Ըստ գրքի առաջաբանի հեղինակ Արևշատ Ավագյանի՝ «Աշխարհով մեկ ստի, կեղծիքի տեղեկատվական պատերազմ է, և այդ պատերազմի մեջ շատ կարևորում եմ, որ Ա. Սահակյանը կարողանում է աշխարհին ցույց տալ, որ մենք բարի, արարող ժողովուրդ ենք, պատմական խնդիրներ ունենք»:
Գրականագետ Արմեն Ավանեսյանի դիտարկմամբ՝ այս գրքում հայ ոգին է առաջնորդել հեղինակին՝ ինքնապահպանման ոգին և անմնացորդ պայքարի ոգին: «Հեղինակի բացարձակ ճշմարտությունն այն է, որ չդատապարտված ոճիրը նոր ոճիր է ծնում»,- ասաց նա` կարևորելով այն խորհուրդը, որ առկա է գրքում՝ կա պետականություն, շոշափելի հայրենիք, որին պետք է տեր կանգնենք:
Ելույթ ունեցան նաև Անուշ Վարդանյանը, գրքի թարգմանիչ Հակոբ Չրաքյանը, լրա­գրող, հրապարակախոս Ժաննա Ղոչիկյանը: Շնորհակալական խոսք ասաց Անժելա Սահակյանը:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.