Այսպես ո՞ւր ենք գնալու / Հովիկ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Երբ 2009 թվականին ստեղծվեց Հանրային խորհուրդը, մի քանի մտավորականներ մտանք Պաշտպանության և Ազգային անվտանգության ենթահանձնաժողովի մեջ: Չնայած համարյա թե համոզված էինք, որ եթե մի բան ստեղծվում է իշխանությունների նախաձեռնությամբ, ծառայելու է նրանց նպատակների իրականացմանը, բայց մտածում էինք՝ գուցե ինչ-որ բան կարողանանք անել:
Ես անմիջապես մշակեցի «Հանրապետության պաշտպանունակության նախազորակոչային բարձրացման նախագիծ» և ներկայացրի Հանրային խորհրդի քննարկմանը: Նախագիծն ընդգրկում էր մանկապարտեզներից, նախակրթարաններից ու դպրոցներից մինչև բուհերում իրականացվող միջոցառումներ: Եվ հատկապես մեծ փոփոխություններ էին նախատեսվում ռադիո-հեռուստատեսու­թյան ու մամուլի աշխատանքներում:
Նախագիծը քննարկվեց ենթահանձնաժողովի դեկտեմբերի 22-ի թիվ 2 նիստում, արժանացավ բարձր գնահատականի: Որոշվեց խնդիրների պարզաբանման և դրանք Հանրային խորհրդին ներկայացնելու համար ստեղծել աշխատանքային խումբ: Բոլորս ոգևորված գործի անցանք: Բայց որքան մեծ էր մեր հիասթափությունը, երբ մեկ ամիս հետո հայտարարեցին, թե նախագծից առանձնացվում է հեռուստատեսության մասը, որով զբաղվելու են Հայկ Դեմոյանն ու Հովիկ Մուսայելյանը: Մեր ոգևորության վրա սառը ջուր լցրին: Իսկ Դեմոյանն ու Մուսայելյանը գործի անցան: Ինձ էլ առաջարկեցին համագործակցել, բայց առաջին իսկ հանդիպումից հրաժարվեցի:
Տպավորությունն այնպիսին էր, կարծես թե հեղա­շրջում էր կատարվելու: Մի քանի անգամ լեփ-լեցուն դահլիճում հավաքներ կազմակերպվեցին, հեռուստա­ծրագրերի տնօրեններ ու փոխտնօրեններ ելույթ ունեցան, որոշումներ ընդունեցին: Բայց, ցավոք սրտի, այդպես էլ ամեն ինչ վերջացավ: Ահա քննարկումներ կազմակերպելու կապակցությամբ հայկական հեռուստաեթերում տիրող իրավիճակի նկարագրությունից մի հատված. «Ինչպիսի՞ արժեհամակարգ է գովազդում հատկապես երեկոյան հեռուստաեթերը, որին հասու են դառնում նաև մատաղ սերնդի ներկայացուցիչները: Համառոտ թվարկենք դրանք՝ հանցագործություն ու հանցավոր կենսակերպ, անբարոյականություն, քինախնդրություն, ահաբեկչություն, պոռնկություն, թմրամոլություն, մարդագողու­թյուն, անազնվություն, հայատյացություն…», ապա՝ «Այս երևույթն իր խիստ բացասական հետևանքն է թողնելու հայկական բանակի զինվորների հոգեբանության վրա և ուղղակիորեն կարող է նպաստել ոչ կանոնադրային հարաբերություններին և մյուս արատավոր երևույթների ամրագրմանը բանակում՝ ի չիք դարձնելով ռազմահայրենասիրական դաստիարակությանն ուղղված երկարամյա աշխատանքի արդյունքները»: Ամենայն անաչառությամբ ամեն ինչ ասված է:
Թվում է` այսպիսի խիստ և անաչառ բնութագրումներից հետո ազգային հեռուստատեսության գործունեու­թյան մեջ պետք է կտրուկ շրջադարձ կատարվեր՝ հատկապես, որ հեղինակներին լայն իրավունքներ էին տրված: Սակայն, ավա՜ղ…
Արդյոք 2009 թվականից մինչև այսօր որևէ փոփոխու­թյուն իրականացվե՞լ է հանրային և մասնավոր հեռուստաեթերների ծրագրերի և բնույթի մեջ: Հաստատապես կարող ենք ասել՝ այո՛: Բայց հակառակ ուղղությամբ. արժեհամակարգի բացասական, ապազգային, ապամարդկային երևույթների ցուցադրու­թյունն ու քարոզները բազմապատկվել են: Հեռուստաալիքները դարձել են մոլախաղերի քարոզման գործիքներ: Որոշ հեռուստաընկերություններ պատրաստ են եթեր տալ ամեն ինչ՝ միայն թե փող աշխատեն: Եվ ոչ միայն մասնավորները, այլև հանրային Հ1-ը…
Տպավորություն է, ասես խաղատների և գիշերային ակումբների մասին մայրաքաղաքից հեռացնելու օրենքի ընդունումից հետո ողջ մայրաքաղաքը վերածվեց խաղատան ու գիշերային ակումբի: Կինոֆիլմերի ցուցադրությունը և շատից-քչից հետաքրքիր հաղորդումները հաճախակի ընդհատվում են գովազդներով, որոնք բնակչությանը գայթակղում են մի ակնթարթում հարստանալու հեռանկարով: Ամեն տարի խաղարկվող արտասահմանյան ավտոմեքենաների թիվն ավելանալով՝ հասնում է 50-ի, 60-ի, դրամագլուխը՝ մի քանի տասնյակ միլիոնի: Չնայած դա անհավատալի է, նույնիսկ՝ ծիծաղելի, բայց բնակչության ստորին խավերից շատերն են գայթակղվում: Ամեն ինչ արվում է` առանց այն էլ օրվա հացի դրամ չունեցող բնակչությունից գրպանելու նրա վերջին լումաները:
Սա դեռ ինչ է… Սա չարիքներից փոքրագույնն է, իսկ հայկական էժանագին, անիմաստ, փողոցային, գողական, սպանություններով լիքը, մարդկային նորմալ հարաբերություններից զուրկ ապազգային, ապամարդկային գաղափարախոսություն քարոզող սերիալներն ուղղակի ողողել են եթերը: Ո՞ւմ համար են նկարահանվում այդ սերիալները, ի՞նչ նպատակով: Դրանք ֆինանսավորողները չե՞ն մտածում, որ այսօր ազգաբնակչությունը չի նայում մարդու հոգուն ու սրտին ոչինչ չասող այդ անճաշակու­թյունը: Թեև անկախության կարճատև ժամանակաընթացքում Հայաստանի Հանրապետության իշխանություններն ամեն գնով զոմբիացնում են ազգաբնակչությանը, իջեցնում ճաշակն ու մտածողությունը, նույնիսկ այդքանից հետո էլ մարդիկ խորշում են այդ սերիալներից, որտեղ ո՛չ դերասանական խաղ կա, ո՛չ ասելիք, ո՛չ առնելիք: Եվ Երևանն ու հանրապետությունն այսօր մնացել են հնդկական սերիալների հույսին, որոնք նույնպես պարզունակ են ու ձանձրալի, բայց, համոթ մեզ, ասելիք ունեն, միտում ունեն իրենց ազգային սովորույթներն ու կրոնը, դեմքն ու դիմագիծը ներկայացնելու աշխարհին: Ֆիլմեր, որտեղ ավանդաբար ցուցադրվում է չարի ու բարու պայքարը, ուրախացնում չարի պարտությունը, բարու ու գեղեցիկի հաղթանակը: Իսկ հայկական ժամանակակից սերիալներում կարծես աշխարհը միայն չարի ձեռքին է, բարին ու գեղեցիկը վերացել են: Այդ սերիալները դիտողին ո՛չ հուզում են, ո՛չ տխրեցնում, հակակրանք են առաջ բերում, և մարդիկ փոխում են ալիքը:
Բացի սերիալներից, հայկական եթերը լցվել է սնկերի նման բազմացվող «աստղերի» տեսահոլովակներով: Եվրոպայի երգիչներին ընդօրինակելով՝ այնպիսի կլիպներ են եթեր տալիս, որ հեռուստադիտողները երգը լսելու փոխարեն նրանց բաց մարմնամասերին են նայում: «Աստղերը» բազմանում են ոչ թե իրենց տաղանդով, այլ անամոթությամբ ու լկտիությամբ: Ինչպես Եվրոպայում ու հետհեղափոխական Ռուսաստանում, գործածությունից օտարվում է գեղեցիկ բառը, փոխարինելու է գալիս սեքսուալը: Իսկ հումորը… «Հումորային» հաղորդումներ նայելիս ուղղակի զարմանում ես, թե մասնակիցներն ինչի՞ վրա են այդպես լիաթոք ծիծաղում: Հսկայական դահլիճը լեփ-լեցուն է կարծես թե մտածող մարդկանցով՝ երգիչ, դերասան, քաղաքական գործիչներ… Ու մասնակիցների անիմաստ արտահայտություններից քիչ է մնում ծիծաղից ուշաթափվեն: Կարծես թե իշխանություններն, ի վերջո, հասնում են իրենց նպատակին. հասարակությանը հասցրել են այն մակարդակին, որ մտավորական համարվողներն անգամ դառնան գետնաքարշ:
Այսօր իշխանությունները իբրև թե պայքար են ծավալում ազգաբնակչության գիտակցությունը բարձրացնելու համար: Սակայն դրա հեղինակները մոռանում են, որ ազգ կրթելու պրոցեսն սկսվում է օրորոցից, մանուկ հասակից՝ ընտանիքում և մանկապարտեզում: ԱՄՆ-ի նման աշխարհակալ երկրում մանկապարտեզներում օրն սկսում են հայրենասիրության, պետականության քարոզով: Մանուկները միասնաբար, աղոթքի նման արտասանում են. «Ես Ամերիկայի քաղաքացի եմ: Ես սիրում եմ իմ երկիրը»: Իսկ դպրոցներում. «Ես երդվում եմ լինել հավատարիմ Ամերիկայի Միացյալ Նահանգների դրոշին, որը խորհրդանիշն է Աստծո հովանավորյալ և անքակտելի ազգի՝ հանուն ամենքի ազատության և արդարության»: Ահա այսպես: Քաղաքացի դաստիարակելու համար այդ գիտակցությունը երեխայի մեջ պետք է արմատացնել նրա աշխարհաճանաչողության սկզբից:
Իսկ ինչո՞ւ մեզանում դա չի արվում: Որովհետև իշխանության չինովնիկներն իրենք չեն ստացել այդ դաստիարակությունը, և նրանց չի էլ հետաքրքրում բնակչության հոգևոր մակարդակը: Փոխարենը տարբեր եղանակներով բնակչության մեջ տարածվում և ամրագրվում է այն թյուր կարծիքը, թե հայ ազգը ոչ միայն չի կարող ինքն իրեն կառավարել, այլև չի սիրում օրենքով ապրել, որ յուրաքանչյուր անհատ օրինազանց է: Բնականաբար, սա սխալ և արհեստականորեն ներարկված թշնամական կաղապար է. այդ դեպքում ինչո՞ւ հայերն օրինակելի և կարգապահ քաղաքացիներ են օտար երկրներում: Օրենքներ ընդունելով` հենց իրենք՝ օրենք ընդունողներն են խախտում դրանք: Իսկ այն երկրներում, որտեղ գործում է օրենքի գերակայությունը, հայերն օրինակելի քաղաքացիներ են: Սա իշխանությունների գործն է: Այս ամենը պետք է արվի պետականորեն, ինչի համար ամենակարևոր գործիքները հեռուստատեսությունը, ռադիոն և մամուլն են, որոնց դերը ներկա ժամանակներում դրական ուղղությամբ հավասարեցվել է զրոյի: Բացառությամբ մի քանի հաղորդաշարի, մնացածը հակազգային և հակապետական քաղաքականության կրողներ են: Հեռուստաեթերով անընդհատ գովազդվում են տարբեր տեսակի մոլախաղերն ու եթեր արձակում հակազգային հաղորդումներ: Հաճախակի են հնչում՝ «Էս երկիրն ապրելու տեղ չի», «Էս երկիրը երկիր չէ»… Էս երկիրը: Ոչ թե «մեր երկիրը», այլ «էս»… Եթե Ռուսաստան քոչած մի կին Երևանի հրապարակում ցավով ասում է. «Էս ի՞նչ վիճակ է: Ես խղճում եմ էստեղ ապրողներին», ու անմիջապես ցույց են տալիս ԱՄՆ գաղթած մի երգչի կամ անհայտ մեկի թանկարժեք ավտոմեքենաները… Այսպիսի հեռուստաալիքները կարգին պետության մեջ, որպես հակապետական գործունեություն ծավալող, առնվազն կփակվեին:
Այսպես կարելի է անվերջ շարունակել: Բայց ո՞վ է լսողը, կամ իշխանական աթոռներին բազմածների սիրտը կցավի՞ դրանից: Կողոպտելու մոլուցքը բոլորին խելքահան է արել: Մինչև ասպարեզ չգա ազգային իշխանություն, ո՛չ հեռուստատեսությունը կփոխվի, ո՛չ էլ երկիրը:
Քաղաքացի, ազգային սերունդ դաստիարակելու ծրագիր կա, կա նաև աշխարհի փորձը, պարզապես չկա ցանկություն: Ճապոնիայի վարչապետներից մեկին հարցնում են. «Ո՞րն է ձեր երկրի աննախադեպ հաջողության գաղտնիքը»: Նա պատասխանում է. «Մենք ուսուցչին տվել ենք նախարարի աշխատավարձ, պատգամավորի կարգավիճակ և կայսրի պաշտամունք»:
Բայց այս օրինակի կողքին կա գիտակցում, որ նման քաղաքացին վտանգ է իշխանության համար: Սա է ճշմարտությունը…

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.