ԵՐԳ, ՈՐ ՈՒՆԻ ՍԿԻԶԲ ՈՒ ՉՈՒՆԻ ՎԵՐՋ / Էդուարդ Զոհրաբյանի հիշատակին

Էդուարդ-ԶոհրաբյանՎանիկ ՍԱՆԹՐՅԱՆ

Հավատացյալ մարդ ենք. հավատում ենք Աստծուն, հավատում ենք, որ երկնային թագավորությունում մեր ձայնը հասնում է Էդիկ Զոհրաբյանի ականջին, որ նա հուշիկ քայլերով՝ ինչպես բնորոշ էր իրեն, քայլում է մեզ հետ Գորիսի փողոցներով, թոքերն ուռցնում իր Զանգեզուր աշխարհի վեհությամբ ու հպարտությամբ, անտեսանելի թթվածնով, որը ոչ մի հրապուրանքի, ոչ մի հարստության, ոչ մի թագավորության հետ չէր փոխի ու այդպես էլ չփոխեց երբեք:
…1964 թ. աշնան մի ոսկեծամ օր ես և իմ ընկեր, ժուռնալիստ Կիմ Ղալաչյանը, որն, ավա՜ղ, այլևս մեզ հետ չէ, հայտնվեցինք Գորիսում, ու այդ օրվանից մինչև 2009 թվականի հուլիսի 4-ի մեր վերջին հանդիպումը ես և Էդիկը անբաժան ընկերներ էինք:
Ես չէ, որ պիտի ասեմ, թե ինչպիսի ընկերություն ենք արել:
Ուրիշն էլ չի կարող ասել: Այդ ընկերությունը ասելով չէր:
Հուլիսի 4-ին, Գորիսից հիվանդ-հիվանդ, ոտքերը հազիվ առաջ տանելով, տմբտմբալով, մի կերպ վեր կացավ, եկավ Երևան՝ Հայաստանի գրողների համագումար:
Զգացի, ավա՜ղ, զգացի, որ հեռանում է: Որ մեկնում է անվերադարձ, անդարձ: Պայծառատես չեմ: Համագումարի ընդմիջմանն ասաց.
– Մի տեղ ճարի, մի պատառ հաց ուտենք:
Ասացի.
– Խմբագրության սենյակում ուտելու բան եմ պատրաստել:
Չէր կարողանում խմել: Չխմեց: Հացից էլ մի երկու թիքա արեց ու մաղվող աչքերով՝ կարծես մեղավորի նման, ինձ նայեց. իմ իմացած էն Էդիկն այլևս չկար:
…Դեռ մինչև համագումարն էր՝ Հայաստանի գրողների միության նախագահ Լևոն Անանյանը, իմանալով, որ վատառողջ է, ասել էր՝ թեև ափսոս կլինի, բայց՝ չգա համագումար:
Բայց եկել էր: Ամբողջ համագումարի ընթացքում կողքիս նստեցրի: Ինչքան փորձեցի, որ համագումարի կեսից տանեմ դստեր տուն, չկարողացա համոզել. մնաց մինչև վերջ, նոր միայն թե՝
– Մին մաշին ճարի…
– Գա՞մ հետդ:
Չթողեց:
Էն գնալն էր, որ գնաց: Կասկած կար սրտումս, բայց չէի ուզում հավատալ, որ վերջին անգամն եմ տեսնում:
Նույն ամսվա վերջերին Գորիսից եկավ մահվան գույժը:
Ներկա լինելով Էդիկի հուղարկավորությանը՝ նույն օրը պարտքս համարեցի գիրք գրել նրա մասին, որը եղավ և կրեց «Էդուարդ Զոհրաբյան. կանաչ աչքերով տղան» անունը: Այն տեղ հասավ նրա մահվան առաջին տարուն, տարուց բառացիորեն մի քանի օր առաջ:
Ինձ երջանիկ եմ զգում, որ գիրքը գնահատվեց, նրան անդրադարձավ մամուլը, այդ թվում հանրապետության գլխավոր պաշտոնաթերթ «Հայաստանի Հանրապետությունը»: Ես չէ, որ այսօր գնահատական պիտի տամ Էդուարդ Զոհրաբյանի ստեղծագործությանը, բայց կարող եմ ներկայացնել նրա գրական նորամուտը: Վիկտոր Բալայանը, ով մի շրջանում պաշտոն էր զբաղեցնում պետական հրատարակչությունում, մի օր ասաց. «Մի նոր անուն եմ ուզում հրատարակել. Էդիկ Զոհրաբյան: Լսե՞լ ես»: Ասացի, ոչ միայն լսել եմ, այլև իմ տաղանդավոր ընկերն է: «Որ էդպես է, ասա, ինչ ունի-չունի, հավաքի, գա հրատարակչություն»,- պատվիրեց Բալայանը: Եվ Գորիսից հրատարակչու­թյուն եկավ «Որոտանի որդիները» գեղարվեստական ակնարկների առաջին հատորը՝ նվիրված այն մարդկանց, ովքեր Տաթևի հիդրոէլեկտրակայան էին կառուցում Որոտան գետի վրա:
Ընթերցողը ստացավ մի գիրք, որը իր գրողական բարձր կուլտուրայով նման չէր մինչ այդ Զանգեզուր աշխարհը փառաբանած գրքերին: Առաջին ողջունողներից ու գնահատողներից էր Սերո Խանզադյանը: Հաջորդեցին մյուս գրքերը մեծերի և փոքրերի համար. «Բողբոջները չբացվեցին», «Ամենքը մի աշխարհ ունեն», «Յոլյաններ», «Հավերժություն», «Ձիեր», «Հին ջրաղացի նովելը», «Խնձորեսկ» ակնարկների, պատմվածքների ու վիպակների ժողովածուները, «Օրբելյաններ», «Կորած արահետներ» վեպերը, «Գորիսի հանրագիտարան» արժեքավոր աշխատությունը և այլն: Նրա սցենարներով փաստագրական հինգ ֆիլմեր են նկարահանվել, ըստ որում՝ երկուսը Կիևի Դովժենկոյի անվան կինոստուդիայում: Թարգմանել է Ե. Շվարցի, Ա. Չխեիձեի, Ա. Ավերչենկոյի և այլոց պիեսները, Ա. Տիշկովի «Ռուդոլֆ Աբելն ամերիկյան դատարանի առջև», մոսկվաբնակ, ռուսագիր Գ. Կարապետյանի «Հայ բանահյուսության գոհարներ» գրքերը, Անդալուզիայի միջնադարյան բանաստեղծների ստեղծագործություններ:
Պարգևատրվել է Ռուսաստանի Դաշնության «Փառքի Ոսկե Աստղ» շքանշանով, ՀԳՄ «Գրական վաստակի համար» մեդալով, հանրապետական և ԽՍՀՄ տարբեր պատվոգրերով:
Արձակագիր, լրագրող, թարգմանիչ, հրապարակախոս, Գորիսի պատվավոր քաղաքացի Էդուարդ Զոհրաբյանը բազմաքանքար մարդ էր: Մի անգամ Մոսկվայում իրերի բերումով լսելով Առնո Բաբաջանյանի «Մի՛ շտապիր» երգի նրա կատարումը՝ խորհրադային մեծանուն երգչուհի Մարիա Բիեշուն շատ ափսոսանք է հայտնել, որ նա թողել է երգելը ու անցել ժուռնալիստիկային: Նույն ափսոսանքն է հայտնել նաև համերկրացի Կոնստանտին Օրբելյանը, ով նրան քանիցս հրավիրել է երգելու Հայաստանի պետական էստրադային նվագախմբում: Բայց հաղթել են ժուռնալիստիկան և գրականությունը: Եթե այս ամենը չլիներ, Էդ. Զոհրաբյանը նաև փայլուն գեղանկարիչ կդառնար. նրա վրձնահարվածներով հայրենի բնաշխարհի չքնաղ պատկերներ կան՝ կախված Գորիսի՝ նրա բնակարանի պատերին: Սակայն բոլորը, թեկուզ լավ, հոբբի էին, նվիրումը գրիչն էր: Այն էլ այնպիսի նվիրում, որ Գորիս աշխարհի Բարձրավան գյուղում ծնված ու ամբողջ կյանքը Գորիսում անցկացրած լրագրողին «Դրուժբա նարոդով» ամսագիրը վստահի ու չորս ամսով ստեղծագործական գործուղման ուղարկի… Տայգա:
Այս էր Էդիկ Զոհրաբյանը:
ՀԳՄ Սյունիքի բաժանմունքի նախագահ (այդ պաշտոնում էլ կնքել է իր մահկանացուն) Էդուարդ Զոհրաբյանը ավարտել է Մոսկվայի հասարակական գիտությունների ակադեմիայի ժուռնալիստիկայի բաժինը, Բարձրակարգ լրագրողների պատրաստման համամիութենական ինստիտուտը: Աշխատել է շրջանային և հանրապետական մամուլում, ռադիոհեռուստատեսությունում, Արմենպրես, Ագրոպրես գործակալություններում, «Նորաթերթի» խմբա­գրությունում:
Ապրեց մի սովորական պարզ, ռանչպարի կյանքով, բայց և երկրի ու հողի տերն էր նա, ու ապրեց նաև երկրի ու հողի տիրոջ իրավունքով: Ու իր այդպես գեղեցիկ ապրելով էլ անվերջանալի պահելու է իր Զանգեզուր աշխարհը՝ աշխարհին ու մարդկանց պարզած տարե­գրությամբ:
Որովհետև ինքը Զանգեզուր աշխարհի տարեգիրն էր:
Որի համար էլ նրան շատ են հիշելու, երկար են հիշելու:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.