ՖՐԱՆՍԻԱՅԻ ՆԱԽԱԳԱՀԸ ԿԱՅՑԵԼԻ՞ ԱՐՑԱԽ / Սամվել ԿՈՍՅԱՆ

Ֆրանսիական Le Figaro-ն հայտնում է, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուիլ Մակրոնը, մասնակցելով Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի ամենամյա ընթրիքին, ասել է. «Լեռնային Ղարաբաղ այցի ընթացքում ես ձեզ չեմ ուղեկցի, քանի որ Ֆրանսիան կկորցնի իր դերն այս հակամարտությունում և չի կարողանա միջնորդ և լսելի լինել երկու կողմերի համար»,- ապա հավելել է. «Հուսով եմ՝ մի օր կգամ ձեզ հետ, երբ ամեն ինչ կարգավորված կլինի»: Սակայն հակամարտության կարգավորման գործընթացն այնքան խճճված է, որ անհնարին է գուշակել` Մակրոնին կհաջողվի՞ իրականացնել իր այցը… Ինչպես նշում է թուրքագետ Վիկտոր Նադեին-Ռաևսկին. «Բավական դժվար է կանխատեսել, թե ուրիշ ինչ հիմարություն կանցնի Բաքվի որոշ սադրիչների մտքով»: Ռուսաստանցի քաղաքագետի խոսքով՝ Ադրբեջանը չի կորցնում հույսը և շարունակում է ձգտել կրկին «իր լծի տակ պահել» Արցախի հայերին կամ պարզապես զբաղեցնել այդ տարածքը, իսկ այնտեղ գտնվող խաղաղ հայ բնակչությանը արտաքսել, ինչպես դա արեց Նախիջևանի պարագայում: «Դժվար է կանխատեսել,- նշել է Ռաևսկին,- թե Բաքվի արկածախնդիրներին ուր կարող են տանել այն քաղաքական և ռազմական նպատակները, որ դրել են իրենց առջև»: Ազերիները նախապատրաստվում են նախագահական ընտրությունների, ուստի` հեռանկարում էլ հնարավոր չէ հետագա զարգացումները կանխատեսել: Ալիևի համար Արցախի հիմնախնդիրը իշխանությունը պահելու հիմնական ու միակ հնարավորությունն է, ինչը նրան օգնել և օգնում է համախմբել ոչ միայն համախոհներին, այլև ընդդիմադիրներին: Թեև Ալիևը հասկացել է, ենթադրվում է՝ հասկացած կլինի, որ Արցախը ետ բերելու իր հռետորաբանությունը գունաթափվել և կորցրել է արդիականությունը, սակայն դա ինքնախոստովանելը նույնն է՝ ինչ ինքնասպանությունը: Ազերի` X.X. ստորագրությամբ բլոգերը (իշխանության քննադատությունը Բաքվում աննախադեպ ռիսկային է) թվիթերյան իր էջում գրել է. «Երբ Ադրբեջանի ղեկավարությունը ասում է. «Եթե չհաջողվի Ղարաբաղը բանակցությունների միջոցով ետ բերել, ապա ուժով կվերադարձնի», միայն քմծիծաղ է առաջացնում: Առնվազն վերջին 15 տարում Ալիևը համոզում է, որ ռազմական, տնտեսական հզորությամբ, մարդկային ռեսուրսով Ադրբեջանը քանիցս գերազանցում է փոքրիկ, բնական ռեսուրսներից զուրկ Հայաստանին: Բայց պատմության մեջ նման օրինակ չկա, որ թույլ, փոքրաթիվ բնակչությամբ երկիրը կարողանա զավթել հարևանի, ով ամեն ինչով իրեն գերազանցում է (տարածքի մեկ քառորդը): Ադրբեջանի ղեկավարությունը ձևացնում է, իբր, զբաղված է «ղարաբաղյան հարցով» և ուր որ է հարցը կլուծի: Մինչդեռ սահմանային սրացումները, հրետակոծությունները, լոկալ ռազմական գործողություններն իրականում նրա համար են, որպեսզի ժողովուրդը հավատա, թե «Ալիևը զբաղված է հարցով և ուր որ է այն կլուծի»: Իրականում բազմաթիվ զոհերը, հարյուրավոր զինվորական կյանքերը բացառապես ծառայում են մի նպատակի՝ նրա իշխանության ամրապնդմանը»: Այնուհետև X.X.-ը շարունակում է. «Լեռնային Ղարաբաղը ոչ մի կերպ այլևս չես վերադարձնի: Տարածության կորուստը պատմության վերջը չէ: Դա ավելի շուտ դարավոր ծանր հիվանդության վերջն է: Ողբերգությունը շահագործողներն են, ովքեր սեփական ժողովրդին զրկել են զարգացման, ժողովրդավար կյանք ունենալու հույսից: Ուստի` ազատվելու համար նախևառաջ պետք է շահագործողներին զրկել իրենց հաղթաթղթից՝ Լեռնային Ղարաբաղի հարցից»: Ադրբեջանում հավանաբար նման դիրքորոշման հետևորդներ էլի կլինեն, բայց իրենց կարծիքը բարձրաձայնել կարող են միայն վտարանդիները: Միջազգային Human Rights Vatch իրավապաշտպան կազմակերպության 2018-ի զեկույցում նշված է, որ 2017-ին Ադրբեջանի իշխանությունները բազմաթիվ կանխամտածված հարձակումներ են իրականացրել կառավարության քննադատների նկատմամբ: Տասնյակ լրագրողներ և ակտիվիստներ շարունակում են բանտերում մնալ: Ազերի մի այլ վտարանդի՝ Զեյնալ Իբրահիմովը, իր «35 նամակ որդուս» գրքում գրում է. «Ադրբեջանում հասարակության գլուխն են մտցրել, որ Ղարաբաղն իրենցն է: Բայց չէ՞ որ այն Ադրբեջանինը չէ. այդ տարածքը 1921-ին արհեստականորեն են կցել Ադրբեջանին: Երկրորդ հիվանդագին ձգտումը պատմությունը կեղծելն է ու ջանքը՝ ներկայանալու որպես հազարամյակների արմատներ ունեցող ժողովուրդ: Ինչ վերաբերում է հաշտությանը, ապա ներկա պահին որևէ բան փոխելու յուրաքանչյուր փորձ հակամարտությունը կվերածի կա՛մ խարույկի, կա՛մ մոտակա ժամանակում խարույկ կբռնկվի: Եթե այս կամ այն կողմում ինչ-որ բան շարժվի, ապա՝ ոչ խաղաղության օգտին»: Հետևությունը մեկն է. Մակրոնը գուցեև այցելի Արցախ, սակայն այլևս ոչ որպես Ֆրանսիայի նախագահ:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.