Գիրը՝ ժողովրդի ինքնություն

Փետրվարի 6-ին ՀԳՄ Կլոր սրահում տեղի ունեցավ ՀԳՄ ամենամյա և «Հրանտ և Մանուշակ Սիմոնյան» գրական մրցանակների հանձնման արարողությունը:
ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանի հավաստմամբ՝ ՀԳՄ ամենամյա մրցանակաբաշխությունը տարիների պատմություն ունի. առաջին անգամ անցկացվել է 1972 թ. և մշտապես հարգի է եղել: «Ամեն գրող իր կենսագրության մեջ սիրով առանձնահատուկ նշում է, թե ո՛ր մեծ գրողի անունով է մրցանակ ստացել»,- ասաց նա և հավելեց, որ անցյալ տարի «Լոռվա ձոր» հայրենակցական միության ղեկավար Սերգո Երիցյանի հետ որոշվեց վերականգնել Հ. Թումանյանի անվան մրցանակը, որն ինչ-ինչ պատճառներով դուրս էր մնացել: Այդ մրցանակը պետք է հանձնվի գրականության մեջ մեծ վաստակ ունեցող գրողի: Էդ. Միլիտոնյանը նշեց նաև, որ 2017 թ. որոշվեց սահմանել թարգմանության անվանակարգ, որը կրում է Հովհաննես Մասեհյանի անունը (շեքսպիրյան մեծագույն թարգմանիչ): Մրցանակներ են առաջարկել նաև ՀԳՄ Ծաղկաձորի և Սևանի ստեղծագործական տները, ինչպես նաև Արարատի գինու գործարանը, որը նպատակ ունի առաջիկայում ավելի լայն կերպով մասնակցել մրցանակաբաշխությանը:
ՀԳՄ նախագահը, անդրադառնալով նաև «Հրանտ և Մանուշակ Սիմոնյան» մրցանակին՝ նշեց, որ այն արդեն տասնամյա պատմություն ունի, սահմանել է ամերիկահայ բարերար Հ. Սիմոնյանը, ով շարունակաբար աջակցում է Գրողների միությանը, մշտապես հետևում գրական կյանքին: «Այս մրցանակներն առաջին հերթին ընթերցողներին են հարկավոր, քանի որ օգնում են, որպեսզի հիշվի և՛ գրողի անունը, և՛ նրա նոր ստեղծագործությունները, ընթերցողները ճանաչեն և իմանան, թե ինչ է անում գրողը, ինչպես է շարունակում իր գրական կյանքը»,- նկատեց Էդ. Միլիտոնյանը և հորդորեց յուրաքանչյուր միտք արտահայտելիս հիմք ունենալ՝ կարդալ այդ մարդկանց գրքերը, ճանաչել, ապա գնահատել՝ արժանի՞ է գրող կոչվելու, թե՞ ոչ:
Անդրադառնալով հրատարակչական խնդիրներին՝ Էդ. Միլիտոնյանն ընդգծեց, որ պետական աջակցության որևէ ձև անպայմանորեն պետք է լինի, և հիշեց անցյալ տարի Մշակույթի նախարարության կողմից Բուքֆեսթ գրական օրերի և մրցանակաբաշխության մասին, որը նույնպես մեր ժամանակակից գրողներին հրատարակելու քայլ էր: «Մենք բոլոր քայլերն ընդունելի ենք համարում, եթե նպաստելու է մեր գրահրատարակչությանը, գրողի ճանաչմանն ու գրքերի տարածմանը: Կարծում եմ՝ առաջիկայում այդպիսի ծրագրերը կընդլայնվեն, քանզի գրի պատմությունը ժողովրդի ինքնության, ձևավորման պատմություն է եղել»,- ամփոփեց ՀԳՄ նախագահը:
Այնուհետև հանձնվեցին մրցանակները. Հովհաննես Թումանյանի անվան հատուկ մրցանակը տրվեց Նորայր Ադալյանին` «Աշնանային շրջան» պիեսների գրքի համար: Արձակի ժանրում Դերենիկ Դեմիրճյանի անվան մրցանակակիր դարձավ Ռոլանդ Շառոյանը` «Էրգրի աստվածները» վիպասքի և «Բառերի խրխինջը» ժողովածուի համար: Պոեզիայի ժանրում Ավ. Իսահակյանի անվան մրցանակը Գրողների միության նախագահը հանձնեց Սամվել Կոսյանին` «Բառերը հենարան չեն այլևս» գրքի համար: Միքայել Նալբանդյանի անվան մրցանակը (հրապարակախոսություն) հանձնվեց Տիգրան Նիկողոսյանին` «…Եվ գիրը մեր» և Գրիգոր Ջանիկյանին` «Գողգոթա» գործերի համար: Գրականագիտություն ու գրաքննադատություն անվանակարգում Նիկոլ Աղբալյանի անվան մրցանակը ստացավ Սամվել Մուրադյանը` «Հովհաննես Շիրազը» մենագրության համար: Վախթանգ Անանյանի անվան մրցանակ տրվեց մանկական գրականության ասպարեզում նշանակալի ավանդ ունեցած երկու հեղինակների` Անահիտ Թարյանին` «Գիտնական իշուկը» ժողովածուի և Սամվել Բեգլարյանին` «Ցուրտ երկիր, տաք կայարան» պատմվածքների համար: Հովհաննես Մասեհյանի անվան թարգմանական մրցանակը ստացավ Արամ Արսենյանը` Ստայնբեքի «Ցասման ողկույզները» գրքի թարգմանության համար:
Ծաղկաձորի ստեղծագործական տան գրական մրցանակը ստացան Ալիս Հովհաննիսյանը` «Րաֆֆու ոտնահետքերով» գրքի և Արևշատ Ավագյանը` «Տիեզերքի սրտխփոցը» աշխատության համար: Սևանի տան մրցանակին արժանացան բանաստեղծ, արձակագիր Սուրեն Մուրադյանի «Ձեռնամուտի գանձերը» և Գագիկ Դավթյանի «Համաշխարհային պոեզիա», «Վրացական պոեզիա» գործերը: Արարատի գինու գործարանի սահմանած մրցանակը տրվեց բանաստեղծ Նորայր Գրիգորյանին` «Կանաչ գիր» գրքի համար: «Հրանտ և Մանուշակ Սիմոնյան» գրական հիմնադրամի կողմից ամենամյա մրցանակներ հանձնվեցին արձակի ժանրում Դիանա Համբարձումյանին` «Փեթակների տարաբախտություն» ու արձակագիր Ներսես Խառատյանին` «Մերժվածները» վեպերի համար: Պոեզիայի անվանակարգում մրցանակ ստացան Գևորգ Թումանյանը` «Գևորիկներ» և Սուրեն Դավթյանը` «Ազատագրված հիշողություններ» գրքերի համար: Հրապարակախոսության անվանակարգում մրցանակի արժանացավ Հովհաննես Պապիկյանի «Նեղ դուռ» ստեղծագործությունը:
Շաքե ԵՐԻՑՅԱՆ

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.