Բառարանը կենսական անհրաժեշտություն

բառարանՄայիսի 15-ին ՀԳՄ Կլոր սրահում տեղի ունեցավ լեզվաբան, մանկավարժ Մայրանուշ Դերմենջյանի «Հայ-թուրքերեն բառարանի» շնորհանդեսը:
Բառարանն ամփոփում է շուրջ 60.000 բառ, բառահոդված, աֆորիզմներ, թևավոր խոսքեր, օրինակներ և նախադասություններ, որն ավելի մատչելի կդարձնի թուրքերենի ուսումնասիրումը:
ՀԳՄ նախագահ Լ. Անանյանը բացման խոսքում կարևորեց բառարանի դերը հարևան ժողովուրդների հետ լեզվական պատնեշը հաղթահարելու գործում և հույս հայտնեց, որ գիրքը կանցնի իր համար նախագծված ճանապարհով` շրջանառության մեջ դրվելով մասնագիտական ոլորտում:
Արձակագիր Գ. Ջանիկյանը, ով նաև վարում էր շնորհանդեսը, կարևորեց թուրքերենի իմացությունը կենսական անհրաժեշտության և գրական-գեղարվեստական, պետական անվտանգության` թուրքական և ադրբեջանական տեղեկատվությանը հետևելու առումով, նշեց, որ այդ բացը մասամբ լրացնում է այս բառարանը:
Սարգիս Հացպանյանը իր նկատառումներն արեց բառարանի վերաբերյալ, մասնավորապես նշելով, որ ընդգրկված բառերի մեծ մասն այսօր թուրքերենում չեն օգտագործվում: Այս առումով, Գ. Ջանիկյանը հավելեց, որ ոչ թե պետք է հանել այդ բառերը, այլ դրանց կողքին ավելացնել նոր հոմանիշներ, այդպիսով հարստացնելով բառարանը` օգտագործման ընտրությունը թողնելով ընթերցողին: Բանաստեղծ, «Զագրոս» թերթի խմբագիր Ալիխանե Մամեն անդրադարձավ թուրքերենից կատարվող գրավոր որակյալ թարգմանությունների պակասին: ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, դոկտոր, պրոֆեսոր Ներսես Մկրտչյանն անդրադարձավ այսօրվա թուրքերենի զարգացման գործում մեծ ավանդ ունեցող Հակոբ Մարթայանին, ում Քեմալ Աթաթուրքը անվանել է «լեզու բացող»: Հ. Մարթայանը ընդամենը 11 հազար բառ պարունակող բառարանը հարստացրել է՝ հասցնելով այն 150 հազար բառի:
Ելույթ ունեցան նաև Գյումրու մանկավարժական համալսարանի դասախոս, պատմ. գիտ. դոկտոր Սարգիս Պետրոսյանը, ԵՊՀ դասախոս Սարգիս Բալայանը:
Շնորհակալական խոսքով հանդես եկավ Մայրանուշ Դերմենջյանը, ում թրքախոս ընտանիքը 1924 թ. Թուրքիայից վերադարձել է Հայաստան: Մ. Դերմենջյանը ծնվել է Երևանում, ավարտել է ԵՊՀ-ի արևելագիտության ֆակուլտետի թուրքերենի բաժինը, 35 տարի դպրոցներում դասավանդել է հայոց լեզու և գրականություն: Բառարանը նվիրվում է բառարանի ստեղծման գաղափարի հեղինակի՝ Հրանտ Դինքի անմահ հիշատակին:

Շաքե ԵՐԻՑՅԱՆ

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.