Գրական միջօրեականներ

Գագիկ ԴավթյանՄարտի վերջին Վրաստանի մշակույթի և հուշարձանների պահպանության նախարարությունում կայացավ Գագիկ Դավթյանի «Բաց նամակ» վրացերեն բանաստեղծական ժողովածուի և նրա թարգմանությամբ «Ուղեկիցներս Քարթլոսի տնից» վրացական պոեզիայի անթոլոգիայի շնորհանդեսը: Այդ կապակցությամբ, «Հոգևոր արժեքներ» խորագրի ներքո մի ամբողջ էջ է նվիրել մոսկովյան «Аргументы и факты» շաբաթաթերթի ռեգիոնալ հրատարակությունը (տես` WWW. GAZETA. AIF.RU/ONLINE/TBILISI N18, 2013): Հրապարակման հեղինակը ճանաչված գրականագետ – սոնետագետ բանաստեղծ Վլադիմիր Սարիշվիլին է:
«Գագիկ Դավթյանը,- գրում է նա,- վրաց խոսքարվեստի վաղեմի և նվիրյալ բարեկամն է և այդ նվիրումը ապացուցել է ոչ մեկ անգամ: Նա վրացական պոեզիայի երեք անթոլոգիաների հեղինակ է, որոնք ընդգրկում են տակավին կենդանության օրոք դասական բարձունքների հասած անունների և իր սերնդակից 30 բանա­ստեղծների գործեր»:
Անդրադառնալով շնորհանդեսին հնչած գնահատականներին՝ հոդվածագիրը մեջբերում է «Բաց նամակ» գրքի Մաղվալա Գոնա­շվիլու առաջաբանից. «Բանաստեղծին հայտնի է, որ պոետական կախարդանքը ներգործուն զորություն ունի, որ բարի խոսքը բժշկող է: Ուստի և նա ձգտում է մեր հոգու վերքերն ամոքել բանաստեղծական պատկերների բալասանով, բանաստեղծական հյուսվածքի «սպեղանիով»: Եվ միայն նրանց է հասցեագրում դառը հեգնանքով ու արգահատանքով համակված իր խոսքերը, ում համար Փողը Տիրակալ է, Խիղճը՝ ավելորդ ծանրաբեռ, Ծառայողական աթոռը՝ Կուռք… »:
Խոսելով Գագիկ Դավթյանի քաղաքացիական նկարագրի մասին՝ հրապարակման հեղինակը վկայակոչում է Շոթա Ռուսթավելու անվան մրցանակի դափնեկիր Ռևազ Միշվելաձեի ելույթը. «Եկել է ժամանակը, երբ վրաց գրողները կարող են իրենց թույլ տալ թանկագին հյուրերին ընդունելու սեփական տանը: Եվ չնայած դեռևս հարցեր կան, հուսով ենք, որ մի քանի տարի առաջ մեր շենքի բռնազավթման և ավերման, մեր սեփական օջախից մեզ բրտորեն վտարելու ականատեսը դարձած Գագիկի արցունքները մենք այլևս չենք տեսնի ո՛չ վաղը, ո՛չ էլ հեռավոր ապագայում…»:
Ծավալուն անդրադարձ կատարելով «հանդիսության գլխավոր մեղավորի կայծկլտուն կովկասյան հումորով հագեցած» շնորհակալական խոսքին՝ Վ. Սարիշվիլին եզրակացնում է. «Գագիկը հոգով մաքուր, արդար ու տաղանդավոր է` մանկան նման»:
Շնորհանդեսի առիթով բանաստեղծի պոեզիային ու թարգմանական արվեստին ամբողջական էջերով անդրադարձել են նաև ՎԳՄ «Գրողի թերթը» («Մծերլիս գազեթի», հեղինակ՝ Մաղվալա Գոնաշվիլի) և Վրաստանի մշակույթի նախարարության «Գրական թերթը» («Լիտերատուրուլի գազեթի», հեղինակ՝ Գիվի Շահնազար):

Սեփ. լրտ.

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.