Գևորգ ԹՈՒՄԱՆՅԱՆ

1. Անօրեն ու զոռբա երկրում անիմաստ է և նույնիսկ անբարո է խոսել քաղաքական ինչ-որ կարևոր իրադարձության կամ ձեռքբերման մասին: 1996 թվականից ի վեր մեր երկրի, հայրենիքի վիճակը ահավոր վատացել է ու շարունակում է վատանալ: Բոլորիս համար էլ ակնհայտ է, որ մարդկանց մի խումբ զավթել է ժողովրդի իշխանությունը և նրան վերածել անհեռանկար մի ճորտի:
Ամենակարևոր քաղաքական իրադարձությունը մեզ պատահելու է ապագայում, ցանկալի է` մոտ ապագայում. ամեն գնով տապալել թալանչիների, ծախու դատավորների, կաշառակերների, մարդասպանների, անհավատների, փողից կուրացածների իշխանությունը:

2. Մեր գրականության, ի մասնավորի, մեր պոեզիայի համար այս տարի, իմ կարծիքով, կարևորագույն ձեռքբերումները Հակոբ Մովսեսի «Գրառումներ»-ի երկրորդ հատորի և Գագիկ Սարոյանի «Լրումը խճապատկերի» ժողովածուի լույսընծայումն է:
«Գրառումներ»-ի պես գիրք մենք երբեք չէինք ունեցել. այն կարելի է համարել բանաստեղծությունը հասկանալու, վայելելու, զգալու, նույնիսկ, չզարմանաք, բանաստեղծություն գրելու շտեմարան:
Սարոյանի «Լրումը խճապատկերի» ժողովածուն պոետական մեծ վարպետության դրսևորում է. պատկերների, մետաֆորների, ներսուզումների, լակոնիկ խոսքի մի իսկական շքեղ հրավառություն:
Համոզված եմ` երկու գիրքն էլ իրենց ուրույն, կազդուրիչ ներգործություններով հարստացնելու են մեր ապագա Բանաստեղծությունը:

3. Բանաստեղծի համար ամենակարևոր իրադարձությունն իրեն բավարարող բանաստեղծություն գրելն է: Այս տարի ես մի քանիսը գրեցի:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.