ԻՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԲԱՆԱՁԵՎԸ / Սամվել Կոսյան

Ստամբուլում Իսլամական համագործակցության կազմակերպության երկրների արտահերթ գագաթնաժողովում Ալիևի ելույթը հիմնականում վերաբերել է ղարաբաղյան հակամարտությանը: Արդեն բոլորին հոգնեցրած փաստերից զատ, Ալիևը մահմեդական երկրներին կոչ է արել խզել հարաբերությունները Հայաստանի հետ, հայտարարելով` «Հայաստանը մահմեդական երկրների համար երբեք չի կարող բարեկամ լինել»: Սա առաջին դեպքը չէ, երբ Բաքուն իսլամական աշխարհին փորձում է ղարաբաղյան հակամարտությունը ներկայացնել որպես կրոնական հակամարտություն` հավակնելով այն ուղղել հայերի դեմ: Նույն ելույթում նա իրեն իրավունք է վերապահել խորհուրդ տալ ԱՄՆ նախագահ Թրամփին` վերանայելու Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք հռչակելու որոշումը, ինչը, առնվազն, անզգույշ քայլ է քաղաքական ականապատ դաշտում` հաշվի առնելով Բաքվի և Իսրայելի միջև ռազմավարական դաշնակիցներ լինելու հանգամանքը: Հավանաբար Ալիևին հավասարակշռությունից հանել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուի հայտարարությունը, թե խաղաղությունը հիմնվում է իրականությունը ճանաչելու վրա. դիպուկ և հստակ ձևակերպում, որը կարող է վերաբերել նաև ԼՂ խնդրի կարգավորմանը: Արցախը անկախ պետություն է արդեն շուրջ երեք տասնամյակ, ինչը լուրջ փաստարկ է նրա անկախությունը փաստացի իրական համարելու: Նաթանյահուն իրականության ճանաչման հենքով փակուղում հայտնված հակամարտությունների կարգավորման և խաղաղության նոր բանաձև է առաջարկում, ինչը սթափ գնահատելու դեպքում կարող է հնարավոր դրական հանգրվանի հասցնել նաև ԼՂՀ կարգավիճակի շուրջ առճակատումները: Սակայն առայժմ, ամենամեծ ցանկության դեպքում անգամ, Ալիևի համար անհնարին է դիմադրել իր իսկ սարքած ցնորային աշխարհի ազդակներին, աշխարհ, որտեղ իրականությունը վաղուց բուտաֆորիայի է վերածվել: Ընդունել նոր իրողությունը, նշանակում է թուլացնել իշխանության աթոռի բոլոր պտուտակները: Բռնապետն ընդունակ է ամենատարբեր ստորաքարշությունների, բայց ոչ ինքնասպանության: Ուստի` նրա կողմից գոնե այս պահին հայերի նկատմամբ դիրքորոշման փոփոխություններ ակնկալելն առնվազն միամտություն է: Ինչպես երեկ, այսօր էլ նրա իշխանության միջուկն ու հենարանը արտաքին թշնամու գոյության թմբկահարումն է, միակ գործող միջոցը, որով հնարավոր է սեփական թուլություններով պայմանավորված ներքաղաքական ճգնաժամերը քողարկել: Ադրբեջանում փաստացի հայատյացությունը վերաճել է համապետական զբաղմունքի` ներառելով հասարակական կյանքի բոլոր ոլորտները: Հանրապետական մանկական կազմակերպության 4-րդ ֆորումի մասնակիցներին ուղղված Ալիևի ուղերձում ասված է. «Վստահ եմ, որ մեր անմեղ երեխաները արյունալի վրեժ կիրականացնեն», ինչն այլ բան չէ, քան արյունռշտության և մանկապղծության ներարկում դեռևս չձևավորված երեխաներին, այն էլ պետական ամենաբարձր մակարդակով: Առջևում նախագահական ընտրություններն են, և Ալիևին` արտաքին և ներքին ճնշումների պարագայում, այլ բան չի մնում, քան նախորդ սցենարների կրկնությունը, երբ գլխավոր հերոսը ագրեսոր, ազերիների դարավոր թշնամի հայն է: Ադրբեջանական լրատվամիջոցների նյութերում և սյուժեներում բազմապատկվել են Հայաստանի և հայերի հասցեին վիրավորանքները, հայհոյանքներն ու տհաճ արտահայտությունները: Իր հերթին, Ադրբեջանի ազգային ռադիոհեռուստատեսության խորհրդի փորձագիտության, ծրագրավորման և վերլուծության բաժնի ղեկավար Թավաքյուլ Դադաշևը ԶԼՄ-ներին կոչ է արել հետագայում ևս հայկական թեմայով շատ ավելի վիրավորական նյութեր հրապարակել: Թեև Ադրբեջանում ընտրությունները խամաճիկների թատրոնից քիչ են տարբերվում, և բոլոր թելերը Ալիևի ձեռքում են, սակայն ինչ-որ բան, այնուամենայնիվ, փոխվել է: Չափից դուրս շատացել են վրիպումները: Խավիարային դիվանագիտության ձախողում, օֆշորներում իշխող վերնախավի ներգրավվածության բացահայտումներ, զենքի մաքսանենգ մատակարարում ահաբեկիչներին, «Ադրբեջանական լվացքատան» շուրջ սկանդալներ: Այս ամենը անհամատեղելի է Ալիևի ներկայացրած բարգավաճ և հզոր Ադրբեջանի հռետորաբանությանը, միաժամանակ լուրջ հարված նրա «ամենակարող» առաջնորդ լինելու ցնորքին: Ինչ վերաբերում է Հայաստանի և իսլամական երկրների միջև հարաբերություններին, ապա այս ճակատում նույնպես ձախողում է: Ադրբեջանն այն երկիրը չէ, որ կարող է ուղղորդել: Վերջերս խոսակցություններ են գնում, թե նույնիսկ Թուրքիան է փորձում համագործակցության եզրեր փնտրել Հայաստանի հետ:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.