Տպավորիչ առաջնախաղ / Զավեն ՊԵՏՐՈՍՅԱՆ

Դեկտեմբերի 12-ին Նոյեմբերյանի քաղաքային մշակույթի կենտրոնը (տնօրեն` Սոնյա Զուրաբյան) հանդիսատեսի դատին հանձնեց Սամվել Բեգլարյանի «Կյանքն ինչպես որ կա» երկու գործողությամբ պիեսի առաջնախաղը:
Սամվել Բեգլարյանն այս ներկայացմանը եռակի մասնակից էր` պիեսի հեղինակ, ռեժիսոր, դերասան, ինչն ինքնին խոսում է անվանի արձակագրի բազմակողմանի տաղանդի մասին:
Պիեսի շոշափած հարցերը արդիական հնչեղություն ունեն` արտագաղթ, մարդկային տարրական իրավունքների ոտնահարում, անարդար հարաբերություններ թե՛ դրսի, թե՛ ներսի աշխարհներում, հայրենի հողից հեռու բախտ որոնող մարդու դրամա, մարդ և իշխանություն, ազնվություն և խաբեբայություն:
Փորձառու, շնորհաշատ դերասաններ Վահե Հովհաննիսյանի, Նաիրա Աբրահամյանի, Սամվել Բեգլարյանի կողքին իրենց խաղով աչքի ընկան նաև նորընծա դերասաններ` պարուսույց Ինեսա Ասատրյանը, 11-րդ դասարանցի Գեղամ Բաբաջանյանը և Արկադի Խանինյանը: Առանձնապես ճշմարտացի էին Վահե Հովհաննիսյանի (Մակիչ-Մաքսիմ), Նաիրա Աբրահամյանի (զոքանչ), Գեղամ Բաբաջանյանի (Կոլկա) կերտած կերպարները: Ինեսա Ասատրյանին այս կերպարում (Սոնյա) շատ է օգնում պարուհի լինելը: Արկադի Խանինյանի «քենակալը» ևս համա-պատասխան է իր կերպարին, իսկ Միխայիլ Մատվեյիչի դերակատարումը հանդիսատեսին հուշեց, որ հանձին Սամվել Բեգլարյանի, բեմ է վերադարձել իրականության գույները խտացված արտահայտող, բեմին սիրահարված մի դերասան:
Երաժշտական ձևավորումը կատարել է Գագիկ Մելքոնյանը, նկարչականը` Սիրանուշ Ամիրաղյանը:
Պիեսի առաջնախաղը հովանավորել է ՀՀ մշակույթի նախարարությունը: Առաջնախաղին ներկա էր նախարարության ներկայացուցիչ Նաիրա Հայրապետյան-Սևունցը:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.