Արտեմ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

1. Կարևոր իրադարձությունն այն է, որ երկիրը նորից հավաքում է իր ուժերը, քաղաքական պայքարն ավելի հստակեցվում է ներքուստ: Կարևոր են Եվրախորհրդի հետ մեր նախագահի հանդիպումները: Ասիայի, Եվրոպայի, երկուսն էլ համադրել, որպեսզի ելք ունենանք ավելի մանևրելու ու ճիշտ ուղի ընտրելու: Ինձ ապշեցրեց ռուսական հեռուստատեսության մեկնաբանի կարծիքը, թե Թուրքիայի հետ լավանում են հարաբերությունները, և ափսոս, որ Արցախի հարցում Թուրքիան պատրաստ է բանակցել Հայաստանի հետ, բայց Հայաստանը պատրաստ չէ դրան: Մեկնաբանի խոսքերով` Հայաստանը պատրաստ չէ այդ բանակցություններին Արցախի հարցով: Այսպես ասած` «Թռչուններին պահ են տալիս աղվեսին»: Ցեղասպանության արյունը դեռ ատամների արանքում չչորացած` պատրաստ է բանակցությունների Արցախի հարցով: Կարևորը, որ Արցախը ամուր է, ժողովուրդը հաստատուն է և ուղիղ գնում է դեպի իր նպատակները` հաղթահարելով ամեն տեսակ դժվարություններ:

2. Կարևոր եմ համարում Դավիթ Հովհաննեսի գրքի լույսընծայումը, որը երևույթային գիրք է: Լավ ժողովածու է տպագրել Էդվարդ Միլիտոնյանը` «Խոսք» խորագրով: Լավն է նաև Ղուկաս Սիրունյանի «Պիղատոսի արցունքները» գիրքը: Իմ կարծիքով, լավ գործեր են, որոնք աչքի են ընկնում թարմությամբ, իրենց պոետական տեղանքն ունեն արդեն: Մշակութային իրադարձություն են նաև Հակոբ Մովսեսի և Հենրիկ Էդոյանի` քրիստոնեական թեմայով գրված վերջին ժողովածուները, որ չեն սահմանափակվում զուտ խոհափիլիսոփայական, քրիստոնեական թեմաների մեջ, այլ դուրս են գալիս դեպի լայն աշխարհ:

3. Այս տարի ահագին աշխատեցի «Հայոց հողի ծածկագիր տեսիլքներ» գրքիս վրա: Ութ տարի անցավ նախորդ գրքիցս, որը կոչվում էր «Հեռուստապոեմներ», իսկ այս գիրքը դեռևս ձեռագիր վիճակում արդեն մի քանի գրախոսականներ ունի, այդ թվում` Պիտեր Բալաքյան, Ալեքսանդր Թոփչյան, Սուրեն Աբրահամյան և Սփյուռքում ապրող գրականագետ Հակոբ Պալյան: Հատկապես խոսվում է «Արամ Մանուկյան» պոեմի մասին: Բոլոր գրախոսականներն էլ տպագրվել են «ԳԹ»-ում, որի համար շատ շնորհակալ եմ «ԳԹ»-ին և նրա խմբագրակազմին:
Գրքում մեծ տեղ է գրավում «Ջոկատի գրառումներ» բանաստեղծական շարքը, որը նոր մոտեցում ունի պատերազմական գործողություններին և Արցախում կռվող մեր ջոկատի տղաների մաքառումներին: Այդ գրքում ունեմ նաև պոեմներ, որոնք իրենց պատկերային համակարգով նորություն են արդի հայ պոեզիայում: Փորձել եմ ներսից բացահայտել թե՛ մարդու ներաշխարհը, թե՛ նրա շրջապատը, դաժան աշխարհի ժայթքումները:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.