Տարեմուտի հարցաթերթիկ-2017. Զավեն ԲԵԿՅԱՆ

1. Քաղաքականությունն, ընդհանրապես, ինձ չի գրավում: Եվ քաղաքական գործիչներին էլ, մեղմ ասած, չեմ հարգում: Զարմանալի ու ցավալի մի բան կա տիեզերքի օրենքներում, նաև որի հետևանքն է քաղաքականությունը. օրինակ, առանձին վերցրած ջրի երկու կաթիլներ եղբայրներ են, միմյանց դեմ ոչինչ չունեն, բայց եթե գտնվում են տարբեր ամպերի մեջ, ապա այդ ամպերի միջև կարող է ծագել շանթ ու որոտ, և ջրի այդ երկու կաթիլները կթշնամանան: Այդպես էլ պետությունները` իրենց քաղաքացիներով, այս ազգության մարդը մյուս ազգության մարդու դեմ ոչինչ չունի, բայց իրենց պետությունների ջուրը մի առվով չի գնում…
Համենայնդեպս, անցնող տարում ամենակարևոր քաղաքական իրադարձությունը Հայաստանի միանալն էր եվրոպական համագործակցությանը, եթե իհարկե, կարողանանք հաղթահարել որոշ հայտնի ներքին ու արտաքին խոչընդոտներ:

2. Դժվարանում եմ հիշել մի այնպիսի մշակութային իրադարձություն, որ կարելի լիներ կարևոր համարել: Հավանաբար, ըստ իմ դիտարկումների, ամենակարևոր իրադարձությունն այն էր, որ այս տարի, նախորդ տարվա համեմատ, ավելի քիչ մեդալներ ու կոչումներ բաշխվեցին…

3. Անցնող տարում տպագրեցի իմ բանաստեղծությունների հերթական ժողովածուն և տպագրության ուրախության հետ նորից ճաշակեցի «ինչի՞ համար» հարցի դառնությունը: Ծախսած գումարի համար չեմ ափսոսում, ափսոսը գրքի տպաքանակն է, որ տանը մնացած աղջկա պես, չգիտես ինչ անես… Ես ընկերների, բարեկամների շատ փոքր շրջանակ ունեմ (բնույթս է այդպիսին) և այդ պատճառով գիրք նվիրելու ու գոնե այդպիսով տպաքանակն «իրացնելու» հնարավորություններս էլ են սուղ:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.