Նոնա ՊՈՂՈՍՅԱՆ

***
Քայլում էի ձեր միջով`
Համառ ու անխոնջ,
Որ… հասնեի ձեզ…
Կանգառներին ինձ հրում էիք դուրս`
Իբր ես ձեզ չեմ ճանաչել…
Խցկվում էի նորից, անվերջ համառում`
Տեղ պիտի հասնեմ
…Հասել եմ…
Հիմա ինձ եք փայփայում`
Չմնաք անսեր…

***
Ես հավաքում եմ գույները օրվա
Ու նկարում եմ ինքնապատկերս,
Որ վաղո՜ւց արդեն դիմանկար չէ…
Ինձ խզբզում եմ մոլորումներից`
Անկատար խղճի, անդուռ հրաշքի,
Կիսկրտված սիրո ու երջանկության…
…Բայց ես կոտրել եմ քանի՜
պատ արդեն,
Որ գոյությունս դառնա իրական…

… Ջրերին ծնկած երկինքներին ես
Բարձրացնում եմ վեր…
Նրանցից մի օր կձգվի լույսի
այն երկա՜ր ճամփան,
Որ պիտի անցնեմ`
ինքս ինձ հաղթելով`
Ոնց… դիմանկար…

***
Ես ամրացել եմ երջանկության դռանը`
Հնացած ու ժանգոտ ծխնիներով…
Երկինք չեն բարձրանում
այս դռնով, անհույս է,
Ոչ էլ փակվում ներսից`
փառքի դափնիներով…
Այս դռնով միայն միջանցում են
հույսին`
Սրբելով աչքիցս
երջանկության փոշին…

***
Կյանքս թողեցի անծանոթ մի տեղ`
Ինձնից հեռացող ոտնահետքերին,
Ուր չէին տաքացնում արևներն արդեն,
Ու ես վառվում էի իմ մոխիրներից…

…Ուր փլուզվում էի
կատարներից բախտի,
Ու սահանքներ էին
ճակատագիրս ի վար,
Ուր ջրերին ճոճվող նավակներն
իմ թղթե
Սերեր էին տանում օրերին դիվահար…

Ուր շրջադարձներին ես ողերս պրկում,
Կոր-կեռ ընթացքներում
մեռնում էի հպարտ,
Որ չկործանվելու ամեն մի հաջողում
Իմ թևերին բացեր հույսի
նոր առագաստ…

…Կյանքս թողեցի անծանոթ մի տեղ`
Ինձնից հեռացող ոտնահետքերին…
…Հիմա ծորում եմ վերադարձներից
Ու խեժանում եմ բախտի ափերին…

***
Գարնան մի ցուրտ օր ես ծիլ տվեցի…
Հետո կողքիս ծաղկեց կենսագրությունս…
Հետո քամիներ եկան`մթին ու անհոգի,
Բաժանելու մեզ` նենգ ու թաքույց…

…Մենք սեղմվեցինք իրար,
որ չքշվենք քամուց…
…Հետո օրեր եկան,
եկան մարդիկ պես-պես,
Որոնց համար գուցե
միևնույն էր վաղուց,
Թե ոնց կարողացանք
իրար սերտաճել…

…Աշնան մի պաղ օր,
երբ կպոկվեմ լույսից,
Կենսագրությունս կփնջի
ապրած օրերս
Ու տխուր կքայլի թափորի առջևից…
…Ու մեր բախտից հեռու,
անծանոթ մի տեղ
Աննկատ կարտասվեն
քամիները ծեր…

***
Չկարդա՛ս հեքիաթը…
…Որովհետև տարածությունը
Չի մայրացել ինձնով,
Ու հոսում են դեռ սպասումները
Ծեր հորիզոնի թևերի միջով…
Որովհետև որբացել է լռությունը,
Որին դեռ երեկ գուրգուրում էինք…
Ու լերդացել են այն ապրումները,
Որ մեր երակում երանաբույր էին…

Չկարդա՛ս հեքիաթը…
…Որովհետև կիրճերը
Քարերի ողորմությունն են,
Անդունդները` զարմանքը երկնքի,
Որովհետև հովիտները
ծովերի որբությունն են,
Ու խոտերն անտառներ են`
Առանց կրքի…
Չկարդաս հեքիաթը…
Որովհետև տարածությունը
Չի մայրացել ինձնով…

***
Եկա բանաստեղծելու…
Ու աշխարհը մնաց
իմ ու տողիս արանքում`
առանց մի զարդումի…
…Ու երբ ջրերում
երկինքներ ծաղկեցին,
Հետքերն ավազների վրա
ծովացան,
Գիշերում կապույտ
բառեր ծվարեցին,
Ու սեր կաթկթաց
ցավերի վրա,
Ես լուռ հեռացա`
Թողնելով բանաստեղծությունս
աշխարհի հետ մենակ…
…Որ անթարթ նայեն իրար աչքերի
Ու ինձ… հավատան…

***
Ես խեղդում եմ իմ մեջ
ձայներն անզոր,
Որ ծանրացել են օրերիս հևքին,
Ջնջում եմ ինձնից հետքերը տկլոր,
Որոնք բերել եմ մեղքի ճամփեքից,

Հետո շպարում ծեր դեմքն անցյալի,
Որ բեմ բարձրանա խաղի գույներով,
Որ չծռմռվի հին ստվերներից`
Պարտվածներին ապավինելով…

Պոկում եմ մեկ-մեկ օրերն իմ չապրած
Երազանքների ծուռ ողնաշարից,
Ուղղում եմ մեջքս`ցավից կորացած,
Որ նորից ցնծամ ես այս աշխարհին…

Միայն երգերս հազարաքնար
Թողնում եմ հոգուս հին ետնաբեմում,
Որ ընդմիշտ մնամ ես ձեզ սիրահար,
Որ դուք ինձ խաղաք
ձեր նոր օրերում…

***
Գնամ ու աշնան պաղ երակներին
Հեղեմ խռովքս զնգուն, պսպղան
Հետո տրոփեմ հին կարոտներին,
Որ գիշերների ծոցը չմտան…

Հազար հմայքներ ես բանաձևեմ
Խշխշան սրտիս սեթևեթանքից,
Որ երկինքները թռիչքներ ձևեն
Իմ աշնանաբույր թևերի բաղձից…

Շարեմ ճակատիս ուլունք երգերս`
Ասեղնագործված բախտի հելունով,
Թամբեմ գիշերվա երազանքները
Ու մութը վարգեմ կարոտիս գույնով…

…Հետո փախցնեմ քնած քաղաքին
Այս նեոնային պաճուճանքներից,
Տանեմ, հասցնեմ կանաչ օրերին
Ու ցած գլորվեմ մանկության գրկից…

…Ու թե վաղն արդեն
քայլեմ ձյուներով`
Մաշված ժպիտներն աչքերս խազեն,
Գոնե կիմանամ, որ աշուններում
Մի ինքնասպանի շապիկ եմ պատռել…

***
Երբ վերադարձա,
որ քո խորքերում լուռ մարգարտանամ,
Դու խաղաղ ափերդ
ինձ ցույց տվեցիր`
իբրև հատուցում,
Բայց ես չուզեցի քո երջանկության
տիկնիկը դառնալ,
Չուզեցի լինել ինչ-որ խամաճիկ`
անմարմին, անշունչ…

Երբ վերադարձա,
որ քո օրերում լուռ սպիանամ,
Դու բաց վերքերից շատ էիր հոգնել
Ու… չընկրկեցիր…
…Ու չթողեցիր`
Կյանքս քո առջև ես թել-թել բանամ.
Միայն դիպվածի պատեհությանը
ինձ պահ տվեցիր…

…Երբ վերադարձա,
Որ խիղճդ ինձնով զուգես-զարդարես,
Դու երջանկության ուլունքներ էիր
կախել օրերից,
Ու ես մնացի քո դռան դիմաց`
Մինչև ինձ կձայնես
Ու …կերկինքվես
Իմ ընդդիմացած հոգու թևերից…

***
Երբ ես քայլեմ մայրամուտով`
Օրերի դին իմ ուսերին…
Ինձ կկարդա աստղե շիթով
Աշնան գիշերն հավասարի…

Անձրևները լուռ կկախվեն
Իմ տխրության պարանոցից,
Ու լուսիններ կկարկատվեն
Իմ սպասման ճերմակ բարձին…

…Ինչ-որ մի տեղ ինչ-որ մի բան
Կսխալվի պակաս սիրուց,
Ես անդունդի ճիչ կդառնամ.
Թե ո՜ւր եմ ես, թե ո՜ւր եք դուք…

Ու զղջումներ հազարաթև
Կցրտեն ձեր բաց ուսերին…
…Ինչ-որ մի բան ինչ-որ մի տեղ
Կպակասի իմ պակասից…

***
Պոեզիան գրկած ես վազում էի
Ձեր անգույն օրվա քարերի միջով,
Որ ձեր բախտի հետ հացի նստեի,
Որ ինձ կիսեիք ձեր սրտի կամոք…
…Որ երանեիք փրկել երկինքը,
Գիշերը թարթել կոպերով լույսի,
Հարավին հեղել ձյուների կիրքը
Ու լույսը տարփել ծեր արևմուտքից…
Որ …չխեղդվեիք
Երկինքուերկրի անգույն տարածքում,
շնչահեղձի պես`բախտն անիծելով…
Պոեզիան գրկած վազում էի ձեզնով,
Բայց… սայթաքեցի…
…Յոթ սարից այն կողմ
Մի անսեր որդի հորն էր սպանել`
Առանց խաչվողի երգը լսելու…

***
Թատրոնն սկսվեց…
Ու ես մնացի
Եսի-անեսի
Արանքը խցկված`
Մի ոտքի վրա…
Գոնե մեկը լիներ`
Ինձ ամրագրեր
Դատաստանագրքի
Վերջին էջի վրա…

***
Իմ վերջին ձյունը քո լռության մեջ
Հանդարտ կտեղա` փաթիլ առ փաթիլ,
Դու չես ուզենա նոր ցավեր խաղալ
Կիսկրտված սիրո ավերված բեմին…
Իմ վերջին ձյունը քո լռության մեջ
Կկիտվի անձև ու անպարագիծ,
Դու ինձ կգրկես ձնհալից առաջ,
Որ ես քեզ փրկեմ ջրհեղեղներից…

***
Ես ծաղկեցի ձեր աչքերում,
Ձեր շուրթերին, ձեր մտքերին…
Մի օր տեսաք` տող եք բուրում
Իմ սիրավոր հեռուներից…

Մի օր տեսաք`բաբախում եք
Անսրբագիր իմ երակով,
Ու քայլեցի՜ք ինձանից ներս`
Հուշի՜կ այնքան, այնքա՜ն գութով…

***
Անհավասար օրերի
Լայնքի մեջ ու երկայնքի
Տեղավորվել չի լինում
Եվ կամ` խցկվել անհարկի…
Երբ փշերը խաբկանքի
Ես հանում եմ իմ մաշկից,
Մի անգույն ցավ է մնում`
Իբրև ծաղկող մի թախիծ…
Մի մեռյալ կետ է մնում
Իմ աչքերում քարացած.
Օ՜, ինչ դժվար է սիրվել
Ժամանակից դառնացած…
…Անհավասար օրերի
լայնքի մեջ ու երկայնքի
Մի թռչնի դող է ննջում
Թևերի տակ երկնքի…

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.