ՄԵՐ ԳԱԶԸ ՀԱՆԱՊԱԶՕՐՅԱ

Կարինե Խոդիկյան - 1Կարինե ԽՈԴԻԿՅԱՆ

Գույժ. «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ն նախատեսում է Հայաստանին մատակարարվող գազի գինը բարձրացնել մինչև 67 տոկոս կամ 132000-ից մինչև 221000 դրամ:
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն էլ իր նախաձեռնությամբ սկսել է վերջնական սպառողին վաճառվող էլեկտրաէներգիայի սակագների վերանայման գործընթաց:
Զավեշտն այն է, որ եթե գազի գնի բարձրացումն ուղղակի կապված է այլ երկրի հետ, ապա էլեկտրաէներգիայի գնի բարձրացման համար մեր երկիրն է նախաձեռնությամբ հանդես գալիս` մեր «ապահով» ապրելու տեսլականը ամբողջական ու վերջնական դարձնելու ազնի՛վ մտահոգու­թյամբ:
Ճիշտ է, հայրենի կառավարությունը շտապեց սփոփել անմխիթարներիս, որ սուբսիդավորելու է գազի սակագինը, նույնիսկ թիվը բացահայտեց` 30 տոկոսով: Թեև… բյուջեից բացի, կառավարությունը կարծես թե մի այլ` «պահուստային օդակայան» չունի այդ գումարը տրամադրելու համար: Բյուջեն ձևավորվում է քաղաքացու հարկերի հաշվին կամ էլ պարտքով (միայն հիշեք, թե ինչ պարտքեր ունենք աշխարհին…), իսկ այդ պարտքը ոնց էլ պտտվում, էլի գալիս-ծանրանում է նույն քաղաքացու ուսերին: Բայց… ի տարբերություն նորմալ երկրների, Հայաստանում կա սովորական քաղաքացի, ով հարկային բեռի հիմնական կրողն է, և շա՜տ սովորական քաղաքացի` ի դեմս օլիգարխիայի, ով բարեհաջող կարողանում է խուսափել այդ նույն հարկերից: Այնպես որ, դեռ հարց է, թե ո՞վ է վճարելու այդ 30 տոկոսը: Թեև… տրամաբանությունը հուշում է, որ էլի` սովորական քաղաքացին:
Այս թանկացումները իրենց հետ կբերեն լայնածավալ թանկացումներ` սկսած հացից ու կաթնամթերքից մինչև… Չէ՛, արդեն թանկացել են, բայց դրանք դեռ ընտրության 5000 դրամանոցների «ետ-վերադարձն են», հիմնականը դեռ առջևում է:
Վերոնշյալ սովորական քաղաքացին հասկանում է, որ այս «բարիքները» մեր գլխին են թափվում ընտրություններից հետո, բա հո մինչև ընտրությունները աչքալուսանք չէի՞ն տալու ու նույն պահին էլ սկսեին իրենց ճամպրուկահավաքի գործընթացը: Բնական է, որ ընտրվեցին, հետո միայն հայտարարեցին, իսկ ճամպրուկահավաքը օրակարգում է, միայն մի նուրբ տարբերությամբ` իրենք ճանապարհողներն են:
Առակս ի՞նչ ցուցանե. ընդդիմության դաշտում շարունակվում են «Ով է ընդդիմություն», «Ես եմ իսկականը, իսկ դու`…» և նմանատիպ, արդեն ծիծաղաշարժ մրցա-մտավարժանքները: Իսկ անողոքը մեր իրականությունն է, ով նաև հասարակական ու քաղաքական օրակարգ է հաստատում. «Ո՞վ այս իրավիճակում կկանգնի սովորական քաղաքացու կողքին ու կպայքարի նրա հանապազօրյա հացի, գազի… հանապազօրյա արժանապատիվ կյանքի համար»:
Սպասում ենք…

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.