Սաքսոֆոնյան համանվագ` Սամվել Կոսյան բանաստեղծի հետ / Ֆելիքս ԲԱԽՉԻՆՅԱՆ

«XXI դար. հայ պոեզիա» մատենաշարը համալրվեց Սամվել Կոսյանի «Բառը հենարան չէ այլևս» բանաստեղծությունների ժողովածուով:
«…Ծնվել եմ 1947 թվականի հունվարի 24-ի օրը… ասում են` ձեռքերս միանգամից եմ մեկնել իրականությանը, ու երկար սպասել եմ, որ իրականությունն էլ իր ձեռքերն ինձ մեկնի…»,- գրում է Սամվել Կոսյանն ու իրականության խորդուբորդ ճանապարհներում իր և իրականության գրկախառնման վայրը գտնելու որոնումներում հասնում մեր օրերը, երբ նույն իրականությունը վեր է հառնում ինչպես և այնժամ` կռնատ…
XXI դարաշրջանը գրողի ասելիքն ավելի խրթին է դարձրել, անցյալի ու ներկայի համախումբը վերածելով քաոսային մի շրջանի, «…երբ թրջված ժամանակը փորձում է մաշկիդ մեջ ներծծվել…»: Հիմնական չէ ոչինչ ու ոչ մեկը, երազանքի ծաղիկ երեքնուկը` սիրեմ-սիրեմն անգամ «…պարզապես հարբուխով հիվանդ երեքնուկ է դարձել»: Սամվել Կոսյանի բանաստեղծությունների այս ժողովածուն ալեկոծ, կատաղի, փրփրագալար մութ ալիքներով տարուբերվող օվկիան ներկայացնող կտավ է, ուր խավարի տարածությունը հաղթահարելու համար սպասում կա, «…որ օգնությունը կիջնի վերևից», որոնում կա, մոր դեմքն աստղերի մեջ փնտրող կանչ կա ու ցավ, «…քանզի պատասխանատվության հրացանը փնտրում ու չի գտնում սրտի տեղը…» ու «…ամեն օր դեպի ետ…» են դառնում «մայրիկից օգնություն խնդրող» լույսի ու խավարի, ճշմարտության ու կեղծիքի, խելոքության ու հիմարության, տխրության ու ուրախության, իսլամիստների ու քրիստոնյաների, կյանքի ու մահվան ալիքների մեջ խարխափող ոգու «նամակները…»: Այս ամենի պատճառն, իհարկե, «…հիմարության սաղմի ճանապարհորդությունն է…», երբ «առաջին հիմար նախադասությունը ծնում է երկրորդին…» ու ձնագնդի էֆեկտն ապացուցում է, որ ճիշտ է, «այն կարող է ծնել երկրորդին, բայց ոչ տասնյոթերորդին…», թեև դա «անկանխատեսելի է», ինչպես կյանքն է, որի մեջ մահ կա:
Իրականության մեջ բույն դրած անտարբերությունն ու հուսահատությունը մտահոգում են գրողին, ով ապրելու, արարելու, «կիրակիների անջատված լույսը» վառելու միջոցը անցյալն արթուն պահելու ու հիշողությունը վառ պահելու մեջ է գտնում.
«Սակայն անցյալը գուցեև ների,//Շունչ տա կորուսյալ երազանքներին,// Բայց մշուշոտ է դեմքը վերևի,// Լույսը չի հասնում հոգնած երգերին»://
Մինչդեռ`
//«Երկինք համբարձվել ցանկացողները//Կարող են համբարձվել ապառիկ, // Առանց կանխավճարի, զրո տոկոսադրույքով…»- իր երգիծական վրձնահարվածով ճեղքում է ժամանակի ու տարածության շղարշը գրողը` «Էքսկուրսիա երկինք» բանաստեղծության մեջ, որը կարելի է վերտառել նաև` «Իսկ ինչու ոչ», մեր ժամանակներում ամեն բան էլ հնարավոր է, ուղղակի «անընդհատ անձրև է գալիս, Դժվարացնելով գովազդի հսկա վահանակը կարդալ…», դե, բնությանը չես հրամայի: Անձրևը, ջուրը, ցեխաջրերն ու դրանցով լի փոսերն ուղեկից են շատ բանաստեղծություններում: Ջուրն ու ջրհեղեղը մի առանձին կերպար են հանդիսանում Կոսյանի մոտ, դառնալով ժամանակների ու սերունդների ճամփաբաժան և Նոյի աղավնու բերած կոտրած ճյուղով վերընձյուղում. «Անելանելի վիճակը բնության մեջ երևում է» հենց «…ջրհեղեղի պատկերով…»:
Մահվան դեմ երբեմնի դեմ առ դեմ կանգնած գրողը, ով չորս տարվա հեռվից կշռադատում է կյանք ու մահվան փոսի շուրջ կառուցած կյանքը, համոզված է, որ «մի անգամ փոսն ընկնողին թվում է, որ փոսից դուրս է եկել, իրականում պարզապես իրենով է լցրել փոսը…»: Դժոխային տեսիլքների լաբիրինթոսում սեփական մարմինը երկու կես տեսած ոգին շփոթմունքի մեջ է.
Մի թռչուն կամ գուցե արալեզ,//որ փչում ու բնավ չէր երգում,//տեսնելով մարմինն իմ երկուկես,//հայտնվեց իմ ու իմ արանքում://Էակները չքացան երևի,//ու ոչ ոք նրանցից ինձ չասաց`//ինչ ահ էր ու ինչքան կտևի//ու ինչքան կմնամ դեռ կիսված:
Այնուամենայնիվ, «…Վերջ, ես դուրս եմ գալիս ապրելու մայրուղի…»,- հայտարարում է գրողը: Ապրել պե՛տք է` ազատվելով երևակայության մեջ լճացած արցունքներից, պե՛տք է աղոթելով առանց նեղ օրերին սպասելու, պե՛տք է նեղ օրերի ոտնաձայների փոխարեն` թռչունների երգը լսելով, այլապես կայարանդ` գեղեցիկ մի օր հիվանդ մարմինդ փակուղի տանող գնացքի կայանը կդառնա: Իսկ թե որն է ճիշտ, որն է սխալ, ի պատասխան հնչեցնում է` «եթե ապրում ես, սխալն ու ճիշտը լուծվում են երանության շնչառության մեջ, և այդ շնչառությունից քրտնում են իրականության ապակիները…»: Իսկ իրականությունը նույնն է, անփոփոխ, որն ամեն անգամ գրողի դեմ է հառնում Նորք տանող ճանապարհին, երբ ճանապարհը եզերող «Վենետիկ, Արքայաձոր, Էլբա, Բելաջիո…» ճոխ ռեստորանների շարքն արդեն իսկ շարունակական տեղապտույտի մաս է կազմել` «մոռացումից առաջ»: Մեկի անցյալի ու մյուսի ապագայի անվերջ շրջագիծը հոգնեցրել է նույնիսկ ժամանակին. «Ժամանակը հոգնել, կախվել, օրորվում է…»:
«Բառերի աստիճանները թույլ են, երերվում են ինչպես ծղոտ…»,- նկատում է գրողն ու մարմնավորում է դրանք, շունչ տալիս «բառ» կոչվածին, գործողության մեջ դնում` «ցավը» – «բզեզ», որ «բզզում է, աղմկում, ուզում է աչքերիս միջով մտնել ներս…», «բառը» – «բողոք»` բողոք բնությունից, բողոք` գրողից, հիմարից, արձանից նույնիսկ: Միայն բարի ասված բառն է, որ ուժ ու խորհուրդ ունի, ու պատգամ` գրողի կողմից`
Երկու բարի խոսք, որ օրը լցվի,//Ինչ մի մեծ բան է երկու լավ բառը,//Թե չէ հարվածից առօրյա կացնի//Օրը լերդանում, դառնում է դառը…»: («Խառնածին տողեր»)
Իսկ առանց իմաստի ամենը «ցելոֆանե» է` «ցելոֆանե անիմաստ իրականություն» և «ցելոֆանե անիմաստ տողեր», իսկ ցելոֆանը, ինչպես հայտնի է, չի քայքայվում, լավագույն դեպքում` դժվար քայքայելի է… սպասել է պետք, չէ՞ որ «աղոթողները դեռ չեն եկել` դեռ գալու են…»:
Ահա բանաստեղծի այս ապրումներին զուգահեռ էլ առաջանում ես նրա բառերի միջով, ավելի շուտ` կոտրտված ապակիների միջով, որովհետև քո առջև բացվում է ժողովածուի վերնագիրը դարձած արտահայտության գաղտնիքը: Գաղտնիքի բացատրությունն իր ամփոփիչ տեսքով Սամվել Կոսյանը ներկայացրել է հենց առաջին բանաստեղծության մեջ, իսկ մնացածը նրանց համար է, ովքեր չեն կարող անտարբեր անցնել այն իրավիճակների կողքով, որոնց նկարագրության համար ճիշտ ժամանակին ու ճիշտ տեղերում նա օգտագործել է տիպական, խոսուն, երբեմն` խենթացնող արտահայտություններ` «ո՛չ ներկա ես, ո՛չ բացակա», «ո՛չ մեռնելն է մի բան, ո՛չ ապրելը»…: Բանաստեղծը հոգնել է ժամանակի «թացությունից», բայց և ողջ անորոշությանն ու անհուսությանը զուգահեռ նա մաքրամաքուր անմահության մեջ է ընկալում հոգու տիրույթը, բարձրաձայնելով, որ, ի վերջո, լավի սերմը բազմացնելն է ճիշտ ապրելու կերպը.
Հանկարծակի է լինում լավ բանը,//Ու մեկը հանկարծ դառնում է երկու,//Էլ ուրիշ ոչինչ, միայն այսքանը,//Մնացածն արդեն տիրույթն է հոգու:
Սամվել Կոսյանը, ում հուսահատությունը մահապարտի տեսքով է ներկայանում, ով չի ուզում դուրս գալ տխրության դաշտից, միևնույն ժամանակ, նրա հոգում դեռ թևաբախում են ծիծեռնակները և «տխրությանը փորձում թռչել սովորեցնել»:
Աշխարհաշեն բառը հենարան չէ այլևս: Այս միտքը, տառապագին ապրումների տեղիք տալով, փոխանցվում է նրանց, ովքեր հասկանում են, թե ինչ է նշանակում այն, որ գրողը վարունգի հետ է փոխում իր նոր ծնված գիրքը, հասկանում են այն, որ`
…Եվրոդատարանը//չի պաշտպանելու բանաստեղծության // իրավունքները… //Քանի որ բառը հենարան չէ այլևս,// Կորցրել է աստվածաշնչյան իր նշանակությունը…
Ահա այսպիսին է Սամվել Կոսյանի մտահոգությունը, սակայն, անկախ ժողովածուի վերնագրից, բառն այնտեղ փորձում է ուղղել մեջքը, կռանում է, բարձրանում, կոտրվում ու կրկին հենարան դառնում, ու նրա բանաստեղծական ապրումների ուղեկիցը այդ ամենին համահունչ հնչող արմստրոնգյան սաքսոֆոնի նվագն է: Առավել համահունչ, գողտրիկ ու գտնված մի ուրիշ, զարմանալի պատկեր կա` «հարբուխով հիվանդ երեքնուկը»: Հարբուխի, այսինքն, ողջ իրարանցման պատճառով խռպոտել է երեքնուկի ձայնը, բայց նա չի դադարել լինել սիրո կոչով հանդես եկողների խորհրդանիշը: Այդ խռպոտ, բաց ասելիք ունեցող երգի ձայնն է, որ լսելի է Սամվել Կոսյանին:
Ահա սիրո կոչով երգում է երեքնուկը, իսկ սաքսոֆոնը նվագում է որպես հենարան` Բառին:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.