Հարված գիտության զարգացմա՞նը / Հովիկ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Վերջին օրերին ականատես եմ լինում բուհերի ուսանողների ընդվզմանը՝ իշխանությունների հերթական օրենսդրական փոփոխությունների դեմ: Այս անգամ խոսքը պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման օրենքի մեջ փոփոխությունների մասին է: Նոր օրենքով, տասնութ տարին լրացած բոլոր տղաները պարտավոր են բանակ զորակոչվել: Իսկ ինչպե՞ս էր հին օրենքով. պետական պատվերով (այսինքն՝ անվճար) սովորող բոլոր ուսանողներն օգտվում էին տարկետման իրավունքից, այնուհետև՝ մինչև ասպիրանտուրա ավարտելը և 27 տարին լրանալուց հետո ընդհանրապես ազատվում էին զինծառայությունից:
Նոր օրենքով նույնպես տարկետման հնարավորություն կա: Սակայն տարկետում կարող են վերցնել ոչ թե պետպատվերով սովորող բոլոր ուսանողները, այլ միայն Պաշտպանության նախարարության հետ պայմանագիր կնքած ուսանողները: Իսկ ըստ նախօրոք կնքված պայմանագրի՝ ուսանողը պարտավորվում է բակալավրիատն ավարտելուց հետո երկուսի փոխարեն երեք տարի ծառայել՝ որպես սպա: Դրա համար նա ստանում է աշխատավարձ, և պետությունը լիովին փոխհատուցում է թե՛ բակալավրիատի ուսուցման, թե՛ մագիստրատուրայի համար:
Առաջին հայացքից թվում է, թե ամեն ինչ ճիշտ է, և բողոքելու կարիք չկա: Սակայն, նայած, թե ում դիրքերից ես նայում: Ես, որպես չեզոք կողմ, ներկայացնեմ իմ անկողմնակալ և անշահախնդիր կարծիքը: Ինչ վերաբերում է ուսանողներին, ապա պետպատվերով սովորող բոլոր ուսանողները չէ, որ վաղը գիտնական են դառնալու, և այդ երեք տարին կարող է կործանարար լինել նրանց համար: Այստեղ ավելի շատ գործում են անձնական, ոչ թե գիտության և հայրենիքի շահերը: Մեծամասնությունը պարզապես ցանկանում է, օգտվելով հարմար հանգամանքներից, խուսափել հայրենիքի պաշտպանության սուրբ գործից: Հետո՝ կարևոր էլ չէ, թե ինչ կպատահի գիտության հետ: Սակայն իշխանությունների հապշտապ և առանց լուրջ քննարկումների օրենքի մեջ փոփոխություններ մտցնելը կարող է թացն էլ չորի հետ վառել: Այսինքն՝ այն ուսանողները, ովքեր իսկապես կոչված են լինելու գիտության առաջատարներ, ծառայության երեք տարիների ընթացքում կարող են հազար ու մի փորձության ենթարկվել. զոհվել, հիասթափվել, հեռանալ գիտությունից և այլն:
Հապճեպորեն ընդունված օրենքը պետք է հատուկ բացառություններ ունենա տաղանդավոր, օժտված անհատականությունների համար: Սակայն, կարծես թե աշխարհի վերջն է, առանց երկար-բարակ մտածելու, կարծես ինչ-որ մեկի կողմից հետապնդվելով ընդունեցին օրենքի փոփոխությունը:
Թվում է, թե հասկանալի են իշխանությունների անհան- գստությունն ու աճապարանքը՝ տարեց-տարի կրճատվում է զինակոչիկների քանակը, իսկ սահմանը պետք է ամուր պահել: Բայց մի՞թե այդ բացը պետք է փակել երկրում գիտության զարգացմանը հարված հասցնելու հաշվին, հումանիտար բուհերի ուսանողներին զորակոչելուց բացի, զորակոչել նաև տեխնիկականներին:
Զորակոչն ապահովելու և պետության սահմաններն անառիկ պահելու համար ոչ թե անհրաժեշտ է բնակչությունից հազարական դրամ հավաքել, ազգ-բանակ ներկայացում խաղալ, գիտության զարգացմանը հարվածել, այլ բաց աչքերով նայել երկրում ստեղծված իրավիճակին: Ինչո՞ւ բավարար քանակի զինվորացու չկա: Ինչո՞ւ մեծ մասն աշխատում է տարբեր ճանապարհներով խույս տալ զորակոչվելուց: Ավելի ճիշտ կլինի՝ իշխանությունները մտածեն, թե ինչու քառորդ դար առաջ սկիզբ առած արտագաղթը չի դադարում, ինչո՞ւ այսքան մեծ թվով ոստիկանություն ունենք, ինչո՞ւ սահմանապահ դիրքերի առջև, դեռ 20-րդ դարասկզբի նման, պահածոների տուփեր են կախված, ինչո՞ւ է պետական գանձարանը գնալով դատարկվում, և այն աշխատում են լցնել բնակչության հաշվին: Իսկ կողոպտիչներն ու թալանչիները օր օրի ավելի են հարստանում, փողոցներում ամեն քայլափոխին երեք կամ հինգ ոստիկանից կազմված խմբեր են շրջում՝ առողջ, ուժեղ, մարզված, իսկական զինվորացու տղերք, որոնք կարող էին սահմանը պահել: Իսկ փողոցներում ո՞ւմ են ումից պաշտպանում…
Եթե իշխանություններն առողջ մտածողություն ունենան, կարող են տեսնել, որ միջոցներ շատ կան: Այնպես որ, հանրապետության գիտության ապագան վտանգելու կարիք չկա:
Իսկ ուսանողներին կարող եմ ասել՝ սիրելի ուսանողներ, աշխատեք չընկնել անհայտ ուժերի լարած թակարդը: Մի մասնատեք առանց այն էլ կոտորակված հասարակությունը: Վեր կանգնեք ձեր անձնական շահերից: Ազգի ու հայրենիքի շահը բարձր է ամեն ինչից: Ոչ թե փողոց դուրս եկեք, երբ ձեր ոտքը տրորում են, այլ միացեք ընդհանուր, համազգային պայքարին, որ հաղթանակի հասնեք, և լուծվեն համազգային բոլոր խնդիրները: Առանձին-առանձին բոլորիս պայքարի պտուղը ոչինչն է: Կառավարողները բաժանելու և տիրելու մեծ փորձ ու գիտելիքներ ունեն: Ձեզ էլ կկիսեն, կթուլացնեն և կմարեն սկսած համարձակ շարժումը:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.