Սամվել ԿՈՍՅԱՆ / ԻՆՉ Է ՓՈԽՎԵԼ ԵՎ ԻՆՉ Է ՓՈԽՎԵԼՈՒ

Մեծ է հավանականությունը, որ այսօր` նոյեմբերի 24-ին, Բրյուսելում` ԱԼԳ գագաթաժողովի ընթացքում կստորագրվի Հայաստանի և Եվրամիության միջև «Համապարփակ և ընդլայնված գործընկերության շրջանակային համաձայնագիրը», ինչը հաստատել է նաև եվրոպական հարևանության ընդլայնման հարցերով հանձնակատար Յոհանես Հանը, նշելով, որ «Համաձայնագրի ստորագրմանը որևէ խոչընդոտ չկա` ո՛չ եվրոպական, ո՛չ հայկական կողմից»: Հայ և եվրոպացի դիվանագետներն ասում են, թե ներկայիս համաձայնագիրը նման է 2013 թ. տարբերակին` հանած ազատ առևտրի վերաբերյալ դրույթները: 2013-ին կողմերի միջև նույնպես լիակատար համաձայնություն էր, սակայն Մոսկվայի միջամտությունը զրոյացրեց տարիների բանակցությունների արդյունքը: Չորս տարի հետո ի՞նչ է փոխվել և ի՞նչը կարող է ստիպել Մոսկվային վերանայելու իր դիրքորոշումը: Գուցե այն, որ Հայաստանն արդեն ԵԱՏՄ անդամ է, միություն, որի բոլոր անդամները խնդիրներ ունեն միմյանց հետ, և որը փաստացի հիմնականում կոչված է բավարարելու Մոսկվայի մեծապետական հավակնությունները: Գուցե թե հաշվի է առնվել Հայաստանի անդամակցությունը ՀԱՊԿ-ին և ռուսական ռազմաբազայի տեղակայումը Գյումրիում: Ի՞նչ է փոխվել և արդյոք փոխվե՞լ է, որ Ռուսաստանը որոշել է գործել ավելի նրբորեն` սահմանափակ ինտեգրացիա թույլ տալով Հայաստանին, հասկանալով, որ այս ձևաչափով դրա ավելի խոր տարբերակն անհնար է: Եվ թեև ամենատարբեր շրջանակներում այն կարծիքն է, որ այս անգամ համաձայնագրի ստորագրումը վտանգված չէ, իսկ ինչպես Eurasianec-ին ասել է Երևանում տեղակայված եվրոպացի մի դիվանագետ. «Լավրովը կանաչ լույս է տվել դրան», այդուհանդերձ, հարցի առնչությամբ մտավախություններն ու զգուշավորությունը առկա են նույնիսկ լավատեսների մոտ: Չէ՞ որ 2013-ին էլ ձախողման մասին ոչինչ չէր գուժում, և Հայաստանը պատրաստ էր Եվրոպայի հետ հարևանության ասոցացման համաձայնագրի ստորագրմանը: Ամեն ինչ գլխիվայր շրջվեց մի ակնթարթում, ինչն էականորեն նվազեցրեց քաղաքակիրթ աշխարհի հետ Հայաստանի երկխոսության հնարավորությունը: Փորձագետների կարծիքով, Ռուսաստանի կողմից Հայաստանի նկատմամբ ճնշումը ավելի միտված էր Ուկրաինային վախեցնելու համար, որը բանակցում էր ԵՄ-ի հետ Ասոցացման պայմանագրի շուրջ: Ինչպես նրանք են նշում. «Դա երբեք Հայաստանին չի վերաբերել, այլ Ուկրաինային: Դա ազդանշան էր Ուկրաինային` նայիր, թե ինչ կարող ենք անել»: Հետևանքներն ակնհայտ են: Ռուս-ուկրաինական առճակատումը փաստացի ոխերիմ հակառակորդների է վերածել նախկին եղբայրական ժողովուրդներին: Նույնը Վրաստանի պարագայում: Ռուսներին այդպես էլ չի հաջողվում ազատագրվել իրենց կայսերապաշտական նկրտումներից և այլ երկրների հետ հարաբերությունները կառուցել որպես հավասարը հավասարի հետ: Աշխարհը և հատկապես հետխորհրդային երկրները հոգնել են իրենց ներքին գործերին ռուսական չնվազող միջամտություններից, իրենց նպատակներն իրականցնելու նրանց սադրանքներից: ԱՄՆ-ում բնակվող ռուս լրագրող, հրապարակախոս Քսենիա Կիրիլովայի կարծիքով, Երևանի նկատմամբ Մոսկվայի ներկայիս լիբերալ ռազմավարությունը, հավանական է, պայմանավորված է հենց ուկրաինացիների կտրուկ արձագանքով, ինչը սովորեցրեց ռուսներին այլևս այդպես «կացնային» չգործել: Դիտարկմանը, թե ՀՀ-ԵՄ համաձայնագրի ստորագրմանը կարծես խոչընդոտ չկա, սակայն մեծ է անհանգստությունը, որ ՀՀ-ի համար համաձայնագրի իրագործումը կարող է դժվարությունների հանդիպել, Կիրիլովան պատասխանել է. «Իհարկե, ինձ համար դժվար է կանխատեսել հայաստանյան իշխանությունների պահվածքը, սակայն, այնուամենայնիվ, շատ մեծ հույսեր եմ կապում հայաստանյան հասարակության հետ, որը կարող է վերահսկել համաձայնագրի իրագործման գործընթացը: Կա նաև լուրջ սպառնալիք, որ Մոսկվան փորձելու է սաբոտաժի ենթարկել համաձայնագրի իրագործումը` անգամ հայ քաղաքական գործիչների վրա ազդելու ճանապարհով: Եվ այստեղ քաղաքացիական հասարակության արձագանքը կարող է որոշիչ լինել»: Այն, որ Մոսկվայի լռությունը երկիմաստ է, նկատելի է ռուսական լրատվամիջոցների ու կայքերի հրապարակումներում, որոնց հեղինակները ջանք չեն խնայում Եվրամիությանը Հայաստանի ինտեգրման ցանկությունը որակել որպես դաշնակցի նկատմամբ երախտամոռություն, իսկ առանձին դեպքերում` նույնիսկ դավաճանություն: Ռուսները հիվանդագին են ընդունում հետխորհրդային երկրների բոլոր այն քայլերը, որոնք կարող են Ռուսաստանի հետ սերտ կապերը, որոշ առումով, հակակշռելու հնարավորություն տալ: Այդպես եղել է, այդպես էլ շարունակվում է: Այս առումով, նոյեմբերի 24-ը քննություն է Հայաստանի համար` կա՛մ ինտեգրվել աշխարհին, դառնալով նրա անբաժան մասը, կա՛մ շարունակել գոյությունը մեկուսացված և անվստահելի գործընկերոջ թիկնոցով:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.