Ավիկ ԻՍԱՀԱԿՅԱՆ / «ԱՆԴՈՒՆԴԻ ԵԶՐԻՆ…»

Վիգեն Իսահակյանը, 1934 թ. առաջին անգամ տեսնելով Բորիս Պաստեռնակին «Մուտուալիտե» դահլիճում, խորհրդային պատվիրակության կազմում, իր օրագրում զարմանալի տողեր է գրել. «Նրանց միջից ինձ շատ էր գրավել Բորիս Պաստեռնակը: Նա ուրիշներին էլ էր շատ հետաքրքրել: Կարծես թե նրա անձից մի լույս էր ճառագում: Բարձրահասակ էր, թուխ»:
Այս տողերը գրելիս Վիգենը չէր իմանում, որ 1940 թ. սկզբներին Պաստեռնակը մի հրաշալի շարք կթարգմանի իր հոր պոեզիայից, որ նա պիտի դառնար Ռուսաստանի` իր դարի ամենանշանավոր բանաստեղծներից մեկը, որ նա պիտի գրեր ռուս արձակի լավագույն վեպերից մեկը` «Դոկտոր Ժիվագոն», որ նա այդ վեպի համար արժանանալու էր Նոբելյան մրցանակի, և վերջապես այդ հանդիպումից 60 տարի անց Վիգենը հայերեն պիտի թարգմաներ «Նոբելյան մրցանակ» բանաստեղծությունը: Բայց մի հարցում Վիգենն անառարկելիորեն իրավացի էր. «Պաստեռնակից լույս էր ճառագում»:
Ես հոդված էի գրում Պաստեռնակի և Ավետիք Իսահակյանի մասին, որը տպագրվեց ս.թ. և՛ «Ազգ» թերթում և՛ «Գրականագիտական հանդեսում» (2016, 7 ), հարկ եղավ բնագրից մի մեջբերում ստուգել, բացեցի Պաստեռնակի 1990 թ. հինգհատորյակի առաջին հատորը, որտեղ զետեղված էր «Попытка душу разлучить» բանաստեղծությունը, իսկույն հիշեցի, որ Մոսկվայում ИМЛИ-ում սովորելու տարիներին, մենք` երեք ընկերներ` ես, Հենրիկ Էդոյանը և Արտեմ Հարությունյանը շատ հաճախ էինք արտասանում այս գործը: Հարկ է ասել, որ թե՛ Հենրիկը, թե՛ Արտեմը հափշտակված էին Պաստեռնակով, գոց գիտեին նրա տասնյակ բանաստեղծություններ: Անշուշտ, նրանց պոեզիայի բազում սևեռումներում կարելի է զգալ Պաստեռնակի երկերի բարերար արձագանքը: Ուրեմն` կարդացի այդ մեկ բանաստեղծությունը, հետո երկրորդը, երրորդը, գիրքը չէի կարողանում փակել: Սա այն էր, ինչին ես երկար սպասել եմ: Ես, որ կյանքիս մեծ մասն անց եմ կացրել ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտում, սովորել նաև Մոսկվայում, ՑԴԼ-ի բուֆետում տեսել և ծանոթացել եմ Պաստեռնակի որդու` Եվգենիի հետ, մշտապես հիացել պոետի շեքսպիրյան թարգմանություններով, հանկարծ մի բան հասկացա, որ ես մշտապես փնտրել եմ Պաստեռնակին, որպես մի փարոս մթին գիշերին, որպես լույսի մի կետ թունելի վերջում: Որքան վիթխարի է նա և որքան վիթխարի է որպես բանաստեղծ և արձակագիր, այնքան վիթխարի է նա որպես մարդ, Ռուսաստանի պատրիոտ: Մեկ միլիոն դոլարի Նոբելյան մրցանակից նա հրաժարվեց, երբեք չհամաձայնելով փախուստի դիմել իր հայրենիքից: Նա երբեք նահանջելու սովոր չէր: Երբ իր աչքի առջև կործանվեց Ռուսաստանը, նա Բունինի և Կուպրինի նման չլքեց իր հայրենիքը, գերադասեց մնալ ու շարունակել իր պայքարը հանուն ճշմարիտ Ռուսաստանի իր ստեղծագործությամբ և առաջին հերթին իր «Դոկտոր Ժիվագո» վեպով:
Եթե Հոկտեմբերյան հեղափոխությանը հաջողվեց հաղթել իսկական Ռուսաստանին, ապա Պաստեռնակին հաջողվեց իր վեպով հաղթել Հոկտեմբերյան հեղափոխությանը: Ցույց տալ նրա ճշմարիտ դեմքը: Ո՛չ Լենինը, ո՛չ Ստալինը, ո՛չ Տրոցկին, որպես քաղաքական գործիչներ, որպես բազում քաղաքացիական տրակտատների հեղինակներ («Что делать», «Вопросы ленинизма», «Война и Россия»), չպարգևատրվեցին Նոբելյան մրցանակով, իսկ Պաստեռնակը` այո՛, որովհետև նա իր վեպով բարոյազրկեց Հոկտեմբերյան հեղափոխությունը, ապացուցեց նրա հանցագործ էությունը և սնանկությունը: Այս բանը առաջիններից մեկը լավ հասկացավ Նիկիտա Խրուշչովը` փորձելով նրան զրկել այդ մրցանակն ստանալու հնարավորությունից: Չխորանանք այս հարցի մեջ, շատ է գրվել: Իմ ցավը, իմ սերը, տառապանքը դեպի Պաստեռնակը և «Դոկտոր Ժիվագոն» նրանում է, որ այսօր էլ համարյա ոչինչ չի փոխվել այն տագնապներից ու փիլիսոփայական խորհրդածություններից, որ պաշարել էին Պաստեռնակին Հոկտեմբերյան հեղափոխության իրականացմամբ և 70 տարիներից ի վեր իրականությամբ: Ու ես, որ շատ հեռու եմ թարգմանական արվեստից, փորձեցի ուժերիս ներածին չափով հայերենի փոխադրել մի փոքր փունջ Պաստեռնակի սքանչելի պոեզիայի այգու պտուղներից: Ասեմ, որ Պաստեռնակն այն պոետներից է, ով համարյա չի թարգմանվում մի այլ լեզվով: Համարյա անթարգմանելի է, որովհետև նա խորհում և պատկերում է ոչ թե սովորական, այլ պոետական պատկերներով, կերպարներով: Նրա մոտ երբեք առաջնայինը վանկը չէ, այլ բանաստեղծական մտքի զորությունը, անկանխատեսելի պատկերներ ստեղծելու արվեստը («Как то, что даже антресоль//При виде плеч твоих трясело…»), ներքին լարումը, բառի անսահման ազատությունը, հազար ու մի հնարքով ռուսերեն լեզվի գանձերի բացահայտումը: Երբեք չկոչել իրեն պոետ, այլ ձգտել իր մարդկային էության անմնացորդ բացահայտմանը, միաձուլվել իր քնարական հերոսի, իր բանաստեղծության, իր իսկ ստեղծած տողի հետ: Ես փորձեցի թարգմանել Պաստեռնակին, հարազատ մնալով այն ստորգետնյա հոսանքալարերին, որ գցել է բանաստեղծը իր և իր ընթերցողի միջև, եթե նույնիսկ այդ կապերը ընթերցողի համար մնում են անբացատրելի: Դա էլ, ըստ երևույթին, ընթերցողի հեղինակային իրավունքն է:

Բորիս ՊԱՍՏԵՌՆԱԿ

ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

* * *
Հոգիս քեզնից բաժանելու փորձը
Նման է ջութակի տրտունջին,
Որն առավել տանջալից է հնչում
Ռժակսա և Մուչկապ1 անվանումներում:

Ես նրանց, այնպես ինչպես քեզ,
Կարծես թե դա դու լինես,
Սիրում եմ ողջ ուժով ունայնության
Մինչև խելքի մթագնության:

Ինչպես գիշերը, շողալուց հոգնած,
Ինչպես որ ասթմայի պահին՝ մարմաշը:
Ինչպես այն, որ անգամ անտրեսոլը
Քո ուսերի տեսքից դողում էր:

Ո՞ւմ շշունջն էր ճախրում լուսաբացին,
Արդյո՞ք իմը: Օ, ո՛չ, ողջ հոգով՝ քոնը,
Նա հօդս էր ցնդում քո շրթներից,
Թեթև, սպիրտի կաթիլից էլ թեթև:

Ինչպես երանության պահին
պայծառանում է միտքը:
Անթերի: Ինչպես հառաչանքը:
Ինչպես փրփրալից կեսգիշերին,
երեք կողմից
Հանկարծակի լուսավորված հրվանդան:
1919 թ.

ՁՄՌԱՆ ԳԻՇԵՐ*
Բուք էր անում,
բուք էր անում երկինք և երկիր,
Ուր աչքդ կհասներ:
Մոմը վառվում էր սեղանին,
Մոմը վառվում էր:

Ինչպես ամռանը մժղուկները խմբով
Թռչում են կրակի վրա,
Այնպես սառնամանիքին ծեփվում էին
Փաթիլները լուսամուտի փեղկին:

Բուքը ապակու վրա
Շրջանակներ ու սլաքներ էր քանդակում,
Մոմը վառվում էր սեղանին,
Մոմը վառվում էր:

Լուսավորված առաստաղին
Ստվերներն էին պառկում,
Ձեռքերի խաչաձևում, ոտքերի խաչաձևում,
Ճակատագրերի խաչաձևում:

Եվ ընկնում էին զույգ կոշիկներ
Շխկոցով հատակին,
Եվ ճրագից մոմե արցունք էր
Կաթում զգեստի վրա:

Եվ ամեն ինչ կորչում էր ձյունե մշուշում,
Սպիտակահեր ու ճերմակ:
Մոմը վառվում էր սեղանին,
Մոմը վառվում էր:

Անկյունից փչում էր մոմի վրա
Եվ գայթակղության ջերմը
Բարձրացնում էր, ինչպես հրեշտակ,
Զույգ թևերը խաչաձևած:

Բուք էր անում անդադար
Ողջ փետրվար ամսին,
Մոմը վառվում էր սեղանին,
Մոմը վառվում էր:
1946 թ.

ԱՆՔՆՈՒԹՅՈՒՆ

Ժամը քանի՞սն է: Մութ է:
Երևի երեքին մոտ է:
Կրկին ինձ երևում է` վիճակված չէ
աչքերս փակել:
Հովիվը գյուղում արևածագին
մտրակը կշրխկացնե:
Ցուրտը կրկին կձգվի
Բակը նայող պատուհանից:

Իսկ ես մենակ եմ:
Ճիշտ չէ, դու
Թափանցող ալիքի քո ողջ ճերմակությամբ
Ինձ հետ ես:
1953 թ.

* * *
Գիրքը մի մեծ դամբարան է, ուր շատ շիրիմների վրա այլևս չեն կարդացվում մաշված անունները:
Մարսել Պրուստ

Ամեն ինչում ուզում եմ հասնել
Բուն էությանը:
Աշխատանքում, ճամփի որոնումներում,
Սրտի ալեկոծումներում:

Մինչև անցած օրերի էությունը,
Մինչև նրանց պատճառները,
Մինչև հիմքերը, մինչև արմատները,
Մինչև բուն միջուկը:

Անընդհատ որսալով շարանը
Ճակատագրերի, երևույթների,
Ապրել, խորհել, զգալ, սիրել,
Հայտնագործություններ անել:

Օ՜, եթե ես կարող լինեի
Գոնե մասնակի չափով,
Ես կգրեի ութը տող
Կրքի հատկությունների մասին:

Անօրինությունների ու մեղքերի,
Փախուստների ու հետապնդումների,
Հևիհև արած անմտությունների,
…Արմունկների, ափերի մասին:

Ես կրքի օրենք կհռչակեի
Կրքի ակունքը, սկիզբը
Եվ կկրկնեի նրա անունների
Ինիցիալները:

Ես բանաստեղծություններ
կգցեի այգու նման,
Ուր ջղերի ողջ սարսուռով
Կծաղկեին լորենիները բարեկազմիկ,
Իրար ետևից, շարվեշարան:

Բանաստեղծություններին կհաղորդեի
շունչը վարդերի,
Բուրմունքն անանուխի,
Մարգադաշտեր, սիզախոտ, խոտհունձ,
Ամպրոպի որոտմունք:

Ինչպես ժամանակին Շոպենը ներդրեց
Ֆոլվարկների, պուրակների, հին շիրիմների
Կենդանի հրաշքը՝
Իր էտյուդներում:

Նվաճած հաղթության
Խաղն ու տառապանքը –
Պիրկ աղեղի
Ձգված լարը:
1956 թ.
* * *
Հայտնի լինելը գեղեցիկ չէ:
Դա չէ մարդուն բարձրացնում:
Պետք չէ արխիվ ստեղծել,
Դողալ ձեռագրերի վրա:

Ստեղծագործության նպատակը
ինքնանվիրումն է,
Եվ ոչ թե աղմուկը, և ոչ թե
հաջողությունը:
Ամոթ է, իրենից ոչինչ
չներկայացնել,
Խոսելու նյութ դառնալ բոլորի
շրթներին:

Պետք է ապրել ոչ որպես
ինքնակոչիկ,
Այնպես ապրել, որ վերջիվերջո
Դեպի քեզ ուղղես սերը շրջապատի,
Ապագայի կանչը լսես:

Եվ պետք է սպիտակ էջեր թողնել
Ճակատագրում, այլ ոչ թե
ձեռագրերիդ մեջ,
Ողջ կյանքիդ վայրերն ու
գլուխները:
Լուսանցքներին ընդգծելով:

Եվ խորասուզվել
անհայտության մեջ,
Եվ այնտեղ թաքցնել քայլերը քո,
Ինչպես տեղանքն է թաքնվում
մառախուղի մեջ,
Երբ այլևս ոչինչ չի նշմարվում:

Ուրիշները թարմ հետքերով
Կանցնեն քո ուղին քայլ առ քայլ,
Սակայն պարտությունները
հաղթանակից
Դու ինքդ չպետք է տարբերես:

Եվ պետք է դույզն-ինչ
Չնահանջես քո դեմքից,
Եվ ողջ լինել, և միայն ողջ,
Ողջ լինել մինչև վերջ, ուրիշ ոչինչ:
1956 թ.

ՆՈԲԵԼՅԱՆ ՄՐՑԱՆԱԿ
Ես կորա, ինչպես գազանը
դարանում,
Ինչ-որ մի տեղ մարդիկ են ազատ,
լույս,
Իսկ իմ ետևից աղմուկ ու
հետապնդում…
Եվ դուրս գալու հնար չկա այլևս:

Մութ անտառ ու լճի բերան
Գետին ընկած եղևնի –
Ճամփաս փակ է, ամենուր,
Ինչ որ լինի, թող որ լինի:

Ի՞նչ մեղք եմ ես գործել,
Ես մարդասպա՞ն եմ, թե՞ չար ոգի,
Ես, որ ողջ աշխարհին
ստիպեցի լալ,
Հայրենի եզրիս գեղեցիկի համար:

Բայց և այնպես, շիրմիս կողքին,
Հավատում եմ, որ կգա ժամը,
Երբ չարի ու ստորության ուժերին
Կհաղթի բարու ոգին:
1959 թ.

1. Ռժակսա և Մուչկապ – Ռուսաստանի Հարավ-արևելյան Կամիշինյան երկաթուղային գծի կայանների անվանումներ:
* Այս բանաստեղծությունը բերված է Պաստեռնակի «Դոկտոր Ժիվագո» վեպի` «Յուրի Ժիվագոյի բանաստեղծությունները» շարքից, որը կազմում է վեպի եզրափակիչ` 17-րդ մասը:

Թարգմանությունը` Ավիկ ԻՍԱՀԱԿՅԱՆԻ

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.