Գրականությունը շունչ է և ոգի

Նոյեմբերի 6-ին ՀԳՄ Կլոր սրահում տեղի ունեցավ գրականագետ, գրաքննադատ Դավիթ Գասպարյանի «Հոգու հայելի» («21-րդ դար, հայ գրողներ» մատենաշար) մենագրության շնորհանդեսը:
Գրքի խմբագիր, գրականագետ Արմեն Ավանեսյանը, անդրադառնալով Խաչիկ Մանուկյանի ստեղծագործություններին նվիրված մենագրությանը, նշեց, որ այն բաղկացած է երեք հիմնական բաժիններից՝ «Գրական միջավայր», «Հոգու հայելի», «Բառուբանը»: Առաջին բաժնում գրականագետը ներկայացնում է ժամանակակից գրական կյանքի որոշակի իրողություններ, որտեղ, ըստ գրականագետի, հեղինակի գրիչը շատ սուր է, շատ դեպքերում հասնում է քննադատական խիստ ժխտողական խոսքի: Ա. Ավանեսյանն ընդգծեց, որ թեև գրքում միջավայրն ավելի բևեռացված ու ավելի մռայլ գույներով է ներկայացված, սակայն գրական միջավայրում կան նաև շատ արժեքավոր ու լուսավոր տարրեր: Երկրորդ բաժնում Դ. Գասպարյանը գիրք առ գիրք վերլուծում է Խ. Մանուկյան բանաստեղծի գրական անցած ուղին, բացահայտում բանաստեղծի հոգու հայելին, նրա հարաբերակցումը գրի, աշխարհի, մարդու հետ: Վերջին բաժնում հեղինակը կարողացել է բացահայտել Խ. Մանուկյանի բառաշերտերի, բառօգտագործման տաղաչափական մոդելը: Ամփոփելով խոսքը՝ Ա. Ավանեսյանը նշեց, որ գիրքն առողջ բանավիճելու հնարավորություն է տալիս:
Վահագն Սարգսյանը, անդրադառնալով «Հայաստան» հրատարակչության հրատարակած Դ. Գասպարյանի «Վանք հայոց» գրքին, որում Դ. Գասպարյանը փորձել է գրականագիտական շտրիխներով վերլուծել հայրենիքի գաղափարաբանության, 15 դարերի գրական ընթացքը՝ հասնելով հետպատերազմյան շրջանին, նշեց, որ այս մենագրությունը գալիս է շարունակելու այդ ընթացքը: «Շատ կարևոր է, որ այս մատենաշարը սկսվում է Խաչիկ Մանուկյան պոետով, որովհետև Խաչիկ Մանուկյանն էր, որ կարողացավ գտնել այդ փոխկանչը: Կարողացավ գտնել մեր ավանդական բանաստեղծության ծիլը»,- ասաց նա: Վ. Սարգսյանի հավաստմամբ՝ գրականագետը կարողացել է դասդասել, ցույց տալ գրողի ընթացքը, նրա կապը հայ դասական գրականության հետ, ինչպես նաև գրողի բերած գեղարվեստական պատկերի նորությունը: Անդրադառնալով «Գրական միջավայր» բաժնին` բանախոսը նկատեց, որ հեղինակը ցավալիորեն տեսել է միայն միջակը, անհաջողը, շեշտը դրել է վատ կողմերի վրա, այնինչ մեծ գրողի կայացման համար անպայման պետք է գրական շերտեր լինեն, որ կարողանան ապահովել մեծի թռիչքը:
ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, նշելով, որ գիրքը անհատների անունների, սերունդների և գրական ղեկավարության ժամանակների հետ կապված՝ բանավեճի տեղիք է տալիս, ընդգծեց, որ մենագրությունը Խ. Մանուկյանի գրականության վերաբերյալ տարբեր շերտեր ունի: Հակադրվելով Դ. Գասպարյանին, թե 70-ականներից հայ գրականության մեջ անկում է սկսվել՝ նա, ընդհակառակը, վստահեցրեց, որ այդ շրջանում վերելք է նկատվել, եկել է բանաստեղծների ու արձակագիրների հրաշալի սերունդ, որին չի կարելի անտեսել գրականության մեջ: «Այսինքն՝ պոետական գիծը չի կտրվել: Երբ դաշտը կա, նա իրեն այդ դաշտից դուրս չի կարող դնել ու իր լեզվամտածողությունը միայն նշված անունների շարքով պայմանավորել»,- ասաց Էդ. Միլիտոնյանը և հավելեց. «Կա նաև ինքնատիպություն, որ ներկա ժամանակը իր մտածողության, իր մարդկային պատասխաններն է տալիս: Այսինքն՝ ապրող, շնչող օրերի եռքը զգացող և այդ ամենը բանաստեղծություն բերող բանաստեղծ է Խաչիկ Մանուկյանը»:
«Գրականությունը շունչ է և ոգի, ո՛չ ժամանակը, ո՛չ տարածքը չեն կարող այդ շունչն ու ոգին զատել, կապ չունի՝ տաղաչափական ինչ ձևի մեջ է, ինչ կերպ է ներկայանում»,- ասաց Խ. Մանուկյանը՝ ընդգծելով, որ պարտված, արժեզրկված խոսքի ներկայությունն ու իր մեջ ուժ, ոգեղենություն չպարունակող խոսքն է թուլացնում մարդուն, ժողովուրդներին, ինչը, նրա հավաստմամբ, չի սպառնում հայ ժողովրդին: Ապա անդրադառնալով գրքին՝ Խ. Մանուկյանը շեշտեց, որ Դ. Գասպարյանն այն գրականագետներից է, ում գնահատականին բոլորն են սպասում. նա անաչառ է, չհանդուրժող, երբեմն նաև ծայրահեղական: «Կարծում եմ` դեռ այնտեղ չեմ հասել, որտեղ մատնանշում է գրականագետը, գրքում ներկայացված որոշ իրողություների հետ այնքան էլ համամիտ չեմ»,- ամփոփեց բանաստեղծը:
Գեներալ Սամվել Սաֆարյանը Երկրապահ կամավորականների միության նախագահ Մանվել Գրիգորյանի անունից շնորհավորեց Դ. Գասպարյանին և պարգևատրեց պատվոգրով: Շնորհակալական խոսք ասաց Դավիթ Գասպարյանը: Շնորհանդեսը վարում էր Սամվել Կոսյանը:

Շաքե ԵՐԻՑՅԱՆ

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.