ԱՐԺԱՆԱՊԱՏՎՈՒԹՅԱՄԲ ՊԱՐՏՎԵԼԸ ԵՎՍ ՓՐԿՈՒԹՅՈՒՆ Է / Սամվել Կոսյան

ԵԽԽՎ-ում ընդունված հակաադրբեջանական երկու բանաձևերը հերթական դժգոհության ալիքն են բարձրացրել Ադրբեջանում, ինչը սպասելի էր, հաշվի առնելով այդ երկրի քաղաքական ներքին վիճակը, որտեղ քննադատությունը կարող է հնչել միայն դրսի հասցեներով, մինչդեռ ներսում ստիպված և պարտավոր են նշելու դրականն ու առաջընթացը` չմոռանալով վկայակոչել դրանց հեղինակ «ամենակարող և հրաշագործ» ալիևներին: «Նիրվանայական» այս ֆոնին որոտի տպավորություն են թողել ԵԽԽՎ-ի պատվիրակների կոչերը` անհապաղ ապահովել մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումների լիակատար իրագործումը, ազատ արձակել քաղբանտարկյալներին, պայմաններ ստեղծել լրագրողների` իրենց աշխատանքն ազատ իրականացնելուն, փոփոխություններ մտցնել քաղաքացիական հասարակության կազմակերպությունների գործունեության ոլորտում, միաժամանակ «խավիարային դիվանագիտության» և այլ կոռուպցիոն սկանդալների անկախ և անկողմնակալ հետաքննություն անցկացնել: ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության ղեկավար Սամեդ Սեիդովը «ամոթալի» է համարել Բաքվի հասցեին այս որակումները, իր ելույթում նշելով, որ իրենք «ամենը, ինչին ընդունակ են, անում են երկխոսության համար, իսկ այստեղ լարվում է իրավիճակը», ապա շարունակել է. «ԵԽԽՎ-ի այսօրվա քննարկումները մեկ անգամ ևս ցույց տվեցին, որ տարբեր, մասնավորապես հայկական լոբբիի կողմից հովանավորվող խմբավորումներ, փորձում են լրջորեն քննադատել Ադրբեջանին: Սակայն արհեստականորեն հրահրված լարվածությունը, ճշմարտությունից հեռու փաստերն ի վերջո զեկույցը վերածել են անլուրջ փաստաթղթի»: Ալիևի դիրքորոշումն ավելի դեմագոգիկ է. «Նրանք սպառնում են մեզ անդամությունից զրկմամբ և մեր դեմ պատժամիջոցների կիրառմամբ: Բնականաբար, մեր քաղաքական գործիչները, խորհրդարանականները, լրագրողներն ու քաղաքացիները համարժեք արձագանք են ցույց տալիս: Ադրբեջանի նկատմամբ նպատակամղված հարձակումները հիասթափություններ են առաջացնում, նպաստում են այնպիսի մտքերի, ինչպիսիք են` իսկ ինչի՞ համար է մեզ պետք այդ կազմակերպությունը: Ձեզ անկեղծ ասեմ,- հայտարարել է նա,- եթե Ադրբեջանը հեռանա Եվրոպայի խորհրդից, ոչ մեկը դրան ուշադրություն չի դարձնի: Մեր կյանքում ոչինչ չի փոխվի, մենք չենք ապրի ո՛չ ավելի լավ, ո՛չ ավելի վատ, ո՛չ ավելի հարուստ, ո՛չ ավելի աղքատ»: Ալիևը հավանաբար մոռացել է` ինչ նպատակ էր հետապնդում իր իսկ ստեղծած «խավիարային դիվանագիտությունը»: Եթե ԵԽԽՎ-ին անդամակցելը Բաքվի համար ո՛չ տաք, ո՛չ սառն է, ապա ո՞րն էր կառույցի անդամներին կաշառելու, միլիոններ ու միլիարդներ ծախսելու անհրաժեշտությունը: Ալիևի ԵԽԽՎ-ի նկատմամբ կարծեցյալ անտարբերությունն այլ բան չէ, եթե ոչ նրա հերթական բլեֆը: Ծախսված ահռելի միջոցները ոչ միայն բաղձալի հանգրվանի չհասցրին, այլև, որ ամենանվաստացուցիչն է, դարձան այն հանցանշանը, որի պատասխանը հավանաբար պիտի լինի նոր միլիարդների ծախսը, քանի որ նպաստավոր երկխոսության համար Բաքուն կոռուպցիայից զատ այլ միջոց չի փորձել ու չի էլ պատկերացնում: Այս պահին հայկական հետքի չարչրկված իրողությունն անգամ անզոր է «օգնելու» Ալիևին: Ի զարմանս իրենց, բանաձևերին կողմ են քվեարկել նաև Թուրքիայի պատվիրակները, նրանք, ովքեր սիրում են պատեհ-անպատեհ բարձրաձայնել, թե ազերիների տխրությունն իրենց տխրությունն է, ուրախությունը իրենց ուրախությունն է: Սա այն անկումն է, որն ազերիների համար չփակվող վերքի պես շարունակելու է արնահոսել: Ալիևին ու նրա մանկլավիկներին, ովքեր վարժվել են ամեն ինչ վարդագույնի տակ սքողել, անբեկանելի փաստերի ճնշման պարագայում անգամ դժվար է համակերպվել, որ եվրոպական ուղղությամբ իրենց քաղաքականությունը տապալվել է և որ սրան-նրան մեղադրելով ու պարսավելով, միշտ չէ, որ հնարավոր է լուն` ուղտ, իսկ սևը սպիտակ ներկայացնել: Աշխարհը կույր չէ, թեև երբեմն շահերի թելադրանքով ստիպված է կույր ձևանալ: Արժանապատվությամբ պարտվելը ևս փրկություն է, բայց ոչ Ալիևի համար, ով, հավատարիմ սեփական հռետորաբանությանը, իր վիրտուալ «հաղթանակների» ընթացքին անկարող է ընդդիմանալ:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.