ՃԱՆԱՊԱՐՀ  ԲԱՑԵԼՈՒ ԱՌԱՔԵԼՈՒԹՅԱՄԲ / ՆԱՆԵ

Զուգահեռ կամ անտեսաշխարհներ, չափումների այլ համակարգ, անդին… տարբեր անվանումներ են տրվում մեր զգայարանների կողմից անընկալելի, սակայն մեր կողքին ներկա մեկ այլ իրականությանը: Այն իսկապես կա, ավելին` հենց մեր կյանքի անբաժան և կարևոր մասն է, մեզ միշտ անհանգիստ անող հարցերի, մեր գոյության իմաստի ու մեր շարունակության կա ու չկայի ստույգ պատասխանների տարածքը: Իհարկե, միշտ էլ ավելի ընդունելի է համարվում հեշտի հետևից գնալը, շոշափելի աշխարհի հետ տալ ու առնելը և գլուխ չցավեցնելը այդ անտեսի, թող որ երբեմն ոտքի տակ ընկնող, անգամ աչք ծակող ներկայության փաստի վրա: Սակայն իսկական գրող-մտավորականի առաքելությունը ապրելն է բաց նյարդերով և զգայություններով, տեսնելը անտեսն անգամ և այլոց էլ ուղղորդելը, սթափեցնելը, հուշելը Լույսի ճանապարհը:
Իր «Սև հրեշտակի խոստումը» գրքում տեսանելիի և անտեսի միջև եղած վարագույրը հնարավորինս փորձում է բարձրացնել գրող-արձակագիր Էդուարդ Խաչիկյանը: Գրողը շատ բարդ խնդիր է դրել իր առաջ, բայց նրան հաջողվել է բավականին պարզ, առանց ավելորդ լեզվական խճողումների մատուցել իր ասելիքը: Ցավոք, այս թեմայով գրականություն քիչ է ստեղծվում, կամ էլ ստեղծվածի մեջ ավելի շատ գրողի երևակայությունն է ներկայացվում, քան այլաշխարհային իրականությունը: Բուլգակովի «Վարպետը և Մարգարիտան» վեպը նույնպես, իր անժխտելի արժեքով հանդերձ, զուգահեռ իրականության մասին իր ասելիքով այնքան էլ միտված չէ ճանաչողության հորիզոններ բացելուն: Այն ընդամենը ավելի խճճում է այլ եզերքներ որոնողի միտքը, խառնում բարու ու չարի սահմանագիծը: Այդպիսով, ավելի մնալով ֆանտաստիկ գրականության դերում: Այլ թեմաների դեպքում դա ընդունելի կլիներ: Սակայն, երբ խոսքը վերաբերում է մեզ հիմնականում անճանաչին, առաջին տեղում պետք է լինի այն մեր աչքերին ավելի տեսանելի դարձնելը: Որովհետև կյանք-լաբիրինթոսում խճճվածներիս համար ստեղծագործության առաքելությունն ու ասելիքը, արժեքային համակարգը ավելի են անհրաժեշտ ու կարևոր, քան ոճային մատուցման յուրահատկությունները:
Էդուարդ Խաչիկյանը հենց այդ խնդիրն է դրել իր առաջ. եթե խոսել` ապա միայն այլաշխարհային իրականության մասին հնարավորինս մեզ բացված փաստերով և, ինչպես արդեն ասացի, միայն Ճանապարհ բացելու առաքելությամբ: Որովհետև հիմնականում այդ ամենի չիմացությունն է պատճառը այսօրվա մարդու աղճատված հոգու և աղճատված կյանքի: Դա է պատճառը, որ չար ուժերի ջանքերը փայլուն արդյունք են տալիս: Եվ ավելի են հաջողում, որովհետև նրանց գործը քարոզը չէ, այլ` աշխարհիկ հաճույքների խայծով մարդկանց հեռացնելը Աստծուց: Իսկ հաճույքներն ու հեշտ կյանքը հենց այն են, ինչ գրեթե բոլորն են ցանկանում.
«-Է՛, ջանիկս, որքա՞ն կարելի է տանջվելով ապրել, ծառա մնալ նորին մեծություն Կարիքի ձեռքին,- ու հանկարծ մեկեն լրջացավ:- Չէ, չեմ պնդում, որոշումը քոնն է, բայց վայելքի հինգ տարին…»: (էջ 22) Թղթակցի` տեղակալին հոգու վաճառքի գործարք է առաջարկվում անդինի խավարից և այն էլ, այս օրերի դժվարին ու հոգեմաշ խնդիրների, հոգսերի թնջուկի մեջ: Երկար գցել-բռնելու կարիք էլ չի լինում, որովհետև կյանքի աշխարհային ընկալման շաբլոնները մատուցվում են դեռ էն գլխից ու ավելի հարմար են կարծես.
«Հակոբը ճիշտ է. մարդ մի անգամ է աշխարհ գալիս, իսկ անանց արժեքները ո՛չ հաց են դառնում, ո՛չ ջուր: Չեն դառնում, որովհետև թե՛ իրավունքը և թե՛ իշխանությունը առնվում-ծախվում է: Փողն է ուժը, իսկ ուժը` իշխանություն, և այդ փակ շրջանակում փոխվում են լոկ գումարելիների տեղերը»: (էջ 16)
Ահա այսպես` անանց արժեքներին «մեզ չի վերաբերվում» ձևակերպումով թիկունք դարձնելն է դառնում հաճախ մեր վերաբերմունքը և կենտրոնանալը միայն նյութականի հարցերին: Բայց ճիշտը լրիվ հակառակն է` այն վերաբերում է մեզ և այն էլ` շատ ավելի: Որովհետև, նախ` թիկունք դարձնելն ընդամենը ջայլամի` գլուխը ավազում թաքցնելու պես մի բան է. դա բնավ էլ չի փրկում և հարցի լուծում չէ: Եվ երկրորդ` որովհետև մենք միայն նյութ չենք, մեր շատ ավելի կարևոր մաս կազմողը հոգին է` այդ անտես աշխարհի բնակիչը` ժամանակավորապես մարմին-հանդերձի մեջ ամփոփված: Եվ մեր ընկալումներն էլ միայն մարմնի մաս կազմող զգայարանների հույսին չեն` ավելին ունենք. ներքին ձայն, բնազդ, երրորդ աչք… ասվածները: Անտեսեցինք այդ ամենակարևոր հուշարարներին ` կույրի պես ենք անցնելու մեր ընթացքը: Աշխարհային ընթացքը պարզապես կայան է, որտեղ շատ կարևոր մի ընտրություն ենք անում` վեր ու վարի, խավարի ու լույսի, Աստծո և չարի միջև:
«Չարի ուժը կայանում է նրանում, որ նրան չեն հավատում»: …Սակայն կա ավելի սարսափելին նույնպես` հավատում են և սակայն ընտրում նրան: «Գլխավորը մահկանացուներին հավատքի բերելն է, որ Աստծուն ուրանալով` ծառայեն մեզ…»: (էջ 26)
Չարի սպասավորները միշտ զգոն ու աչալուրջ` մարդկանց մոլորեցնելու իրենց հին գործին են: Եվ ընտրությունը կատարված է` հինգ տարվա վայելքների ու փառքի շոյանքներով լի կյանք. Խաչիկյանի հերոսը` մինչ այդ ընդամենը անհաջողակ խմբագրի տեղակալը. շուտով արդեն խմբագիր է, ապա` մշակույթի նախարար, կառավարության անդամ…
Միայն թե «ոգու սովի» մինչ այդ անըմբռնելի զգացումը գրեթե շոշափելի է դառնում, մղձավանջ, անզորության կտտանք, նաև` ֆիզիկական տառապանք: Հոգու հաշվին նյութական լիությունն ընտրած մարդու համար այլևս փակ է Երկնայինի ուղին և «…տաղավար տոներից մեկի ժամանակ, երբ կառավարության անդամների հետ ուզում էր Մայր տաճար մտնել… անտես մի զորություն, կրծքին հարվածելով, ետ շպրտեց: Երկար պառկեց հիվանդանոցում, իսկ երբ ոտքը գիպսից հանեցին, արդեն թեթևակի կաղում էր»: (էջ 102)
Ցանկության դեպքում միշտ էլ հնարավորության սողանցքներ կարելի է գտնել, բայց այստեղ այդ սողանցքներն այնքան էլ չեն փնտրվում: Էդուարդ Խաչիկյանն ընտրել է իր հերոսի մինչև վերջ անկումը, թերևս այն բանի համար, որ սթափության կոչն ավելի բարձր հնչի ու հասանելի լինի յուրաքանչյուրի համար.
«Մեջս հիմա ո՛չ հավատք կա, ո՛չ ազնվություն,- թախիծը խտացել էր լուսնալույսից:- Կյանքում երեք արժեքավոր բան կա` ընտանիք, հայրենիք և հոգի. Շուտով առաջինին հրաժեշտ կտամ, երկրորդն ինձ վաղուց է խորթացել, երրորդն այլևս իմը չէ. գանգս, իր դատարկ ակնախոռոչներով անպիտան անոթ է` որդերի ծնարան…- թառանչեց,- Տեր իմ, ինչպե՞ս վարվեմ, ինչպե՞ս քավեմ մեղքս, որն ինձ ճահճի պես քաշում է Գեհեն…»: (էջ 180)
Գրքում միայն անտեսի վարագույրը չէ, որ բացված է, ժամանակը ևս այլ ընթացքի մեջ է. հաճախ. տարբեր հնարքներով հեղինակը հերոսին ու ընթերցողին, կամ միայն ընթերցողին, ճամփորդության է հանում` ներկա ու անցյալ խառնած իրար: Անցումները հաջողված են և օգնում են նյութը տարբեր տեսանկյուններով շերտ առ շերտ բացել ու ավելի հասկանալի դարձնել դիմացինին: Չարի շոշափուկներն ամենուր են` մեր իրականության ամեն բաց ու փակում, անհատների, թե ազգերի ու երկրների անցուդարձի կեռմաններում և միայն գրքի հերոսը չէ ծուղակի բերանն ընկած` այդ ծուղակների հետքով հեղինակը մեզ տանում-հասցնում է մոլորակի այսօրվա շեղ ընթացքի պատասխանատուներին, որոնց մեջ մարդն ու սատանան այնպես են ի ձույլ, որ դժվար է անգամ նրանց տարբերակելը. «-…Մեծն Ութնյակի ղեկավարների հանդիպումից առաջ, ինչպես միշտ, տեղի կունենա բիլդերբերգյան խմբի հերթական գիտաժողովը… կհամաձայնեցնես օրակարգը»:… «- Անշուշտ,- Բեհեզեբուղի ձայնում հոգնածություն նկատվեց:- Կփոխանցես նրան «Կարիբյան խորհրդակցության» դրույթները. թող ղեկավարվի դրանցով: Կբարձրացնես նաև ազգաբնակչության նվազման և միկրոհաղորդիչների ներդրման խնդիրը` Լյուցիֆերը դա շատ է կարևորում»: (էջ 106)
Ահա մեր իրականության անսքող դեմքը: Եվ այսօրվա համար «Լռությունը բնավ էլ ոսկի չէ». ավելին` հանցանք է լռելը: Եվ ողջունելի է այն ստեղծագործությունը, որն անտես սահմաններ ու կաղապարներ է փորձում բացել և դարի խարդավանքների դիմակը պատռելու և դրանց մասին բարձրաձայնելու գործն է իր վրա վերցրել…
Ինչպիսին է ահա Էդուարդ Խաչիկյանի «Սև հրեշտակի խոստումը» վեպը…

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.