Մուրացան. ազգային միաբանության գաղափարը երեկ և այսօր

Արցախի գրողների միության նախաձեռնությամբ ավելի քան երեք տասնամյակի պատմություն ու ավանդույթներ ունեցող Մուրացանյան օրերն այս տարի առավել ընդգրկուն աշխարհագրություն ունեցան` միավորելով Հայաստանի, Արցախի և Սփյուռքի գրողներին, մեկնարկեցին Մուրացանի ծննդավայր Շուշիի մատույցներում` «Տանկ» հուշարձանին ծաղիկների խոնարհումով: Այնուհետև Արցախի գրական ընտանիքի անդամներն ու միջոցառման մասնակիցները հյուրընկալվեցին Շուշիում, որտեղ և Մուրացանի կիսանդրու պատվանդանին ծաղիկներ դրեցին:
Միջոցառման մասնակիցներին ասմունքով ու ռազմահայրենասիրական երգերի կատարմամբ ողջունեցին Շուշիի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի սաները, ինչպես նաև ճանաչված երգիչներ ու դերասաններ:
Մուրացանյան օրերի պաշտոնական բացման խոսքում Արցախի գրողների միության նախագահ Վարդան Հակոբյանն անդրադարձավ Մուրացանի ստեղծագործության առանձնահատկություններին ու գրողի արտացոլած գաղափարների այժմեականությանը:
Գրականագետ, բան. գիտ. թեկնածու Հասմիկ Հակոբյանն իր ելույթում ներկայացրեց Մուրացանի ստեղծագործության համախմբող ու միաբանող գաղափարախոսության իր դիտարկումները:
Բան. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Սոկրատ Խանյանն իր խոսքում նշեց, որ Մուրացանի առանձնահատկությունը միայն նրա տաղանդի մեջ չէ: Նա նաև մարգարե էր, ինչի շնորհիվ նրա գործերում արտացոլված պատգամները չեն կորցնում թարմությունն ու հրատապությունը: Միջոցառմանը Մուրացանի ստեղծագործության առանձնահատկությունների ու ազգապահպան գաղափարների արժևորման շուրջ ելույթներով հանդես եկան նաև գրականագետ, բան. գիտ. թեկնածու Ամալյա Գրիգորյանը, բանաստեղծներ Ռոբերտ Եսայանը, Դավիթ Միքայելյանը, բանաստեղծուհի Սոնա Համբարձումյանը և այլք:
Նույն օրը Մուրացանյան օրերի` Շուշիում մասնակից գրողները հանդիպել են նաև ՀՕՊ զորամասի, ինչպես նաև մի խումբ գրողներ (Կիմ Գաբրիելյան, Զինաիդա Բալայան, Վոլոդյա Ստեփանյան)` Ասկերանի N զորամասի զինվորականների հետ, հանդես են եկել հեղինակային բանաստեղծությունների ընթերցանությամբ և ելույթներ ունեցել ռազմահայրենասիրական թեմաներով: Մուրացանյան գրական տոնին իր մասնակցությունն է բերել նաև Արցախի Հանրապետության ժողովրդական արտիստ Քաջիկ Հարությունյանը` ներկայացնելով Մուրացանի «Նոյի ագռավը», «Ռուզան» և այլ ստեղծագործություններից:
Մուրացանյան օրերն Արցախում շարունակվել են նաև հաջորդ երկու օրերին, որոնց ընթացքում հանրապետության շրջաններում գրողները հանդիպումներ են ունեցել Պաշտպանության բանակի 3-րդ պաշտպանական շրջանի զորամասում (Արկադի Թովմասյան, Մարսել Պետրոսյան, Վան Նովիկով), Հադրութի շրջանի Մեծ Թաղերի (Արտաշես Ղահրիյան, Ժաննա Բեգլարյան, Ռոբերտ Եսայան, Վիտալի Պետրոսյան), Մարտակերտի` Վանքի (Վարդան Հակոբյան, Հասմիկ Հակոբյան, Ամալյա Գրիգորյան), Բերձորի (Զոհրաբ Ըռքոյան), Ստեփանակերտի թիվ 3 (Ծովինար Բաղդասարյան, Աշոտ Բեգլարյան, Ալբերտ Ոսկանյան) դպրոցներում: Արդեն ձևավորված ավանդույթի համաձայն` գրական տոնի մասնակիցները չեն շրջանցել նաև Մարտակերտի Կուսապատ գյուղը, որի գերեզմանատանն ամփոփված է մեծ գրողի մոր աճյունը: Գյուղի կրթօջախում` Մուրացանին նվիրված միջոցառմանը ներկա են գտնվել Արցախի գրական ընտանիքի ներկայացուցիչներ Համլետ Մարտիրոսյանը, Դավիթ Շիրինյանը, Սոնա Համբարձումյանը և Նվարդ Ալեքսանյանը:
Մուրացանյան օրերը շարունակվել են Մարտակերտի մշակույթի պալատում, որտեղ կայացել են ԼՂՀ վաստակավոր մանկավարժ Նատաշա Պողոսյանի «Մանկավարժի օրագիր», «Գրողն ու ուսուցիչը» գրքերի շնորհանդեսները, որին ներկա էին Արցախի գրական ընտանիքի ներկայացուցիչները` ԱԳՄ վարչության նախագահ Վարդան Հակոբյանի գլխավորությամբ, ինչպես նաև ռուսաստանաբնակ արձակագիր Լևոն Ադյանը և բանաստեղծուհի Նելլի Ավակովան ԱՄՆ-ից:
Բոլոր հանդիպումների ընթացքում զորամասերի և դպրոցների գրադարաններին է նվիրաբերվել Արցախի գրողների միության կողմից հրատարակված, ընդհանուր առմամբ, 450 կտոր գիրք: Բացի այդ, Մուրացանյան օրերի շրջանակում տպագրվել են գրողի կյանքից դրվագներ պատկերող լուսանկարներով և Մուրացան արձակագրի, պատմավիպասանի պատգամներով ցուցապաստառներ, որոնք նույնպես նվիրաբերվել են միջոցառումների շրջանակներում ընդգրկված հաստատություններին:
Միջոցառումները եզրափակվել են սեպտեմբերի 29-ին, Ստեփանակերտի Գրիգոր Նարեկացի համալսարանի «Պոեզիայի և նիստերի» դահլիճում կայացած գիտաժողովում, որի թեման էր «Մուրացան. ազգային միաբանության գաղափարը երեկ և այսօր»:
Գիտաժողովում զեկույցներով հանդես են եկել բան. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Սոկրատ Խանյանը, բ.գ.թ. Զինաիդա Բալայանը, բ.գ.թ. Ամալյա Գրիգորյանը, Գր. Նարեկացի համալսարանի պատմության ամբիոնի վարիչ Ալիկ Սարգսյանը, բ.գ.թ. Ժաննա Բեգլարյանը, բ.գ.թ. Հասմիկ Հակոբյանը, բ.գ.թ. Ալիսա Բաղդասարյանը և Ստեփանակերտի Մուրացանի անվան քաղաքային գրադարանի տնօրեն Մարիա Խաչատրյանը:
Ամփոփելով եռօրյա գրական, մշակութային միջոցառումների ու գիտաժողովի աշխատանքները` նշենք, որ ընդհանուր առմամբ, հայ մեծ դասականին նվիրված գրական ամենամյա տոնը մեծապես նպաստում է թե՛ գրական ժամանակակից գործընթացների զարգացմանը, թե՛ գրականություն և հասարակություն կապի ամրապնդմանն ու մեր ժողովրդի առաջ դրված կարևոր խնդիրների լուծմանը:
Վան ՆՈՎԻԿՈՎ

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.