Թովմա ՔԱՀԱՆԱ (ՎԱՀԱՆ) ԱՆԴՐԵԱՍՅԱՆ

ԸՆԿԱԾ ՀՐԵՇՏԱԿԸ
Ահա, գարունը գույն առավ,
փթթեց ապրիլ ամիսը:
Ես էլ ժպտում եմ ամենքին,
բայց իմ հոգին լալիս է:

Արևն է երկնակամարում,
հեռվում` վսեմ Մասիսը,
ուրախությամբ լեցուն մի օր,
բայց իմ հոգին լալիս է:

Ասում են ինձ` ամենագետ,
սուրբ հայր եմ ես, Ուլիս եմ,
և պետք է երջանիկ լինեմ,
բայց իմ հոգին լալիս է:

Երկնից ընկած հրեշտակ եմ ես,
հոգի չեմ ես, այլ միս եմ,
բայց հոգևորն եմ դեռ հիշում,
և իմ հոգին լալիս է:

Եվ դուռը երկնքում չկա՜.
մեղքերը իմ փակել են…
– Սուրբ հայր, երկի՞նք ես դու նայում:
– Այո … ինչ-որ ցրտել է:

ԵՐԹՈՒՂԱՅԻՆ ՏԱՔՍՈՒՄ
Եղյամով պատված պատուհանում`
մի կլոր բացվածք:
Այն է լոկ պատմում դրսի մասին`
մութ, ցրտահարված:

Երթուղայինի ետնամասում
զույգն է լուռ նստած:
Տղայի ձեռքում` ձեռքն աղջկա,
գլուխն` ուսին հակված:

Նրանց մարմիններում արյունն է նույն
սրտից սիրտ հոսում,
նրանց հոգիներում հրե շղթան
խոսքեր է ջերմ ասում:

Նրանց համար աշխարհը` փորձություն
աննշան ու սին,
նրանք հիմա` ուրիշ մոլորակում,
թեև Երկրի տաքսին

տանում է նրանց, որ հասցնի մի տեղ,
որտեղ նրանք չեն լինի,
ինչպես չկան հիմա իմ առջևում`
այն սառ նստարանին:

Զորե՜ղ է վառարանը նրանց ներսում`
այս ցուրտ, մութ անտառում.
ամեն մի խոչընդոտ ու կեղտ այրում,
ժպտում ու մեզ լռում:

ԱՆՏՈՒՆԻ
Մնաս բարով,
ծղոտե գլխարկով
կարկանդակ:

Ես այլևս չունեմ տուն
և տաքացնող կրակ:

Ես պանդուխտ էի,
պանդուխտ էլ մնացի:
Ինձ բոլոր իմ ընկերները
տվեցին քացի:

Միայն վզիս խաչ ունեմ,
և մեկ էլ`
ծոցումս Տիրամոր
փոքրիկ քանդակ:

Մնաս բարով,
ծղոտե գլխարկով
կարկանդակ:

ՁԱՅՆԵՐ
(Լոռվա 1982 թ. նկարահանումների վայրում)

Հիշում են սաղարթները
ծիծաղները մեր լույս ու զնգուն
հիշում են հաստ բները
հպումը ձեռքերի մեր աննկուն:

Հիշում է որձաքարը
ոտքերի հետքերն իր վրա,
հիշում է այս անտառը
մեր խոսքերն անփույթ,
վազքն անվարան:

Հիշում է ավերակը
հին բարի պատկերը զվարթուն,
պահում է այս տնակը
բաղնիքի սալերն ընկած, փխրուն:

Ես այստեղ եղել եմ.
երեսուն տարի կորավ անհետ,
բայց կարծես եղել է
այս ամենը օր առաջ ինձ հետ:

Հնչում են մեր ձայները,
մենք երիտասարդ ենք և ուրախ,
այս կյանքը տաք օրեր է,
և մեր ապրելն այնտեղ` թեթև մի խաղ:

Եվ նրանք դեռ կան, մեռած չեն,
և ես մենակ չեմ աշխարհում այս փուչ,
և ընկերներիս կանչը
լցրել է շուրջս երգ, ծիծաղ, անուրջ:

Ու ես հուզված գրկում եմ
հաճարենու մարմինը հուշատու,
ու ես հանկարծ երգում եմ
հին մեր երգն ուրախ և… ցավազդու:

ԼՈՒՍԱԲԱՑԻ ՊԱՏՈՒՀԱՆԸ
Ցավը
ամենաիրական զգացումն է
մեր ժամանակի:

Տնից դուրս գալիս
գոնե տաք հագուստ
հագիր:

Գոնե չնայես
մարդկանց գայլային
աչքերին:

Գոնե չդիպչես
հանդիպակաց մայթի
փշալարին:

Գոնե չհամբուրի
հույսերով
լուսաբացի պատուհանը:

Նրա ջարդված ապակին
ձգտում է
քո համեղ արյանը:

ԱՐԹՆԱՑՄԱՆ ՍՊԱՍՈՒՄ
Վեր կենալ մի օր`
կարծես ուրիշ մի աշխարհում,
Իկարի նման թևեր առած, թեթևացած,
նայել ամեն ինչին ինչպես
փորձի կոլբայում
գոյացության, նայել հոգնած և
անտարբեր դարձած:

Քնած, քնած էիր մինչ
այդ և արթնացար արդեն,
հոգսերը և ցավերը շեշտակի
դարձան մի քիչ,
քանզի այդ օրը չեն լինի
սահման, կրքեր և քեն,
և քեզ կզգաս ինչպես
տիեզերքի բնակիչ:

Եվ քեզ կզգաս հսկա` ձեռքում պահած
քո մայր Երկիրը`
տիեզերքի անկյուններից
նորին քո ժպտացող,
իսկ Երկրի վրա մրջյունների նման
մարդկանց նախիրը
էլ չի լինի քո օրերի
կնքող և հաստատող:

ՀԱՐՑԵՐ
Ինչպե՞ս է աշխատում
տիեզերքի հսկա մեխանիզմը,
խփում են մուրճիկները, անիվները
հաղթահարում են լռության մեռյալ
ստատիզմը,
կյանքը հաղթում է ամեն
պահ մահվանը,
մոլորակները չեն դիպչում իրար,
և չի խախտվում նրանց
տարածության սահմանը…

Արևն արևելքից է միշտ ելնում,
ելնում է, չի կորչում առավոտյան`
լուսավորելով նույն
պատուհանն իմ տան,
և չի փախչում տեղից խելառ
մեր երկրագունդը,
ծնվում է երեխան –
ո՞վ կբացատրի` ի՞նչ է ծնունդը…

Եվ կհասկանամ,
կբացատրեմ այսքանը,
պարզ կլինի նույնիսկ հարցերից
խրթինը կամ ամենաանմիտը,
եթե պարզեմ` ինչո՞ւ եմ հայտնվել
այս տանը,
և վերջապես`
ինչպե՞ս է աշխատում իմ սիրտը:

ՀԵՏԸՆԹԱՑՔ
Անձրևը կեղտաջուր է,
որ երկնքից է թափվում:
Ձյունը աղ է,
որ ուտում է ամեն ինչ
և մեզ:
Արևը ուլտրա-մանուշակագույն
Ճառագայթներ է,
որ այրում է, ստիպում
թաքնվել:
Օդը ածխածին գազի
գերհագեցում է, որ
խեղդում է և սպանում,
ծաղիկը, ծաղկունքը
ալերգիայի հարձակումներ են…

Բնությունը մեր դեմ է:
Բնությունը մեր թշնամին է:

Մենք էլ մեր դեմ ենք,
և ես ինքս իմ դեմ եմ:
Բջիջը սպանում է
իր իսկ ծնած բջիջին,
որպեսզի ինքն էլ մեռնի
տիեզերական խավարում:

ՏՎԵՔ ԻՆՁ ԵՐԿԻՐ
Վերջապես դիմում եմ
աշխարհի բոլոր նախագահներին,
բոլոր լիբերալներին և
դեմոկրատներին,
նրանց,
որոնք ունեն իշխանություն և գահ,
նրանց,
ովքեր խոսքերում Աստծուն են
բերում վկա:

Տվեք ինձ ավելի լավ Երկիր,
այնպիսին, ինչպիսին
Աստված է ստեղծել մի օր:
Տվեք ինձ ավելի լավ Երկիր,
որ կապույտ և անվտանգ լինեն
երկինքները բոլոր:

Տվեք ինձ մաքուր թթվածին եթերում.
ես ուզում եմ եթերի բնածին
համը զգալ:
Արթնացումն ինձ շնչելու օդ չի բերում,
թույն է արթնացումը
մահազդու և անակնկալ:

Տվեք ինձ անտառներ ու սարեր.
բնությունը չգիտեմ ինչ է ինձ համար:
Նրան երգել են անցյալ
հեռավոր դարեր
ամեն ձմեռ, գարուն և կամ ամառ:

Տվեք ինձ լազուր,
անարատ օվկիանոս,
որտեղ ձկներ են ապրում և
կետեր մանկադեմ.
քիմիկատներից ջուրը ծնում է քոս,
վախենում եմ օրեցօր ես ջրից արդեն:

Տվեք ինձ երջանիկ ու
խաղաղ քաղաքներ.
երջանկության համար եմ ես ծնվել,
ոչ թե տձև ու անհոգի տներ,
որտեղ հնարավոր չէ
սիրով հրավառվել:

Տվեք ինձ ամպեր, տվեք արևի լույս.
լույսը հույսի համար է
տրված մարդուն,
ուզում եմ ես պահեր բնական և կույս.
հոգիս ուրիշ բան չի տենչում,
չի կարդում:

Տվեք ինձ ավելի լավ Երկիր.
այս Երկրից արդեն մահահոտ է փչում,
կործանումը սերտել է, արել է անգիր
մեր վաղվա օրը, վայրէջքը հնչուն:

Ես մի անգամ եմ աշխարհ այս գալիս,
ես երազներ ունեմ, ապրել եմ ուզում,
տվեք ինձ Երկիր, ախր հոգիս է լալիս,
և դեռ հույսեր ունեմ,
ունեմ դեռ սպասում:

ՊԱՏԸ
Ես նայում էի խավար պատին:
Ողորկ հոգի և պատ պարզապես:
Չկա սահման լավին ու վատին,
բայց շշնջում ես դու` սիրում եմ քեզ:

Եվ շշնջոցը քո դաղեց հոգիս,
կռնչացին քամուց փտած փեղկերը:
Կարծես պատան է
պատագույն հագիս,
որի վրա փայլում է զարդը` սերը:

Ես չեմ կարող քնել. սեղմում է լաթը,
իմ կոկորդում է այն` փափուկ ու հեզ…
Ուզում էի ասել` նայի՛ր, այն պատը…
բայց ասացի` ես էլ սիրում եմ քեզ:

ՕԿՏԱՎԱ
Ծովից ափին նետված
մի ձուկ է իմ հոգին`
չռված իր աչքերով,
բացված խռիկներով,
որսում է օդն անբավ,
անհագ կրկին, կրկին
ու թպրտում անվերջ`
ցցված լողակներով:
Ավազն է տաք շնորհում
փուչիկներ ցավագին
թեփուկածածկ մարմնին`
անհոգ այն այրելով:
Իսկ քիչ հեռվում` մի զույգ,
սեղան, փայլուն մի բար,
երգում է երգչուհին. – Համեղ,
համեղ աշխա՜րհ…

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.