21-րդ դարի մարտահրավերների առջև Թորոս Թորանյանն աննման ասացող է… / Ալիս ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Թորոս ԹորանյանՆրա հիշողությունը երբեք չի դավաճանում տիրոջը: Կարելի է ժամերով լսել նրա բազմաթիվ ու բազմատեսակ հանդիպումների մասին՝ աշխարհի բոլոր ծագերում… Ցավոք, մեր բազմազբաղ, բազմաժանր, բազմածավալ այս ժամանակներում շատ քչերը կարող են իրենց թույլ տալ մի սիրուն սեղանի շուրջ, մի անուշ պատշգամբում նստել ու, ամեն ինչ մի կողմ դրած՝ ժամերով ունկնդրել Թորոսի զարմանահրաշ իրապատումները: Սակայն, Թորոսը այն անխոնջ զրուցակիցն է, որ իր երկար կյանքի ընթացքում երբեք ցած չի դրել գրիչը, երբեք չի զլացել գրի առնելու այն ամենը, ինչ զարմացրել ու դեռ շարունակում է զարմացնել աշխարհի այս հմայված ճամփորդին:
Եվ սա է այն բարեբախտությունը, որի շնորհիվ վաղուց արդեն մեր երկրի ու ժողովրդի պատմության նվիրական էջեր են դարձել և դեռ դառնում են Թորոս Թորանյանի ժիր, արագահոս գրչով աշխարհ եկած գործերը:
Ալիս ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ – Եթե այսօր ժամանակ չենք գտնում քեզ երկար ունկնդրելու, Թորոս ջան, մի՛ նեղանա: Դու այն մարդը չես, որ քո զգացածն ու տեսածը, քո մտորումները քամուն տաս: Դրանք անպայման՝ ձևափոխված թե անխաթար, մի պատառ թուղթ, մի պուտ թանաք կարողացել են ու կարողանում են հայթայթել իրենց արժանավայել տեղը գտնելու համար մեր այն տարիների պատմության մատյաններում, որ ապրեցինք այս աշխարհում՝ միասին թե միայնակ: Ասա, խնդրում եմ, ճի՞շտ այնքան երջանիկ մարդ ես կյանքում, որքան ընկալվում ես:
Թորոս ԹՈՐԱՆՅԱՆ – Կեանքիս բազում դժուարութիւնները չկրցան ընկճել զիս: Երջանկութիւնս բազմապատկած է կեանքի ընկերուհիս՝ Արմիկս, որուն հետ ապրած եմ ամբողջ վաթսուն տարի, ու այդ տարիները շատ քիչ սեպած եմ:
Մենք վաթսուն տարի միասին մրցակից ընթերցողներ եղած ըլլալով մեր անհատական գրադարանին մէջ կրցած ենք ունենալ վեց հազար հատոր գիրք: Ահա մեր երջանկութեան բազմաճիւղ աղբիւրը:

Ա. Հ. – Դու մարդկանց, անհատների, բազմությունների պատկերասրահներ ունես քո հազարավոր էջերում և քո նախանձելի, անզուգական հիշողության մեջ: Ասա, խնդրեմ, կա՞ն դրանց մեջ այնպիսիները, որ ավելի հաճախ են հայտնվում մտքերիդ, մտորումներիդ մեջ:
Թ. Թ. – Մենք ընտանեօք ուսանած ենք Երեւանի մէջ: Արմիկս ու ես դարձած ենք բժիշկ: Մեր զաւակները իրենց նախնական ուսումը ստացած են Երեւանի Եղիշէ Չարենցի անուան դպրոցի մէջ: Ուսման այդ եօթը տարիները միշտ կրկնուած են բազում մտորումներուս մէջ, քանի որ այդ տարիները՝ 1963-1970, մեր երջանկութեան վրայ գումարուած են:

Ա. Հ. – Գիտեմ, որ Գրիգոր Գուրզադյանի հետ մեծ բարեկամությամբ էիր կապված: Նրա «Կաքավաբերդի առեղծվածիե մասին քո գրած էսսեն ինձ այնպես էր հմայել, որ չէի համբերում մինչև այն ձեռք բերելս: Ո՞րն է այս տիեզերական մարդու հետ քո հանդիպումներից ամենա…ամենան:
Թ. Թ. – Անզուգական աստղաֆիզիկոս, ակադեմիկոս Գրիգոր Գուրզադեանի հետ ծանօթութիւնս սկսած է Երեւանի մէջ՝ 1967 թուականին եւ շատ արագ վերածուած է բարեկամութեան: Ամենա-ամենայուզիչ պահերը եղած են իր փայլուն մայրենիով գիտական ելոյթներու ունկնդիրը ըլլալու բարեպատեհ առիթները՝ Երեւանի, Հալէպի ու Դամասկոսի մէջ: Իսկ հնգապատիկ «ամենա՛նե ունեցայ, երբ այս մեծ գիտնականն ու մեծ փորձագրողը (էսսէիսթ), այդպիսի տասը հատորներու հեղինակ, ինծի պատմած է Գուրզադեան ընտանիքի վերջնականօրէն Հայաստան հաստատուելու պատմութիւնը՝ մէկ քանի անգամ փշաքաղելով հոգիս:
Գրիգոր Գուրզադեան Տէր Զօրի մահաստանէն ազատած սեբաստացի զոյգի մը զաւակը, ծնած է Պաղտատ: Հայր ու մայր կ’որոշեն Հայաստան փոխադրուիլ 1924 թուականին, երբ Գրիգորիկը երկու տարեկան էր, իսկ Տիկին Գուրզադեանը յղի էր երկրորդ զաւակով մը: Նիւթական կարելիութիւններ չունենալով հանդերձ, Գուրզադեանները իրենց մտածումը գործի վերածելով Պաղտատէն կը հասնին Թաւրիզ: Տեղացի հայերը ո՛չ միայն անհաւատալի կը գտնեն այդ ճամբորդութիւնը, այլ ինքնաշարժով մը Գուրզադեանները կը հասցնեն Արաքսի ափ: Դիւրութեամբ չէ, որ կ’անցնին գետը:
Արդէն Հայաստան են: Տարին 1924: Երկրին մէջ ուտելու հաց չկայ: Որբերու երկրին մէջ ի՞նչ հաց… Կը ծնի ընտանիքին երկրորդ զաւակը, որ շատ չանցած՝ կը մահանայ: Գրիգորիկ կ’ապրի, հասակ կ’առնէ: Ուրախութեամբ կը պատմէ, որ աշակերտած է աստղագէտ Վիքթոր Համբարձումեանին, ուսումը շարունակած է Մոսկուայի ու Լենինկրատի մէջ եւ դարձած աշխարհով մէկ ճանչցուած աստղաֆիզիկոս:
Այո՛, աստղաֆիզիկոս Գուրզադեանին հետ մէկ քանի պատեհութիւն ունեցած եմ իր ինքնաշարժով հասնիլ Գառնի, գիտութեան մասնագիտական իր կեդրոնը: Կրնամ հաստատել, որ Գառնիի մէջ բազմիցս առիթը ունեցած եմ դիտելու իր երփնագրերը: Երեք մասնագիտութիւններու տէր Գրիգոր Գուրզադեան շրջող հանրագիտարան էր: Միջնադարը կրկնող: Համեստօրէն ըսեմ, որ իր մասին դասախօսութիւն կարդացած եմ Լոնտոնի, Գահիրէի, Ալեքսանդրիոյ, Սիտնիի եւ Սան Ֆրանցիսքոյի մեր հայրենակիցներուն: Հետիոտն Հայրենիք հասած ընտանիքի մը՝ մեծերու կողքին մեծ դարձած ակադեմիկոս, աստղաֆիզիկոս Գրիգոր Գուրզադեանի մասին, որու վերջին հանգրուանին համար զլացուեցաւ Կոմիտասի անունը կրող մեծերու պանթէոնը: Մարդ, որ արժանի էր կոչուելու Եռամեծ…
Ա. Հ. – Քո՝ անցած տարի գրած 10 գրքերից ո՞րն է, որ ամենակարևորն ես համարում:
Թ. Թ. – Նախ շատ ուրախ եմ, որ ձեր տան գրադարանին մէջ ոչ միայն տեղ հատկացուցած էք փունջ մը գիրքերուս, այլ նաեւ կարդացած էք: Արմիկիս նուիրուած գիրքերն է, որ լաւագոյնը կը նկատեմ: Եթէ կարելի ըլլար վաթսուն տարի եւս ապրիլ անոր հետ՝ քիչ պիտի համարէի: Ինծի համար անկորնչելին կորսնցուցի 2011-ին, երբ ուղեղային արիւնազեղում ունեցաւ… Արմիկս ինծի համար կը մնայ մշտաներկայ:

Ա. Հ. – Դու այնքան համով պատմություններ ես արել մեր ժամանակակից մեծամեծների հետ քո հանդիպումների մասին: Հիշիր այստեղ դրանցից մեկը:
Թ. Թ. – Բազմաթիւ եղած են հանդիպումներս մեծերու հետ: Եթէ խնդրած էք մէկ անուն՝ ամօթով պիտի դժուարանամ, քանի որ մէկի մէջ պէտք է յիշեմ Պարոյր Սեւակը, որուն հետ իր տանը մէջ երեկոյան ժամը իննէն մինչեւ առաւօտեան եօթն անց տասնհինգ բարձրաձայն վիճած ենք մէկ նիւթի շուրջ՝ հայ ժողովուրդի յաւերժութեան…
Երկրորդը Համօ Սահեանն է, որ անձնական ըլլալուն չեմ ուզեր արձանագրել, ուրիշ մեծի մը հասցէին անասելի արտայայտութեան մը առկայութեան պատճառով:
Անուններուն շարքը չերկարեմ, բայց քանի մը անուն չյիշել՝ կարելի չէ: Շահան Շահնուր, որուն հետ զրոյց ունեցայ Ֆրանսայի Նիսս քաղաքի հայկական հանգստեան տան մէջ, իմանալով ու հաստատելով, որ այս անուանի գրողը երբեւիցէ չէ՛ր կտրուած հայ կեանքէն: Վկայ հայերէնով գրուած այն բազմաթիւ գիրքերը Հայաստանէն եւ Սփիւռքէն՝ իր ընթերցած ըլլալը հաստատող ընդգծումներով:
Անկեղծօրէն՝ հիացած էի: Ինչպէ՞ս չընել այս հաստատումը մեր անզուգական ու հեռատես գեղագէտին մասին, որ Արեւմտահայերէնը կրցաւ իւրօրինակ բարձունքի մը հասցնել:

Ա. Հ. – Հիշում եմ, թե ինչպես կամավոր հիմունքներով հանձն առար որոշակի օրերի, Ազատության հրապարակում սիրիահայ փախստականի կարգավիճակով Հայաստան եկածներին լսելու, գրի առնելու նրանց կենսագրություններն ու պատմությունները: Սա մի յուրատեսակ վիճակագրություն էր, որ պատվով իրականացրիր: Քանի՞ կենսագրություն հաջողեցիր փրկել անհայտությունից, քանիսի՞ն հաջողվեց ետ կանգնեցնել Հայաստանով մի ա՛յլ երկիր փախչելու մտադրությունից:
Թ. Թ. – Այո՛, վերահաս վտանգէ փրկուելու համար Սուրիայէն ու, մասնաւորապէս Հալէպէն 17.000 հայեր եկան Հայաստան: Այս երկիրը բոլոր հայերունը ըլլալուն, պետութիւնը իր դռները բաց պահեց բոլոր եկողներուն համար: Եկող, հաստատուողներէն հարիւր տասնչորս ընտանիքներու տղամարդոց հետ զրոյցի նստելով՝ աներկբայ կրնամ ըսել, որ անոնցմէ ոմանք մեկնած են ու պիտի մեկնին ոչ թէ հանգիստ ափեր, այլ որպէս հայ մեռնելու ափեր: Բայց կրնամ վստահօրէն շեշտել, որ անոնց մեծամասնութիւնը վճռեցին մնալ որպէս Հայաստանի քաղաքացի: Անոնց անունները թուել, անոնց չհաւատալ, երկբայել պիտի նշանակէ: Այս խնդիրին մէջ մեծը ոչ թէ իմ, այլ ենթականերուն եւ անոնց զաւակներուն բաժինն է: Այդ գիրքը հրատարակեցի հալէպահայ, Հայաստանի մշտակայ բնակիչի մը նուէրով:

Ա. Հ. – Դու ոչ միայն հետևում ես մեր ժամանակակից գրականությանը, այլև որպես թանկ խոհեր թղթին ես հանձնում տպավորություններդ քո կարդացած գրքերի մասին: Ասա խնդրեմ, դու, որ քաջածանոթ ես մեր գրականության բոլոր փուլերին, մանրամասներին, մեկ նախադասությամբ ինչպե՞ս կորակես մեր այսօրվա գրական դաշտը:
Թ. Թ. – Մեր երկիրը իր կեանքի անհատնում դարերու ընթացքին եթէ բազում յարձակումներու ենթարկուած է բոլոր կողմերէն, քստմնելի պայմաններու մէջ անգամ եղած է մշակոյթի՛ երկիր: Այսօր եւս, մեր փոքրիկ երկիրը վտանգի ենթակայ է: Բայց ինչպէս միշտ, պիտի շարունակէ մնալ մշակոյթի երկիր: Հաստատելու համար յայտնեմ, որ ժամանումէս մինչ օրս, արդէն տարի ու կէս, ներկայ գտնուած եմ աւելի քան 300 (երեք հարիւր) մշակութային ձեռնարկի, ստացած եմ մակագրուած 220 հատոր գիրք եւ այդ գիրքերու մեծամասնութեան մասին ստորագրած եմ 2500 էջ գրախօսական: Չէ՞ք հաւատար, դիմեցէք Երեւանի Եղիշէ Չարենցի անուան գրականութեան եւ արուեստի մշտաներկայ թանգարանի «Թորոս Թորանեանիե արխիւին, որ գոյութիւն ունի 1970-էն ի վեր, որ Բժշկական համալսարանը աւարտելուս տարին է: Այդ արխիւի հիմնումին պատճառը մեր մշակոյթին ամբողջութեամբ նուիրուած անմոռանալի Տիկին Ազնաւուրեանն է:
Ինչ որ գրեցի՝ տառացիօրէն ճշմարտութիւն է:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.