Պետրոս ԴԵՄԻՐՃՅԱՆ ՀԳՄ քարտուղար

Քանի՞ տասնամյակ է անցել Ե. Չարենցի հանճարեղ պատգամից`«Ո՜վ Հայ ժողովուրդ, քո միակ փրկությունը քո հավաքական ուժի մեջ է»: Եվ ահա, անկասկած, նույնքան անկեղծ մղումից դրդված, ծայր է առել համահայկականության ալիքը` ցավոք, հաճախ ունքը շտկելու փոխարեն, աչքը հանելու հետևանքներով: Օրինակները բազմաթիվ են Հայրենիքում թե Սփյուռքում` համահայկական կառավարություններ, ազգային ժողովներ ու համագումարներ, տնտեսական, գիտական, մշակութային, գրական միություններ, որոնք շատ անգամ միասնականության քարոզով նպաստում են միայն… անմիաբանությանն ու պառակտմանը: Ճիշտ Հակոբ Պարոնյանի նկատած սխեմայով` «Առաջադիմություն կպոռանք, ետ-ետ կերթանք»: Մասնավորապես, բոլորին է հայտնի 90-ական թվականների սկզբներին, անկախացման ալիքից ներշնչված և համահայկական մեծ հավակնություններով հանդես եկող գրողների մի խմբի կողմից Հայաստանի գրողների միությունից դուրս գալու և Հայ գրողների միության ստեղծման տխուր պատմությունը, որի արդյունքում այդ գրողների մեծ մասը գրական նահապետի` Սերո Խանզադյանի գլխավորությամբ, վերադարձավ մայր Միության գիրկը: Տարիներ անց Հայաստանի գրողների միության քարտուղար Աբգար Ափինյանը` Միության այն ժամանակվա ղեկավարության հետ ունեցած հայտնի տարաձայնությունների հետևանքով, հայտնվելով նրա պատերից դուրս, գոյավորեց Երևանի գրողների միությունը, որի գործունեությունը նույնպես այդպես էլ ոչնչով աչքի չընկավ, կարծում ենք, նախ և առաջ ճանաչված, վաստակաշատ, կարող ուժերի բացակայության պատճառով: Մեկ-երկու տարի առաջ էլ միացման-բաժանման, թվում է, անվերջանալի ալիքի մեջ գտնվող ամերիկահայ գրողների միություններից մեկը սկսել էր ակտիվորեն «հավաքագրել» Հայրենիքի և Սփյուռքի գրողներին (այդ թվում` նաև Հայաստանի գրողների միության անդամների), նրանց շնորհելով իրենց կազմակերպության պատվավոր անդամի կարգավիճակ, մոռանալով, որ հենց իրենց Միության անդամների մեծ մասը ՀԳՄ անդամներ են: Բարեբախտաբար, նախաձեռնության հեղինակները` թերևս հաշվի առնելով ՀԳՄ-ի համապատասխան արձագանքը, ներկայումս, կարծես թե, դադարեցրել են այդ գործընթացը:
Վերջերս այդ ամենին ավելացել է ևս մեկը, այսպես կոչված, Համահայկական գրողների միությունը` գրանցված այս տարվա մայիս ամսին, ՀՀ արդարադատության նախարարությունում: Անշուշտ, որևէ կարգավիճակով որևէ կառույց ստեղծելու իրավունք ունեն բոլորը, սակայն հարցն այն է, թե այդ կառույցը ի՞նչ նպատակներ է հետապնդում (կամա թե ակամա) և չի՞ կրկնում կամ չի՞ խոչընդոտում արդյոք նմանատիպ այլ կառույցների գործունեությունը: Տվյալ դեպքում դժվար չէ կռահել վերոհիշյալ միության ստեղծման շարժառիթը` նորաստեղծ կառույցի անվանման միջոցով շփոթ ստեղծել գրական դաշտում և մտավորական ու գրասեր հասարակության մեջ` ոչ միայն անվանումի հապավման` ՀԳՄ-ի, այլև գրողների միություն, գրողների միության նախագահ, քարտուղար և այլ ձևակերպումների օգտագործմամբ:
Ինչո՞ւ ենք այսպես կարծում. որովհետև ինչպես այս նոր կառույցի նախաձեռնող-նախագահ Աբգար Ափինյանին, այնպես էլ Արդարադատության նախարարության համապատասխան մարմիններին պետք է որ քաջ հայտնի լիներ Հայաստանի գրողների միություն անվանումով ավելի քան ութ տասնամյակ մեր երկրի գրական-մշակութային կյանքում վիթխարի դերակատարություն ունեցած և ունեցող կազմակերպության գոյությունը, որի ինքնությունը զանգվածային ընկալումներում վաղուց արդեն ձուլվել է ՀԳՄ, Գրողների միություն և դրանցից ածանցված անվանումներին: Մանավանդ` տարակուսանք է հարուցում այն, որ Համահայկական գրողների միությունը պաշտոնապես գրանցվել է առանց անվանման կրճատ տարբերակի` հապավման (որ ՀԳՄ պետք է լիներ և, բնականաբար, անմիջապես հայտնի դարձներ մեր նշած շփոթի պարագան: Ի դեպ, նույն անձանց նախաձեռնությամբ վերստեղծված «Հայրենիքի ձայն» ամսաթերթի անդրանիկ համարի տարբեր հրապարակումներում արդեն իսկ մի քանի անգամ օգտագործվել են նշված ձևակերպումները, ինչը մեկ անգամ ևս հաստատում է մեր մտահոգությունը): Եվ ապա` մեզ (և կարծում ենք, ողջամիտ շատ մտավորականների) համար պակաս հետաքրքիր չէ, թե ովքե՞ր են այդ Համահայկական գրողների միության համահայկական, այսինքն` Սփյուռքը ներկայացնող անդամները, երբ, կրկնում ենք, հայտնի է, որ սփյուռքահայ մեծ ու փոքր բոլոր համայնքների ճանաչված ու որոշակի վաստակ ունեցող հարյուրից ավելի գրողներ վերջին մի քանի տարիներին անդամագրվել են Հայաստանի գրողների միությանը: Ի դեպ, նույնը վերաբերում է նաև Հայաստանի, Արցախի, Ջավախքի գրողներին: Թվարկածից դուրս են մնում, թերևս, միայն արդեն հիշատակված Հայ գրողների միության և Երևանի գրողների միության մի քանի` մեծ մասամբ գրական աշխարհին անհայտ անհատներ, որոնք և, ինչպես պետք է ենթադրել, իրենց նախագահի` Աբգար Ափինյանի հետ միասին, կազմավորել են համահայկական մեծագույն գործերի հավակնություններ ունեցող այդ կազմակերպությունը (հետաքրքիր է, սույն ակցիայից հետո, դրանք պահպանո՞ւմ են իրենց իրավական գոյությունը, թե՞ լուծարվել են: Իսկ եթե ոչ` քանի՞ միության նախագահ կարող է լինել նույն անձը` Աբգար Ափինյանը): Մնացածը թվաբանության խնդիր է: Ինչ վերաբերում է այդ կազմակերպությանը անդամագրված Հայաստանի գրողների միության անդամներին (եթե կան), ապա նրանք պետք է կողմնորոշվեն հետագա անդամության հարցում` ՀԳՄ կանոնադրությանն ու իրենց բարոյական պատասխանատվությանը համապատասխան:
Այս ամենը նշելով, սակայն, մենք ամենևին էլ դեմ չենք որևէ նոր գրական կազմակերպության ստեղծմանն ու գործունեությանը, եթե այն ուղղված է լինելու մեր ժողովրդի գրական-մշակութային կյանքի աշխուժացմանը: Սակայն, կրկնում ենք, մեր առարկությունը գրական և գրասեր հասարակությանը մոլորեցնող, նրանց շրջանում շփոթ առաջացնող անվանումներին օրինական ընթացք տալն է, որը, կարծում ենք, ենթակա է վերանայման: Այլապես այսուհետ ևս չարենցյան հանճարեղ պատգամը կմնա թղթի վրա:

Տպագրվում է սեպտեմբերի 12-ի
ՀԳՄ նախագահության նիստի որոշմամբ

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.