ԱՆԱՀԻՏ ԹՈՓՉՅԱՆ

Անահիտ ԹոփչյանՀԳՄ վարչությունը
շնորհավորում է դերասանուհի, արձակագիր, թարգմանիչ
ԱՆԱՀԻՏ ԹՈՓՉՅԱՆԻՆ
ծննդյան հոբելյանի առթիվ

«Գրական թերթը»
միանում է շնորհավորանքին
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական հեռագիր է հղել ՀՀ վաստակավոր արտիստ, դերասանուհի, արձակագիր, թարգմանիչ Անահիտ Թոփչյանին ծննդյան հոբելյանի առթիվ՝ մաղթելով քաջառողջություն, երջանիկ կյանք, ստեղծագործական նորանոր իրագործումներ:
«Դուք մեր ճանաչված մտավորականներից և օժտված արվեստագետներից եք, որի տաղանդը դրսևորվել է արվեստի և գրականության ասպարեզներում:
Մարդկային էության ամենանուրբ եզրերը չեն վրիպում Ձեր ստեղծագործ հայացքից: Ձեզ հաջողվել է կերտել տպավորիչ կերպարներ, որոնք հայ թատրոնի և կինոյի տարեգրության նշանակալի էջերից են»,- ասված է Հանրապետության Նախագահի շնորհավորական հեռագրում:

Մովսես ՀԵՐԿԵԼԵԱՆ
Կեանքին Մէջ՝Կը Խաղար
Բեմի Վրայ Կ’ապրէր

Այն ինչ որ թուղթին պիտի յանձնեմ քանի մը անգամ պատմած եմ տարբեր առիթներով, ընդ որում նաև Անահիտի և Ալիքի ներկայութեան Պէյրութի մեր տան մէջ: Կ՛ենթադրեմ որ Անահիտի յոբելեանին լաւագոյն առիթն է գրի առնելու մեր ծանօթացման այս տարօրինակ պատմութիւնը:
Սաստիկ ձմեռ էր, ձիւն, բուք ու բորան: Սօս Սարգսեանի գլխաւորութեամբ պիտի հաւաքուէինք Ծաղկաձորի Գրողներու Միութեան Հանգստատունը: Կարգադըր-ված էր որ Վարուժան Խտըշեանն ու ես պիտի մեկնէինք Աղասի Այվազեանի ինքնաշարժով: Ան նոր «Ժիկուլի» ստացած էր, իսկ իր քովը նստած՝ Ստեփան Ալաջաջեանը կոկորդի նոր վիրահատման ենթարկուած՝ կը խօսէր մարդամեքենայի առոգանութեամբ: Վարուժանն ու ես տեղաւորուած էինք ինքնաշարժի ետեւի նստարանը: Խօսակցութիւնը կը դառնար ձմեռուայ խստութեան և ներկաներու թուաքանակի շուրջ: Ընթացքին յանկարծ Այվազեանը տուաւ նաև Անահիտ և Ալիք Թոփչեաններու անունները: Վարուժանը նստած տեղը շտկուեցաւ, դիրք բռնեց, ինծի դարձաւ ու արաբերէնով ըսաւ.
– Դուն լուր ունէիր որ Անահիտը ներկայ պիտի ըլլայ:
– Ո՛չ, լուր չունէի:
– Ուրեմն ինծի նայէ, այս գիշեր «ռեստորան» պիտի երթանք, և Անահիտը իմ քովս պիտի նստի, հասկցա՞ր:
Ես գիտէի թէ Վարուժանը իր բեմադրած Նիլ Սայմոնի «Հանրային Պարտէզին Մէջ Ոտաբոպիկ» ներկայացման մէջ, գլխաւոր դերը Անահիտին վերապահած էր, սակայն «հարկադրաբար» ուրիշի մը տուաւ… բնաւ չէի գիտեր որ, այլ հաշիւներ ու այդքան մեծ տկարութիւն ունէր Անահիտին հանդէպ: Զգացի որ այդ օր Անահիտին իր քովը նստեցնելը շատ կարեւոր էր իրեն համար: Հակառակ իր յարձակողական ոճին, հանգիստ ձայնով ըսի.
– Վարուժ, կարիք չկայ կռիւ ստեղծելու, մանաւանդ որ ես հարց չունիմ: Ո՞վ չ’ուզեր որ Անահիտը իր քովը նստի: Սխալ մի հասկնար: Այո, գեղեցիկ կին է, հմայիչ ու տաղանդաւոր, սակայն ոչ մէկ ծրագիր ունիմ քովը նստելու: Ես միայն բեմէն կը ճանչնամ զինք: Ամուսինը ընկերս է, սակայն առիթ չէ եղած որ ծանօթանամ իր հետ: Ուր կ’ուզէ թող նստի: Ես հարց չունիմ:
– Արդէն սկսար, հոս նայիր, իր ներկայութեան դուն քեզ զուսպ և կիրթ կը պահես: Աւելորդ պակաս «քոմփլիմենդներու» կարիքը չկայ… մազերը կարճ են եղեր, երկար են քեզի չի խառնուիր:
– Չեմ հասկնար, Վարուժ, ամուսինը հետը պիտի ըլլայ ըսի, ես ծանօթ չեմ իրեն, և անիմաստ տեղը հետս կը սակարկես…
– Որովհետև այնճարցի ես, ամէն տեղ ամէն ինչ կը խօսիս, մազերէն կը սկսիս և ո՞ւր կը հասնիս չես գիտեր:
– Լաւ, ի՞նչ կ’ուզէս որ ընեմ, արհամարհե՞մ զինք:
– Տեսա՞ր, մէկ ծայրահեղութենէն միւսը կ’անցնիս: Դուն քեզ հանգիստ պահէ կը բաւէ: Անահիտը իմ քովը պիտի նստի այսօր. հասկցա՞ր: Չըլլայ որ խանգարես:
Թէև Վարուժանին արտայայտուելու ոճը կոպիտ էր և տհաճ, այնուամենայնիւ լռեցի: Լռեցի, որովհետև երկու յարգարժան գրողներու ներկայութեան կը խօսէինք իրենց անհասկնալի լեզուով մը և պարբերաբար կը կրկնէինք Անահիտի անունը: Պահ մը լռութիւն տիրեց ինքնաշարժէն ներս, որ այնքան ալ հաճելի չէր: Լռութիւնը խզեց Այվազեանը.
– Ի՞նչ է, Վարուժան, հաւանո՞ւմ ես Անահիտին:
– Ո՞վ չի հաւնիր« պապամ, դուն չե՞ս հաւնիր: Այս մարդն ալ (ակնարկելով ինծի) երկար մազերուն զարնուած է: Աս ի՞նչ կը հասկնայ գեղեցիկ կինը ի՞նչ է, Անահիտը ո՞վ է: Դերասանական խաղ կայ, թատրոն կայ, արուեստ կայ: Մազերը գեղեցիկ են եղեր, երկար են եղեր, է՞, յետոյ ի՞նչ, վերջացա՞ւ…
Ես խոհեմաբար շարունակեցի լռել, իսկ զրոյցը կանգ առաւ թատրոնի վրայ, ապա անցաւ ֆիլմարուեստին ու շարունակուեցաւ գրականութեամբ: Հասանք: Մեզ առաջնորդեցին առաջին յարկի մէկ սենեակը, ուր որոշ չափով հանգստանալէ և կազդուրուելէ ետք, երեկոյեան դուրս ելանք ճաշարան մեկնելու: Չեմ գիտեր Վարուժանի չար բախտէն թէ իմ լաւ բախտէս նոյն ատեն քովի սենեակէն դուրս ելան Անահիտն ու Ալիքը միասին: Ոտքի վրայ ողջագուրուեցանք: Անահիտը ջերմութեամբ ընդունեց մեզ: Ալիքը զիս Անահիտին ներկայացուց բաւականին բարձր գովասանքներով: Անահիտը անմիջապէս սկսաւ հետաքրքրուիլ ինձմով: Վարուժանը զայրացած դարձաւ Ալիքին ու ըսաւ.
– Գո՞րծ ըրիր հիմա: Ի՞նչ կը գովես կոր ասոր, ի՜նչ գրող… ի՜նչ արուեստ, չես տեսներ որ մուսալեռցի է, ասոնք ականջ կտրողներ են, ուրիշ բանէ չեն հասկնար:
Ալիքը նախ փորձեց առարկել, հետոյ կատակի տուաւ, իսկ Անահիտին աւելի հետաքրքրեց մուսալեռցիներուն ականջ կտրող ըլլալու հանգամանքը: Եւ երբ կը պատրաստուէինք մեկնելու, յանկարծ Անահիտը նշմարեց որ վերնաշապիկիս մէկ կոճակը փրթած է, ի հեճուկս Վարուժանին, ձեռքս բռնեց ու ներս հրաւիրեց ամրացնելու: Սենեակը տաք էր, չես գիտեր ուրկէ ասեղ և դերձան գտաւ, վերնաշապիկս հանել տուաւ ու սկսաւ կոճակը կարել: Դուրսը Ալիքն ու Վարուժանը կը զրուցէին, սակայն Վարուժանի ձայնը անհանգստութեան նշաններ ցոյց կու տար: Ի վերջոյ ան գոռաց.
– Ի՞նչ կ’ընէք ներսը, ժողովուրդը սոված է, մեզի կը սպասէ:
Ես ձայն չհանեցի: Անահիտը պատասխանեց.
– Քիչ մը սպասեցէք, կոճակ կարելը այդքան ալ դիւրին չէ:
Կոճակ կարելու արարողութիւնը բաւականին երկար տևեց: Ալիքը ամէն ինչ բնական ընդունելով հանգիստ կը սպասէր: Սակայն Վարուժանը տագնապի նշաններ ցոյց կու տար երբեմն բարձրաձայն կը հազար և կամ ուշացած ըլլալու յիշեցումներ կը կատարէր: Ի վերջոյ դուռը հրեց ու ներս մտաւ: Զիս առանց վերնաշապիկի տեսնելով «օ՜հօ՜» գոռալով այնպէս մը նայեցաւ ինծի, կարծես թէ մեծ յանցանք մը գործած էի: Դուրս ելանք: Անահիտը Ալիքին թևը մտած Գրողներու Հանգստատան զառիվարէն (այն ատեն դեռևս զառիվարի աստիճանները չէին շինուած) սառած ձիւնին վրայէն սղելով արագ հեռացան մեզմէ: Վարուժանը սկսաւ.
– Անահիտին ըսի՞ր թէ դուն երկար մազեր կը սիրես:
– Ո՛չ, չըսի:
– Հապա ի՞նչ խօսեցաք:
– Պարապ բաներ:
– Պարապ բանե՞ր, այո, պարապ բաներ: Նայի՛ր, դուն տղամարդու խօսք տուիր որ խելօք պիտի մնաս: Վարը յանկարծ համը չհանես: Նկատի առ որ Անահիտը հաստատ քովս պիտի նստի… Սօսն ալ լուր ունի: Յստա՞կ է ամէն ինչ:
Հակառակ անոր որ «յստակ է» ըսի ու խօսք տուի, Վարուժանը ճանապարհին նոյն բաները կրկնեց անընդհատ: Ներս մտանք ճաշարան: Բոլորը հոն էին բացի Խորէն Պալեանէն որ գրեթէ մեր հետ հասաւ և ծանուցեց թէ Լուսինէն (Զաքարեան) ներկայ պիտի չըլլայ հոգնածութեան հետևանքով: Բոլորը դժգոհ մնացին իսկ Վարուժանը յայտարարեց թէ դժբախտաբար երկուքի փոխարէն միայն մէկ կին պիտի ունենանք սեղանի վրայ և ան ալ իր քովը պէտք է որ նստի: Եւ քանի որ միակ բեմադրիչն է, ինք պիտի որոշէ թէ ո՞վ ո՞ւր պիտի նստի: Ներկաները համակերպութեան նշաններ ցոյց տուին, իսկ Վարուժանը անցաւ գործի: Սեղանը բաւականին երկար էր: Նախ Ալիքին սեղանին գլուխը նստեցուց առանձին, ինք գրաւեց աջ կողմի կեդրոնի աթոռը, ճի՛շդ դիմացը նստեցուց Սօս Սարգսեանին, անոր ձախ կողմը՝ զիս, իսկ միւսները՝ Զօրի Բալայեանին, Ալպեր Մկրտչեանին, Խորէն Պալեանին, Ստեփան Ալաջաջեանին, Աղասի Այվազեանին և միւսներուն ցրուեց ըստ պատահականութեան, ազատ ձգելով իր երկու կողմը, այսիքն Լուսինէի և Անահիտի աթոռները: Սօսը նշմարելէ ետք որ Վարուժանի երկու կողմերը ազատ են, ելաւ և գնաց նստաւ Վարուժանի աջ կողմը, յայտարարելով որ կ’ուզէ իր «արիւնակից» եղբոր (անոնք օր մը իրենց ձեռքի երակները վիրաւորեցին ու արիւնները իրար խառնեցին) քովը նստիլ: Այսպիսով ազատ մնացին Վարուժանի ձախ կողմն ու իմ աջ կողմը: Վարուժանը զգալով վտանգը անմիջապէս ըսաւ.
– Անահիտն ալ կը նստի իմ քովը:
Անահիտը որ մինչ այդ անշարժ մնացած էր ոտքի, մէկ Վարուժին նայեցաւ մէկ ինծի և ապա ըսաւ.
– Ո՛չ, ես Մովսէսին քով կը նստիմ:
Իմ համբերատար ընթերցող՝ կացութիւնս բաւականին բարդ էր և ճակատագրական: Վարուժանին նայուածքը սպառնալից, յանդիմանական ու աղաչական էր միաժամանակ: Խնդիրը լուրջ էր: Պէտք է փրկէի կացութիւնը: Խօսքիս տէրը ըլլալու համար ոտքի ելայ և ըսի.
– Անահիտ ջան, ներող կը լինես, իմ քովը նստիլը այնքան ալ դիւրին չէ, ես մուսալեռցի եմ: Դուն երկար, ուղխինահոս վարսեր ունես, զոր գլխուդ վրայ հաւաքել ես հացթուխի նման: Եթէ իմ քովս պիտի գաս, ապա պէտք է որ քակես մազերդ և ուսերուդ վրայ փռես ջրվէժի պէս…
Անահիտը նախ նշանակալից նայեցաւ ինծի, ապա խուզարկու հայեացք մը պտտցնելէ ետք ներկաներուն վրայ, ետ դարձաւ ու գնաց: Զարմացած ու շուարած էին բոլորը: Շուարած էի նաև ես, որովհետև չէի գիտեր ճի՞շդ ըրի թէ սխալ: Վարուժանը կարծես թէ գոհ էր ինձմէ: Դառնալով ինծի իբրև թէ ցած ձայնով (թէև բոլորն ալ լսեցին) ըսաւ.
– Եղա՞ւ հիմա, Անահիտին պէս, «լեյտիի» մը հետ այդպէ՞ս կը վարուին:
Այս անգամ ես խիստ յանդիմանական նայուածք մը նետեցի վրան ու ինք հասկցաւ պէտք եղածը ու լռեց: Լռեցինք բոլորս: Անահիտը ուշացաւ: Ոմանք առաջարկեցին ետեւեն երթալ սակայն Ալիքը հանգստացուց և ըսաւ.
– Կարիք չկայ՝ հիմա կու գայ:
Երբ արդեն ներկաները սկսած էին համակերպուիլ Անահիտի բացակայութեան, յանկարծ ան հեռուէն երեւցաւ: Քալուածքը թատերական էր ու սիգաճեմ: Ուղխինահոս ծամերը փռած էր մերկ ուսերուն վրայ ու ինքնավստահ կը յառաջանար դէպի սեղանը: Հիացական բացագանչութիւններու և ծափողջոյններու տարափին տակ եկաւ կեցաւ դիմացս ու «պալէ» պարուհիի նման աջ ոտքի մատներուն վրայ 360 աստիճան «ֆռռաց»: Երկար վարսերը ծփացին միջոցին մէջ, բազմապատկելով անոր կանացի հմայքը ու գրաւչութիւնը: Ապա կանգ առաւ ու նայուածքը խրելով աչքերուս մէջ կարծես ըսել կ’ուզէր. «Հը՞, հիմա՞ ինչ կ’ըսես»: Ես պարտուած էի անոր շքեղ գեղեցկութեան դիմաց: Ոտքի ելայ: Նախ նայուածք մը նետեցի սեղանի երկայնքն ի վար, հասկցնելու համար որ «պահանջս» տեղին էր և ապա չափազանց յարգալից կողքիս աթոռը առաջարկեցի անոր: Չէի համարձակեր Վարուժանին կողմը նայիլ: Գիտէի որ վտանգը մեծ է և յղի անակնկալներով: Անահիտը հազիւ նստած հին մտերիմի մը նման ականջիս փսփսաց.
– Կարմի՞ր գինի կը սիրես թէ ճերմակ:
– Ոչ մէկը և ոչ ալ միւսը:
Տեսնելով մեր «մտերմութիւնը», Վարուժանը կատղած ոտքի ելաւ: Սօսը զգալով պահի լարուածութիւնն ու կացութեան փխրուն վիճակը, ինք ևս ոտքի ելաւ, ձեռքը դրաւ Վարուժանի ուսերուն և իբրև վաւերական թամատա առաջարկեց խմել Անահիտի (առանց մոռնալու Լուսինէին) կենացը: Անոր «մազերը քակելու» վարուելակերպը համարեց նուէր մը մեր բոլորիս, յատկապէս Վարուժանին որ գիտէ գնահատել հմայիչ կիներու գեղեցկութիւնն ու տաղանդը ու ճի՛շդ կողմնորոշուիլ դերասա- նուհի ընտրելու պարագային:
Իմ անահիտասէր ու արդարամիտ ընթերցող՝ Վարուժանի և իմ ակամայ քաշքշուքներու մէջ՝ երկուքս ալ պարտուեցանք: Յաղթողը Անահիտն էր՝ իր գեղեցկութեամբ ու կանացիութեամբ հանդերձ:
Այսպէս էր Անահիտը, կեանքին մէջ կը «խաղար», իսկ բեմի վրայ «կ’ապրէր»:
Յուլիս, 2017, Մոնդրէալ

* * *
Հայ մարդու, հայ արվեստագետի և հայ գրողի խորքային գիտակցությամբ ապրող ու ստեղծագործող Անահիտ Թոփչյան, հավաքական կերպարն է հայու այն որակին, որով կհատկանշվի մեր ազգային կենսակերպը:
Սալբի Գասպարյան, «Զարթոնք», Բեյրութ, 20 հունվարի 2002 թ.

* * *
Անահիտ Թոփչյանը հեռու էր ստերեոտիպ դարձած հայ հերոսուհու կերպարից: Նրա արիստոկրատիզմը և «անհարկի» ինտելեկտը որոշակիորեն չէին մերվում մեր ռեժիսորների՝ հայուհու կերպարի պատկերացման մեջ: Հայտնվելով Փարիզում, Անահիտն անսպասելի բացահայտեց իր տաղանդի մեկ այլ կողմը: Պարզվեց, որ նա թատրոնին կարող է ծառայել ոչ միայն որպես դերասանուհի, այլև որպես չափազանց ինքնատիպ դրամատուրգ: Ժողովածուի մեջ ամփոփված նրա պատմվածքները յուրատեսակ մոնոներկայացումներ են՝ լի հումորով և միաժամանակ ողբերգականությամբ: Այսինքն՝ դրանք պետք չէ պատմել, այլ պետք է կարդալ: Գրքում արտացոլված է Հայրենիքից հեռացած, բայց իր անհատականությունը պահպանել ձգտող մարդու դառը փորձը:
Արմեն Վաթյան, «Ռեսպուբլիկա
Արմենիի», 10 նոյեմբերի, 1998 թ.

* * *
Նրան կարող եմ անվարան համարել հմայիչ կին, գեղեցիկ դերասանուհի, տաղանդավոր գրող: Երեք տարբեր բնույթի տաղանդ է տեղավորվել նրա հոգում: Աստված թող շատ չհամարի, սակայն կարծում եմ՝ դեռ քիչ եմ ասում Անահիտ արվեստագետի մասին:
Անահիտ Թոփչյանը ամեն առումով մեր գրական և արվեստի բնագավառում կմնա իբրև անկրկնելի երևույթ:
Անահիտ Երեմյան, «Մասիս» օրաթերթ, Պասադենա, 20 մայիսի, 2000 թ.

* * *
Նման պատմվածքներ հազվադեպ կարելի է ընթերցել մեր օրերում՝ որտեղ սրամտության քողի տակ սրտակցություն կա` մարդկային չստացված ճակատագրերի հանդեպ, ճիշտ ընտրված կերպարների, միջավայրի, իրավիճակների շնորհիվ պատմությունը ձեռք է բերում քսաներորդ դարի արձակի առաջատար գրողների՝ Սարոյանին, Մարկեսին, Կորտասարին, Օեին բնորոշ ֆանտասմագորիկ պատկերավո- րություն:
Վ. Թաթիկյան, «Ազգ»,
10 դեկտեմբերի 1998 թ.
* * *
«Չգիտեմ, երևի կգրվի՞ մեր այս վերջին տարիների տարագրության պատմությունն ամբողջությամբ: Բայց եթե որևէ պատմաբան փորձի այդպիսի գիրք ստեղծել, ապա շատ կուզեի, որ ծանոթ լիներ «Lady S.D.F.» գրքին: Ցավով գրված այսպիսի շատ քիչ գրքեր եմ կարդացել: Ու այսքան ճշմարիտ… Անահիտ Թոփչյանն ինչ արել է բեմում ու կինոյում, արել է մեծ ներշնչանքով, պոռթկումով: Դա անհետ չի անցել ո՛չ իր, ո՛չ էլ ուրիշների համար: Այս անգամ գրող Անահիտ Թոփչյանն է պոռթկացել: Այդ ճիչը սարսռեցնում է»:
Ս. Գալոյան, «Ազգ»,
16 հոկտեմբերի 1999 թ.

* * *
Անահիտի պատմվածքները զարմանալիորեն կինեմատոգրաֆիկ են, զարմանալիորեն` բեմական: Դրանք, ասես, խաղացված են դերասանուհի-գրողի կողմից, ըստ որում նա ոչ միայն հորինում է, ոչ միայն խաղում է ինքն իրեն` կատարելով ի սկզբանե նրան բնորոշ գեղեցիկ կնոջ կյանքի դերը, այլև խաղում է ծեր, հիվանդ կանանց, նույնիսկ տղամարդկանց ու երեխաների դերերը: Ավելին, նա հմտորեն բեմականացնում է այդ պատմությունները` դառնալով բեմադրիչը, կինոնկարիչը, կոմպոզիտորը, ձայնային օպերատորը և նույնիսկ լուսավորողը: Նա անում է ամեն ինչ և անում է գերազանց` նախանձելի երևակայությամբ և հնարամտությամբ, որովհետև ազատ է և տաղանդավոր»:
Կարեն Քալանթար, «Նովոյե վրեմյա», Երևան, 9 փետրվարի 1999 թ.

* * *
Այս երկը («Անհետացում») բնագիծ ենք համարում ժամանակակից արձակում: Քիչ կան մեզանում լինելութեան պայմանականութիւններից վեր բարձրացող նման ստեղծագործություններ, որոնցում կարող ենք ճանաչել ինքներս մեր անհատականությունը, մեր երկրի ճշմարիտ զարգացման փնտրված հունը»:
Սուրեն Դանիելեան, «Օրեր»,
Պրահա, N5, 2010 թ.

* * *
Անահիտ Թոփչեանը իր նոր վեպով սփիւռքահայ և հայրենի ընթերցողին կը վերադարձնէ ընթերցանութեան հաճոյքը, անոր համն ու հոտը: «Անհետացում» վեպը մեր նորագոյն արձակի նուաճումներէն է:
Պողոս Գուբելյան, «Ասպարեզ»,
Գլենդեյլ, 1 նոյեմբերի, 2010 թ.

* * *
Անահիտ Թոփչյանի հերոսը՝ օրավուր ահագնացող բարոյալքման ու ոգեզրկման միջավայրում՝ անզիջում անհատն է, ինքնապավեն պայքարի մարտիկը՝ ընդդեմ կեղծ բարեպաշտության, ընդդեմ ցինիզմի ու ընդդեմ մարդու ոգեղեն թռիչքները կասեցնող ամեն տեսակի խաթարումների… Ընդդեմ նախանձի ու չարության, առանց պատճառի ատելության, հանուն սիրո, հանուն ինքնակատարելության, հանուն ճշմարտությա՛ն ի վերջո, որի խեղաթյուրված շահարկումների դեմ բացահայտում անելու միանգամայն մարդկային ձգտումը ևս ներքին բարոյականության պահանջն է, եթե ո՛չ ամենից կարևորը:
Գոհար Գալստյան, «Հորիզոն», դեկտեմբեր, Մոնրեալ, 2011 թ.

* * *
Անահիտի «Անհետացում» վեպն ունի ոչ միայն ազգային, այլև համամարդկային հնչեղություն և տարողություն, ի մասնավորի մեր ժամանակներուն համար, ուր գրեթե համատարած երևույթ դարձեր են սուտին ու կեղծիքին խնկարկումն ու փառաբանումը և արժանավորին անտեսումն ու ոտնահարումը… Հուսկ՝ միջակություններու տիրապետումը և լավագույններու լուսանցքայնացումն ու անհետացումը:
Երան Կույումճյան, «Ազատ ձայն», հունվար, 2011 թ., Կիպրոս, Նիկոսիա

* * *
Անահիտի այս գիրքը մի գեղեցիկ զարդ է: Մի ամբողջ օր շարունակ «Տագնապ»-ի հետ էի, իմ սենյակի մենության մեջ: Մի կատարյալ խրախճանք էր:
Վարդենի Բեդանյան, «Գրական թերթ», 5 հոկտեմբերի 2012թ.

* * *
Անահիտ Թոփչեան՝ իր «Տագնապ» վէպին, ինչպէս եւ այլ վէպերուն ու պատմուածքներուն մէջ, կը ցուցաբերէ կեանքի խոր իմացութիւն, խորաթափանց ու խորազնին հոգեբանի հայացք, յանդգնութիւն՝ ընթանալու հայ գրական արձակի դեռեւս անկոխ ուղիներէ… և, անշուշտ, գեղարուեստական բարձր ճաշակ: Ան արուեստագէտ է իր համակ էութեամբ, այդ բառին ամբողջական և խորագոյն իմաստով:
Երան Կույումճյան, «Ազատ Խոսք», Կիպրոս, 17 սեպտեմբեր, 2012 թ.

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.