Շեքսպիրի հետ

Արմեն Խանդիկյան«Վան Արյան» հրատարակչատունը լույս է ընծայել «Արմեն Խանդիկյանի շեքսպիրականը» հոդվածների ժողովածուն` նվիրված անվանի բեմադրիչի ծննդյան 70 և թատերական գործունեության 50 ամյակներին: Խանդիկյանը մի քանի տասնյակ բեմադրություններ է իրականացրել, որոնց շարքում առանձնապես ուշագրավ է նրա շեքսպիրականը` «Համլետ», «Մակբեթ», «Ռոմեո և Ջուլիետ», «Հուլիոս Կեսար», որոնք ինքնատիպ գունագծերով ու նորովի հարստացրել են ոչ միայն Դրամատիկական, այլև` ժամանակակից հայ թատրոնի խաղացանկը: Ժողովածուն կազմել են Նորայր Ադալյանը և Վան Արյանը: Այստեղ զետեղված են Լևոն Մութաֆյանի, արվեստագիտության թեկնածու Թամար Հովհաննիսյանի, նշանավոր թատերագետ Ալեքսանդր Բարտոշևիչի, Սոնա Մելոյանի, Նորայր Ադալյանի, Վան Արյանի հոդվածները, որոնք ժամանակին լույս են տեսել հայ և ռուսալեզու պարբերականներում: Գրքում կան լուսանկարներ բեմադրություններից և «Հավելված» բաժին` «Ռեժիսորը. Դիմանկարի փորձ», «Արմեն Խանդիկյանի բեմադրական փորձերը» վերլուծականներով:
Ժողովածուն կազմողներն իրենց նախաբան խոսքում նշում են, որ Հայաստանի ժողովրդական արտիստ, Պետական մրցանակի դափնեկիր Արմեն Խանդիկյանի ստեղծագործության մասին հրապարակվել են բազմաթիվ թատերագիտական հոդվածներ, ուշադրության են արժանի նրա հետ տասնյակ հարցազրույցները, որոնցում նա արտահայտում է իր կարծիքը հասարակական կյանքում թատրոնի դերի և նշանակության վերաբերյալ, թատրոն երևույթի իր տեսլականը, որտեղ առկա են բեմական արվեստի ընդունված սահմանադրության նորովի որոշ ընկալումներ: «Մենք կանգ առանք խանդիկյանական շեքսպիրականի վրա, որը, մեր կարծիքով, ավելի խորին ու առանձնահատուկ գունագծերով է ցուցադրում նրա ակնառու ներկայությունը հայերիս թատրոնի նորագույն պատմության մեջ»,- ասում են կազմողները: Թարգմանիչ Հովհաննես Մասեհյանը, այնուհետև արտիստներ Պետրոս Ադամյանն ու Սիրանույշը կառուցեցին հայալեզու շեքսպիրականի հիմքերը, նրանց մեծ գործը զարգացրին Հովհաննես Աբելյանը, Վահրամ Փափազյանը, Հրաչյա Ներսիսյանը, Ավետ Ավետիսյանը, Խորեն Աբրահամյանը, Սոս Սարգսյանը, Տիգրան Լևոնյանն իր օպերային Օթելլոյով և ուրիշներ: Ձևավորվեց ու ամբողջացավ հայ շեքսպիրականը գրականության մեջ և թատրոնում, որ հայերիս շքեղաշուք մշակութային երևույթներից է: Այս դաշտում Արմեն Խանդիկյանի բեմադրությունները ոչ միայն նրա, այլև նորագույն հայ թատրոնի ակնառու նվաճումներից են և լավագույնս բնորոշում են մեր հազարամյա բեմական արվեստի համամարդկային էությունը:
«Արմեն Խանդիկյանի շեքսպիրականը» գիրքը հասցեագրված է հայ արվեստասեր մարդկանց, որոնք, ցավոք սրտի, ներկայումս քիչ են, բայց մեր հոգևոր կյանքը դեռևս շնչում է նրանց շնորհիվ:

Շ. ԵՐԻՑՅԱՆ

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.