Լիտվական հետքերը Հայաստանում / Էրիկաս ՊԵՏՐԻԿԱՍ

Էրիկաս ՊԵՏՐԻԿԱՍԷրիկաս ՊԵՏՐԻԿԱՍ
Հայաստանի Հանրապետությունում
Լիտվայի Հանրապետության
արտակարգ և լիազոր դեսպան

Եթե Երևանի փողոցներում խոսեք տեղի բնակիչների հետ և հարցնեք, թե ինչ գիտեն նրանք Լիտվայի մասին, կզարմանաք` իմանալով, որ բավականին շատ բան գիտեն: Հայերը հաստատ Լիտվան չեն շփոթում մերձբալթյան հարևան երկրների հետ, իսկ շատերը կարոտով են հիշում այն ժամանակները, երբ հյուրընկալվում էին Լիտվայում: Ուղիղ Արևմուտք էին թռչում ոչ թանկ տուրիստական կամ ամուսնական ճանապարհորդության` այդ ժամանակ իրականացվող դեռևս ամենօրյա չվերթով` Երևան-Վիլնյուս, վաճառում էին մեխակներ կամ երևանյան «Նաիրի» ֆաբրիկայի արտադրած գունավոր կոշիկներ, որոնք այն ժամանակ մեծ պահանջարկ ունեին, կամ այցելում էին Լիտվայի խորհրդային բանակում ծառայող հարազատներին:
Այժմ սովորական հայի համար Լիտվան աշխարհում առաջին պետությունն է, որը 1991 թ. ճանաչեց Հայաստանի անկախությունը և բալթյան միակ երկիրը, որ 2005 թ. ճանաչեց հայ ժողովրդի մեծ ողբերգությունը` 1915 թվականի Ցեղասպանությունը: Շատերն են փորձում համեմատել մեր երկրները որպես պատմության ոլորաններում մշտապես հալածված և շատ տառապած, սակայն լեզուն, մշակույթը, կենցաղային սովորույթները պահպանած երկրներ, որպես առաջին խորհրդային պետություններ, որտեղ սկիզբ առան անկախության շարժումները:
Չնայած ՀՀ բնակչության թիվը մոտ է Լիտվայի բնակչության թվին, սակայն հայկական Սփյուռքը միավորում է յոթ միլիոն հայրենակիցների, որոնց մեջ շատ հայտնի գիտնականներ, արվեստի գործիչներ, բանկերի ղեկավարներ, ազդեցիկ գործարարներ կան: Արտասահմանում ապրող շատ հայեր, իրենց կողմից ստեղծված համագործակցության հիմնադրամների և ծրագրերի միջոցով, ձգտում են օգնել հայրենիքին, իսկ հարազատներին ուղարկվող դրամական փոխանցումները կազմում են երկրի ներքին համախառն արտադրանքի զգալի մասը և թեթևացնում են հայրենակիցների կյանքը, որոնք դժվարին ժամանակներ են ապրում:
Հայաստանի, ինչպես նաև Լիտվայի համար այսօր հրատապ է արտագաղթի խնդիրը: Դժվար է գտնել մի ընտանիք, հատկապես մարզերում, որտեղ ամուսինը կամ որդին չի մեկնել արտասահման, ավելի հաճախ Ռուսաստան` աշխատանք որոնելու: Հայաստանում և Լիտվայում անկախության հաստատումից հետո երկու երկրների ճակատագրերը դասավորվեցին տարբեր կերպ. Լիտվան ձգտում էր որքան հնարավոր է շուտ վերադարձնել եվրոպական արժեքները, դառնալ եվրոպական ընտանիքի լիիրավ անդամ` միաժամանակ իր ապագա անվտանգությունը կապելով ՆԱՏՕ-ի հետ:
Հայաստանի անկախության ճանապարհը խոչընդոտել են շատ պատմական, աշխարհաքաղաքական պատ- ճառներ, ինչի արդյունքում այսօր այս պետությունը դեռևս սերտ կապված է իր ռազմավարական գործընկեր Ռուսաստանի հետ, իսկ 2015 թ. դարձել է ԵՏՄ անդամ: Այնուամենայնիվ, ԵՄ-ի հետ չի դադարեցվել քաղաքական երկխոսությունը: Դա հրաշալի ապացուցում է Եվրամիության և Հայաստանի միջև վերջերս նախաստորագրած նոր փաստաթուղթը` համակողմանի և առավել սերտ համագործակցության մասին և վերջերս սկսված բանակցությունները Եվրամիության և Հայաստանի միջև ազատ ավիացիայի պայմանագրի մասին: Հայաստանի համար Եվրամիությունը մնում է ամենախոշոր դոնորը և առևտրային հիմնական գործընկերներից մեկը:
Չնայած անկախության անցած ճանապարհի տարբերություններին` երկու ժողովուրդների կապերը երբեք չեն ընդհատվել: Հայաստանը, ինչպես և Լիտվան, հիշում և հպարտանում են շատ լիտվացիներով, որոնք նշանակալի հետք են թողել երկու ժողովուրդների մշակույթի մեջ:
Անցած տարում մենք կորցրինք երկու հայտնի անձնավորությունների, որոնք միավորում էին երկու ժողովուրդների. Մարիտե Կոնտրիմայտեն` լիտվացի գրող, բանաստեղծուհի, հրապարակախոս, Ստասիս Լոզարայտիսի մրցանակի դափնեկիր, Հայաստանի ԳԱԱ պատվավոր դոկտոր, ով պարգևատրվել է Գրիգոր Նարեկացու մեդալով, Գյումրու պատվավոր քաղաքացի է, ով ամբողջ սրտով սիրում էր Հայաստանը և լիտվերեն է թարգմանել հայ գրականության ամենանշանավոր ստեղծագործությունները, և Գեղամ Գրիգորյանը` Հայաստանի և Լիտվայի օպերային հայտնի տենոր: Նրանք Հայաստանում Լիտվայի դեսպանատան մշտական օգնականներն էին և, սրտի խորքում, Հայաստանում փոքրաթիվ լիտվական համայնքի անդամ:
Իր անսպառ էներգիայով հայերին և Հայաստանում Լիտվայի դեսպանատանը դեռ զարմացնում է Անտոնինա Պովիլայտիտե-Մահարին` իննսուներեքամյա գրողը, Անկախության պայքարի մասնակիցը, 1969 թ. մահացած հայ գրող Գուրգեն Մահարու այրին: Դեռ Սիբիրի աքսորի տարիներին նա սիրահարվեց նույնպես աքսորված և հիվանդ հայ բանաստեղծին` «ժողովրդի թշնամուն» և նրա հետ կապեց իր հետագա կյանքը: Նա նաև խոստացավ` եթե բախտ վիճակվի, աքսորից կվերադառնա սիրելի ամուսնու հայրենիք և երբեք չի լքի այն: Այդ արտասովոր ուժի տեր լիտվուհին մինչև օրս ապրում է Երևանում` Գուրգեն Մահարու տուն-թանգարանում, որտեղ եղել են Հայաստանի այն ժամանակվա արվեստի բոլոր հայտնի գործիչները: Նա հրատարակել է մի քանի պատմվածք և ակնարկներ` նվիրված իր սիրելի ամուսնու և կյանքից վաղ հեռացած երեխաների` Ռուտայի և Գուրգենի հիշատակին: Այժմ նրան դեռ այցելում են միջնակարգ դպրոցների աշակերտները կամ գրականություն ուսումնասիրող երիտասարդությունը, երբ ծանոթանում են Գուրգեն Մահարու ստեղծագործությանը, որն ընդգրկված է ուսումնական ծրագրում:
Քչերը գիտեն ևս մի հայտնի լիտվացու` Յուրգիս Բալտրուշայտիս կրտսերի մասին (1903-1988)` Մոսկվայում Լիտվայի առաջին դեսպան Յուրգիս Բալտրուշայտիսի (1874-1944) որդուն: Նա սովորել է Սորբոնի համալսարանում` դառնալով միջազգային մեծության ճանաչված արվեստաբան և անցյալ դարի երրորդ տասնամյակում Հարավային Կովկասում թողել է նշանակալի հետք: Դեռևս լինելով Սորբոնի համալսարանի շրջանավարտ` նա 1927-1928 թթ. շրջագայել է Հյուսիսային Կովկասում և հայ ու վրաց հնէաբանների ու ճարտարապետների օգնությամբ ուսումնասիրել այս երկրների միջնադարյան արվեստն ու ճարտարապետությունը: 1928 թ. Յ. Բալտրուշայտիսը այցելում է Հայաստան: Նրան հաջողվում է ներթափանցել Հին Ջուղայի «փակ» գերեզմանատուն (այժմ` Նախի- ջևանի մարզը, որ մնացել է Ադրբեջանին): Պահպանված գերեզմանոց այցելելու ժամանակ կարողանում է ֆոտոժապավենի վրա ամրագրել պահպանված որոշ քարե խաչեր, որոնք կոչվում են խաչքարեր:
Երկար ժամանակ կարծում էին, թե այդ լուսանկարներն անհետացել են, սակայն 1986 թ. Գալուստ Գյուլբենկյան հիմնադրամը անգլերեն հրատարակեց ոչ մեծ աշխատություն: Պարզվում է` Յ. Բալտրուշայտիսի աշակերտ Տիգրան Կույումջյանը, ով մինչև հիմա ապրում է Փարիզում, օգնել է Բալտրուշայտիսին, որը թույլ տեսողության պատճառով այլևս չէր կարողանում գրել, խմբավորել ու նկարագրել նրա լուսանկարներում արձանագրված բոլոր քարե խաչերը: Ջուղայի հին հայկական գերեզմանատունը հողին հավասարվեց 2005 թ., այնպես որ, Յուրգիս Բալտրուշայտիսի արած ու պահպանած լուսանկարները ձեռք են բերում է՛լ ավելի մեծ արժեք: Փարիզ վերադառնալուց հետո Յուրգիս Բալտրուշայտիսը իր ուսումնասիրությունների մասին ֆրանսերեն երկու գիրք գրեց. «Հայաստանի ու Վրաստանի միջնադարյան արվեստի ուսումնասիրությունները» (1929 թ.) ու «Խաչաձև կամարների խնդիրը և Հայաստանը» (1936 թ.):
Հետաքրքիր է, որ նրա ուսուցիչ, հետագայում Յուրգիս Բալտրուշայտիսի աներ, ֆրանսիացի հայտնի արվեստաբան Անրի Ֆոսիլիոնը (Henri Focillion) իր աշակերտին ստիպում էր հետաքրքրվել քրիստոնեական Կովկասով նաև նրա համար, որ աշակերտը կարողանա լիտվական արտասահմանյան անձնագրով գնալ այնտեղ, որտեղ հայտնվելը շատ դժվար էր: Ֆոսիլիոնը գրեց 1929 թ. Փարիզում լույս տեսած Հայաստանի ու Վրաստանի միջնադարյան արվեստների մասին արդեն հիշատակված գրքի առաջաբանը, իսկ գիրքը մեծ հաջողություն ունեցավ Փարիզի, Լոնդոնի ու ԱՄՆ-ի հայ մտավորականության շրջանում: Գիրքն ըստ արժանվույն գնահատվեց 1930 թ. ԱՄՆ-ում և Վիեննայի Մխիթարյան միաբանության ամսագրում 1934 թ.: Նա պարգևատրվել է նաև Ֆրանսիական ակադեմիայի գրերի բարձրագույն մրցանակով:
Իր աշխատություններում ու հաղորդագրություններում Յուրգիս Բալտրուշայտիսը բազմիցս համեմատել է Հայաստանի և Ֆրանսիայի, Իսպանիայի ու Իտալիայի հին ճարտարապետությունը` անընդհատ ընդգծելով դրանց ընդհանրությունը: Դրա հետ մեկտեղ նա հավաստիացնում էր, որ եվրոպական գոթական ճարտարապետության գոյություն ունեցող նախատիպերը հիմնված են հայկական եկեղեցիների համապատասխան սկզբունքների վրա, որոնք մի քանի հարյուր տարով ավելի մեծ են: Ըստ Յուրգիս Բալտրուշայտիսի` Լոմբարդիայի ու Ֆրանսիայի գոթական եկեղեցիների որոշ շինարարական տարրեր փոխառնված են հայկական ճարտարապետությունից: Որպես օրինակ նա բերում է 10-րդ դարի Հայաստանի մայրաքաղաք Անիի եկեղեցու կամարները, որոնք ավելի ուշ կիրառվեցին արևմտյան գոթական ճարտարապետության մեջ:
Յուրգիս Բալտրուշայտիսը նշում էր, որ դեպի Արևմուտք հայերի տեղաշարժման հետ այստեղ էին գալիս նաև ճարտարապետական լուծումները: Այնուամենայնիվ, այստեղ դրանք կիրառվում էին ոչ այնքան դեկորատիվ, որքան կառուցողական նպատակով` արևմտյան ոճին համապատասխան: Սակայն այս համեմատական աշխատանքները, որ պահպանում էին գոթական խառնվածքը, առանձնակի կարևոր էին, քանի որ որոշ գիտնականներ այդ ժամանակ փորձում էին ապացուցել, որ դրանք մավրիտանական ճարտարապետության ազդեցությունն են կրում: Այդ պատճառով ասում էին, որ Յուրգիս Բալտրուշայտիսը պահպանել է գոթիկայի եվրոպական կամ արևմտյան կարգավիճակը: Հետաքրքիր է նաև այն, որ արվեստի գործիչը մինչև իր կյանքի վերջը հրապարակեց 1928-1929 թթ. Հայաստանում կատարած ճամփորդությունների մասին հավաքագրած նյութերի միայն մի մասը: Անցած տարվա վերջին Վիլնյուսի Ազգային գեղարվեստական ակադեմիայում բացվեց «Բալտրուշայտիսի ձեռագրերը: Բոլորի և ոչ մեկի համար» խորագրով ցուցահանդեսը, որտեղ այցելուները բացառիկ հնարավորություն ունեցան ծանոթանալու նրա` մինչև այժմ չցուցադրված արխիվային նյութերին: Ցուցահանդեսի բացման կապակցությամբ մի հայտնի արվեստագետ նրան բնորոշեց որպես «Մոսկվայում ծնված, Փարիզում մահացած ժեմայտեական խառնվածքի տեր լիտվացի: Նա իրեն նվիրեց գիտությանը, հայտնագործություններ անելու ուրախությանը և մեկուսանալուն: Հետաքրքրվում էր Եվրոպայի ու ամբողջ աշխարհի արվեստով: Հրատարակելով ֆրանսիական գրքեր` ընդգծում էր իր լիտվական ծագումը: Նա հրաժարվեց Ֆրանսիայի քաղաքացիությունից: Որպես երևակայության քավություն` վերադարձավ հայրենիք զարմանալի ձեռագրերով ու արժեքավոր աշխատանքներով»:
2015 թ. Երևանի հին ձեռագրերի «Մատենադարան» թանգարանում, Հայաստանում Լիտվայի դեսպանատան նախաձեռնությամբ ու տեղի հովանավորների, ինչպես նաև Հայաստանում Լիտվայի բարեկամների ու հասարակության ջանքերով ներկայացվեցին Յ. Բալտրուշայտիսի և Տ. Կույումջյանի` անգլերենից հայերեն թարգմանված Ջուղայի հայկական խաչքարերին նվիրված համատեղ աշխատանքները: Քանի որ Յուրգիս Բալտրուշայտիսի անձը առանձնակի ջերմ ուշադրության արժանացավ Հայաստանի հասարակության կողմից, հույս ունենք, որ մոտ ժամանակներս ճարտարապետության և քաղաքաշինության Երևանի ազգային համալսարանում լրացուցիչ կգնահատվի մեր արվեստի ճանաչված պատմաբանի վաստակը, և կսահմանվի Յուրգիս Բալտրուշայտիսի անվան տարեկան կրթաթոշակ:
Չնայած Լիտվան բավականին հեռու է Հայաստանից, սակայն ժամանակի տարբեր հատվածներում լիտվացիների` այս երկրում թողած հետքերը այսօր էլ վկայում են մշակութային չտեսնված կամուրջների մասին, որոնք միացնում են ոչ մեծ, սակայն պատմության քառուղիներում իրենց նմանությունը և մեկը մյուսի հանդեպ հարգանքը պահպանած ազգեր:

Լիտվերենից թարգմանեց
Ֆ. ԲԱԽՉԻՆՅԱՆԸ

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.