ՎԱՀԱԳՆ ՄՈՒՂՆԵՑՅԱՆ

ՎԱՀԱԳՆ ՄՈՒՂՆԵՑՅԱՆՀԳՄ վարչությունը
շնորհավորում է բանաստեղծ, արձակագիր
ՎԱՀԱԳՆ ՄՈՒՂՆԵՑՅԱՆԻՆ
ծննդյան 70-ամյակի առթիվ

«Գրական թերթը»
միանում է շնորհավորանքին

Աղոթք
Տեր, գոհացրու վերջին պահին
Իմ անունը հիշողներին,
Իմ անհանգիստ Հոգու հևքին
Հանգստություն մաղթողներին.

Նրանց, ովքեր
Իմ չգործած մեղքի համար
Ինձ ներեցին,
Ինձ,- անընտել վարքիս համար,-
Հերքեցին ու հերյուրեցին,

Գոհացրու, Տեր,
Սխալներս նորոգելով հրճվողներին,
Անկումներիս տագնապները
Ճաշակելով պղծողներին,

Իմ տան դրսում
Ինձնից երես թեքողներին,
Ինձ,- աղքատիկ կյանքիս համար,-
Բաց ու թաքուն լքողներին,

Իմ տան ներսում,- իրենց մտքում,-
Ինձ ամոթանք տվողներին`
Արևիս տակ անբանիբուն
Տաքանալով սառչողներին…

Տեր, գոհացրու վերջին պահին
Մահիս կյանքով հաղթողներին
Եվ այդ վերջի գրկում անգամ
Հոգուս ձեռքից կառչողներին:

Ճախրիկ մենավոր
Երբ գլխի ընկա`
Ով եմ իսկապես,-
Որ վերջալույսն ու առավոտը ճոխ
Իմ տան ստվերում չեմ տարբերակում,
Որ հոգուս ներսում որոնում եմ ինձ
Ու չեմ հստակվում,-
Մի քիչ զարմացա,
Մի քիչ տրտմեցի,
Ցավի հետ մեկտեղ`
Թոշնեցի մի քիչ…

Լավ է` գիտեի,
Թե ով եմ այնտեղ`
Իմ հոգու դրսում,
Միայն այնտեղ եմ ինքս ինձ տեսնում,
Զանազանում ու ամենքից զատում,
Գիտեի հստակ`
Ով է հանապազ
Իմ վարքը հսկում,
Իմ բախտի ծառի բարունակները,-
Կարեկցանքի ու խանդաղատանքի
Ողջագուրումով,- շտկում ճարահատ:

Ես ինձ չեմ խաբում.
Ներսում գայթում եմ,
Ներսում` խարխափում,
Օտար մեղքեր են
Իմ գլխին բարդում…
Դատարկվում եմ ես`
Պարպվում ցմրուր,
Եվ իմ հատակն եմ
Պարզորոշ տեսնում:
. . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .
Գլխի եմ ընկնում, ահա, վերջապես,-
Դրսում ու ներսում նույն մարդը չեմ ես,-
Ներսում վհատ եմ` անկիրք ալևոր,
Դրսում` սիգաթև ճախրիկ մենավոր:

Ճողփյուններ
Ահա, հայացքս այնտեղ է արդեն`
Երկինքներից դուրս այն մի երկնքում,
Որտեղ ամեն օր` հետմիջօրեին,
Տեսնում եմ նրան` մեծ Հայեցողին,-
Իմ մոտենալով` հեռանում է Նա,-
Եվ ի զորու չէ հոգին իմ գունատ
Հետևել նրա գունավառքային
Փոփոխումներին:

Հայացքիս միջով սահում եմ վեր,-
Քշվում եմ լուռ և կամ տարուբերվում,
Ապա, ճախրեճախրիկ,
մեղեդային հևքով
Սավառնում եմ փութով
բարձունքները դեպի,
Որտեղ ծաղկազարդ է ծառը
անուրջներիս,
Որի սաղարթաճոխ
հրճվանքների ճոճքում
Թաքնվում են համբույրներն իմ
պատանության`
Բողբոջները, որ այդպես էլ ցածում փակ
մնացին:

Այնպե՜ս եմ ուզում մոտենալ Նրան,
Բայց իմ ընթացքն է դժվար –
ծանրանում,
Երբ հայտնվում եմ հոգևոր մահի
Որդեգիրների ապաստարանում:

Եվ կրկնվում է,
Ինչպես ամեն օր` հետմիջօրեին.
Աղջամուղջի մութ մատներն են ձգվում,-
Իմ սև ստվերն են իրենց հետ բերում,-
Որ պարփակեն իմ հայացքի հեռուն,
Եվ լուսե հոգու իմ երակներից
Կառչելով քաշեն – տանեն դեպի ցած`
Դեպի հովիտը մղձավանջասեր
անորոշության…

Հավաքելով անկարեկից թևերը իր`
Լռությունն է ամբողջանում որպես
դադար,
Որի խորքում խտանում է ու գոհանում
Ինքն իրենով խրախուսվող
մեծ մի անկում.
Վայրէջքելու սարսուռներից
Իմ հայացքն է նվաստանում,
Որ շփոթվել – խճճվել էր
Անուրջներիս սաղարթներում:

Դեղին շրշյուն
Անտեղյակ թող մնամ իմ ցավին
իրական,
Երազի հագուստով թող նինջս վայելեմ,
Եվ կյանքի դիցուհու տեսիլը թող շրշա,
Արթնանամ` լորենու բուրմունքը
համբուրեմ:

Դեղնել են, բարակել
շավիղներն իմ կյանքի`
Կհալվեն – կփարվեն ամայքին այս
աշնան,
Երբ վերջին մի ստվեր իմ դուռը կթակի`
Ինձ ուրախ կժպտա
սուրհանդակը մահվան:

Բարեգութ գտնվիր, սուրհանդակ,
այս անգամ,
Վերջին նինջս ապրեմ
պարտեզում երկրային,
Հետո մեծ գոհությամբ դեպի քեզ
կդառնամ`
Դեպի վե՜ր – կձուլվենք
Աստղակաթ հեքիաթին:

Երեք ուղեկից
Գաղտնիքն ապրում է հենց
այսօրվա մեջ,
Երբ որ Աշխարհի ստվերից անջատ,
Պոկված շքերթից աստղահանդեսի`
Ինձ է մոտենում մի բազմագունակ
Լուսե շառավիղ:

– Գտիր քո Գույնը,- ասում է հենց Նա,
Ով պետք է ասեր:

Զանգակատունն է արթնացել ծեգին,-
Տես, սթափվել է գմբեթն ալևոր,-
Եվ ղողանջները տաճարի ներսում
Բուրվառում են… Կյանք:

– Գտիր քո Ձայնը,- ասում է հենց Նա,
Ով պետք է ասեր:

Օ՜, ի՜նչ գույներ են շիկնում
Տաճարի ձեղունների տակ,
Օ՜, ի՜նչ աղերսներ ունեն ձայները
Օրհնաբանական, որ միահավան
Ողբում են… Հավատ:

– Գտիր Մեղեդին, որը ապրում է
Գունաձայնության ներդաշնության մեջ,-
Ասում է հենց Նա, Ով պետք է ասեր:

Որչա՜փ անուշ է հնչում մեղեդին`
Սուզվում կապտաշող երանգների մեջ,
Խաղում ձայնաթև ալյակների հետ,
Մեկ ոստնելով վեր, մեկ սահելով վար`
Աչքը` երկնալուր գմբեթին պայծառ,
Շրթին` լուսածոր – առինքնող բարբառ`
Որպես դյութանքը քանդող բանալի,
Բացում է դուռը պերճ հոգիների
Խաղաղապարգև – փափուկ աշխարհի
Եվ մեղեդախոս գոհունակությամբ
Ներբողում է… Մահ:

– Գտար վերջապես,- երևութանում`
Ասում է հենց Նա, Ով պետք է ասեր:

Ասում է հենց Նա, Ով ետ է սանրել
Վարագույրները ամպե շղարշի
Եվ նայում է ինձ հոգեաշխարհի
Բաց պատուհանից,
Ով իր Ընծան է ուղղորդում դեպ ինձ
Երկնային ծովի շնորհապարգև
Կապույտ հնձանից`
Երեք ուղեկից.
Կյանք, Հավատ և Մահ:

Փախուստ
Չգիտեմ, իսկապես, ում բախտը կբերի.
Ով ընտրեց մաքառման
դժվարին այս ուղի՞ն,
Թե՞ նրա, ով գնաց`
ինքն իրեն հանձնելով
Ապահով նոր մի կյանք
գտնելու հրճվանքին:

Ընթա՞ցք է, թե՞ փախուստ,
իրենք էլ չգիտեն,
Միայն թե հեռանան –
վերանան տագնապից,-
Խտացող տագնապից`
անորոշ ու վայրի,-
Դեպի դուրս,
դեպ հեռուն հայրենի եզերքից:

Եվ հոգ չէ, թե հեռվում ինչ դռներ կթակեն,
Ինչ գնով կծախեն թանկ
պատիվը իրենց.
Հեռանալ, ինչ գնով ուզում է թող լինի,
Մոռանալ`
փակուղում մնալով անհասցե:

Սերգեյ Սարինյան
Հայտնությունն այնքան անակնկալ էր, որ պարզապես չէի կարողանում անջատվել այն հարցից, թե ե՞րբ և ինչպե՞ս կազմավորվեց գրական այս տաղանդը: Հիրավի, ինչպիսի ներքին ազատություն, երևակայության ինչպիսի բարձր համատեղումներ, խոսքի ինչպիսի զգացողություն… Նա կյանքի «մոգական» այլաբանությունը կարծես զգացել է մանկության հուշերում` հայրենի բնաշխարհի խորհրդավոր հեքիաթներից…
Կյանքը, աշխարհը «Ալիզ» և «Եկվորներ» վեպերում պատկերված են որպես մի ամբողջական, միաձույլ իրականություն, որտեղ մարդիկ իրականի ու առասպելականի սահմանները միացնում են բնական անցումներով, առանց հավանականի ու անհավանականի գիտակցման: Եվ հենց այս միասնության մեջ է նրա ոճի դիցաբանական ատաղձը…
Նրա գրիչը իրոք որ օժտված է զարմանալի կարողությամբ: Նրա հերոսները լիարժեք մարդիկ են, անհատապես ընդգծված ու կամային, ֆիզիկական ու հոգևոր չափազանց ուժեղ բռնկումներով ու կրքերի հեթանոսական արտահեղությամբ: Մուղնեցյանը կառուցում է մարդու երկրային գոյության մի յուրատեսակ առասպել, գնալով դեպի կեցության սկիզբը, էթնիկական արխետիպը: Ահա թե ինչու վիպական պատումը բաց է, իրերի ու երևույթների անվանումը` չայլաբանված…
Վահագն Մուղնեցյանը միանգամայն ինքնատիպ անհատականություն է ժամանակակից հայ արձակում և արդեն առաջին գծի վրա է դրել իր տաղանդի հնարավորությունները:

* * *
«Զոհանվեր» ստեղծագործությունը, իրավամբ, նոր մոտիվ է հայ գեղարվեստական գրականության մեջ, նաև գրական նոր ժանր, որը հեղինակն անվանել է «Խոսմունք»:
Վահագն Մուղնեցյանի գրական ստեղծումներն ընդհանուր առմամբ աչքի են ընկնում միայն իրեն բնորոշ միֆարարումներով, պատկերային մտածողությամբ, խոսքի գեղարվեստականությամբ և հարուստ բառապաշարով…
Ըստ մտահղացման, ըստ ժանրի և ըստ կատարողական արվեստի` Վահագն Մուղնեցյանի «պոեմը» դուրս է ժամանակակից հայ և համաշխարհային գրականության գեղարվեստական ձևույթներից…
Այսօր անվերապահորեն պետք է խոստովանել, որ Վահագն Մուղնեցյանը այն գրողն է, ով հայ գրականության հարընթացի մեջ վստահ, հաստատուն քայլերով իր հետ բերում է վերուստ միմիայն իրեն վերապահված դյութական խոսքը, ստեղծում իր լեզվամտածողության չափումներին հատուկ գրողական կերպար: Վահագն Մուղնեցյանը մեր ընկալմամբ աշխարհը ոչ թե պատկերում է, այլ` պատկերացնում և իր սեփական տեսությամբ սահմանում ժամանակ-տարածություն ընդգրկումների չափումները, ոճի իր անհատականությամբ նոր երանգ ամբողջացնում արդի գեղարվեստական գրականության որոնումներում:

Ռուբեն Հովսեփյան
Վահագն Մուղնեցյանը հեղինակ է մի վեպի, որի որակական տարբերությունը դժվար թե կանխատեսվեր այն օրերին,- որակական ամեն իմաստով` թե՛ լեզվի, թե՛ ասելիքի և թե՛ պատումի ու երևակայության նախանձելի ազատության, որ գրեթե անզսպության է հասնում… Չեմ կարող մատնացույց անել այն էջերը, որոնցից սկսած զգացել եմ հեղինակի գրելու հաճույքը,- մեկընդմիշտ, կարծես, տիրապետելով գրչին, մոռանալով աշխարհում ամեն ինչ ու ամեն բան, ապավինելով միայն իր մանկության իրական ու հորինված թաղամասի` փոքրիկ այդ աշխարհի գոյությանը, հավատալով այդ թանկ գոյությանը, նա հանկարծ սկսել է «խաղալ»… Վահագն Մուղնեցյանը սեփական խաղին մասնակից է դարձնում քեզ, ստիպում հաճույք ստանալ իր պես, իր հետ ծիծաղել, իր պես երևակայել…
«Ալիզը»,- համոզված եմ,- ձեռքից ձեռք կանցնի, կընթերցվի, կվերընթերցվի, կսիրվի և կընդունվի որպես հայ գրականության հերթական օրինական զավակ:

Արմեն Մարտիրոսյան
Իր արձակի նման բազմաշերտ ու բազմազան է Վահագն Մուղնեցյանի բանաստեղծական աշխարհը, որի շավիղներով անցնողը մի պահ կշփոթվի գույների անսովոր առատությունից, պատկերավոր խոսքի առինքնող թրթիռից ու հոսանքից, բառերի ճառագայթումից, զարմանալիորեն անկեղծ, բայց և անկեղծության մեջ` բարդ, ներքին անհաշտություն ու կռիվ, խորք ու ծավալ ամբարած զրույցի կախարդանքից: Եվ ընթացքի մեջ ցանկալի ու հարազատ են դառնում մուղնեցյանական բառակերտումներն ու բառազարդումները, անհավատալի թռիչքը ժամանակի միջով ետուառաջ, հոգեկան վերընթաց սլացքն ու հարկադիր վայրէջքները, որովհետև առանց այդ ամենի անսանձ ծավալման` Վահագն Մուղնեցյան անհատականություն, երևի, գոյություն չունի:
Իսկ այդ անհատականությունը կանչում, պարտադրում է` իբրև բանաստեղծական արվեստի հաղթանակ:

* * *
…Ինձ միշտ հիացրել է Վահագն Մուղնեցյանի արձակի մի կարևոր առանձնահատկությունը. ամբողջական տեսիլքում, ինչպես ասում են, ոչ մի դատարկ, հենց այնպես թողնված տարածություն չկա, ամեն անկյուն, քունջ ու պուճախ բնակեցված են կերպարներով, և միևնույն պահին ազատությունը լայնարձակ է ու տարածուն, քանի որ լայնարձակ ու տարածուն է հերոսների գործողության շառավիղը…
Մարդկային կորուստների ու նվաճումների հավերժական ճանապարհին Վահագն Մուղնեցյանի գրական վաստակն արժեքավոր է ու մնայուն:

Իգնատ Մամյան
…Բառի ուժն ու զգացմունքի առնականությունը հերքում են հիշողության ամեն տեսակ քաղցրաշշուկ նվնվոց, ընթերցողի առջև հառնում է ապրված կյանքի ճշմարտությունը` երջանիկ օրերով ու կորուստների ողբերգությամբ, ճակատագրերի բախումով ու հոգիների հաշտությամբ, տարիների ընթացքում գինու պես թնդված սիրով ու մեղմացած ատելությամբ: Դա Վահագն Մուղնեցյանի «Ալիզ» վեպն է:
Արձակագրի տաղանդի կարևոր հատկանիշներից մեկը ստեղծագործական հախուռն ազատությունն է, նախապաշարմունքներ ու հնաոճիկ ավանդույթներ ավերող այն հորձանքը, որ կա «Ալիզում»: Մեր կյանքը սա է, մենք աշխարհից թաքցնելու բան չունենք, մեր ամեն ինչը հարազատ է մեզ` անկախ այն բանից, թե ուրիշի համար ի՞նչ արժեք ունի, իր վեպում ասում է Վահագն Մուղնեցյանը: Վեպի պաշտամունքը ճշմարտությունն է` դեմքերի ու դեպքերի ճիշտ գնահատումով, ժամանակի և իրադրության անսխալ արժևորմամբ:

Սարգիս Փանոսյան
Հուշի ու կարոտի անողոք ճշմարտության ու անսանձ երևակայականի յուրօրինակ շաղախ է «Ալիզ» վեպը, որը, սակայն, ոչ մի կաղապար չի ճանաչում ու ընդունում` նոր, շատ ավելի ուշագրավ կողմերով ներկայացնելով հեղինակի գրական օժտվածությունը:
Նախապես ասենք, որ վեպի հաջողության գրավականն ամենից առաջ կենսական ընդգրկումն է: Միֆերը և ֆանտաստիկ պատմությունները պարզապես երանգավորում են կենսական տաք նյութը, ապահովում պատումի անհրաժեշտ կոլորիտը: Այլ խոսքով, միֆերն ու միֆոլոգիականը շատ դեպքերում ընդամենն արտաքին-ոճական հայտանշաններ են, իսկ հիմքում գեղագետի սթափ հայացքն է, որը, ժպտալուց զատ, լրջորեն խոժոռվել գիտե:
Մտահղացմամբ ու գեղարվեստական լուծումներով ստեղծագործությունը նշանակալից նորություն է արձակում ընդհանրապես: Միֆոլոգիական տարբեր շերտերի ու մակարդակների համադրման նկատմամբ, անշուշտ, կարելի է նաև զուգահեռներ անցկացնել, սակայն ուղղակի ազդեցությունների մասին հարցադրումն սկզբից ևեթ անհիմն է, որովհետև միֆականը վեպի համար ոչ թե պատվաստ է, այլ` շաղախ, որն անխոցելի ամրություն է տվել ամբողջ կառույցին…
…Մնում է ավելացնել, որ կենսական ընդգրկմամբ և պրոբլեմների տարողությամբ, որոնց կոնտեքստում արարվել է ստեղծագործությունը, Բոշի թաղի գեղարվեստական տարեգրությունն օբյեկտիվորեն սպառում է իր զուտ տեղային նշանակությունը և համարժեքացվում մարդկային կեցության տարեգրության:

Ներսես Աթաբեկյան
Վահագն Մուղնեցյանի ստեղծագործության մասին խոսելը և՛ հեշտ է, և՛ դժվար: Հեշտ է, քանզի ինքը զերծ է նորարար երևալու սովորաբար անպտուղ ջանքից, ինչպես և ավանդապաշտ դիտվելու ծիծաղելի սեթևեթումից: Ինքն ու ինքը, ինչն էլ հենց դժվարացնում է խոսելը. իր մեջ ծայրեծայր սուզվելու ¥նույնն է թե` իր հասակին բարձրանալու¤ համար պիտի գոնե մի քիչ… ինքը դառնաս, ինչն անհնար է առանց իր օգնության…
Վահագն Մուղնեցյանի մասին միտումնավոր չեմ ասում` բանաստեղծ, ինչպես որ միտումով խուսափում եմ գիրքը բանաստեղծությունների ժողովածու կոչելուց: «Բազմաշավիղը», հանրածանոթ ընկալմամբ` բանաստեղծությունների հավաքածու չէ, այլ` ԽՈՍՔ, նույն ինքը` ԲԱՆ, որն ի սկզբանե, այսինքն` ամեն ինչի ակունքում լինելով` ներառում է ամեն ինչ: Եվ այստեղ Վահագն Մուղնեցյանին բացարձակապես չի հետաքրքրում, թե ինքն ինչ գործիքներով է անում այդ… արարչությունը, ինքը պոեզիա՞ է գրում, արձա՞կ, թե՞ էսսե: Իր խնդիրը խոսքի արարչությամբ իր ներսի մարդկանց, աշխարհները, տիեզերքները ժամանակի հոսանուտից փրկել-պահպանելն է: Իր խնդիրն է` ԳՐՈՎ պահել մեր օրերում աստիճանաբար տեղի տվող տարածության, ժամանակի, գործողության այն միասնությունը, որը Քաոսը Կոսմոս դարձնելու միակ հնարավորությունն է: Այսինքն` Աստծո պես արարչությամբ տիեզերակարգ հաստատելով` գրողը կենտրոնում դնում է Մարդուն, որը ոչ միայն պիտի ապրի, այլև` ապրեցնի…
Սա է, որ «Բազմաշավիղ» հրաշալի գրքով ճշմարիտ, ճշմարիտ ասում է Վահագն Մուղնեցյանը…

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.