ԱՎԵԼՈՐԴ ՍՊԱՍԵԼԻՔՆԵՐ ՊԵՏՔ ՉԷ ՈՒՆԵՆԱԼ / Սամվել Կոսյան

Անդրադառնալով Ռուսաստանի կողմից Ադրբեջանին հարձակողական զենքի նոր խմբաքանակի մատակարարմանը, հրապարակախոս Դենիս Դվորնիկովը նշում է. «Չի կարելի մի ձեռքով կոչ անել մեղմելու ռազմատենչ հռետորաբանությունը, մյուսով գործիքներ տրամադրել այդ սպառնալիքներն իրականացնելու համար: Խոսակցություններն, իբր, զենքի մատակարարմամբ Ռուսաստանն Ադրբեջանի վրա ուժեղացնում է իր ազդեցությունը` ապակառուցողական են»: Ապակառուցողականը` ապակառուցողական, սակայն սա է ռուս քաղաքական շերտի մեծամասնության հիմնական մտայնությունը: Ինչպեսև բոլոր ժամանակներում, ռուսները շարունակում են իրենց կայսերապաշտական քաղաքականությունը, ինչը, ցավոք, հայանպաստ չես համարի: ԱՊՀ երկրների ինստիտուտի փոխտնօրեն, ռազմական փորձագետ Վլադիմիր Եվսեևն այն հարցին, թե ինչպես կմեկնաբանի ՌԴ-ի` Ադրբեջանին զենք վաճառելու քաղաքականությունն այն դեպքում, երբ Ռուսաստանն անընդմեջ շեշտում է, որ Հայաստանը դաշնակից երկիր է, փորձագետը պատասխանել է. «Ռուսաստանի համար զենքի վաճառքը Ադրբեջանին ինչ-որ տնտեսական հարց չէ. Հայաստանում կարծում են, որ այսպես Ռուսաստանը գումար է աշխատում, ընդ որում` հայկական զինծառայողների արյան հաշվին, ինչը սխալ է, քանի որ Ռուսաստանը դա անում է, որպեսզի Ադրբեջանին իր ազդեցության տակ պահի»: Համաձայն Ստոկհոլմի Աշխարհի խնդիրների ուսումնասիրման ինստիտուտի զեկույցի տվյալների` 2012-2016 թթ. Ադրբեջանի զենքի գնումները 20 անգամ գերազանցել են Հայաստանին: Ադրբեջանը այն հինգ երկրներից է, ուր իրականացվել է ռուսական զենքի հիմնական արտահանումը: Ադրբեջանի կողմից ներկրված զինտեխնիկայի 85 տոկոսը ռուսական է: Եվ մատակարարումները շարունակվում են: Ադրբեջանի զինված ուժերի օրվա առթիվ «Ռոսօբորոնէքսպորտ» արտադրական միավորման գլխավոր տնօրեն Ալեքսանդր Միխեևը, շնորհավորելով Ադրբեջանի պաշտպանության նախարարին, հիշեցրել է, որ իրենց համատեղ ջանքերն ուղղված են երկու պետությունների պաշտպանության ամրապնդմանը, միաժամանակ նշելով, որ ռազմատեխնիկական համագործակցությունը թույլ կտա նշանակալիորեն բարձրացնել Ադրբեջանի ռազմական ուժերի հզորությունը: Սակայն Ռուսաստանի համար միանշանակ գաղտնիք չէ, թե ով է իրենց զենքի հիմնական թիրախը: Ըստ ՌԴ ՊՆ հայտարարության, ժամանակակից հակատանկային հրթիռների վերջին խմբաքանակը մոտ ապագայում ուղարկվելու է մերձճակատային գոտի: Այդ թվում «Քրիզանթեմ-Ս» համակարգը` նախատեսված տանկերը, զրահապատ տրանսպորտային միջոցները, ինժեներական կառուցվածքները, ինչպես նաև օդային թիրախները հայտնաբերելու և ոչնչացնելու համար: Անկախ բոլոր դիվանագիտական և քաղաքական օղակների այլևայլ բացատրությունների, ակնհայտ է, որ ՌԴ-ն, միլիարդների արժողությամբ զենք մատակարարելով Ադրբեջանին, տվյալ դեպքում երկրորդ պլան է մղում Հայաստանի հետ ռազմավարական հարաբերությունները` առաջնորդվելով միայն իր շահերով: Փաստացի ռազմավարական, դաշնակցային գործընկերոջ կարգավիճակն ավելի ցածրարժեք է, քան սեփական շահը: Քաղաքական անբարոյականության հերթական ցուցադրություն, որը Հայաստանի հետ հարաբերություններում հաճախակի է դրսևորվել և դրսևորվում: Բայց չէ՞ որ ՌԴ-ն իր տարածաշրջանային շահերը չի կարող լիարժեք պաշտպանել առանց Հայաստանի շահերը հաշվի առնելու, քանի որ Հայաստանն է այն պատվարը, որի գոյությամբ է պայմանավորված, որպեսզի մեղմվի թուրքիզմի ավերածությունները հենց ՌԴ-ի դարպասներից ներս: Մինչդեռ դաշնակցային հարաբերություններ կոչվածը վերածվել է միակողմանի երթևեկության, որի մշտական ուղղությունը նույնն է` դեպի Մոսկվա, դեպի Կրեմլ: ՀՀ ԱԳՆ փոխնախարար Շ. Քոչարյանը նշում է, որ թեև հայկական կողմը խնդրի շուրջ բազմիցս արտահայտվել է ամենաբարձր մակարդակներում, սակայն ՌԴ-ից ավելորդ սպասելիքներ չպետք է ունենալ: «Իհարկե, Ռուսաստանը մեր դաշնակիցն է,- ասել է նա,- բայց ավելորդ սպասելիքներն այլ պատկերի կարող են բերել»: Պատկերն արդեն իսկ տխեղծ ու մտահոգիչ է: Ստացվում է, իսկապես էլ Ռուաստանին ձեռնտու չէ ղարաբաղյան հակամարտության վերջնական կարգավորումը, ուստի հակամարտող կողմերին զինելով, փորձում է պահպանել լարվածությունը, ինչը տարածաշրջանում իր ներկայությունը հաստատելու և ազդեցությունն ամրապնդելու կարևոր գործոն է:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.