«Իմ Չարենցը» խորագրով գրական հանդիսություն

Հունիսի 27-ին ՀԳՄ Մեծ դահլիճում տեղի ունեցավ «Իմ Չարենցը» խորագրով գրական հանդիսություն՝ նվիրված մեծ բանաստեղծի ծննդյան 120-ամյակին: Հրավիրվել էին ՀԳՄ անդամ բանաստեղծները՝ կարդալու Ե. Չարենցին նվիրված իրենց բանաստեղծությունները:
ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, բնութագրելով Չարենցին իբրև մարդկային ու բանաստեղծական մի երևույթ, որ հաղորդակցվում էր աշխարհի մեծերին՝ սկսած Հոմերոսից մինչև իր ժամանակի գրողներին՝ Մայակովսկի, Վերհարն, Ուիթմեն և ուրիշներ, նշեց, որ ինքն էլ մեծերին նվիրված բանաստեղծություններ է գրել: «Բանաստեղծ, որ աշխարհի բազմաթիվ ոճեր, լեզվամտածողություն իր հոգով անցկացրեց: Աշխարհի խոսքը` իրենից առաջ եղած և իր ժամանակ, կարծես իր քուրայով անցկացնում էր և արտահայտում իր բանաստեղծություններով, արձակով, հոդվածներով, բանավոր խոսքով»,- ասաց նա և հավելեց, որ ամեն պոետ խոսքն ունի նրա ծննդյան առեղծվածի, նրա ապրելու, մահվան մասին: «Չարենցն այնքան մեծ հնարավորություններ է տալիս իր հսկա էությամբ, որ մշտապես ամեն ժամանակ ամեն գրող Չարենցին կբացահայտի յուրովի, քանզի գրականությունը սառը լավա չի, անվերջ, հարափոփոխ, կրակոտ լավա է գրականությունը, և հոգիները, որ այդ տիրույթում են, իրենք էլ են թռիչքներ գործում»,- ամփոփեց Էդ. Միլիտոնյանը: Ապա կարդաց իր «Ապրեց նկարը», «Չարենցի վերջին գիշերը» բանաստեղծությունները: Չարենցին նվիրված իրենց բանաստեղծությունները կարդացին նաև Արևշատ Ավագյանը, Ռուզան Ասատրյանը, Արտեմ Հարությունյանը, Գոհար Գալստյանը, Խաչիկ Մանուկյանը, Լևոն Բլբուլյանը, Շանթ Մկրտչյանը, Թադևոս Տոնոյանը, Բագրատ Ալեքյանը, Մանասեն, Հայկազ Խնկոյանը, Մարիամ Սարգսյանը և այլք:
Արարատյան Հայրապետական թեմի «Նշխարք» վոկալ համույթը (գեղ. ղեկ.` Ա. Օհանյան) կատարեց Կոմիտասի խմբերգերը:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.