ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՐՑԻ ՇՈՒՐՋԸ / Մագդա ՋԱՆՓՈԼԱԴՅԱՆ

1969 թ. խորհրդային երկիրը մեծ շուքով տոնեց Հովհ. Թումանյանի ծննդյան 100-ամյակը: Թե ինչպիսի բարձր մակարդակով նշվեց այն, կարելի է պատկերացում կազմել հայերեն (1972) և ռուսերեն (1974) լույս տեսած «Թումանյան-100. Հոբելյանական տարեգրություն» ժողովածուներից: Եվ ահա մոտենում է բանաստեղծի 150-ամյակը: Այսօր շատ բան է փոխվել… Այնուհանդերձ, Ամենայն հայոց բանաստեղծի հոբելյանը կնշվի: Եվ գուցե արժե հիշել նրա 100-ամյակի որոշ դասերը…
Այդ դասերից մեկն այն է, որ հոբելյանի նախապատրաստումը սկսվել էր մի քանի տարի առաջ, պետական մակարդակով: Հստակ մշակվել էին բոլոր ծրագրերը: Հաճելի է նշել, որ և մեր, բավականին անհանգիստ օրերում պոետի 150-ամյա հոբելյանի հարցը բարձրացվել է դեռևս 2013 թ.: Պրոֆեսոր Գառնիկ Շախկյանը հենց այդ թեմային էր նվիրել իր զեկուցումը Հյուսիսային համալսարանում կազմակերպված թումանյանական ընթերցումներում: Իսկ այս տարվա սկզբին լույս տեսան Սուսաննա Հովհաննիսյանի «Поэт всея Армении» («Գոլոս Արմենիի», փետրվարի 9) և «Հայ ժողովրդի խիղճն ու հայ ոգու Աստվածաշունչը» («Գրական թերթ», փետրվարի 24) հոդվածները, ուր բանաստեղծի 150-ամյակի նախաշեմին համառոտ ներկայացվում է, թե ինչպես են տոնվել նրա հոբելյանները:
150-ամյակի հետ կապված բազմաթիվ հարցերի շարքում բարձրանում է նաև բանաստեղծի երկերի, նրա կյանքն ու ստեղծագործությունը լուսաբանող աշխատությունների հրատարակության խնդիրը: Եվ այստեղ ահա 100-ամյակի փորձը կարող է օգտակար լինել միայն որոշ չափով, քանի որ փոխվել է ժամանակը: Կես դար առաջ հրատարակչությունները պետական էին և առաջնորդվում էին ամենամյա պլաններով, որոնցում նշվում էին գրախոսված և տպագրության երաշխավորված գրքերը: Այժմ առաջացել են և մասնավոր հրատարակչություններ, ուր տպագրության հարցերը վճռվում են ինքնուրույն: Այդ պատճառով, ինձ թվում է, անհրաժեշտ է, որ Հոբելյանական հանձնաժողովում լինեն մարդիկ, ովքեր կհամաձայնեցնեն բոլոր հրատարակությունների հետ կապված հարցերը: Կարծում եմ, հայտերը հարկավոր է ներկայացնել ոչ ուշ, քան 2018 թ. ամառը, որպեսզի վաղօրոք հնարավոր լինի որոշել այս կամ այն գրքի տպագրության ֆինանսական հարցերը` պետական միջոցներով թե հովանավորների աջակցությամբ:
Ինչ վերաբերում է Թումանյանի երկերի տպագրությանը, ուզում եմ ասել հետևյալը: Մ. Աբեղյանի անվան Գրականության ինստիտուտի ջանքերով 80-90-ական թթ. լույս ընծայվեց բանաստեղծի երկերի լիակատար ժողովածուն 10 հատորով: Հրատարակության գլխավոր խմբագիրը ակադեմիկոս Էդվարդ Ջրբաշյանն էր: Կարծում եմ, հոբելյանի կապակցությամբ չարժե վերահրատարակել այդ 10-հատորյակը: Նախ, 90-ական թվականներից անցել է ոչ այնքան շատ ժամանակ, և երկրորդ, այն զուտ գիտական բնույթ ունի: Ինձ թվում է, որ բանաստեղծին առանձին ժանրերով ներկայացնելուց բացի (ասենք, հեքիաթներ կամ քառյակներ), կարելի է բարձրաճաշակ ձևավորումով տպագրել նրա հոբելյանական «Ընտրանին», ուր կզետեղվեն ոչ միայն գեղարվեստական երկերը, այլև որոշ նամակներ, հոդվածներ, որոնք այսօր էլ արդիական են: Պոետի գեղարվեստական երկերից այդ հատորյակում պետք է ներառվի այն լավագույնը, ինչը նա ստեղծել է: Թումանյանը հանճար է, դրանում ոչ ոք չի կասկածում: Բայց հանճարներն էլ ունեն ինչպես գեղարվեստորեն անթերի, ուժեղ, այնպես էլ թույլ գործեր: Այդ առումով ուշագրավ են հայտնի գրականագետ և թարգմանիչ Ն. Վիլմոնտի մտքերը Բորիս Պաստեռնակի մասին իր գրքում. «Արվեստագետին կենդանության օրոք հանճար ճանաչելուն ամենից ավելի խանգարում է հանճարեղության համարյա անխուսափելի հատկությունը` նրա որոշ երկերի անհավասար արժեքն ու անգամ անկատարելությունը: Կատարյա՞լ է արդյոք Լեոնարդո դա Վինչին: Կատարյա՞լ են, արդյոք, Գյոթեն, Տոլստոյը, Շեքսպիրը, Սերվանտեսը, Դոստոևսկին, Թոմաս Մանը, անգամ Պուշկինն ու Չեխովը: Ո՛չ, նրանք հանճարեղ են»:
Նկատենք, որ ինքը` Թումանյանը, իր ամենախիստ քննադատն էր և իր յուրաքանչյուր տողը երբեք չէր համարում ինչ-որ հավերժ, մնայուն մի բան: Նա հաճախ փոփոխում էր արդեն հրատարակված տեքստերը, ավելին, որոշ երկերը ոչ միշտ էր զետեղում նոր ժողովածուներում: Էդ. Ջրբաշյանը Թումանյանի բալլադների մասին իր հոդվածում նշում է, որ նրանց մի մասը տպագրվելուց հետո ենթարկվել է փոփոխությունների, իսկ որոշ բալլադներ («Արև և Լուսին», «Օրորոցագող», «Հոգեհան», «Երկինք ու երկիր») որևէ փոփոխություն չեն կրել կամ չեն վերահրատարակվել: Ըստ երևույթին, Թումանյանը դրանք համարել է անհաջող գործեր… Քառորդ դար անց, անդրադառնալով իր առաջին տպագիր երկին («Արև և Լուսին»), նա, օրինակ, գրել է, թե դա «անպայման անհաջող է դուրս եկել» և «դրա համար էլ մնացել է առաջին հրատարակության մեջ»» (ԵԼԺ, հ.2, 1990):
Թումանյանն ունի 25 ավարտված բալլադ: «Հատընտիրի» համար պետք է նրանցից ընտրություն կատարել: Նույնը վերաբերում է բոլոր ժանրերին. ընտրել լավագույն նմուշները` հաշվի առնելով նրանց գեղարվեստական կատարելությունը, այն, ինչ հուզում է այսօր, հիացնում, զարմացնում և օգնում է մեզ այսօր…
Կարևոր է ևս մի խնդիր` օտար լեզուներով, մասնավորապես ռուսերենով Թումանյանի հրատարակության հարցը: Նախ պետք է որոշել, անհրաժե՞շտ է նման հրատարակություն, կլինի՞ արդյոք այն պահանջված: Չէ՞ որ անվերադարձ անցել է ժամանակը, երբ Թումանյանին ռուսերենով կարդում էին ԽՍՀՄ-ի ողջ տարածքում: Բայց եթե հաշվի առնենք, որ Հայաստանը ԱՊՀ-ի անդամ է, և որ մեր երկրում պահպանվել են ռուսաց լեզվի և մշակույթի որոշ օջախներ (ռուս բանասիրության ֆակուլտետ ԵՊՀ-ում) և նույնիսկ ստեղծվել են նորերը (Սլավոնական համալսարան, Մոսկվայի Տուն, Լոմոնոսովի համալսարանի մասնաճյուղ և այլն), գուցե նման գաղափարը անիմաստ չէ… Եթե հարցը լուծվի հօգուտ ռուսերեն հրատարակության, ապա ուզում եմ նշել նրա հետ առնչվող որոշ նկատառումներ:
Թումանյանին սկսել են թարգմանել ռուսերեն դեռ 19-րդ դարի 90-ականներից: Սակայն թարգմանիչները կա՛մ ոչ այնքան տաղանդավոր բանաստեղծներ էին, կա՛մ սիմվոլիստներ, ովքեր բնագրերի ոճը փոխարինեցին իրենց ոճով: Ավա՜ղ, դժվար է վերստեղծել Թումանյանի գրելաձևը, որն ինքը` բանաստեղծը, ձևակերպել է հակիրճ և պատկերավոր. «Արվեստը պետք է լինի աչքի նման թափանցիկ, պարզ և աչքի նման բարդ»: Հայտնի է Թումանյանի կարծիքը «Անուշ» պոեմի Վ. Իվանովի թարգմանության (1916) մասին. «…Բայց ափսոս իմ Անուշը: Չէ, նրանը շեկ է դուրս եկել»: Ի դեպ, հետագա տարիներին ևս Թումանյանի երկերի թարգմանությունները հիմնականում անհաջող էին: Առանձին հաջողությունները բացառություն էին, և ոչ թե բնորոշ հատկանիշ: Ուշագրավ են այդ առումով Կ. Չուկովսկու խոսքերը. «Երբ իմ հայ բարեկամները ինձ հավատացնում էին, թե Թումանյանը ժողովրդական մեծ բանաստեղծ է, ես, այնուամենայնիվ, որոշ թերահավատությամբ էի վերաբերվում այդ հիացական կարծիքներին: Ինձ տվեցին կարդալու այն ժողովածուն, որը «Խուդոժեստվեննայա լիտերատուրա» հրատարակչությունը լույս էր ընծայել 1960 թ: Այդ ընդարձակ ժողովածուի ընթերցումը է՛լ ավելի ամրապնդեց իմ այն համոզումը, որ թարգմանությունների միջոցով ոչ մի կերպ չես զգում Թումանյանի մեծությունը: …Բայց ահա ինձ բախտ վիճակվեց կարդալ Թումանյանի բալլադներից մեկը («Շունն ու Կատուն»- Մ. Ջ.) մեր հիանալի վարպետ Ս. Մարշակի թարգմանությամբ, և ինձ համար պարզ դարձավ, որ ես մոլորված էի ակնհայտորեն թարգմանիչների մեղքով, որոնք աղավաղել էին հայոց հանճարի կերպարանքը»:
Ռուսերեն թարգմանությունների որակը անհանգստացնում էր և հայ գրականագետներին: Այն ավելի մեծացավ պոետի 100-ամյակի նախաշեմին: Լևոն Հախվերդյանի «Պետք չէ ուշացնել» հոդվածում (»Սովետական Հայաստան«, 1964, մարտի 6) և Լևոն Մկրտչյանի «Ինչպես է թարգմանված Թումանյանը» հոդվածում («Գրական թերթ», 1965, հոկտեմբերի 22) սուր կերպով դրված էր բանաստեղծի ռուսերեն հոբելյանական հրատարակության անհրաժեշտության հարցը: Եվ որոշ ժամանակ անց Լ. Հախվերդյանը և Լ. Մկրտչյանը միավորել են իրենց ուժերը` ստեղծելու համար Թումանյանի ռուսերեն եռահատորյակը: Կատարվեց վիթխարի աշխատանք: Որոշ ռուս թարգմանիչներ` Ա. Նայմանը, Ա. Տարկովսկին, Ն. Գրեբնևը եկել էին Երևան, աշխատում էին` խորհրդակցելով կազմողների հետ: Այն մասին, թե ինչպես է ստեղծվել եռահատորյակը, ինչպիսի ոգևորությամբ և ջանասիրությամբ աշխատում էին թե՛ կազմողները, թե՛ թարգմանիչները, թե՛ խմբագիրները (Մ. Պետրովիխը և Ալ. Դիմշիցը), ես ժամանակին գրել եմ հոդված (այն տպագրված է «Пусть не гаснет свет в окне Левона» գրքում, 2004): Իսկ համեմատաբար վերջերս Կ. Սահակյանցի հրապարակումից «Из архива Левона Мкртчяна. Мария Петровых- редактор русских изданий армянской поэзии» («Բանբեր ԵՊՀ-ի, Ռուս բանասիրություն», 2015, №2) հստակ երևում է, թե ինչպես էր ընթանում աշխատանքը Բ. Ախմադուլինայի թարգմանական տեքստերի վրա… Արժեքավոր նյութ կարելի է քաղել նաև Լ. Մկրտչյանի «Չուկովսկու դասերը» հոդվածից («Свет есть добро» գրքում, 1981), ինչպես նրա Մ. Պետրովիխի մասին «Ճակատագրով այդպես է կանխորոշված» գրքից (2004): Հենց այստեղ է բերվում Պետրովիխի նամակը, ուր նա գրում է Թումանյանի լույս տեսած պոեզիայի հատորի մասին. «Առաջինը և գլխավորը` մեծ ուրախություն եմ ապրում: Մեր ջանքերն իզուր չէին: Եվ ինքնաբերաբար թելադրվում են, մեր մեջ ասած, պարծենկոտ, ինքնավստահ բառեր. առաջին անգամ ռուսերենով… Իհարկե, գիրքը կատարելություն չէ. Ես տեսնում եմ իմ բացթողումները… բայց, համենայն դեպս, շատ կարևոր է, որ հետագա հրատարակություններում որպես հիմք վերցվի մեր գիրքը»:
Հիրավի, եռահատորյակի առաջին հատորը եղավ Թումանյանի պոեզիայի ռուսերեն լավագույն հրատարակությունը: Եվ, իհարկե, Մ. Պետրովիխը իրավացի էր, ասելով, որ հենց այդ գիրքը պետք է հիմք դառնա հետագա ռուսերեն հրատարակությունների համար: Սակայն նա իրավացի էր նաև, երբ նշում էր, որ գիրքը կատարելություն չէ… Դժվար է ասել, թե կոնկրետ ինչ նկատի ուներ Մարիա Սերգեևնան: Ես կարող եմ արտահայտել միայն իմ կարծիքը: Ինձ թվում է, թարգմանությունների թերություններից մեկն այն է, որ տողերում հանդիպում են անծանոթ բառեր, որոնք ծանոթագրության կարիք ունեն: Օրինակ, «Մարո» պոեմում (թարգմանությունը` Տ. Սպենդիարովայի) կարդում ենք. «Нани внесла большой поднос»… Ի՞նչ է նշանակում «нани»: Ռուս ընթերցողը կարող է մտածել, որ դա հատուկ անուն է (չէ՞ որ տողը սկսվում է մեծատառով): Մինչդեռ «нани» այստեղ նշանակում է «մայր»: Իսկ ինչ է, ռուսները չունե՞ն այսպիսի հասկացություն: «Նանի» բառը բացատրվում է «Անուշ» պոեմի (թարգմանությունը` Վ. Դերժավինի) ծանոթագրություններում: Բայց եթե պոեզիա ընթերցելիս մենք ստիպված ենք տողի իմաստը պարզել ծանոթագրության միջոցով, մի՞թե դա չի ազդում երկի զգացմունքային ընկալման վրա: Ահա և «Հառաչանք» պոեմից (թարգմանությունը` Ա. Շտեյնբերգի) այսպիսի տող. «А не то я гачахом, разбойником стану!»: Կամ այսպիսի օրինակ` Սարոյի սպանությունից հետո Անուշի երգից. «Встань скорей, игит, //Скинь оковы сна!//Яр твоя скорбит, //Слезы льет она»: Եվ միայն ծանոթագրություններից ընթերցողը տեղեկանում է, որ «игит» նշանակում է «храбрец», «удалец», իսկ «яр» բառը չի էլ ծանոթագրվում: Նշված բառերը միանգամայն թարգմանելի են: Բայց ծագում է ևս մեկ խնդիր: Լեզուներում բառերը կարող են լիովին համընկնել իրենց հնչեղությամբ, սակայն դրանք միանգամայն տարբեր են իմաստով: Այսպես, «яр» ռուսերեն նշանակում է «крутой берег, обрыв», այսինքն` զառիթափ: Բնական է, որ հենց այդ իմաստով ռուս ընթերցողը կընկալի «яр» բառը, և նա կշփոթվի… Ինչպե՞ս կարող է նա միանգամից ընկալել վերը բերած տողերի իմաստն ու պոեզիան: Եվ թարգմանության ամբողջ տեքստում, չնայած գեղարվեստորեն հաջողված առանձին հատվածների, հանդիպում են բառեր, որոնց իմաստը ընթերցողը պետք է իմանա ծանոթագրություններից, կամ պարզապես չի հասկանա: Օրինակ. яйлаг, баяти, шаракан, адат, чуха, яйла, вуш-вуш…
Երբ ստեղծվում էր Վ. Դերժավինի թարգմանությունը (1939թ.), ընդունված էր, որ կարելի է անթարգմանելի թողնել որոշ բառեր. համարվում էր, որ այսպես պահպանվում է բնագրի ազգային կոլորիտը: Այդ միտումը շարունակվեց մոտ 3-4 տասնամյակ: Այժմ այն համարվում է ոչ արդյունավետ: Տառադարձվում և բացատրվում են միայն այն բառերը, որոնք չունեն իրենց համարժեքը թարգմանվող լեզվում: Կարծում եմ` պարզ է, որ Դերժավինի թարգմանությունը այսօր չի կարող ընկալվել որպես արվեստի բարձր գործ: Ես հիշում եմ, որ «Անուշի» նոր թարգմանության խնդիրը մտահոգում էր նաև եռահատորյակի կազմողներին: Նրանք պոեմը հանձնարարեցին Անատոլի Նայմանին: Նա հրաշալի թարգմանեց մի քանի բանաստեղծություն, «Դեպի անհունը» պոեմը, բայց «Անուշը», ավաղ, չստացվեց…
Եթե կորոշվի Թումանյանի երկերը հրատարակել ռուսերեն, ապա անհրաժեշտ է պատվիրել մի քանի նոր թարգմանություններ: Բացի «Անուշ»-ից, վաղուց ժամանակն է նորից թարգմանել «Ախթամարը», քանի որ Կ. Բալմոնտի թարգմանությունը իր սիմվոլիստական ոճով շատ հեռու է Թումանյանից: Ասենք նաև, որ «Հառաչանք», «Թագավորն ու չարչին«, «Հին օրհնություն» և այլ երկերի որոշ տողեր, որոնք մեզանում թևավոր խոսքեր են դարձել, թարգմանություններում կորցրել են այդ հատկությունը: Կարելի է այդ գործերը թարգմանել նորից: Բայց դրա համար անհրաժեշտ են նյութական միջոցներ: Իսկ արդյունքը անկանխատեսելի է…
Իսկ եթե ժողովածուն կազմվի եղած թարգմանությունների հիման վրա, ապա կարծում եմ, պետք է այն վերնագրել. «Ռուսերեն թարգմանությունների ընտրանի»: Այնտեղ կզետեղվեն լավագույն նմուշները, որոնցից ռուս ընթերցողը իսկապես կզգա Թումանյանի հանճարեղությունը, նրա անմահ տողերի անհուն խորությունը և իմաստությունը: Այդպիսի ժողովածուի համար կարող են օգտագործվել նաև որոշ նոր թարգմանություններ, տպագրված արդեն եռահատորյակից հետո:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.