Հուշերի շղթան՝ արձակ ու պոեզիա

Հունիսի 21-ին Երևանի Ֆրիտյոֆ Նանսենի թանգարանում տեղի ունեցավ Էդվարդ Միլիտոնյանի «Սկանդինավյան կրուիզ» գրքի շնորհանդեսը:
Ժողովածուն ամփոփում է հեղինակի «Սկանդինավյան կրուիզ» վիպակն ու Նորվեգիայի թեմաներով բանաստեղծական շարքը: Էդ. Միլիտոնյանը 1980 թ. եղել է Դանիայում, Շվեդիայում, Նորվեգիայում, Ֆինլանդիայում և հուշերի շղթան վերածել է արձակի ու պոեզիայի:
Շնորհանդեսը սկսվեց գրքից հատվածների ընթերցմամբ: Այնուհետև Արևշատ Ավագյանը, ներկայացնելով մեծ մարդասեր Ֆրիտյոֆ Նանսենին, նշեց, որ հայ ժողովրդի հանդեպ ունեցած նրա սերը, հարգանքը և մարդկային պարտավորվածությունը` օգտակար լինելու մի դժբախտ ժողովրդի, մարդասիրական բոլոր առումներով ոչ միայն հայերի, այլև ողջ աշխարհի համար կարող է ուղեցույց լինել: Ապա անդրադառնալով ժողովածուին` նա ընդգծեց, որ գրքում եղած խոհական, փիլիսոփայական, դիտողական, գրողական նկարագրությունները իրեն հոգեհարազատ են: Նրա հավաստմամբ` այդ ամենը Էդ. Միլիտոնյանը, լինելով գրականության, մշակույթի մարդ, մի նոր ձևով է բացահայտում:
Բժիշկ, բանաստեղծ Մկրտիչ Գրաբսկին խոստովանեց, որ այդ գիրքն իրեն տարավ հիշողությունների դաշտը և վերականգնեց խորհրդային տարիներին արտասահման գնացողների հոգեբանությունը, կենսաձևը, փոխհարաբերությունները, խորհրդահայ մարդու ամբողջական կերպարը, երբ նա ընկալվում էր որպես հզոր պետության ներկայացուցիչ: «Իրականում ճիշտ վերարտադրվել են ճանապարհորդությունների ժամանակ առաջնայինը, երկրորդականը, այսինքն` առօրյան, որի մեջ մարդիկ այս կամ այն կերպ տեղավորվել են»,- ասաց նա և հավելեց. «Ինձ թվաց, թե ես էլ ձեզ հետ մասնակցում եմ այդ կրուիզին»:
ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանի հավաստմամբ` «Սկանդինավյան կրուիզ» ժողովածուն կարծես ամբողջովին նվիրված է Ֆրիտյոֆ Նանսենին: Նա հիշեց, որ դեռ փոքր տարիքից աշխարհագրություն շատ է սիրել և ճանապարհորդների մասին բազմաթիվ գրքեր է կարդացել, քանի որ դա իր ամենասիրելի թեման է եղել: «Նորվեգիան, Դանիան, Ֆինլանդիան, Շվեդիան երազային կային իմ գիտակցության մեջ, և առիթ էր պետք գնալ ու տեսնել: Այս գիրքը գրվել է` հիմք ունենալով իրականացնելու իմ մանկական ցանկությունները»,- նկատեց նա` ընդգծելով, որ ճամփորդական նոթերը օգնում են բացահայտելու այլ ժողովուրդների:

Շաքե ԵՐԻՑՅԱՆ

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.