Հայ գրողը հարց է ուղղել Վլադիմիր Պուտինին Ուղիղ գծի եթերում

«Երեկո Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդման եթերում Ռուսաստանի նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարեց, որ ծանոթացել է Վլադիմիր Պուտինին ուղարկված բազմաթիվ դիմումների, որոնք հունիսի 15-ին նախագահի հետ անցկացված Ուղիղ գծի ժամանակ հայտնվել են այսպես ասած՝ «կադրից դուրս»:
Ինչպես հայտնի է, ծրագրի ընթացքում հարցերը Վլադիմիր Պուտինին տրվել են հեռախոսով, հեռագրերով, ռուսաստանյան խոշոր քաղաքների հետ հեռուստատեսային կապի միջոցով: Հունիսի 15-ի Ուղիղ գծում Պուտինին տրվել է ավելի քան երկու միլիոն հարց, և դրանցից միայն 73-ին նրան հաջողվեց պատասխանել հատկացված եթերային ժամանակում, որը կազմում էր 3 ժամ 56 րոպե:
Ինչպես Մոսկվայի մեր թղթակից Ալեքսանդր Արսենևին հայտնի դարձավ Ռուսաստանի նախագահի հետ Ուղիղ գծի կազմակերպման համար ներգրավված մամլո ծառայության ժուռնալիստների հետ շփման ընթացքում, ուղիղ եթեր չընկած հարցերի թվում էր նաև հայտնի գրող-հրապարակախոս Զորի Բալայանի հարցը: Մեր թղթակցին շարադրեցին հեռախոսով տրված այդ հարցի համառոտ բովանդակությունը: Այն վերաբերում էր համամոլորակային մակարդակով տեղի ունեցող ժողովրդագրական երևույթներին: Այսպես,
ՄԱԿ-ի տվյալներով, անցած դարի քառասունական թվականներին մահմեդականների թիվը աշխարհում կազմում էր 300 միլիոն: Այսօր նրանք հինգ անգամ ավելին են, այսինքն՝ մեկուկես միլիարդ: Մինչդեռ քրիստոնյաների թիվը գործնականում չի փոփոխվել: Աղբյուրը նշել է, որ գրողի հարցում հարգալից վերաբերմունք է վերապահվում ընդհանրապես մահմեդականների նկատմամբ. չէ՞ որ նրանցից շատերը, Զորի Բալայանի խոսքերով, փրկել են իր հայրենակիցներին Օսմանյան Թուրքիայում հայերի ցեղասպանության տարիներին:
Դրա հետ մեկտեղ, բուն հարցի մեջ մտահոգություն է հնչել այն առիթով, որ մոլորակի մահմեդական բնակչության ժողովրդագրական աճի ներկայումս առկա միտման պայմաններում, քրիստոնյաների շրջանում ծնելիության ցածր տեմպերի պարագայում, այս դարավերջին, այսինքն` ևս յոթանասուն տարի անց մահմեդականների թիվը կհասնի յոթից ութ միլիարդի, համապատասխանաբար կտրուկ կաճի նաև ԻԼԻՊ-ի, Ալ-Քաիդայի, «Մահմեդական եղբայրների» կարգի և այլ արմատական իսլամիստական ահաբեկչական խմբավորումների թիվը: Մյուս վտանգը, ինչպես նշվում է Զորի Բալայանի հարցում, ամփոփված է այնպիսի երևույթի մեջ, ինչպիսին ուժ հավաքող պանթուրքիզն է, որը մեծ թափով արմատավորվում է Թուրքիայի կողմից՝ իր նեոօսմանիզմի քաղաքական հայեցակարգով: Գրողը հարցրել է Վլադիմիր Պուտինին. տարվո՞ւմ է արդյոք կանխիչ աշխատանք այդ ուղղությամբ:
Ստացած տեղեկատվությունը ճշտելու համար խմբագրությունը որոշեց կապվել հարցի հեղինակի հետ:
«Այո՛,- պատասխանեց Զորի Բալայանը:- Ուղիղ գծի սկսվելուց ճիշտ մեկ ժամ անց ինձ հաջողվեց կապվել օպերատորի հետ և թելադրել հենց այդպիսի բովանդակությամբ հարց»:
«Դե-Ֆակտո»

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.