ՀՀ ՕՐՀՆԵՐԳ. հի՞ն, թե՞ նոր

Ազատ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

Հայաստանի Հանրապետության օրհներգի շուրջ բարձրացած աղմուկը մի քիչ անսպասելի էր: Այնքան սուր խնդիրներ կան, բայց հանկարծ սկսեցինք խոսել օրհներգի մասին: Իհարկե, արժեր ավելի լավ օրհներգ ունենալ: Այսօրվա օրհներգը ժամանակին ընդունվեց հապշտապ, խորհրդային ամեն ինչից հրաժարվելու սկզբունքով: Եվ եթե խնդիրն արդեն քննարկվում է, կարծում եմ, պետք է վերադառնալ Արամ Խաչատրյանի երաժշտությանը` ստեղծելով նոր տեքստ: Այսօրվա տեքստը, ամեն ինչից բացի, նաև արհեստական է: Նորը պետք է լինի ժամանակակից, խրոխտ և լավատեսական, բայց առանց 20-րդ դարասկզբի ազգային երգերի ռազմաշունչ շեշտերի:

Լիլիթ
ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

Առհասարակ տարօրինակ ազգ ենք, ապրում ենք ուղեղներս հալած… զգայականի թելադրանքով: Այդպես էլ նոր օրհներգ ընտրեցինք… նո՜ր… Մոռացանք` ինչ վախճան է ունեցել մեր նախորդ անկախությունը, չգիտես ինչու հրաժարվեցինք Արամ Խաչատրյանի պայծառ երաժշտությունից, ընտրեցինք անցածը, «արցունքով» հեղված բառերով, «մեռնելն ու զոհվելն էլ» հետը… Մոռացանք, որ Չարենց, Սևակ, Շիրազ ունենք և, մեր ունեցածի բառերը փոխելու փոխարեն, նախորդի «թշվառն ու անտերը» փոխեցինք («մեռնելը», իհարկե, մնաց…) ու մեզանից գոհ ապրում ենք: (Ի դեպ, այնպես ստացվեց, որ մենք ապրում ենք թշվառ ու անտեր, իսկ նրանք, ովքեր մեզ այդպիսին սարքեցին, մոռացել են, որ «պիտ մեռնեն»): Ինչ վերաբերում է մեր Շառլ Ազնավուրի երգին. այն, իհարկե, հրաշալի է, բայց մոռանա՞նք, ինչ առիթով է… այսինքն՝ դարձյալ օրհներգ չի կարող լինել: Ու եթե խոսում ենք օրհներգի մասին, գուցե հիշենք, որ Արամ Խաչատրյան ունենք, պատերազմ ենք հաղթել ու նաև` ազգովի ուզում ենք ապրել:

Սուսաննա
ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Երբ ստեղծագործողը նստում է որևէ բան գրելու, նա իր առաջ գեղարվեստական խնդիր է դնում: Սովորական սրտառուչ երգ գրելիս նրանից բոլորովին այլ բան է պահանջվում, հիմն գրելիս` բոլորովին այլ: Տվյալ երգը ստեղծված չէ որպես հիմն, կոմպոզիտորն ու բանաստեղծը իրենց առջև նման խնդիր չեն դրել այն ստեղծելիս, գրվել է բոլորովին այլ առիթով և այլ ապրումներով, և ուրեմն այն չի կարող ծառայել որպես հիմն: Փոխենք էլ, դարձյալ լինելու է կցմցած, սազացրած մի բան: Եթե մեզ վախեցնում է ներկայիս հիմնի բառերի էներգիան(«Մեր հայրենիք թշվառ, անտեր և այլն»), «Քեզ համար Հայաստանի» դեպքում էլ ողբերգական է այն գրելու առիթը` երկրաշարժը, և բառերն էլ համապատասխանում են դրան: Հիմնը պետք է առնվազն, եթե ոչ փառաբանի, խորհրդանշի հայրենիք հզորությունը, ապա գոնե դրական հույզեր արթնացնի սեփական քաղաքացիների և այն լսողների սրտում: «Քեզ համար Հայաստանը» լսելիս ես բոլորովին այլ ապրումներ եմ ունենում, ինձ համար այն ողբասացություն է և սփոփանքի խոսք: («Մոռացված իմ ազգ», որին ձեռք է մեկնում ողջ աշխարհը` «Ու քեզ է մեկնում ձեռքերը ահա», «Եթե քո բախտն ես անգամ անիծում,/Քո աչքերի մեջ, Հայաստան երկիր,/Հույսի մի շող եմ ուզում ես տեսնել», «Սարսափից հետո ու վախից հետո /Աստված կբուժի լլկված հողը քո» և այլն, որին գարուններ է մաղթում երգը և սեփական ճակատագիրը սեփական ձեռքը վերցնել): Պարզ հասկանալի է, որ խոսքը դժբախտության մասին է: Հիմնը այլ բառեր է ենթադրում` այն պետք է երգի երկրի փառապանծ անցյալն ու ներկայիս կուռ փառքը, հզորությունն ու ամրությունը, իսկ երաժշտությունը պետք է առնվազն խրոխտ լինի: Եթե մեզ նոր հիմն է պետք, կարելի է եղածի բառերը փոխել, նորը գրել, կարելի է վերականգնել նաև նախորդ հիմնը: Մի խոսքով, տարբերակները շատ են: Թող ինձ ներվի ասելը, «Քեզ համար Հայաստանը» որպես երգ էլ առանձնապես լավը չի: Չէի ուզենա դա լիներ մեր երկրի հիմնը, որի հնչյունների տակ ապրելու եմ ես: Եթե ես պիտի ընտրեմ արդեն եղածի և այս երգի միջև, ես ընտրում եմ հինը:

Վարդան ԴԵՎՐԻԿՅԱՆ

Օրհներգի և երգի տարբերությունը այն է, որ օրհներգը ոչ թե միայն լավ երգ է և նախատեսված է բարձրարվեստ կատարման համար, այլ իրապես պետք է բխի ողջ ժողովրդի սրտից և ժողովուրդը ունակ լինի կատարելու այն դպրոցից մինչև Զինված ուժեր և համաժողովրդական միջոցառումներ ու հանդիսություններ:
Օրհներգը, հատկապես մեր երկրի դեպքում, իրենում պետք է կրի նաև անցյալի մեր անցած դժվարին և ողբերգական ճանապարհի հիշողությունը ու այդ ճանապարհին ծնված ազգային երազանքը և տեսիլը:
Այսօրվա մեր իրականությունում միակ նման ստեղծագործությունը «Մեր Հայրենիքն» է: Հրաժարվել «Մեր Հայրենիքից» նշանակում է հրաժարվել մեր երազած Հայրենիքի վերակերտումից, այնպիսի երկիր ունենալու ձգտումից, որը մեր ողջ գրականության մեջ արտահայտվել է մեկ էլ «Խենթի երազում»:
Նշանակում է նպաստել անիդեալ և թուլամորթ սերնդի դաստիարակմանը, ինչպես նաև Սփյուռքի պառակտմանը, ուր «Մեր Հայրենիքը» պահվել և փոխանցվել է այսօրվա Հայաստանի Հանրապետությանը:
Այսօրվա հայկական իրականությունում փոխել Հայաստանի Հանրապետության օրհներգը նշանակում է հանձնել մեր պետականության ազգային-գաղափարական միջնաբերդը` համարժեք Բաստիլի գրավմանը:

Գոհար ԳԱԼՍՏՅԱՆ

Մեր ինքնության, մեր լավագույն իղձերի, մեր ապրելու կամքի, հզորացման, հաղթանակների ու վերելքների կոդը պիտի ունենա մեր Պետության օրհներգը՝ բանաստեղծական տեքստի ու երաժշտության ազգային վեհացնող ոգով, որպեսզի իսկապես օրհնաբեր ու չարխափան լինի մեր Երկրի համար: Սարքելու, հարմարեցնելու, կարկատելու կարիք չկա: Ազնավուրի ու Կառվարենցի հրաշալի երգն իր մեծ դերակատարությունն ունեցավ հայտնի օրերին՝ սփոփանքի, ամոքման, շտկվելու և վերհառնումի, իսկ այսօր հնչում է ըստ պատշաճի՝ տեղին ու սիրելի, միայն թե՝ օրհներգ լինելու համար, ա՛յն էլ՝ բանաստեղծական խոսքով, դարձյալ չունի հզորացնող այնպիսի լիցք, որ չարին վանի: Նույնը՝ հարյուր տարի առա՛ջ էլ, այսօ՛ր էլ, պակասում է այսօրվա գործող օրհներգին: Այո՛, հանուն ազգի կռվել է պետք, սխրականությունը պե՛տք է լինի հիմնի մեջ, բայց հիմքի՛ց վտանգավոր է՝ երբ օրհներգելով՝ զոհվելու մասին ես հիշեցնում, չես հիշատակում ուժիդ, անսասան կամքիդ, հաղթանակներիդ, արժեքներիդ մասին, և, դրան գումարած՝ ենթագիտակցությանդ մեջ հնչում է՝ թշվա՛ռ, անտե՜ր… ու սահմանին ընկնող ամեն թանկ զինվորի կորստի հետ համոզվում ես, որ «ինչ-որ մի բան, ինչ-որ մի տեղ սխալ է»:

Աշոտ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

Այն, որ ՀՀ ներկայիս օրհներգը կատարյալ չէ, բոլորի համար է պարզ (անխտիր՝ հոգու խորքում): Հարցը, թե ինչպե՞ս վարվել նրա հետ, մեծամասնությունը կողմ է փոխելուն (նաև հրապարակավ): Մինչդեռ քննարկվող տարբերակներից յուրաքանչյուրը կաղում է (ձևի, բովանդակության և ժանրային առումներով) և լավագույն դեպքում սոսկ տարասեռ ու տարաճաշակ փոքրամասնության հավանությունը կարող է շահել (առավել կամ պակաս): Ուստի` խնդրի դրվածքը ժամանակավրեպ է, մանավանդ առաջարկվող տարբերակների պակասավորության բերումով՝ թերկատար և հետևաբար հեռանկարի առումով՝ անընդունելի (հապճեպության կանխավարկածը զանց առնելով): Խնդրի լուծումը դանդաղընթաց է ենթադրում: Հարկավոր է արյան կանչով ոգեկոչել (այլապես՝ վերակերտել) մեզ ապրեցնող ու վեհացնող մեր ինքնության երգը (հոգու ու մտքի), այդժամ բարեբանյալ օրհնությունը (հողեղեն ու հավերժական) ինքնաբերաբար, մեր բոլորի հավաքական կամքով կհրաշակերտի մեր ներկա ու ապագա հոգեմտավոր խիզախումների դյուցազնապատումը (վերժամանակյա): Դրա համար մեզնից ընդամենը կպահանջվի ինքնարար, չափաբերված հրեղեն խոսքը (գիտակից կառույցի ձևաչափում) ներդաշնակեցնել տոհմիկ ձայնակարգու-թյան համաբնարին:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.