Գծի խորհուրդը Հենրիկ Էդոյանի պոեզիայում / Հակոբ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ

Ես ասում եմ՝ ամեն ինչ այնպես չի լինի,
ինչպես որ կլինի:
Հենրիկ Էդոյան
Նա եկավ,
հագավ վերարկուն,
բարձրացրեց օձիքը,
կանգնեց անձրևի տակ,
մի սիգարետ վառեց,
ծխեց…
Ահա այսպես, վաթսունականներից սկսած, նույնականանալով մտածականն ու զգացականը իրար կապող առասպելին (մոխրամանում թողած մոխիրը Պրևերի), ինչպես խաչ բարձրացողի վերջին ժպիտը, կերտվում է մի պոետիկ աշխարհ՝ Հենրիկ Էդոյան:
Ամեն հաջողված բանաստեղծության//սկիզբը կյանքն է- մշտապես արթուն,//բայց այդ սկիզբը կարող է լինել//նաև մի ուրիշ բանաստեղծություն:
Հենրիկ Էդոյանի համար բանաստեղծությունը հոգևոր փորձ է, տարբեր դաշտերի (մտավոր և զգայական) հատման արդյունք, որտեղ ասելիքն ու զգացմունքը, միմյանց փոխլրացնելով, ամբողջական են դառնում այդ դաշտերի հատման գծում, որը ինչքան կոշտ է, նույնքան էլ առաձգական, ինչքան սեղմված է, նույնչափ էլ ունակ ընդարձակման. ինչքան նուրբ է, այնքան էլ աներևույթ, ինչքան մեկնելի, այդքան էլ անվերծանելի ու առեղծվածային: Այստեղ է, որ բանաստեղծի գիրը պատասխան է պահանջո՞ւմ, թե՞ տալիս օդում կախված հարցին: «Բայց ովքե՞ր, ովքե՞ր կարող են ջնջել տարբերությունը»,- երբ
Հեռավոր խշշոցը աստղերի//հասնում է մինչև ծառերի կատարները,//ծառերը լողում են ինքնախաբեության//նույն տեսիլքի մեջ:
Ճակատագիրը, լոկ ճակատագիրը կարող է այդ ամենն իրենով ամփոփված դարձնել գոյության առանցք, պոեզիա, որի օրհնության խաչն արարել են քամին (քամի, անվերջ մի գիծ…)՝ հորիզոն գնացող, և մեզ եկող տիեզերական ճառագայթը(ամենաուղղահայաց գիծը) գաղափարի զոհաբերումը ընդունող, ահա թե ինչու բոլոր դեմքերի և քարերի վրա գրված է- «Հարություն»: Ահա թե ինչու, երկնուղեշ փայտերի մոտ տանող պոետի և Աբրահամի (որդու զոհաբերմանը գնացող) քայլերի արձագանքները Հենրիկ Էդոյանի համար նույնն են:
Մի բանաստեղծ կքայլի բազմության միջով՝//ձեռքերին պահած իր մաշված երազները//և կասի, որ աշխարհը գեղեցիկ է,//երբ առանց երազների ես կանգնում նրա վրա:
Հ. Էդոյանի պոեզիայում ժամանակը (կյանքը) պահ է, տիեզերալույսի (հիշողություն) երկրին առաջնաձգված կետ: Ժամանակի տևականությունը այդ կետերի շարք է, այսինքն՝ գիծ-հոգու ընթացք, ինչն էլ օրվա գծերը իմաստավորող բանաստեղծի գոյաշարժն է, որով սկսվում է տարածական անսահմանությունը, ո՛չ, ո՛չ, որով անցնում է. գիծը կողմեր չունի:
Մինչև կանցնի հիշողության ժամը հին,//(որն օրվա մեջ կղզի է թվում ինձ),//ես դուրս կգամ իմ օրերի գծերից,//կմոտենամ քո հեռավոր սահմանին:
Հ. Էդոյանի բանաստեղծությունը տարածականություն է ստանում խաչվող գծերով, ինչպես, օրինակ, քամին միշտ հորիզոնական գիծ է, իսկ նրան ուղղահայաց գիծը փոփոխվում է մեկ անձրևի, մեկ արևի ճառագայթի, ինչու չէ, անկման ու էլի ինչ տեսնես, քանի որ բանաստեղծի փորձությունը լավ գիտի՝ անվերջը կմոտենա քեզ, եթե վերջդ գտնես անվերջության մեջ, ինչը դեպի ակունք՝ հավասարակշռություն տանող շարժում է:
Ես մտնում եմ աշխարհ և դեմքս եմ խաչակնքում,//Քանզի չունեմ մի ուրիշ ավելի պարզ շարժում:
Հենրիկ Էդոյանի իմացած ամենապարզ շարժումն է բացում նրա պոեզիայի ճանապարհը, որ անցնում է գիծ-պատկեր-հիերոգլիֆ ուղիով, մի աշխարհիկ խորհրդով Սուրբ Երրորդության, ուր և բանաստեղծը հասկանում է.«Ես անցնում եմ իմ մարմնի գծերի միջով»:
Գոյության մի մասը ներսում է, մյուսը՝ դրսում,//իսկ ամբողջ գոյությունը՝ ներսից ու դրսից այն կողմ,//ուր իշխում է հիերոգլիֆը խստադեմ:
Կյանքի ու պոեզիայի կապող բարավորը զգայամտության գիծ-պատկեր-հիերոգլիֆ շարժամիֆն է, ինչն էլ Հենրիկ Էդոյանն ասես նախագծում է բանաստեղծությունների վերնագրերով, այսպես օրինակ՝ Սիլուետ, Ռելիեֆ, Միֆ, Ռեստավրատոր, Ջրանկար, Երկու գիծ, Պատկեր և կեսօր, Գրաֆիկա, Հատակագիծ և այլն:
Բանաստեղծ Հենրիկ Էդոյանի համար գիծը հոսք է: Նրա ընթացքն է ստեղծում դեմքը, անտես երրորդ աչքից եկող հայացքի ճառագումը, որը գիծ դարձող խտացող տարածությունն է, ինչն էլ մի ուրիշ տարածությունից ծնված գիծն է, հետևապես սկիզբն ու վերջը ունեն մի անուն՝ գաղտնախորհուրդ, որի բանաձևումն է ունայնություն ունայնությանց, իսկ ըստ Հենրիկ Էդոյանի՝ օդ, և օդն է, որ բանաստեղծին հուշում է (երբ նայում է նրան)՝ օրը Աստծու դեմքն է – եզակի ու անդեմ, ուստի և Բանը:
Խոսքն իմ հենարանն է, քանզի մենք մենակ ենք ոչ թե//ճակատագրի, Աստծու կամ մահվան դեմ, այլ տիեզերքի,//ուր մեր շարժումը արձագանք չունի-//հայելի, բացված մեր չարչարանքի, մեր հույսի, մեր խուլ//անմահության առջև, որի մեջ անվերջ//մեր դեմքն է կրկնվում-ողողված սեփական անդրադարձումներով//և տարօրինակ գրություններով:
Հ. Էդոյանի բանաստեղծության բառալեզուն գծապատկերն է: Այս տառը, որ տառ չէ, ոչ էլ հնչյուն, այլ՝ քամի, իսկ քամին անվերջ է… գիծ է, օրվա (կյանքի) գիծը, որով կանխորոշված են պատկերը, դիմանկարը, ասել է թե՝ բառի անձայն խոսքը, ներսից ելնող հայացքը:
Կյանքը պահն է՝ տպված դեմքի նկարին,//ներքին թռիչքն անձրևի մեջ և քամու,//լուռ աշխարհի միաձուլումն իր բառին:
Հ. Էդոյանի գծամտածողությունը բնականաբար ենթադրում է, որ բանաստեղծը հոգու սահմանային վիճակի տիրույթում է արտահայտման ելքը գտնում, որը բխում է բառի մեջ խտացած զգայականի լարվածությունից պոռթկող տողից:
Իմ բոլոր փլուզումները//հայտնվում են, երբ դու մոտենում ես//քո վճիռներով: Գետը հորդում է, բայց նա չի քանդում//իր ափերը, քանի որ նրանց մեջ է գաղտնիքը//նրա գոյության: Նայիր, թե խոտերը//ինչպես են ձգվում վերև,//անզորության մասին ոչինչ չիմանալով:
Քանի որ բանաստեղծն ունի, այսպես կոչված, հոգևոր հատակագիծ, ասել է թե՝ գծահամակարգ, շատ իրատեսական է և ընկալելի նրա պոեզիայում զուգորդվող գծի ճարճատումն ու առկայծումը պատկերի, որով աշխարհը զգայացվում է և իմաստավորվում:
Կարող ես նույնիսկ օդը վերածել պատկերի,//կարող ես գտնել նուրբ անցումները լռության//և տեսնել անվերջ ճարճատող կմախքը քամու,// եթե քո բառերը ներդաշնակ են, ինչպես//երեխայի խաղը,//որը նրանից ոչ մեծ է, ոչ փոքր:
Հ. Էդոյանի համար.«Աշխարհն իմ մարմինն է- մի քայլ և մի օր», ուստի բնական է, որ նրա պոեզիայի գծերն անցնեն համաշխարհային համընդհանրական գծերի միջով, որոնք հոսելով ձգվում են ԱՐևելքից ԱՐևմուտք երկրի միջօրեականով ու ուրվագծում քաղաքի փողոցների սարդոստայնը, որպես Սրբաբզեզ-պոետի կնճիռ, որի ամեն վերադարձը նույն շարժումն է առաջ ժամանակի ջրերի վրա:
Դանդաղ հոսում են զգացումները, մտքերը, տեսիլքները//և մտնում փողոց, ձգտում իրերին՝ վախենալով//նրանց ձևերի խստությունից, և կամքը, որ հսկում է այստեղ,//բացում է իր բոլոր պատուհանները, և ներս են սահում//հույսի և արթնության ճառագայթները(փարթամ-ցողունները-//ցանկապատից-այն-կողմ-աճող-//արևածաղիկների):
Հ. Էդոյանի պոեզիան աքսիոմա չընդունող զգացողություն է, որ բացում է միտք ընկալելու ուղին պատուհանի (աշխարհի) առաջ. «Ես ճյուղ եմ պատուհանի մոտ աճած, քո ստվերի մեջ»: Սա է արթնացնում վերադարձը՝ շարժումը դեպի առաջ, երբ բանաստեղծը հեռանալով, մութ կենտրոններից բնության, գնում է առաջ, դեպի փողոց:
Մարմինը միանում է փողոցի սրտին,//որ խփում է համաչափ գլխի մեջ երազի,//բոլոր դեմքերը մոտենում են իրար,//փնտրելով վերադարձի մոռացված ուղին:
Հ. Էդոյանի պոեզիան աշխարհին ոչ թե զուգահեռ է գոյում, այլ նրան հպվելուց հակազդված ճառագայթով ինքնաբուխ բյուրեղացվող մենությունն է, որն անթեղում է թախիծը, սերը, ապրումն այնպիսի գիծ-բառերով, որոնց լռությունն այլևս չի կարողանում ձգել, ու նրանք խոսում են մի քնարականությամբ, ինչպես անձրևը-աշխարհի մշտական այցելուն:
Եթե դու մի օր հանդիպես անձրևին// քաղաքի արվարձանում, կիսամութ նրբանցքների//ամայի լռության մեջ, դու կտեսնես, որ երկրի//և երկնքի միջև աստիճաններ կան,//որոնց վրայով անձրևն է ցած իջնում//և ձուլվում տներին, ինչպես արվարձանը//երեկոյի մեջ, ինչպես աչքերը քո:
Բանաստեղծի խոհաճանապարհի շունչ քաշող դադարներն են փոքրիկ ճեպագրերը, որոնք էդոյանական գծահամակարգի հոգևոր վիճակներ են: Բառապատկերներով գաղտնագրված գծերը երբեմն սահանքով հոսում են մակերևութային լարվածություններից խորքային վիճակներ.
Նրա դեմքի վրա
փայլում է ժպիտը,
ինչպես առավոտը
ծովափի խեցիներին,
նա լսում է երգը
գլուխը ներքև թեքած,
և նրա մաշկի վրա հոսում են ավազները
մի նոր երջանկության-
որքան վաղանցիկ-
այնքան գեղեցիկ:
Երբեմն էլ գծերը ուղիղ են, վիճակային պատկերներում ներս ու դուրս անող:
Անձրևը ծանոթ է ինձ, մենք միասին//արտասվել ենք մի անգամ աշնանը://Երբեմն էլ գծի ընթացքը խախտվում է՝ վերածվելով զիգզագի://Գիշեր-մեռած հրեշտակ,//քեզ համար թևեր չեմ պատրաստի,//քեզ համար չեմ հյուսի ցանցեր,//քո մատին մատանի չեմ դնի,//քեզ չեմ զարդարի խոսքով,//որովհետև այնտեղ,//ուր ավարտվում ես դու,//իմ ձեռքն է բարձրանում//քո տանիքներին բազմանկյուն:
Հենրիկ Էդոյանի հոգեվիճակային բանաստեղծությունների գծերն անգույն են և օդի պես թափանցիկ, դրա համար էլ ցանկացածն իր ընկալման չափորոշիչներով է գունավորում այն՝ ասես դառնալով բանաստեղծության համահեղինակը: Առաջին տողը… դա քոնն է, պոետ, երկրորդը քոնը չէ…
Աչքերը լուռ հեռանում են դեպի ներս,//սահմաններից տեսողության դաշտերի,//դեպի ներքին տարածությունն աչքերի,//ուր ապրելը աննկատ է օդի պես:
Կամ՝
Եվ քաղաքն է բացվում հանկարծ ինձ վրա,//ես փախչում եմ, որոնում եմ նոր կայան,//(տանիքներին չեմ վստահում ես հիմա):
Հ. Էդոյանի պոեզիայի գեղագիտությունը պատկերային հակադրություններից ծնված բազմաշերտ խոհականություն է, «երբ խոսքը հնչում է տերևի միջից, ես ներսուզման մեջ եմ», ու երբեք նա ջրամույն չի լինում, այլ կուրությամբ անտես Գիլգամեշի, ինչպես ձկան աչքի մեջ արձագանքող ալիքի շառաչ, սուզալողում է տերևների կասկածոտ գծագրերում, դեպի կանաչ ափը Սիրո Աստվածության:
Արևը պիտի մինչև վերջ վառվի//երկնքում,//որպեսզի հետո հարություն առնի//իմ ձեռքում:
Խոսքս ճեպանկարի փորձ է՝ ուրվագրված Հենրիկ Էդոյանի խորհրդային շրջանի պոեզիայի գծամտածողության Անդրադարձումներով Պատկերի և կեսօրի Երկրային ժամանակում, ուր բոլոր ուղիները-«նա ինքը իր ուղին է»:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.