Լորենց Առուշանյան / Վարսիկ ԳՐԻԳՈՐՅԱՆ

1953 թ. մայիս. ընդունելության քննություններ են: Քննական լսարանի դռանը հանդիպում եմ Թատերական ինստիտուտի հիմնադիր, բոլոր անհայր ուսանողներիս սիրելի հայր Վավիկ Վարդանյանին. «Չե՞ս ուզում տեսնել՝ ովքեր են գալիս: Բաքվից մի անուշ տղա է եկել: Համլետյան տիպար… ահա և ինքը»,- ներկայացնում է երիտասարդին ու շտապ մտնում լսարան:
– Շա՞տ եք սիրում Համլետին,- հարցնում եմ ես:
– Ինձ թվում է՝ այստեղ եկողները նրա երազանքով են գալիս,- ասաց աղոթքի պես:
Հաջողություն մաղթեցի, հեռացա: Ավարտական երկու ներկայացում դիտեցի. «Արմենուհին» և «Ամպրոպը»: Առաջինում երկու հակատիպ դեր էին տվել. Սամսոն՝ հարուստ, ինքնագոհ, եսասեր մի մարդ և նրա քրոջ ամուսնու՝ բժիշկ Ստեփանի դերը: Տեսա վերջինը. շատ համուհոտով, արդարամիտ ու շիտակ մարդու կերպար էր Լորենցի խաղով: «Ամպրոպ»-ում բիրտ սամոդուր Դիկոյն էր, և ինձ թվաց՝ տղան շատ ջանքեր է թափում նրան մարմնավորելու համար: Տարակուսանքս հայտնեցի՝ անմիջապես լսելով մասնագիտական պատշաճ հիմնավորումը. «Բա չիմանա՞նք՝ ինչ ունենք և ուսանողն էլ իրեն ճանաչի…»:
Գերազանցով ավարտեց, Լենինականի թատրոն գնաց, հինգ տարում խաղաց 11 դեր, և թատերաշատ քաղաքը սիրեց նրան: Շատ տարբեր ու հավասարապես սիրելի էին լեռնցի բուռն ասպետ Պարույրը («Վարդեր և արյուն») և Մեսրոպ Մաշտոցի սիրած աշակերտը՝ Կորյուն վարդապետը: Հանդիսատեսը սիրում ու գուրգուրում էր արտիստին, իսկ երբ բեմ բարձրացավ նրանց շատ հարազատ Ղուկաս Ղուկասյանի կերպարով՝ խանդավառության ցույցեր էին անում, արտասովոր հուզիչ խմբվածությամբ տուն էին ուղեկցում: Հետո սկսվում էին գլխավոր ռեժիսորի հետ վերջ չունեցող զրույցները: Մասնագիտական գրականություն էին կարդում, վերլուծում, նույնիսկ կարկառուն վարպետներին էին «խմբագրում», Ստանիսլավսկուն մաս-մաս անում… Իհարկե, Համլետի մասին էլ էին խոսում. ամեն ինչ առջևում էր, բայց պետք էր սպասել… հասնել Երևան… 1962-ին հրավեր ստացավ Երևանի ռուսական թատրոնից, և քանի որ մայրենիի չափ տիրապետում էր և ռուսերենին, ընդունեց հրավերը: Թատրոնում նորեկին պարտադիր սպասում են անխոս դերեր: Դիմացավ, բայց մինչ նոր դերեր կպատրաստեր, հրավեր ստացավ մայր թատրոնից և 1964-ի սեպտեմբերից արդեն այնտեղ էր: Մոսկվայից հրավիրված ռեժիսոր Ալ. Շատրինից ստացավ առաջին դերը՝ Ռոկկո՝ դե Ֆիլիպպոյի «Շաբաթ, կիրակի, երկուշաբթի» քնարական դրամայում և ստեղծեց սիրող, տաքարյուն երիտասարդի դեր, որն անմիջապես սիրելի ու ճանաչ դարձրեց արտիստին: Հետևեցին ոչ մեծ դերեր, որոնք համեստ ու լռիկ տղայի նկարագրով պետք էր բացատրել… Հրաշքի սպասումը ամենասփոփիչն է դերասանի համար: Այդ հրաշքը եկավ 1968-ին և ոսկե էջ դարձավ մայր թատրոնի պատմության մեջ: Լենինգրադից մասնագիտական դասընթացներից վերադառնալով՝ երիտասարդ ռեժիսոր Երվանդ Ղազանչյանը վճռել էր Երևանում «կրկնել» (օրհնվի այդ օրը և ժամը) իր ղեկավար Գ. Տովստոնոգովի «Ապուշը» բեմադրությունը: Իշխան Միշկինի դերի համար նախատեսել էր Խորեն Աբրահամյանին և Լորենց Առուշանյանին: Տովստոնոգովը նախապատվությունը տվեց Լորենցին: Փայլուն դերասանախմբում, այնուհանդերձ, առանձնացան երկուսը՝ Մետաքսյա Սիմոնյանը (Նաստասյա) և Լորենցը (Միշկին): Այդ օրվանից ներկայացումը 17 տարի խաղացվեց լեփ-լեցուն դահլիճներով: Իսկ երբ ներկայացվեց մոսկովյան հյուրախաղերում, տեղի քննադատներն էլ արժևորեցին և Լորենցին կոչեցին «խաղաղ ողբերգության դերասան»: (Վարագույրը 27 անգամ բացվեց, նա հրավիրվեց Կ. Ստանիսլավսկու թատրոն և ռուսերեն հիանալի խաղաց Միշկին): Սա միանգամայն նոր բնութագրում էր ժամանակակից համաշխարհային թատրոնի զինանոցից, նաև շատ նշանակալի ու կարևոր: Լենինգրադյան բեմադրությունը (Միշկին՝ Ի. Սմոկտունովսկի) Լորենցը չկարողացավ տեսնել (չէր խաղացվում). այսինքն՝ որևէ ազդեցության մասին խոսք լինել չէր կարող: Ամեն ինչ իրենն էր, ինքնաբուխ և սեփական տեսլականի արգասիք: Առաջին երկու պատկերներում Միշկինը (Շվեյցարիայից է եկել) ծանոթների միջոցով իմանում է, թե զարգացող կապիտալն ինչպես է կործանել իրեն ճանաչ ազնվականական ընտանիքները, թշվառացրել նրանց զավակներին: Լորենց-Միշկինի դեմքին հայտնված ցավն ու կարեկցանքն անմիջապես բացահայտում են նրա ջերմ, մարդկային նկարագիրը ու սիրելի դարձնում դիտողին: Նույնիսկ վճռում է սնանկացած ազնվականական ընտանիքից հարսնացու ընտրել… Իսկ հետո հրավիրվում է Նաստասյա Ֆիլիպովնայի անվանակոչությանը:
Մետաքսյա-Նաստասյան սիգարշավո՜ւմ է. այնպիսի ազդու անկեղծություն, ազնվություն և անձնական ցավ կա նրա խոսքում, որ Լորենց-Միշկինը հրճվանք է ապրում նման կնոջ տեսնելով և աստիճանաբար նրա հիացմունքը վերաճում է նրան այդ «դժոխքից փրկելու» ձգտումի: Արտիստները ոչինչ չեն ասում, բայց մենք ունենում ենք հոգիների մերձեցման պատրանք: Այսպիսի՝ հոգիների լուռ երկխոսության պահերը շատ են. արտիստական անձնավորման հզորությունից ծփում էր դահլիճը՝ ունենալով գեղարվեստական բարձրագույն երանության զգացում, որը խլանում էր խելահեղ ծափողջույններում…
Մեծ էր հաջողությունը, և թվում էր՝ թատրոնի առաջատարների շարքում իրեն հաստատած արտիստի առջև նոր հորիզոններ կբացվեն (ո՞վ գիտի, գուցեև Համլետը ծնվի), բայց այդպես չեղավ: Աճեմյանի հեռանալուց հետո թատրոնում ստեղծված, այսպես կոչված, «տրիումֆիրատը» իրեն էր ծառայեցնելու թատրոնը: Մյուսները միայն… օժանդակ կազմ: Այստեղ երևաց իսկական նվիրյալը. մարդը թատրո՞նն է սիրում, թե՞ իրեն: Լորենցն իր մշտական համեստությամբ շարունակեց խաղալ՝ ինչ առաջարկեցին, բայց հենց այս պահից արտիստի հոգում մի զարմանալի վճիռ կայացվեց: Իր փոքրիկ «զավակներին» նա կօժտի այնպիսի բարեմասնություններով, որ նրանք և՛ նկատելի կլինեն, և՛ սիրելի: Այդ տարիներին, վերից եկած կարգով, ստեղծվում էին պիեսներ, որտեղ օտար կամ մեծ տերության ազդու ներկայացուցիչներ էին լինում: Այդ դերերը սովորաբար տրվում էին ամենասիրված ու գեղեցիկ արտիստին: Մի ամբողջ շրջան նրանց դերակատարը երջանկահիշատակ Դավիթ Մալյանն էր: Հիմա թատրոնում ամենահամակրելի ու սիրված արտիստը Լորենցն էր: Հենց համապատասխան համազգեստով և լույս ճառագող դեմքով արտիստի հայտնվելը և կարևորագույն խոսք-հաստատումները շատ հաճելի զգացումներ էին հարուցում՝ մեծ մասամբ կապված մեր ազգային ցավոտ խնդիրների հետ: Թվենք մի քանիսը: Իվան Օզերով («Հանրապետության նախագահը»), Արտգործնախարար («Հյուսիսային ռապսոդիա»), Քննիչ («Նյուրնբերգյան վերջաբան») և այլն: Դրանց հազվագյուտ մարդկային իր նկարագրի անտես լիցքերն ու շարմը, լուսավոր ճակատից ու աչքերից եկող ջերմությունն էր հաղորդում արտիստը՝ փափկացնելով նրանց չոր ու ցամաք նախադասությունները, դրանց հաղորդում հույզ և ինտելեկտ՝ այս կերպ իր նպաստը բերելով ինքնուրույն բարեգործոն զարգացմանը: Այսպես Լորենցը դարձավ նաև փոքր դերերի վարպետ: Այս շրջանում առանձնապես նշանակալի եղավ Գաևը՝ «Բալենու այգին» ներկայացումից: Ասես Չեխովը Լորենցի համար էր գրել գեղեցիկով, անցած օրերի լույս կարոտով հին գրքերը կապկող և լքված պահարանին ձոներգ հնչեցնող մենախոսությունը: Այսպես արտիստը մոտենում է իր 60-ամյակին… առանց Համլետի: Հիշում եմ, երբ Փարաջանովը գալիս էր, իսկույն բոլորը խոսում էին նրա համակրանքների ու հակակրանքների մասին: Ասում էին, որ Լորենցին շատ է սիրում և մտածում է «Արա Գեղեցիկ» նկարել, բայց նրան կալանավորեցին: Հավանաբար այն օրերից էլ մի մասունք մնաց (կնոջ՝ Ալվարդ Պետրոսյանի հաղորդումով). ճեպանկար՝ համլետյան հագուկապով, սուսերով Լորենցը, որի գլխավերևում հրեշտակի պես թևածում է Փարաջանովը և ռուսերեն գրված է. «Համլետը. մեր երազանքը»:
Այստեղ ես դուրս թողեցի ռադիոթատրոնի և կինո և հեռուստատեսային թատրոնը, ուր ունեցել է գերազանցապես գլխավոր դերեր: Իսկ ավանդական թատրոնում նա խաղացել է 110 դեր: Սիրված դերերից հիշենք Շիլլերի Կարլ Մոորը («Ավազակները»): Այսպես նա եկավ իր արտիստական թեմայի ամբողջացմանը: Վերջին տասնամյակում իրար ետևից խաղաց մարդուն ու մարդկայինին նվիրված մեծակտավ ստեղծագործություններ: Առաջինը Վանահայրն էր: Շանթի «Հին աստվածները»՝ հայ բեմում փառահեղ հաջողություններ արձանագրած դրաման վաղուց սպասված տոն էր: Ակամա բոլորը Սոս Սարգսյանին էին տեսանում այդ դերում, իսկ նա թատրոնում չէր… Մենք տեսանք Լորենց Առուշանյանին և հավատացինք: Սա շատ կարևոր էր: Հավատքի սիրուն սերը թաղած ու մոխրացած, կղզում առանձնացած Վանահայրը աբեղաներ է պատրաստում, նրանց մեջ երիտասարդ Աբեղան (Տ. Ներսիսյան) միակն է, որ հոգևորին իր նվիրվածությամբ հիացնում է իրեն, բայց լճում աղետ է լինում, և Աբեղան նետվում է ջուրը ու փրկում Սեդային: Առաջին անգամ զգում է թևերի մեջ կնոջը… Եվ զարնվում: Տեսնել էր պետք, թե ինչպես է չոր-ցամաք վանահոր ձայնը ծնողական գորովանքով թրթռում՝ Աբեղայի հետ խոսելիս. «Ավա՜ղ, աբեղա, քո միտքը երբեմն թևե՜ր ուներ»: Զուսպ է, բայց սևեռումից, նյարդային քայլքից զգում ենք Լորենց-Վանահոր փոթորկված հոգին: Գալիս է նոր փորձություն: Տեսակցության է գալիս արդեն տարեց իր սերը՝ Մարիամ իշխանուհին: Նրա պատվին-կշռին վայել ընդունելություն է անում, սակայն Մարիամը նրան ցնցում է իր սիրո խոստովանությամբ: Շանթված Վանահայրը դողում է, փորձում է ողջախոհության կոչող խոսքով սանձել, բայց ապարդյուն… Այդ բոլոր ճիգ ու ջանքը մենք զգում ենք՝ այլայլված, շփոթահար արտիստի զուսպ պահվածքից: Միայն վերջում, երբ կինը հեռանում է, մի սրտապատառ «Մարիա՜մ» է գոչում… Հետո՝ ամայություն ու լռություն, որ խզվում է նրա պատգամով.
– Գացեք դուք ձեր եկեղեցին… Իսկ ես կերթամ իմս: Իմ տաճարիս հիմքը բանականությունս է, սյուները՝ իմ կամքս, գմբեթն ալ իմ հավատքը: Քանի կապրինք՝ շինենք ու շինենք մի՜շտ ու երբե՜ք չավարտինք: Հենց որ ավարտվի՝ ալ տաճար չէ, այլ՝ կռատուն:
Շանթի անավարտ թողած կերպարը ամփոփելու փորձ է անում բեմադրիչը: Ավերակների մեջ տակավին իր մագաղաթների ու մատյանների հետ է Վանահայրը. նա վերստին աշխարհի իմաստությունն է որոնում… Եվ մենք հավատում ենք նվիրյալին:
Միանգամայն այլ է Ա. Վարդանյանի Ոստանիկը «Ախացել»-ից: Հայկական աբսուրդի այդ անսովոր նմուշը ռեժիսոր Վ. Շահվերդյանը օժտել է բեմական ու կենցաղային անսպասելի գործոններով և ծերանոցի խեղված ծերուկներին դրել գրավիչ գործողության մեջ: Ամեն ինչ բեմում կենդանանում է գտնված երաժշտության (Ս. Շահվերդյան), տաղանդավոր արտիստների շնորհիվ: Երեք ծերերին մարմնավորում են Վարդուհի Վարդերեսյանը (Շնորհիկ), Հասմիկ Ալեքսանյանը (Տաթևիկ) և Լորենց Առուշանյանը (Ոստանիկ): Հեղինակային ժլատ ու անսովոր կերպի մեջ ամբողջանում է արտիստի ծերուկը: Պայմանականորեն ստեղծված այս կերպարը հայ մարդու տառապյալ տիպար է, որը դժգոհ է իրենից (հարազատների հույսերը չի արդարացրել), բայց ջանում է այստեղ անխինդ ու դժբախտ երկու պառավի օրերը ջերմացնել: Անձրևանոցով ու բերետով հայտնվող այս մարդը ինչ-որ կերպ զրուցակից է դառնում, սփոփում շաղված հոգիներին: Նույնիսկ արտաքին կերպարով սրա հետ ընդհանրություն ունեցող մյուս ծերուկը Բոկան է «Վերադարձ Սորենտո» պիեսից: Ամառանոցում են հանդիպել երեք տարեց մարդիկ՝ Նինուչան, Աբան և Բոկան: Միայնակ երկու կանայք, որ ինչ-որ տեղ շարունակում են երազանքների մեջ ապրել և հանդիպելով այս մեղմ ու բարեկիրթ մարդուն՝ իրենց շատ լավ են զգում: Մարդը փնտրում է իր նմանին: Մարդը մարդ է փնտրում. այսպես էլ են ասում: Բարի եղիր ու մերձավորին օգնիր, որ կյանքն ավելի հաճելի դառնա:
Վերջինը, որով արտիստը ամբողջացնում է իր բարի, համամարդկային հերոսների շարքը, Եզոպոսն է: Նրա կյանքը գեղարվեստական մշակումներ է ունեցել. մեկն էլ Գ, Ֆիգեյրեդոյի պիեսն է, որ բեմադրվել է մեր թատրոնում: Ստրուկի ամենաբաղձալի ազատության մասին այս գործը հնչեց ազատության և մարդու արժանապատվության այնպիսի զգայացունց հագեցումով, որ զուգահեռվեց արդիականության շիկացած խնդիրներին և այնքան ներդաշնակ ու անկեցվածք էր, ինչպիսին ի զորու էր հնչեցնել մեր թատրոնի ամենաբնական ու գեղեցիկ արվեստագետը: Շատ ուշագրավ է, թե ինչու Լորենցի խաղերը տեսնելով մոսկովյան քննադատները նրան կոչել են «խաղաղ ողբերգության արտիստ»: Որպես ժանր ողբերգությունն իր արտահայտչակերպով մնացել է անցյալում, բայց այդ ինչ ողբերգություն է, որ ապրում, ավելի ճիշտ, կրում են իրենց ներսում Լորենցի հերոսները: Արդյոք սա այն չէ՞, երբ արտիստի ստեղծագործությունը պատռում է ժամանակակից դերասանական արվեստի ըմբռնումներն ու պատնեշները և իր արվեստով նոր սահմանումներ անում: Ինչպես ասում են՝ «կեցցե արտիստը»:
Այս նյութից ես դուրս եմ թողել մեծ և փոքր էկրանի դերացանկը, բայց գեթ մի երկու անուն ուզում եմ հիշատակել, որպեսզի հաստատեմ, որ արտիստը ստեղծագործական պակասը լրացնում էր էկրանային մեծարժեք կերպարներով Սերգեյ («Իրկուտսկյան պատմություն»), Թամիզ («Տոպազ»), Ջեկ Գուլդ («Ռուսական հարց»), Դանիել Կորբան («Ծուղակ»), Մտավորական վտարանդի («Վտարանդիներ»), Շվեդով («Չեզոք գոտի»), Լարիոսիկ («Տուրբինների օրեը») և այլն:
Անհաստատ ու անհավասար է արտիստական կենսագրությունը: Այսօր կարող են վարձատրել խելահեղ ծափերով, հաջորդ օրը՝ սպանիչ լռությամբ: Արտիստը պետք է դիմանա: Չսպիացող վերքի պես զգում եմ 1985 թ. նոյեմբերի 3-ը. Վարդգես Պետրոսյանի «Համր լեռան ճիչը» (ռեժ.՝ Ե. Ղազանչյան): Արդյոք որևէ մեկը հաշվե՞լ է, թե առաջնախաղի գնացող արտիստի սիրտը քանի զարկ ու դադար է ունենում… Այդ օրը Լորենցը գլխավոր դերակատարն էր. Խաժակ Կամսարյան: Ներկայացումից հետո աչքիս առջև են հեղինակի, բեմադրիչի ու Լորենցի տանջահար դեմքերը… Քանի՞ ամիս է պետք, որ նրանք ուշքի գան: Ինչպես ասում են, չծնված թաղեցին. չէր կարող դա սպիներ չթողնել մարդու հոգում:
Լորենցի ամբողջ կյանքն էր նվիրում ու զոհաբերություն: Նա իր ժողովրդի հետ էր մեր անկախության և պայքարի, նաև նյութական զրկանքների օրերին և ամեն ինչ անում էր սնունդ, դեղորայք և նույնիսկ զինամթերք Արցախ հասցնելու համար: Մեծատառով ՄԱՐԴ էր ու ԱՐՏԻՍՏ Լորենց Առուշանյանը ու ևս մի դրվագ նրա արտիստական կենսագրությունից: Կինոռեժիսոր Հենրի Մարգարյանի «Հանդիպում» հեռուստատեսային ներկայացման մեջ (որը հետո ֆիլմ դարձավ) զինվոր Ալեքսանին մեղադրել են խռովության մասնակցելու մեջ և տանում են գնդակահարելու: Հակառակի պես այդ տարաժամին որդու հետ տեսակցության եկած միամիտ գեղջուկ հորը մի կերպ համոզում ու ճամփա են դնում, իբր՝ որդուն տանում են աստիճանը բարձրացնելու: Երջանիկ հայրը հեռվից ձեռքով է անում և աղոթք հղում որդուն տանողներին… Կանգառ… Վերջին անգամ Լորենց-Ալեքսանը երկնքին է նայում, կարոտով ընդգրկում աշխարհը: Այնպիսի չքնաղ, մաքուր աչքեր են ու այնպիսի անհատակ թախիծ, որ քարը չի դիմանա… Այսպիսի՝ միտքդ, հոգիդ փոթորկող պահեր շատ կան արտիստի ստեղծագործության մեջ, որ զմայլում է, լցնում բովանդակ էությունդ, և դու ուզում ես գոչել. «Կա՛նգ առ, ակնթարթ»: Լորենցին ու նրա արվեստը երբևէ արգելած մարդկանց կոչում եմ. կանգ առեք ու խոնարհվեք հրաշալի հայորդու և ԱՐՏԻՍՏԻ առջև…

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.