ԵՐԿՐԻ ԶԻՆՎՈՐԸ

ԿարինեԿարինե ԽՈԴԻԿՅԱՆ

Եթե պատերազմի տարիներին կամ պատերազմից մի քանի տարի հետո հայտնվեր մեկը, ով կասեր, թե Շուշիի հաղթական գրավումից 21 տարի անց այդ նույն Շուշին ու Արցախը մեզ վերադարձնողները, մեր ազատամարտիկները պիտի Ազատության հրապարակում բողոքի նստացույց անեն` պահանջելով զինծառայողների կենսաթոշակի հաշվարկման վերանայում, իսկ ավելի պարզ ասած` իրենց ու իրենց ընտանիքների գոնե նվազագույն արժանապատիվ գոյության իրավունք… Այդ մեկին կհամարեինք թշնամու կողմից ուղարկված ու համապատասխան վերաբերմունքի կարժանացնեինք: Առնվա՛զն: Բայց այսօր դա է իրականությունը. մինչ պետական ամենաբարձր մակարդակով, հրավառություն-միջոցառումներով նշվում էր Շուշիի ազատագրման օրը, այդ նույն օրը հաղթանակի իրական զավակներից ամենաարժանավորները պատրաստվում էին գալ հրապարակ: Այդ նույն հրապարակը, որտեղից սկիզբ առավ մեր Ազատամարտը: Այդ նույն հրապարակը, որտեղ բերում էին զոհված հերոսների դագաղներն ու նոր միայն վերջին ճանապարհն ուղեկցում դեպի Եռաբլուր: Սրանից ավելի մեծ ցա՞վ, ավելի դաժան ապտա՞կ հասարակությանը, մեզանից յուրաքանչյուրին, չէ՞ որ մենք ենք Հաղթանակի իրավահաջորդները, ուրեմն և` պարտավորության բաժինն ունենք ամեն մեկս: Նաև մե՛ր մեղքով է, որ այսօր Ազատամարտիկը չի կարող ընտանիքը կերակրել, ամոթ է անգամ ասելը` պատերազմում ստացած վերքերի բուժման ծախսը փակել:
Եթե երկրի ճակատագիրը տնօրինողները գոնե մի փշուր արժանապատվություն ունեն` պիտի լուծեն այս հարցը: Անհապա՛ղ: Այդպես գոնե մի փոքր կթեթևացնեն իրենց` պետականորեն հանցավոր անտարբերության մեղավորությունը: Իսկ թե ինչպես կկարողանան նայել կիսաքաղց կյանքով ապրող նախկին զինակիցների աչքերին (մեծ աշխարհ է, մեկ էլ տեսար…)` թողնենք նրանց խղճին…
Եթե դեռ պատերազմ ունեցող երկրի զինվորն է կռացել օրվա հոգսի տակ, ուրեմն երկրում «ինչ-որ բան սխալ է», ավելին` ճակատագրական սխալ է:

Հ.Գ. Իսկ ի՞նչ զգաց ԱԶԱՏԱՄԱՐ­ՏԻԿԸ՝ լսելով Սյունիքի մարզպետի՝ Մար­տական խաչի 2-րդ աստիճանի շքանշանով պարգևա­տրվելու լուրը…

2 thoughts on “ԵՐԿՐԻ ԶԻՆՎՈՐԸ

  1. Մարդկային այդ եւ նման խեղճութիւններ դժբախտաբար միշտ եղած են -անոնք կ՜անցնին ոչ իսկ կը յիշուին -կարեւորը Կարինէները շատանան-միշտ ըլլան -այս մեր Հայրենիքը կանգուն կը մնայ։-Ինչպէս մեր կտրիճները սահմանները կը պահեն -այսպէս մտաւորական քաջ
    մայրեր եւ կանայք ՝ժողովուրդը։ Մեր աննման Եղիշէն 1500 տարիներ առաջ հասկցած է թէ ինչեր կ՜ընեն ՏԻԿՆԱՅՔ ՓԱՓԿԱՍՈՒՆՔ ԱՇԽԱՐՀԻՆ ՀԱՅՈՑ։ ։ որոնց շնորհիւ դեռ կանք ։

  2. Ռուբեն Կոյուն ( Ռուբեն Սամսոնի Քեշիշյան says:

    Ես Ռուբեն Կորյունս այս շատ հարգելի Կարինե կնոջ հոդվածները որ կարդում եմ ուղղակի հիանում եմ նրա հակիրճ ու իմաստալից խոսքերի վրա, որոնք զուլալ ու ջինջ ակից բխելով շատ բաներ են պարզում և մեկնաբանում երկրի իշխանավորների կատարած գործերի , իրադարձությունների և մարտահրավերների մասին: Մեծահարգ տիկնոջ հետ համաձայն եմ, որ երկրի մեջ պետք է սրտերում խորացնել ազգասիրությունը, հայրենասիրությունը, որոնց ուրվականը իսկ հազիվ նկատելի էր դառնում այն էլ սովետի փլուզման վերջի տաս տարիներին: Մաղթում եմ թերթի գլխավոր խմբագիր Կարինեին քաջառողջ և անվհատ կյանք առ ի հզորացումն մեր հայրենիքի:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.