ԵՐՐՈՐԴԸ ԼԻՆԵԼՈՒ ՀԱՎԱՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ / Սամվել Կոսյան

Բաքուն շարունակում է ընդդիմադիրներին իր սահմաններից դուրս հետապնդելու արատավոր քաղաքականությունը: Բելառուսից հետո, ով ընդառաջել էր Ալիևին, երկրորդը Վրաստանը եղավ: Մայիսի 29-ին Թբիլիսիում առևանգել և Ադրբեջանին են հանձնել ազերի լրագրող և ակտիվիստ Աֆղան Մուխթարլըին, ով հայտնի էր ադրբեջանական իշխանություններին ուղղված քննադատությամբ: Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպության ներկայացուցիչ Լևան Ասատիանիի խոսքով. «Ինչպես երևում է՝ Վրաստանի կառավարական գերատեսչությունները ներգրավված են եղել այդ գործողությանը: Փաստաբանն արդեն այցելել է լրագրողին: Մուխթարլըին հայտարարել է, որ Թբիլիսիի կենտրոնից նրան առևանգել են քաղաքացիական հագուստով և վրացերեն խոսող անձինք: Նրանք մտցրել են նրան մեքենան և դուրս բերել Թբիլիսիի սահմաններից: Այնուհետև նրան դաժան ծեծի են ենթարկել, կապել են աչքերը և նստեցրել մեկ այլ մեքենա, և Ադրբեջանի հետ սահմանին նստեցրել են երրորդ մեքենան, որտեղ խոսել են ադրբեջաներեն»: Դեպքի առնչությամբ իր մտահոգությունն է հայտնել Եվրախորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մուժնիեկսը. «Ես ցնցված եմ այն բանից, թե ինչ է տեղի ունեցել ադրբեջանցի լրագրող և ակտիվիստ Աֆղան Մուխթարլըի հետ,- գրել է նա,- ում առևանգել են Վրաստանում և բռնի ուժով տարել Ադրբեջան, որտեղ նրան մեղադրում են սահմանն ապօրինի հատելու և մաքսանենգության համար»: Բաքվի Սաբալիլի շրջանային դատարանն արդեն հասցրել է լրագրողին երեք ամսով կալանավորելու որոշում կայացնել: Փաստաբանի խոսքով, Մուխթարլըիին նաև նոր մեղադրանք է ներկայացվել՝ սահմանապահի նկատմամբ բռնության կիրառմամբ դիմադրություն ցույց տալու վերաբերյալ: Որքան էլ իրավապաշտպան կազմակերպությունները Ադրբեջանի իշխանություններից պահանջեն ազատ արձակել լրագրողին, երաշխավորել, որպեսզի պաշտպանվեն նրա իրավունքները՝ ներառյալ խոշտանգումներից ու դաժան վերաբերմունքից, ակնհայտ է, որ Մուխթարլըի ճակատագիրը նույնն է լինելու, ինչ Լապշինի և բանտերում հայտնված այլ ընդդիմադիրների ճակատագիրն է: Ադրբեջանը վաղուց է անհաղորդ միջազգային հանրության հորդորներին, քանզի նրանց միջամտությունը այդպես էլ չի հատում հայտարարությունների սահմանը և չի վերածվում Բաքվի կամայականությունները սանձելու գործողությունների: Երևույթը Հայաստանի համար աննշան կլիներ, հաշվի առնելով ընդդիմադիրների նկատմամբ հաշվեհարդարների Բաքվի հետևողական ու ծրագրված քաղաքականությունը, եթե չլիներ Վրաստանի ներկայությունը: Հարևան երկրի ՆԳՆ-ն գործի առնչությամբ հետաքննություն է սկսել, սակայն դժվար չէ կռահել, որ գործընթացը իրավական բուտաֆորիայից զատ այլ նպատակ չի հետապնդելու: Գործի նկարագրությունն արդեն իսկ հուշում է, որ առանց վերադասների իմացության առևանգումը հնարավոր չէր լինի: Եթե Բելառուսի պարագայում սպասելի էր բռնապետների երկխոսությունը, ապա եվրոպական արժեքների ձգտող Վրաստանի վարքը եթե ոչ անհասկանալի, ապա առնվազն դեմ է նրա դավանած ժողովրդավարությանը: Մնում է հուսալ, որ Վրաստանի՝ ադրբեջանական սադրանքներին կուլ չգնալու իմունիտետը վերջնականապես չի նահանջել, ինչը վտանգավոր կլինի ոչ միայն Վրաստանի, այլև Հայաստանի համար: Իսկ որ տնտեսական անկման իրավիճակով պայմանավորված, Ալիևի հասցեին քննադատությունները շարունակվելու են, ոչ մի կասկած, ինչը նշանակում է, որ շարունակվելու է նաև «վհուկների» որսը և շարունակվելու է առավել տխեղծ դրսևորումներով: Արդեն իսկ ենթադրելի է երրորդ երկիրը, որը պատրաստակամ է «մեղմելու» Ալիևի հասցեին հնչած քննադատությունների ազդեցությունը, պատրաստ՝ ընդդիմադիրների թեկուզ գումարտակ արտահանձնելու բռնապետին: Ղազախ գիտնականի խոստովանությունը՝ Ադրբեջանի միջազգային բանկի հնարավոր սննկացման առիթով, ինչի հետևանքով Աստանան 250 միլիոն դոլարի կորուստ է կրել, պարզապես ապացուցում է երրորդ երկիր լինելու Ղազախստանի հավանականությունը. «Պաշտոնական Երևանը ժամանակից շուտ է շփում ձեռքերը,- գրում է նա,- կանխազգալով ադրբեջանա-ղազախական հարաբերությունների լարվածությունը: Իհարկե, կարելի է հասկանալ ՀԱՊԿ-ի և ԱԵՏՄ-ի մեր «գործընկերների» նախանձը: Սակայն այդ կառույցներում Աստանան երկար տարիներ հետևողականորեն պաշտպանում է եղբայրական Ադրբեջանի հետաքրքրությունները: Ղազախստանը մի անգամ չէ, որ սառեցրել է Հայաստանի որոշ «տաք գլուխների», հայտարարելով, որ մեր երկիրը՝ չնայած ՀԱՊԿ-ի անդամ լինելուն, երբեք և ոչ մի պարագայում զորք չի ուղարկի եղբայրական Ադրբեջանի դեմ: Դա ամբողջովին բացառվում է: Իմ ժողովրդի մեծամասնությունը պաշտպանում է Ադրբեջանի իշխանությունների ու ժողովրդի արդարացի գործողությունները: Այդպես եղել է միշտ, այդպես կլինի նաև ապագայում»: Սա է իրականությունը: Պարզապես պիտի անել հնարավորը, որպեսզի Ադրբեջանին «սատարող» երկրները նույնպես իրենց անհաջողությունների մեջ «հայկական հետք» չփնտրեն, ինչին ձգտում են Ալիևն ու նրա կամակատարները:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.