Բաց նամակ՝ ՀՀ վարչապետ պրն Կարեն Կարապետյանին

Մեծարգո Պարոն Կարապետյան.
Ձեզ գրելու շարժառիթը եղավ այն, որ օրերս հեռուստատեսությամբ տեսա Ձեր աշխատանքային այցը Մշակույթի նախարարություն: Խոսելով մի քանի հարցերի շուրջ՝ Դուք նշեցիք, որ մշակութային ծրագիր պետք է մշակել երեխաների համար, որպեսզի նրանք ամիսը մեկ անգամ օպերա և թատրոն հաճախեն: Ողջունելի առաջարկություն…
Դուք հոգևոր մեծ ներուժ ունեցող անհատականություն եք: Ցանկանում եք, որ մեր երկիրը ամուր հիմքեր ունենա թե՛ ռազմական, թե՛ տնտեսական և թե՛ մշակութային ոլորտներում: Այո՛, Դուք ճիշտ եք, և Ձեր ջանքերը այդպիսի Հայաստան ունենալու նաև մեր ժողովրդի սրտի ցանկությունն է: Ուրեմն սկիզբ է դրվում նոր գործընթացների, որոնցից պետք է ակնկալել դրական արդյունքներ:
Իսկ ո՞ւր մնաց գրողը… Նա ընդգրկված չէ այդ գործընթացներում: Նա, ով միշտ՝ բոլոր դարերում և բոլոր ժամանակներում, եղել է իր ժողովրդի կողքին… Հիշենք Արցախյան շարժումը, երբ շատ գրողներ մասնակցեցին այդ հերոսամարտին: Իսկ այդ ցուրտ տարիներին անվանի բանաստեղծուհի Մետաքսեն հեռուստատեսությամբ հանդես եկավ կոչով՝ տաք գուլպաներ գործել ռազմաճակատում կռվող ազատամարտիկների համար: Եվ Գրողների միությունում իր նախագահությամբ ստեղծեց «Արցախի ազատամարտիկներին օգնող հանձնախումբ»: Կոչը գնալով ստացավ ավելի լայն բնույթ, համաժողովրդական ընդգրկում, դուրս գալով մեր հանրապետության սահմաններից, հասնելով մինչև արտասահման: Եվ դարձավ կատարյալ օգնություն ռազմաճակատի համար: Իսկ մեր օրերում որտե՞ղ թողեցին գրողի առաքելությունը…
Երեխան իր հոգում պետք է ունենա բարության և գեղեցկության ճանաչողություն, ձգտում՝ իր հոգու աչքով տեսնելու այն, որը կմղի նրան դեպի օպերա և թատրոն հաճախելուն: Իսկ այդ բարությունը, գեղեցկությունն ու հայրենասիրությունը սերմանում է գիրքը և այնպիսի արմատներ է գցում երեխայի հոգում, որոնք երբեք արմատախիլ չեն լինում, ձևավորելով մեր հայրենիքին նվիրյալ հայրենասերներ, ինչպիսին եղան Մովսես Գորգիսյանը, Ջիվան Աբրահամյանը, Թաթուլ Կրպեյանը, Յուրի Պողոսյանը, Վիտյա Այվազյանը…
Մեր պետականության հաստատման ճանապարհին ազգովի շատ դժվարություններ ու խոչընդոտներ ենք հաղթահարել ու հաղթահարելու ենք: Սակայն գրողը կա ու կլինի մեր պետության ու պետականության ջատագովը, բայց նրան մոռացել են: Ո՛չ ռադիո և ո՛չ էլ հեռուստաեթերում նրա ոգևորող և հուսադրող խոսքը չկա: Չնայած գրողը զրկվեց նաև պետականորեն հրատարակվող գրքերի հոնորարից, բայց մեր հոգում այն լույսի շողը կար, որ գոնե հրատարակվող գրքերի միջոցով շփվում ենք մեր ընթերցողների հետ, որովհետև գրողը միջոցներ չունի գիրք հրատարակելու: Սակայն անցյալ տարի խոսակցություն սկիզբ առավ այն մասին, որ պետական աջակցությամբ կամ պետական պատվերով գրքերի հրատարակում այլևս չի լինելու:
Այդ լուրը գիլիոտինի պես կախվեց մեր գլխին: Եվ «Գրական թերթում» շատ գրողներ հոդվածներով հանդես եկան վերանայելու այդ խնդիրը, առավել ևս եթե այդպիսի որոշում կա: Գրեցին, գրեցին և հետո… անհույս լռեցին: Այժմ անորոշության մառախուղ է…
Մարդիկ կան` ազգադավ սխալ կարծիք են տարածում, որ գիրք չեն կարդում, ընթերցող չկա: Եթե այդ երևույթը համեմատեն սովետական ժամանակների հետ, միգուցե, քանի որ այն օրերում համակարգիչ չկար: Այժմ համակարգիչը կլանում է և՛ երեխաների, և՛ հատկապես երիտասարդության ժամանակը: Սակայն ասել, որ չեն կարդում, ուղղակի սուտ է: Դրա բացահայտ ապացույցներից մեկը Ավետիք Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանն է, որն ունի 33-34 հազար ընթերցող, նրանցից 20 հազարը երիտասարդներ են: Գրադարանում գործում է գրքամոլների ակումբ… Կարծում եմ՝ բազմաթիվ օրինակներ բերելու կարիք չկա:
Այս դժվար օրերում հայ մարդը ամեն օր հացի խնդիր է լուծում, հայտնվել է գրեթե համատարած գործազրկության, սահմանամերձ դատարկվող գյուղերի, արտագաղթի ճիրաններում և Ձեր՝ շրջահայաց ղեկավարի սրտացավության ու գրողի հուսադրող խոսքի կարիքն ունի:
Լիահույս եմ, որ Ձեր մարդասեր աջակցությամբ, ինչպես նաև Մշակույթի նախարարության և Գրողների միության հետ համատեղ, կմշակվի ծրագիր: Եվ գրողները ևս կընդգրկվեն մեր հանրապետությունում սկիզբ դրվող նոր մշակութային գործընթացին` բերելով իրենց հոգևոր ներդրումը, ունենալով պատկան հովանավորություն, որպեսզի է՛լ ավելի ամրապնդեն մեր պետության և պետականության հիմքերը:

Հույսով ու հավատով`
բանաստեղծուհի ԼԻԼԻԹ
Գրողների միության անդամ,
Ավետիք Իսահակյանի անվան
մրցանակակիր

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.