«Հեքիաթների աշխարհը»՝ Հակոբ Պարոնյանի թատրոնում

Մայիսի 27-ին Երևանի Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում հյուրընկալվեց Սպիտակի «Հեքիաթների աշխարհ» թատերախումբը: Թատրոնի փոքր դահլիճում 5-10 տարեկան երեխաները ներկայացրին Սուրեն Մուրադյանի «Վախկոտ պարծենկոտը» ստեղծագործությունը որոշակի փոփոխություններով:
Թատերախմբի ղեկավար Արմինե Մելքոնյանը տեղեկացրեց, որ սա իրենց երկրորդ այցն է, որի կազմակերպիչը Երվանդ Ղազանչյանն է: «Սա երեխաների համար մեծ աշխարհ է` դուրս գալ Շիրակից և ելույթ ունենալ տարբեր քաղաքներում: Բացի Երևանից, եղել ենք նաև Իջևանում, Դիլիջանում, Սևանում»:
«Հեքիաթների աշխարհ» թատերախմբի ստուդիան իր աշխատանքներն իրականացնում է Սպիտակի մշակույթի պալատում, հիմնականում տիկնիկային ներկայացումներ են լինում:
«Միշտ մտածել եմ` ի վերջո ի՞նչ է հայրենասիրությունը: Արդյոք հենց սա չէ՞ հայրենասիրությունը` ոչ այնքան մեծ մի տարածքում, արդեն որերորդ տարին, տարբեր հեքիաթներ ընտրելով ու բեմականացնելով, ամեն ինչ անձամբ պատրաստելով, նկարելով, կարելով` ելույթներ է ունենում դպրոցներում, մանկապարտեզներում»,- ասաց Երվանդ Ղազանչյանը և հավելեց, որ ներկայացումից հետո երեխաներն այցելելու են Հովհաննես Թումանյանի թանգարան: «Այսպիսով, մի տասնհինգ երեխա մի օրվա ընթացքում շփվում է տարբեր մարդկանց հետ, տեսնում քաղաքը, հսկայական շենքերը: Իսկ դա շատ կարևոր է»,- ասաց նա:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.